Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-113-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.07.24/47(1500) Հոդ.621
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.06.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.07.2019
Дата вступления в силу
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ նաև ՊՄԳ) կարգավորման իրավական շրջանակը, ներառյալ՝ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի (այսուհետ՝ նաև ՊՄԳ ծրագրեր) մշակմանը և իրականացմանն առնչվող կանոնները և ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը, կիրառելի չափանիշները, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը և ՊՄԳ-ներին առնչվող այլ հարցեր:

(1-ին հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) արդյունքի վրա հիմնված վճարումներ՝ մասնավոր գործընկերոջ կողմից վաճառված ապրանքների և մատուցված ծառայությունների դիմաց հաճախորդների և (կամ) հանրային գործընկերոջ կողմից մասնավոր գործընկերոջը կատարվող վճարումներ.

2) զուտ ներկա արժեք (Net Present Value, NPV)՝ գնահատվող ծրագրի իրականացման ընթացքում դրամական միջոցների ներհոսքի և արտահոսքի ներկա արժեքների տարբերություն, որի հաշվարկման ընթացքում օգտագործվող դիսկոնտավորման տոկոսադրույքը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով.

3) իրավասու մարմին` Կառավարություն, պետական կառավարման համակարգի մարմին, որը պետական կառավարման որոշակի ոլորտում մշակում և իրականացնում է քաղաքականություն, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմին.

4) լիազոր մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.

5) հայտատու` մասնավոր գործընկեր դառնալու և հանրային գործընկերոջ հետ պայմանագիր կնքելու նպատակով մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցող իրավաբանական անձ կամ իրավաբանական անձանց կոնսորցիում: Ընդ որում, հայտատու չի կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի ուղղակի կամ անուղղակի բաժնեմասնակցությամբ ընկերությունը կամ այն ընկերությունը, որում Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը որևէ այլ՝ օրենքով չարգելված ձևով հնարավորություն ունի կանխորոշելու ընկերության որոշումները, կամ վերոնշյալ ընկերության մասնակցությամբ կոնսորցիումը.

6) հանրային գործընկեր՝ իրավասու մարմին, որը ՊՄԳ պայմանագիր է կնքում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատուի հետ.

7) հանրային ենթակառուցվածք` հանրային հետաքրքրություն կամ շահ ներկայացնող հիմնական միջոց (այդ թվում՝ շենքեր, կառուցվածքներ, սարքավորումներ) և (կամ) ոչ նյութական ակտիվ, որն օգտագործվում է հանրային ծառայությունների մատուցման նպատակով (կամ դրա առնչությամբ) և որի շահագործումը և (կամ) կառուցումը և (կամ) բարելավումը և (կամ) տեխնիկական սպասարկումն ապահովում է մասնավոր գործընկերը՝ ՊՄԳ պայմանագրի համաձայն.

8) հանրային ծառայություն` հանրային շահերից բխող գործունեություն, որը սովորաբար իրականացվում է պետական մարմինների կողմից և (կամ) վերջիններիս անունից և (կամ) որի համար հիմնական պատասխանատվությունը կրում է պետական մարմինը, ինչպես նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի ցանկացած ծառայություն կամ գործունեություն.

9) հասանելիության վճարներ՝ հանրային գործընկերոջ կողմից մասնավոր գործընկերոջը կատարվող պարբերական վճարումներ, որոնք հիմնված են ՊՄԳ պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշներին (Key Performance Indicators, KPI) համապատասխանող հանրային ենթակառուցվածքի հասանելիության վրա.

10) մասնավոր գործընկեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստեղծված և գործող մասնավոր իրավաբանական անձ, որի հետ հանրային գործընկերը կնքել է ՊՄԳ պայմանագիր, կամ որը սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված կարգով փոխարինում է պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական անձին.

11) պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանում կամ ՊՄԳ ստորաբաժանում՝ Կառավարության սահմանած միավոր, որն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները.

12) ՊՄԳ՝ պետություն-մասնավոր գործընկերություն.

13) ՊՄԳ ծրագիր՝ մասնավոր հատվածի մասնակցությամբ հանրային ենթակառուցվածքի կառուցմանը և (կամ) բարելավմանը և (կամ) շահագործմանը և (կամ) տեխնիկական սպասարկմանը միտված ծրագիր, որի ռիսկերը բաշխված են հանրային գործընկերոջ և մասնավոր հատվածի միջև, և որն ունի առնվազն հինգ տարվա տևողություն՝ հաշվարկված ՊՄԳ պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների (conditions precedent) իրականացման օրվանից.

14) ՊՄԳ ընթացակարգ՝ ՊՄԳ ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգեր և կանոններ, որոնք սահմանվում են Կառավարության որոշմամբ.

15) ՊՄԳ պայմանագիր՝ ՊՄԳ ծրագրի իրականացման նպատակով հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև՝ սույն օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագիր, այդ թվում` կոնցեսիայի.

16) ՊՄԳ պայմանական պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ՊՄԳ պայմանագրերի գծով Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների առավելագույն սահմանաչափ։ Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների հաշվարկման և գնահատման մեթոդաբանությունը սահմանում է Կառավարությունը.

16․1) ՊՄԳ ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ՊՄԳ պայմանագրերի գծով Կառավարության կողմից սահմանվող՝ Հայաստանի Հանրապետության ուղղակի պարտավորությունների տարեկան սահմանաչափ.

17) կոնսորցիում՝ հայտատու իրավաբանական անձինք, որոնք մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցում են համատեղ գործունեության կարգով.

18) վարկատու՝ մասնավոր ֆինանսական կազմակերպություն, որը ՊՄԳ պայմանագրի առնչությամբ մասնավոր գործընկերոջը տրամադրում է վարկ.

19) վերջնական սպառողներ՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ներառյալ` օգտագործողներ, գնորդներ, սպառողներ, որոնց մասնավոր գործընկերը, ՊՄԳ պայմանագրի պայմանների համաձայն, մատուցում է հանրային ծառայություններ կամ մատակարարում հասարակական հետաքրքրություն կամ շահ ներկայացնող ապրանքներ.

20) տնտեսական շահութաբերության ներքին դրույք (Economic Internal Rate of Return, EIRR)՝ տնտեսական պլանավորման համար օգտագործվող չափիչ` պոտենցիալ ներդրումների հասարակության համար զուտ օգուտները գնահատելու համար: Տնտեսական շահութաբերության ներքին դրույքը զեղչման այն դրույքն է, որի դեպքում գնահատվող ծրագրի բոլոր տնտեսական օգուտների և ծախսերի զուտ ներկա արժեքը հավասարվում է զրոյի.

21) ֆինանսական շահութաբերության ներքին դրույք (Financial Internal Rate of Return, FIRR)` կապիտալ բյուջետավորման համար օգտագործվող չափիչ՝ պոտենցիալ ներդրումների շահութաբերությունը գնահատելու համար: Ֆինանսական շահութաբերության ներքին դրույքը զեղչման այն դրույքն է, որի դեպքում գնահատվող ծրագրի ֆինանսական եկամուտների և ծախսերի զուտ դրամական հոսքերի զուտ ներկա արժեքը հավասարվում է զրոյի.

22) ուղիղ պայմանագիր՝ հանրային գործընկերոջ, մասնավոր գործընկերոջ և վարկատու(ներ)ի միջև կնքված պայմանագիր, որով սահմանվում են այն պայմանները, որոնց հիման վրա վարկատուները կարող են իրավասու լինել իրականացնելու միջամտության իրավունքները.

23) փողի դիմաց արժեք (value for money) կամ ՓդԱ (VfM)՝ համանման կամ համեմատելի հանրային ենթակառուցվածք կամ հանրային ծառայություն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով իրականացված լավագույն նմանատիպ ծրագրի արժեքի և գնահատվող ծրագրի իրականացման ծախսերի տարբերություն, որի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով.

24) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ՝ մասնավոր գործընկերոջ ընտրություն կատարելու նպատակով ՊՄԳ-ի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն.

24.1) որակավորման հարցում (Request for Qualification, RFQ)՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով որակավորվելու նպատակով հայտատուին առաջարկվող որակավորման չափանիշներ և պայմաններ.

24.2) առաջարկի հարցում (Request for Proposal, RFP)` ՊՄԳ պայմանագիր կնքելու նպատակով հայտատուին առաջարկվող պայմաններ.

24.3) որակավորման հայտ՝ որակավորման հարցման հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ.

24.4) հայտ` առաջարկի հարցման հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ, որը ներառում է ֆինանսական առաջարկ և (կամ) կարող է ներառել տեխնիկական առաջարկ.

24.5) հայտի (որակավորման հայտի) ապահովում` առաջարկի հարցման փուլում հայտով (որակավորման հայտով) ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.

24.6) պայմանագրի ապահովում` ՊՄԳ պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց, որը նախատեսվում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ, հրավերով և ՊՄԳ պայմանագրով.

24.7) որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն` առաջարկի հարցման փուլում կիրառվող գնահատման եղանակ, որի դեպքում առաջարկի հարցմամբ նախատեսված կշիռներին համապատասխան միաժամանակ գնահատվում են տեխնիկական և ֆինանսական առաջարկները.

24.8) արժեքի վրա հիմնված ընտրություն` առաջարկի հարցման փուլում կիրառվող գնահատման եղանակ, որի դեպքում ընտրվում է տեխնիկական չափանիշները բավարարող լավագույն ֆինանսական առաջարկ ներկայացրած հայտատուն.

24.9) ֆինանսական առաջարկ՝ որակավորված հայտատուի կողմից առաջարկի հարցման փուլում սահմանված չափանիշներին համապատասխան ֆինանսական, գնային և (կամ) քանակական առաջարկ.

24.10) տեխնիկական առաջարկ՝ որակավորված հայտատուի կողմից առաջարկի հարցման փուլում սահմանված տեխնիկական չափանիշներին համապատասխան ներկայացվող առաջարկ. 

25) քաղաքականություն մշակող մարմին` ՊՄԳ քաղաքականությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմին.

26) ֆիսկալ առումով մատչելի (fiscally affordable)՝ ՊՄԳ ծրագիրը չի հանգեցնում ՊՄԳ պայմանական և (կամ) ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափի գերազանցմանը՝ սահմանված լինելու դեպքում:

(2-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 3. ՊՄԳ նպատակները

 

1. ՊՄԳ-ի` որպես հանրային ենթակառուցվածքի և հանրային ծառայության ապահովման և կառավարման նպատակները ներառում են՝

1) հանրային ենթակառուցվածքների կենսապարբերաշրջանի ընթացքում անհրաժեշտ ծախսերի կրճատում և դրանց կառուցման, բարելավման, շինարարության, շահագործման և պահպանման որակի բարելավում.

2) ակտիվի շահագործման ժամկետի ընթացքում դրա պատշաճ և ժամանակին պահպանման ապահովում.

3) հանրային ենթակառուցվածքների և ծառայությունների հասանելիության բարձրացում.

4) մասնավոր հատվածի փորձից, ռեսուրսներից, տեխնոլոգիաներից, արդյունավետությունից և նորարարության հետ կապված կարողություններից բխող օգուտների ստացում.

5) հանրային ենթակառուցվածքների և հանրային ծառայությունների ոլորտում հանրության նկատմամբ հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում.

6) Հայաստանի Հանրապետությունում ՊՄԳ ծրագրերի շրջանակներում ներգրավված հանրային ենթակառուցվածքների և հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի բարելավում.

7) անհրաժեշտության դեպքում նոր հանրային ենթակառուցվածքների համար ներդրումների ներգրավում:

 

 Հոդված 4. ՊՄԳ ծրագրի չափանիշները

 

1. Կառավարության կողմից ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կայացման համար անհրաժեշտ է, որ ՊՄԳ ծրագիրը բավարարի հետևյալ բոլոր չափանիշները.

1) ապահովի հանրային և մասնավոր գործընկերների միջև ռիսկերի բաշխում՝ համաձայն ՊՄԳ ընթացակարգի.

2) ապահովի Հայաստանի Հանրապետության համար տնտեսական շահութաբերություն, այսինքն՝ ունենա տնտեսական շահութաբերության ներքին դրույք, որը կգերազանցի ՊՄԳ ընթացակարգով սահմանված բազային դրույքը.

3) գնահատված և ընտրված լինի որպես իրականացման ենթակա ծրագիր, հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան, և հաստատված լինի Կառավարության կողմից․

4) լինի ֆիսկալ առումով մատչելի.

5) կիրառելիության դեպքում ունենա ՓդԱ, որը մեծ է զրոյից:

2. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարման ու ֆիսկալ կայունության ապահովման խնդիրներից ելնելով՝ լիազոր մարմինը սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացված վերլուծությամբ կարող է տալ բացասական եզրակացություն, եթե հաշվարկների արդյունքում պարզվի, որ կնքվելիք պայմանագրի գծով ՊՄԳ պայմանական պարտավորությունների և (կամ) ուղղակի պարտավորությունների յուրաքանչյուր տարվա հանրագումարը պայմանագրի իրականացման ժամկետի որևէ տարում կհանգեցնի ՊՄԳ պայմանական պարտավորությունների և (կամ) ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափերի գերազանցման։

3․ Որոշելու համար՝ արդյոք ՊՄԳ պայմանական պարտավորությունների և (կամ) ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափը կգերազանցվի, հաշվի է առնվում հետևյալը.

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ՊՄԳ պայմանագրերի համաձայն իրականացվող ՊՄԳ ծրագրերը.

2) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՊՄԳ ծրագրերը, որոնց վերաբերյալ ընդունվել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ անցկացնելու մասին որոշում։

(4-րդ հոդվածը խմբ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 5. ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայության ոլորտները

 

1. Կառավարության որոշմամբ սահմանվում են ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները։

(5-րդ հոդվածը խմբ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 2

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

 Հոդված 6. Քաղաքականություն մշակող մարմինը

 

1. ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը`

1) իրականացնում է ՊՄԳ քաղաքականության մշակման աշխատանքներ.

2) իրականացնում է ՊՄԳ ծրագրերի խթանման և տարածման գործառույթներ.

3) ապահովում է ՊՄԳ ընթացակարգի հետ կապված նորմատիվ իրավական ակտերի մշակումը.

4) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 7. Լիազոր մարմինը

 

1. ՊՄԳ ոլորտում լիազոր մարմինը՝

1) իրականացնում է ՊՄԳ պայմանագրով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն.

2) ՊՄԳ ծրագրերը ենթարկում է ընթացիկ մշտադիտարկման՝ պայմանական և ուղղակի պարտավորությունների տեսանկյունից.

3) կատարում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված վերլուծություն.

4) տրամադրում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը.

5) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(7-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ) 

 

 Հոդված 8. ՊՄԳ ստորաբաժանումը

 

1. ՊՄԳ ստորաբաժանումը՝

1) ՊՄԳ ծրագրերի պատրաստման և իրականացման ոլորտում հանրային գործընկերներին և իրավասու մարմիններին ցուցաբերում է վարչական, մեթոդաբանական, փորձագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ տեսակի աջակցություն.

2) հանրային գործընկերների և իրավասու մարմինների համար կազմակերպում է ուսուցողական դասընթացներ և նրանց կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ.

2.1) քաղաքականություն մշակող մարմին է ներկայացնում ՊՄԳ ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավման վերաբերյալ առաջարկներ.

2.2) ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով Կառավարությանը տրամադրում է եզրակացություն ՊՄԳ ծրագրի պատրաստման և իրականացման գործընթացների` սույն օրենքին և ՊՄԳ ընթացակարգին համապատասխանության վերաբերյալ.

2.3) վարում է ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան.

2.4) մասնակցում է հնարավոր ՊՄԳ ծրագրերի առաջմղմանը.

3) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(8-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ) 

 

 Հոդված 9. Իրավասու մարմինը

 

1. Իրավասու մարմինը՝

1) վերհանում է ՊՄԳ ծրագրերը և պատրաստում ՊՄԳ ծրագրերի նախագծերը.

2) Կառավարություն է ներկայացնում ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման, իրականացվող ՊՄԳ ծրագրի փոփոխության, ՊՄԳ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ որոշման նախագիծ.

3) կազմակերպում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը.

4) ՊՄԳ պայմանագիր է կնքում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատուի հետ.

5) իրականացնում է ՊՄԳ ծրագրի մշտադիտարկումը և վերահսկողությունը:

(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ) 

 

 Հոդված 10. ՊՄԳ ծրագրերի վերհանումը և պատրաստումը

(վերնագիրը խմբ. 30.06.21 ՀՕ-284-Ն) 

 

1. ՊՄԳ ծրագրեր կարող է պատրաստել իրավասու մարմինը ՊՄԳ ծրագրի նախագծի ձևաչափով:

2. Իրավասու մարմինը վերհանում է ՊՄԳ ծրագրերը և պատրաստում է ՊՄԳ ծրագրերի նախագծերը՝ ՊՄԳ ընթացակարգում նախատեսված չափանիշներին և սկզբունքներին համապատասխան:

3. ՊՄԳ ծրագրերի նախագիծը պետք է պարունակի ՊՄԳ ծրագրի՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշներին համապատասխանության հիմնավորումը:

4. ՊՄԳ ընթացակարգով նախատեսված դեպքերում ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստումը պետք է հաստատվի Կառավարության որոշմամբ:

5. ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով իրավաբանական անձը (մասնավոր նախաձեռնող) կարող է իրավասու մարմին ներկայացնել հնարավոր ծրագրի (մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագիր) իրականացման առաջարկ՝ այն որպես ՊՄԳ ձևաչափով իրականացման ենթակա ծրագիր գնահատելու նպատակով: Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի նկատմամբ սույն օրենքով նախատեսված կարգավորումները կիրառելի են այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:

6. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկը ենթակա է իրավասու մարմնի կողմից գնահատման այն դեպքում, երբ՝

1) մասնավոր նախաձեռնողն ունի առաջարկի առարկա հանդիսացող ոլորտում ձեռնարկատիրական գործունեության՝ ՊՄԳ ընթացակարգով սահմանված փորձ.

2) առաջարկը ներառում է մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ տեղեկություններ և ուղեկցվում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ, որոնց նկատմամբ կիրառելի նվազագույն պահանջները սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով.

3) առաջարկվող մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի՝ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված ֆինանսական շահութաբերության նվազագույն ներքին դրույքն ապահովվում է առանց պետական և (կամ) համայնքային բյուջեների վրա ուղղակի ազդեցության, ինչպես նաև առանց պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող գույքի` շուկայականից ցածր արժեքով (իսկ անշարժ գույքի դեպքում՝ կադաստրային արժեքից ցածր արժեքով) օտարման կամ անհատույց տրամադրման.

4) մասնավոր նախաձեռնողն ստանձնել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու հրապարակային և ՊՄԳ ընթացակարգով նախատեսված ձևով անհետկանչելի պարտավորություն:

7. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատումը պետք է առնվազն ներառի՝

1) մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ ներկայացված տվյալների՝ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով նախնական ստուգում.

2) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշներին առաջարկի համապատասխանության գնահատում: Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված չափանիշին առաջարկի համապատասխանության գնահատումն իրականացվում է 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված չափանիշին համապատասխանությունը՝ Կառավարության հաստատած` հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան: Ընդ որում, մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման ընթացքում իրավասու մարմինը կամ լիազոր մարմինը կարող է մասնավոր նախաձեռնողից պահանջել վերջինիս և մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև ծրագրի առաջարկում իր նախաձեռնությամբ կատարել փոփոխություններ և լրացումներ:

8. Եթե մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված գնահատման արդյունքում պարզ է դառնում, որ առաջարկը չի համապատասխանում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշներին, ապա այն ենթակա չէ ՊՄԳ ձևաչափով իրականացման:

9. ՊՄԳ ընթացակարգով կարող է նախատեսվել մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման առնչությամբ իրավասու մարմնի կողմից կատարվող ծախսերի՝ մինչև գնահատման իրականացումը հատուցելու կարգ, ինչպես նաև մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի իրականացման դեպքում մասնավոր նախաձեռնողի կողմից դրան մասնակցելու պարտավորության ապահովման միջոցների կիրառման կարգ:

10. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման արդյունքում իրավասու մարմնի առաջարկությամբ Կառավարությունը կարող է ընդունել սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշում: Նման դեպքում մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկում ներառվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը ենթակա է հրապարակման:

11. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցության դեպքում մասնավոր նախաձեռնողին տրամադրվելիք հետևյալ առավելություններից որևէ մեկը.

1) մասնավոր նախաձեռնող չհանդիսացող հաղթող հայտատուի կողմից ծրագրի պատրաստման առնչությամբ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով իրավասու մարմնի կողմից գնահատված ծախսերի փոխհատուցում.

2) մասնավոր նախաձեռնող չհանդիսացող հայտատուի ֆինանսական առաջարկին սեփական ֆինանսական առաջարկը համապատասխանեցնելու իրավունք: Ընդ որում, առավելությունը կարող է տրամադրվել հետևյալ բոլոր հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում.

ա. այդպիսի հանրային ծառայության մատուցումը կամ հանրային ենթակառուցվածքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվել, կամ նախատեսվող ծրագրի ծավալը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում մատուցվող այդպիսի հանրային ծառայությունների և ապահովվող հանրային ենթակառուցվածքների ընդհանուր ծավալը՝ գումարային արտահայտությամբ: Սույն ենթակետում նշված ծրագրի ծավալը, ինչպես նաև հանրային ծառայությունների և հանրային ենթակառուցվածքի ընդհանուր ծավալը գումարային արտահայտությամբ որոշվում է ՊՄԳ ընթացակարգով սահմանված կարգով,

բ. մասնավոր նախաձեռնողը տվյալ ոլորտում ունի ՊՄԳ ընթացակարգով նախատեսված բարձր վարկանիշ:

12. Եթե մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկն ուղեկցվում է միայն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, ապա վերջինիս կարող է տրվել միայն սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված առավելությունը:

13. ՊՄԳ ընթացակարգով հաստատվում են մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրերի շրջանակներում հանրային և մասնավոր գործընկերների միջև ռիսկերի բաշխման առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց իրականացման հնարավոր ոլորտները, որոնցից դուրս ներկայացվող առաջարկները ենթակա չեն գնահատման՝ անկախ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներից:

(10-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ) 

 

 Հոդված 11. ՊՄԳ ծրագրերի նախագծի վերլուծությունը

 

1. ՊՄԳ ծրագրի նախագիծը վերլուծության է ենթարկում լիազոր մարմինը, որից հետո լիազոր մարմինը եզրակացություն է տալիս ՊՄԳ ծրագրի՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 2-րդ մասով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ:

(11-րդ հոդվածը խմբ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 12. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կայացումը

 

1. ՊՄԳ ծրագրի նախագծի հիման վրա Կառավարությունն ընդունում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշում:

2. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ հաստատվում է ՊՄԳ պայմանագրի նախագիծը՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն, ինչպես նաև հաստատվում են տվյալ ծրագրի իրականացմանը վերաբերող դրույթներ։

 

 Հոդված 13. ՊՄԳ ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը

 

1. ՊՄԳ ծրագրերի, դրանց պատրաստման և իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է ՊՄԳ ընթացակարգով սահմանված ինտերնետային կայքում: Կառավարությունը կարող է սահմանել նման հրապարակման հետ կապված պահանջները:

2. ՊՄԳ ծրագրերի, դրանց պատրաստման և իրականացման վերաբերյալ այն տեղեկատվությունը, որի հրապարակումը սահմանափակվում է օրենքներով, ենթակա չէ հրապարակման:

(13-րդ հոդվածը խմբ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 3

 

ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Հոդված 14. Մասնավոր գործընկերոջ ընտրության կարգը

 

1. Իրավասու մարմինը մասնավոր գործընկերոջ ընտրությունը կատարում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին համապատասխան:

(14-րդ հոդվածը փոփ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14.1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի սկզբունքները

 

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի սկզբունքներն են`

1) մասնավոր գործընկերոջ ընտրության և դրա վրա ազդեցություն ունեցող այլ գործընթացների մրցակցային, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.

2) իրավաբանական անձի համար անկախ նրա՝ օտարերկրյա կազմակերպություն լինելու հանգամանքից մասնավոր գործընկերոջ ընտրության գործընթացին մասնակցելու հավասար հնարավորության ապահովում.

3) մասնավոր գործընկերոջ ընտրության ճկուն ընթացակարգերի ստեղծում:

(14.1-ին հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14.2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները

 

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց շրջանակը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով կամ այլ իրավական ակտերով: Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին որևէ երկրի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար: ՊՄԳ ընթացակարգով կարող են նախատեսվել հայտատուների՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը (իրավական որակավորումը) և դրա հավաստման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված պահանջներ:

2. Հայտատուն պետք է համապատասխանի ՊՄԳ պայմանագրի նախագծով նախատեսվող պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ և որակավորման հարցմամբ սահմանված որակավորման հետևյալ չափանիշներին.

1) մասնագիտական փորձառություն.

2) տեխնիկական կարողություններ և փորձառություն.

3) ֆինանսական և տնտեսական կարողություններ:

3. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված չեն կարող սահմանվել այնպիսի չափանիշներ, որոնք`

1) նախատեսված չեն սույն հոդվածով.

2) խտրական են և անհիմն կերպով սահմանափակում են մրցակցությունը.

3) ուղղակիորեն չեն բխում ՊՄԳ պայմանագրով նախատեսվող պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:

4. Որակավորման հարցմամբ սահմանվում են հայտատուի` մասնավոր գործընկերոջ ընտրության տվյալ ընթացակարգի որակավորման համար անհրաժեշտ չափանիշները, կարգը և որակավորման համար անհրաժեշտ փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:

5. Արգելվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին փոխկապակցված իրավաբանական անձանց միաժամանակյա մասնակցությունը, բացառությամբ կոնսորցիումով մասնակցելու դեպքերի: Սույն մասի իմաստով՝ փոխկապակցված են համարվում երկու և ավելի անձինք, եթե՝

1) նրանցից որևէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների)՝ ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսին.

2) նրանցից որևէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին, տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների) տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ.

3) նրանցից մեկը հսկում է մյուսին, կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում, կամ նրանցից որևէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու կամ դրանք կանխորոշելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի.

4) նրանք տվյալ դեպքում գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

6. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով:

(14.2-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14.3. Հայտատուների հակաօրինական գործողությունների հետևանքները

 

1. Եթե հայտնաբերվում է հայտատուի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի շրջանակներում առերևույթ հակաօրինական արարք, ապա դրա ի հայտ գալու օրն իրավասու մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:

(14.3-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14.4. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի պաշտոնական լեզուն

 

1. Որակավորման հարցումը և հայտարարությունը, առաջարկի հարցումը և հայտարարությունը, ինչպես նաև մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին վերաբերող ՊՄԳ ընթացակարգով նախատեսված այլ փաստաթղթերը կազմվում և սույն օրենքով նախատեսված կարգով ՊՄԳ ընթացակարգով սահմանված ինտերնետային կայքում հրապարակվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն:

2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի պաշտոնական լեզուն հայերենն է: Հայերենից բացի, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությամբ և (կամ) հրավերով նախատեսված լինելու դեպքում պաշտոնական լեզուն կարող է լինել նաև անգլերենը կամ ռուսերենը:

(14.4-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14.5. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ձևերը և արդյունքների գնահատումը

 

1․ Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի անցկացման ձևերն են բաց ընթացակարգը և փակ ընթացակարգը:

2․ Բաց ընթացակարգի կիրառման դեպքում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշումը, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությունը, որակավորման հարցումը հրապարակային են և հասանելի։

3․ Բաց ընթացակարգն իրականացվում է որակավորման հարցման և առաջարկի հարցման փուլերով: ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մեկ փուլով բաց ընթացակարգի իրականացում:

4․ Փակ ընթացակարգի կիրառման դեպքում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշումը ենթակա չէ հրապարակման, իսկ որակավորման հարցումը տրամադրվում է միայն իրավասու մարմնի կողմից նախապես որոշված անձանց: Փակ ընթացակարգն իրականացվում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով, եթե ՊՄԳ ծրագրի նախագիծն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը և պարունակում է պետական գաղտնիք:

5․Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հայտի գնահատման եղանակներն են`

1) որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն կամ

2) արժեքի վրա հիմնված ընտրություն:

6․ Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և առկայության դեպքում դրանց տրվող կշիռները սահմանվում են ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ:

7․Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքի, այդ թվում` գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրման, այն չկայացած համարելու մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման, արդյունքների գնահատման կարգը, գնահատող հանձնաժողովի կազմավորմանը վերաբերող պահանջները, լիազորությունները և գործունեության իրականացման կարգը (այդ թվում՝ անդամների բացարկի հիմքերը և կարգը) սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:

(14.5-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14.6. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությունը և հրավերը

 

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությանը, որակավորման հարցմանը և առաջարկի հարցմանը ներկայացվող պահանջները, ՊՄԳ ընթացակարգով սահմանված ինտերնետային կայքում դրանց հրապարակման, դրանցում փոփոխություններ կատարելու և դրանց վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:

(14.6-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14.7. Որակավորման հարցման փուլը

 

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգն սկսվում է որակավորման հարցման փուլով, որի մասին հրապարակվում է հայտարարություն և որակավորման հարցում:

2. Որակավորման հարցմամբ սահմանված կարգով գնահատվում են ներկայացված որակավորման հայտերը, որի արդյունքներով գնահատող հանձնաժողովը կազմում և հաստատում է որակավորված հայտատուների ցանկը:

3. Եթե որակավորման հայտ է ներկայացրել մինչև երեք հայտատու և (կամ) որակավորվել է երկուսից պակաս հայտատու, բացառությամբ սույն օրենքի 14.10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի, ապա գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է՝

1) որակավորման հարցման փուլի հայտարարությունը վերահրապարակվել.

2) որակավորման հարցման փուլը չկայացած հայտարարվել:

4. Հայտատուն որակավորման հայտը լրացնում և ներկայացնում է որակավորման հարցմամբ սահմանված կարգով: Հայտատուն չի կարող մասնավոր գործընկերոջ ընտրության միևնույն ընթացակարգին ներկայացնել մեկից ավելի որակավորման հայտ:

5. Որակավորման հայտում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները, որակավորման հայտերի կազմման, այդ թվում՝ որակավորման չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի նկատմամբ պահանջները, դրանց ներկայացման, հաշվառման, հայտատուների ծրարների բացման, որակավորման հայտերի գնահատման և առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաև որակավորման հայտերի գործողության ժամկետները, որակավորման հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու, որակավորված հայտատուների ցանկի հրապարակման և առաջարկի հարցման տրամադրման կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:

(14.7-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14.8. Առաջարկի հարցման փուլը

 

1. Առաջարկի հարցումը ներառում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և առկայության դեպքում՝ դրանց տրվող կշիռները, ՊՄԳ պայմանագրի նախագիծը և ՊՄԳ ընթացակարգով նախատեսված այլ տեղեկություններ:

2. Առաջարկի հարցում տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որի չափը կամ դրա հաշվարկման կարգը սահմանվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի վերաբերյալ հայտարարությամբ:

3. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկի հարցման փուլում նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են՝ հիմք ընդունելով առաջարկի հարցմամբ նախատեսված կշիռներին համապատասխան հաշվված տեխնիկական և ֆինանսական առաջարկները:

4. Արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են՝ հիմք ընդունելով լավագույն ֆինանսական առաջարկը:

5. Նախքան առաջարկի հարցման փուլը գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող են կազմակերպվել աշխատանքային քննարկումներ որակավորված հայտատուների հետ ՊՄԳ ծրագրի նախագծի առնչությամբ հարցադրումների և խնդիրների արձանագրման նպատակով (առկայության դեպքում): Սույն մասով նախատեսված աշխատանքային քննարկումների ժամանակ գնահատող հանձնաժողովը պետք է ապահովի բոլոր որակավորված հայտատուների միաժամանակյա մասնակցության հավասար հնարավորությունը, ինչպես նաև ապահովի այդպիսի քննարկումների արձանագրությունների վարումը՝ դրանք քննարկմանը հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելով բոլոր որակավորված հայտատուներին:

6. Հայտերի գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ հայտարարվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատուն: ՊՄԳ ընթացակարգով նախատեսվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առավելության կիրառման դեպքում հաղթող հայտատուի որոշման կարգը:

7. Տեխնիկական և ֆինանսական առաջարկների կազմման, ներկայացման, հաշվառման, գնահատող հանձնաժողովի կողմից կազմակերպվող աշխատանքային քննարկումների արձանագրությունների վարման, տեխնիկական և ֆինանսական առաջարկների ծրարների բացման, հայտերի գնահատման և առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաև հայտերի գործողության ժամկետների, հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու, հայտերի գնահատման արդյունքների հրապարակման կարգը հաստատվում է ՊՄԳ ընթացակարգով:

(14.8-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14.9. Բողոքարկման կարգը

 

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի արդյունքներում շահագրգռվածություն ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի, սույն օրենքի համաձայն, դատական կարգով բողոքարկելու իրավասու մարմնի և գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները:

2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի, այդ թվում՝ բողոքի քննարկման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն և կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:

(14.9-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14.10. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելը

 

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե`

1) որակավորման հայտերից կամ հայտերից ոչ մեկը չի համապատասխանում որակավորման հարցման կամ առաջարկի հարցման պայմաններին, կամ չի ներկայացվել որակավորման հայտ կամ հայտ.

2) ՊՄԳ պայմանագիր չի կնքվել:

2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելու կարգը և այդ առնչությամբ ՊՄԳ ընթացակարգով սահմանված ինտերնետային կայքում հրապարակման ենթակա տեղեկությունները սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով: Փակ ընթացակարգի դեպքում սույն մասով նախատեսված տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:

(14.10-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14.11. Հայտի ապահովումը և պայմանագրի ապահովումը

 

1. Առաջարկի հարցման փուլում հայտատուն հրավերով սահմանված չափով և կարգով ներկայացնում է հայտի ապահովում:

2. Հաղթող հայտատուն ՊՄԳ պայմանագրով սահմանված չափով և կարգով ներկայացնում է պայմանագրի ապահովում: ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել ՊՄԳ ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի համար առանձին պայմանագրի ապահովում ներկայացնելու պահանջ:

3. Հայտի ապահովումը և պայմանագրի ապահովումը ներկայացվում են միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի ձևով:

4. Հայտատուն վճարում է հայտի ապահովումը, եթե նա`

1) հայտարարվել է հաղթող հայտատու, սակայն հրաժարվում կամ զրկվում է ՊՄԳ պայմանագիր կնքելու իրավունքից.

2) խախտել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է ընթացակարգին տվյալ հայտատուի հետագա մասնակցության դադարեցմանը:

5. Հայտի ապահովման և պայմանագրի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, ներկայացման կարգը, մերժման հիմքերը և կարգը, ինչպես նաև դրանց վճարման կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:

6. ՊՄԳ ընթացակարգով կարող են նախատեսվել հայտատուի կողմից որակավորման հայտի ապահովման ներկայացման դեպքերը, կարգը և որակավորման հայտի ապահովման վճարման հիմքերը:

(14.11-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 14.12. Ուղիղ բանակցությունները

 

1. Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ուղղակիորեն առնչվող բացառիկ դեպքերում ՊՄԳ պայմանագիրը կարող է կնքվել առանց մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի՝ ուղիղ բանակցությունների հիման վրա:

2. Ուղիղ բանակցությունների նկատմամբ կիրառելի պահանջներն ու դրանց իրականացման կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:

(14.12-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 15. ՊՄԳ պայմանագրի կնքումը

 

1. Իրավասու մարմինը մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատուի (կամ նրա հիմնադրած իրավաբանական անձի) հետ կնքում է ՊՄԳ պայմանագիր՝ հանրային գործընկեր դառնալու նպատակով: Իրավասու մարմինն իրավունք ունի լիազորելու պետական և (կամ) համայնքային կազմակերպություններին և (կամ) այլ իրավաբանական անձանց՝ կազմակերպելու մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը և հանդես գալու որպես ՊՄԳ պայմանագրի երրորդ կողմ։

2. Եթե ՊՄԳ պայմանագիրը կնքվում է հաղթող հայտատուի հիմնադրած իրավաբանական անձի հետ, ապա այդպիսի իրավաբանական անձը պետք է բավարարի որակավորման հարցման և առաջարկի հարցման փուլերում սահմանված պահանջները և չափանիշները:

3. Եթե հաղթող հայտատուն հանդիսանում է իրավաբանական անձանց կոնսորցիում, ապա հայտում ներառվում է նաև կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքը: Այդ կառուցվածքը չի կարող փոխվել ՊՄԳ պայմանագրի ստորագրման պահին: ՊՄԳ պայմանագրի ստորագրումից հետո կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքի յուրաքանչյուր փոփոխություն հաստատում է Կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետությունը կամ յուրաքանչյուր պետական կառավարման համակարգի մարմին չի կարող ունենալ որևէ բաժնեմասնակցություն մասնավոր գործընկեր հանդիսացող կազմակերպությունում:

5. Հաղթող հայտատուի հետ ՊՄԳ պայմանագրի կնքման, ինչպես նաև նոր հանգամանքների բերումով մինչև ՊՄԳ պայմանագրի կնքումն իրավական որակավորման պայմաններին՝ հաղթող հայտատուի չհամապատասխանելու դեպքում հաղթող հայտատուի որոշման կարգը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով:

(15-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 4

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

 Հոդված 16. ՊՄԳ պայմանագրերի հիմնական տեղեկությունները և պայմանները

 

1. ՊՄԳ պայմանագիրը պետք է առնվազն ներառի հետևյալ տեղեկություններն ու պայմանները.

1) ՊՄԳ պայմանագրի կողմերը.

2) կողմերի իրավունքները և պարտավորությունները, որոնք պետք է ներառեն ՊՄԳ ծրագրի ռիսկերը և այդ ռիսկերի՝ հանրային և մասնավոր գործընկերների միջև բաշխումը.

3) (կետն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-284-Ն)

4) ՊՄԳ պայմանագրի առարկան, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների շրջանակը, ՊՄԳ ծրագրի բաղադրիչները և բովանդակությունը և հանրային ենթակառուցվածքին ու հանրային ծառայություններին ներկայացվող այլ պահանջներ.

5) ՊՄԳ պայմանագրի համաձայն՝ փոխանցվող կամ կառուցվող և (կամ) բարելավվող և (կամ) զարգացվող և (կամ) շահագործվող և (կամ) սպասարկվող հանրային ենթակառուցվածքի և այլ գույքի նկարագրությունը, ներառյալ՝ տեխնիկական և տնտեսական բնութագրերը, դրանց նշանակությունը և օգտագործման ժամկետ(ներ)ը (առկայության դեպքում).

6) համապատասխան ենթակառուցվածքի կամ ՊՄԳ ծրագրի շրջանակներում ընդգրկված այլ գույքի նկատմամբ կողմերի իրավունքների (առկայության դեպքում) բաշխումը, ինչպես նաև դրանց փոխանցման կարգը.

7) ՊՄԳ ծրագրի իրականացման համար պահանջվող հողամասերի (անհրաժեշտության դեպքում) տրամադրման կարգը և պայմանները, ինչպես նաև դրանց վիճակի նկարագրությունը.

8) մասնավոր գործընկերոջ կողմից մատակարարվող ապրանքների, կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների գների (սակագների) սահմանման և փոփոխման կամ դրանց առնչվող պայմանները.

9) ՊՄԳ պայմանագրի գործողության ժամկետը և (կամ) դրա որոշման կարգը.

10) պայմանագրի ապահովումը, դրա ներկայացման կարգը և մասնավոր գործընկերոջ կողմից դրա վճարման հիմքերը և կարգը.

11) մասնավոր գործընկերոջը կատարվող՝ արդյունքի վրա հիմնված վճարումների, հասանելիության վճարների և (կամ) այլ վճարների (առկայության դեպքում) բնույթը.

12) ՊՄԳ պայմանագրում փոփոխություններ կատարելու կարգը.

13) մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը կատարվող բոլոր վճարումների (առկայության դեպքում) բնույթը.

14) ՊՄԳ պայմանագրի դադարեցման, այդ թվում՝ միակողմանի, հիմքերը, ընթացակարգերը և հանգամանքները, ներառյալ՝ վարկատուի միջամտության իրավունքները և պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմաց փոխհատուցման հաշվարկի կարգը.

15) մասնավոր գործընկերոջ կողմից կատարվող ներդրումների (առկայության դեպքում) նվազագույն ծավալը:

(16-րդ հոդվածը խմբ., փոփ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 17. ՊՄԳ պայմանագրերի պայմանների փոփոխությունը

 

1. ՊՄԳ պայմանագրի պայմանները, այդ թվում՝ ՊՄԳ պայմանագրի ժամկետը, կարող են փոփոխվել, եթե նման փոփոխություն կատարելու հնարավորությունը հստակ և ուղղակի դրույթով նախատեսված է ՊՄԳ պայմանագրով: Այդ դրույթը սահմանում է հնարավոր փոփոխությունների շրջանակը, բնույթը և կատարման կարգը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում այդ հնարավորությունը կարող է օգտագործվել:

2. ՊՄԳ պայմանագիրը ներառում է սույն հոդվածի 1-ին մասի կիրառման հիմքով Կառավարության որոշմամբ ՊՄԳ պայմանագիրը միակողմանիորեն փոփոխելու, ինչպես նաև տվյալ հանրային ենթակառուցվածքին կամ հանրային ծառայությանն ուղղակիորեն վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության հետևանքով մասնավոր գործընկերոջ կրած վնասների հատուցման կարգը և պայմանները:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված փոփոխությունը կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ՝

1) լիազոր մարմնի կողմից այդ փոփոխության վերաբերյալ տրված՝ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը դրական է.

2) ՊՄԳ ծրագիրը շարունակում է համապատասխանել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված չափանիշներին:

 

 Հոդված 18. ՊՄԳ ծրագրերի իրականացման գործընթացում ներգրավված հանրային ենթակառուցվածքը և դրան առնչվող այլ գույքը

 

1. ՊՄԳ պայմանագրի՝ ենթակառուցվածքի և դրան առնչվող այլ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող կողմերն անհրաժեշտության դեպքում իրավասու են մյուս կողմին փոխանցելու այդ իրավունքները, ներառյալ` հողամասերի և այլ անշարժ և շարժական գույքի նկատմամբ սեփականության և (կամ) օգտագործման իրավունքները, ինչպես նաև այլ գույքային իրավունքներ՝ ՊՄԳ պայմանագրի դրույթներին համապատասխան ՊՄԳ ծրագիրն իրականացնելու համար:

2. ՊՄԳ պայմանագիրը կարող է նախատեսել մասնավոր գործընկերոջ իրավունքը՝ գույքի (գույքային իրավունքների) նկատմամբ իրավունքների փոխանցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ երրորդ կողմերին փոխանցելու հանրային ենթակառուցվածքի և դրան առնչվող գույքի նկատմամբ իր բոլոր իրավունքները կամ դրանց մի մասն այնպիսի ժամկետով, որը չի գերազանցում ՊՄԳ պայմանագրով սահմանված՝ մասնավոր գործընկերոջ համապատասխան իրավունքի ժամկետը: Հանրային ենթակառուցվածքի և դրան առնչվող գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման ժամկետը չի կարող երկարաձգվել՝ անկախ ՊՄԳ պայմանագրի ժամկետի երկարաձգման իրավունքի առկայությունից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքների փոխանցումը վավեր է միայն հանրային գործընկերոջ կողմից հաստատվելուց հետո:

4. Սույն հոդվածով նախատեսված իրավունքների փոխանցումն անվավեր է այդպիսի փոխանցման կատարման պահից, եթե այն հանգեցնում է ՊՄԳ պայմանագրի ժամկետի գերազանցմանը։

 

 Հոդված 19. Հողամասերի տրամադրումը

 

1. ՊՄԳ պայմանագրով նախատեսված դեպքերում հանրային գործընկերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապահովի ՊՄԳ ծրագրի իրականացման համար պահանջվող հողամասերի տրամադրումը մասնավոր գործընկերոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հողամասերը մասնավոր գործընկերոջ սեփականության կամ տիրապետման ներքո են:

2. Հողամասերը կարող են տրամադրվել առանց այդ նպատակով լրացուցիչ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի անցկացման` առք ու վաճառքի, վարձակալության, հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագրի, սերվիտուտի կամ ցանկացած այլ գործարքի հիման վրա, որը թույլ կտա մասնավոր գործընկերոջը կատարել ՊՄԳ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները:

3. ՊՄԳ պայմանագիրը նախատեսում է հանրային գործընկերոջ կողմից հողամասերը կամ դրանց նկատմամբ անհրաժեշտ իրավունքները մասնավոր գործընկերոջը՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված կարգով չտրամադրելու հետևանքները:

(19-րդ հոդվածը փոփ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ) 

 

 Հոդված 20. ՊՄԳ պայմանագրի կողմերի պատասխանատվությունը

 

1. Կողմերից որևէ մեկի կողմից պարտականությունների (ներառյալ՝ կատարողականի պահանջների, երաշխիքների և այլ պարտավորությունների) խախտումը կարող է հանգեցնել օրենքով կամ ՊՄԳ պայմանագրով սահմանված պատասխանատվության: ՊՄԳ պայմանագրում կարող է ներառվել պատասխանատվության՝ օրենքով չարգելված ցանկացած միջոց:

 

 Հոդված 21. Միջամտության իրավունքները: ՊՄԳ պայմանագրի կողմերի փոխարինումը

 

1. ՊՄԳ պայմանագրով կարող է սահմանվել, որ որոշակի հատուկ հանգամանքներում և ուղիղ պայմանագրի և (կամ) դրան առնչվող պայմանագրերի պայմանների համաձայն, հանրային գործընկերը կամ վարկատուն (վարկատուները) կարող են իրականացնել իրենց միջամտության իրավունքը: Այդ դեպքում համապատասխան հանրային ենթակառուցվածքի շահագործումը և (կամ) հանրային ծառայությունների մատուցումը՝ ենթակառուցվածքի արդյունավետ աշխատանքը և (կամ) ծառայությունների արդյունավետ մատուցումը և տվյալ ծրագրի շարունակական գործողությունն ապահովելու նպատակով կարող է(են) ժամանակավորապես ստանձնել հանրային գործընկերը կամ վարկատուի (վարկատուների) նշանակած այլ իրավաբանական անձ (անձինք): Նման միջամտության ծախսերը կրում է ՊՄԳ պայմանագրով և (կամ) ուղիղ պայմանագրով սահմանված կողմը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում մասնավոր գործընկերոջը կարող է(են) ժամանակավորապես (ամբողջությամբ կամ մասամբ) փոխարինել հանրային գործընկերը կամ վարկատուի (վարկատուների) կողմից նշանակված իրավաբանական անձը (անձինք)` յուրաքանչյուր դեպքում առաջնորդվելով ՊՄԳ պայմանագրով և (կամ) ուղիղ պայմանագրով ավելի հստակ սահմանված կարգով և դրանց համապատասխան պայմանների համաձայն:

3. Եթե ուղիղ պայմանագրի հիման վրա մասնավոր գործընկերը ժամանակավորապես փոխարինվում է հանրային գործընկերոջով, ապա մասնավոր գործընկերոջ պարտքի փոխանցում Կառավարությանը չի կարող իրականացվել:

4. Ցանկացած փոխարինող մասնավոր գործընկեր պետք է ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով համապատասխանի իր կողմից իրականացվելիք աշխատանքների և (կամ) մատուցվելիք ծառայությունների հետ կապված որակավորման և այլ էական բոլոր պահանջներին (այդ թվում՝ ունենա Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիա և (կամ) թույլտվություն), որոնց հիման վրա ՊՄԳ պայմանագիր է կնքվել սկզբնական մասնավոր գործընկերոջ հետ:

5. Մասնավոր գործընկերոջ փոխարինման կարգը և դրա նկատմամբ կիրառելի պայմանները սահմանվում են համապատասխան ՊՄԳ պայմանագրով և (կամ) ուղիղ պայմանագրով: Մասնավոր գործընկերոջ մշտական փոխարինման դեպքում հանրային գործընկերը կազմակերպում է նոր մասնավոր գործընկերոջ ընտրության համար լրացուցիչ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ: Մասնավոր գործընկերոջ ժամանակավոր փոխարինման դեպքում լրացուցիչ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի անհրաժեշտություն չկա:

(21-րդ հոդվածը փոփ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 5

 

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 Հոդված 22. Մասնավոր գործընկերոջ իրավունքների երաշխիքները

 

1. Հանրային գործընկերը և մասնավոր գործընկերը ՊՄԳ պայմանագրի հավասար կողմեր են:

2. Եթե մասնավոր գործընկերը վաճառում է ապրանքներ, իրականացնում է աշխատանքներ կամ մատուցում է ծառայություններ կարգավորվող գներով (սակագներով), և այդ գները (սակագները) կարգավորող մարմինները մասնավոր գործընկերոջ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար սահմանում են այնպիսի գներ (սակագներ), որոնք չեն ապահովում ՊՄԳ պայմանագրի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կատարած՝ տնտեսապես հիմնավորված ներդրումների հատուցումը, ապա հանրային գործընկերը, ՊՄԳ պայմանագրի դրույթներին համապատասխան, կարող է մասնավոր գործընկերոջը փոխհատուցել հատուցման համար չբավարարող գումարը: ՊՄԳ ընթացակարգով կարող են սահմանվել փոխհատուցման վերաբերյալ մեթոդաբանական հանձնարարականներ, ուղեցույցներ, ինչպես նաև փոխհատուցման չափանիշներ, կանոններ կամ սահմանափակումներ:

3. Հանրային գործընկերը կարող է մասնավոր գործընկերոջը շնորհել ՊՄԳ պայմանագրով սահմանված գործունեությունն իրականացնելու բացառիկ իրավունքներ՝ ՊՄԳ ծրագրի տեխնիկական և ֆինանսական կենսունակությունն ապահովելու նպատակով, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

(22-րդ հոդվածը փոփ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 23. Երաշխիքներ վարկատուների համար

 

1. Ուղիղ պայմանագրով վարկատուների համար կարող են նախատեսվել այնպիսի իրավունքներ և երաշխիքներ, որոնք պայմանագրի կողմերը նպատակահարմար են գտնում:

2. Ուղիղ պայմանագրով կարող են մանրամասն սահմանվել սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված՝ մասնավոր գործընկերոջ փոխարինման՝ վարկատուների իրավունքները, մասնավորապես այն, որ հանրային գործընկերոջ կողմից առաջարկվող մասնավոր գործընկերոջ փոխարինումը չի կարող իրականացվել առանց վարկատուի հաստատման, կամ վարկատուների կողմից առաջարկվող այդպիսի փոխարինումը չի կարող իրականացվել առանց հանրային գործընկերոջ հաստատման:

3. Ուղիղ պայմանագիրը կարող է նախատեսել վարկատուների միջամտության իրավունքները, ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ նրանց տեղեկատվության տրամադրման հետ կապված պայմանագրի կողմերի պարտավորությունները, ՊՄԳ պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում՝ վարկատուների փոխհատուցման վերաբերյալ դրույթները և կողմերի միջև համաձայնեցված այլ դրույթներ:

4. Ուղիղ պայմանագրով կարող է սահմանվել դրանով նախատեսված որոշակի դեպքերում մասնավոր գործընկերոջ փոխարեն ուղղակիորեն վարկատուներին պայմանագրային վճարումներ կատարելու հանրային գործընկերոջ պարտականությունը:

5. Ուղիղ պայմանագիր կնքելու նպատակով հանրային գործընկերը մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ չի կազմակերպում, եթե այն կնքում է մասնավոր գործընկերոջ և վարկատուի հետ:

6. ՊՄԳ պայմանագիրը կարող է նախատեսել մասնավոր գործընկերոջ պարտավորությունը՝ վարկատուներին տրամադրել իր պարտավորությունների յուրաքանչյուր տեսակի ապահովում (կապված ՊՄԳ ծրագրում ներգրավված ակտիվների, ՊՄԳ պայմանագրով (և (կամ) դրան առնչվող փաստաթղթերով) նախատեսված իր իրավունքների և ՊՄԳ ծրագրի հետ կապված գործունեության հետ), որը չի արգելվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(23-րդ հոդվածը փոփ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 6

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

 Հոդված 24. ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան

 

1. Կառավարությունը սահմանում է բոլոր ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման և կառավարման կարգը:

2. Հանրային գործընկերը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է իր կնքած յուրաքանչյուր ՊՄԳ պայմանագրի, դրա բոլոր հավելվածների կամ լրացումների պատճենները ՊՄԳ պայմանագիրը կամ դրան համապատասխան լրացումը ստորագրելուց հետո՝ 20 օրվա ընթացքում:

3. ՊՄԳ ծրագրի տվյալների բազան հրապարակայնորեն հասանելի է, բացառությամբ այն տեղեկատվության, որի հրապարակումը սահմանափակվում է օրենքներով:

 

 Հոդված 25. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը

 

1. Հանրային գործընկերը պատրաստում և ՊՄԳ ստորաբաժանում է ներկայացնում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն՝ մասնավոր գործընկերոջ ներկայացրած եզրակացության հետ:

2. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ձևը և ներկայացման ժամկետը սահմանում է Կառավարությունը:

3. ՊՄԳ ստորաբաժանումը կարող է պահանջել լրացուցիչ պարզաբանումներ և բացատրություններ՝ ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ յուրաքանչյուր հաշվետվության մասով:

4. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ յուրաքանչյուր հաշվետվություն պետք է հրապարակայնորեն հասանելի լինի:

 

ԳԼՈՒԽ 7

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

 Հոդված 26. ՊՄԳ ծրագրերում պետական աջակցության տեսակները

 

1. ՊՄԳ ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերներին կարող են տրամադրվել պետական աջակցության հետևյալ տեսակները.

1) դրամաշնորհներ.

2) սուբսիդիաներ.

3) ՊՄԳ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ակտիվների հատկացումներ.

4) ՊՄԳ ծրագրի շրջանակներում նվազագույն հասույթի և (կամ) վերջնական սպառողների կամ գնորդների նվազագույն քանակի երաշխիքներ և (կամ) երաշխիքների և արտոնությունների այլ տեսակներ.

5) երաշխիքներ առ այն, որ հանրային գործընկերն սպառելու կամ օգտագործելու է ՊՄԳ ծրագրի իրականացման ընթացքում արտադրված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների որոշակի ծավալ կամ մասնաբաժին.

6) վարկեր և ֆինանսավորման կամ ներդրումների այլ ձևեր.

7) ՊՄԳ ծրագրի հետ կապված որոշակի տեսակի ծախսերի և ռիսկերի փոխհատուցում (կամ դրանց համար ուղղակի պատասխանատվություն).

8) բյուջետային երաշխիքներ.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ՝ Կառավարության որոշմամբ:

2. ՊՄԳ ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերներն օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային արտոնություններից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. ՊՄԳ ընթացակարգով կարող են սահմանվել ՊՄԳ ծրագրերում պետական աջակցության տարբեր տեսակների վերաբերյալ մեթոդաբանական հանձնարարականներ և նման աջակցություն տրամադրելու վերաբերյալ ուղեցույցներ, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառելի բոլոր չափանիշները, կանոնները կամ սահմանափակումները:

(26-րդ հոդվածը փոփ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 27. ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում կատարվող վճարումների տեսակները

 

1. ՊՄԳ պայմանագիրը կարող է ներառել դրույթ, համաձայն որի` հանրային գործընկերը վերջնական սպառողների կողմից կատարվող վճարումներից և (կամ) արդյունքի վրա հիմնված վճարումներից բացի կամ դրանց փոխարեն մասնավոր գործընկերոջը վճարում է հասանելիության վճարներ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ հատուցումներ՝ պայմանագրով սահմանված պայմաններով:

2. Մասնավոր գործընկերն իրավունք ունի ՊՄԳ պայմանագրի շրջանակներում իր գործունեությունից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստանալու շահույթ և տնօրինելու այդ շահույթը:

3. ՊՄԳ պայմանագրով կարող են նախատեսվել մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը կատարվող վճարումներ (մասնավոր գործընկերոջ վճարի կամ այլ ձևով), որոնք կարող են լինել պարբերական հիմունքով հաստատագրված գումարի կամ միանվագ գումարի, կամ մասնավոր գործընկերոջ կողմից, ՊՄԳ պայմանագրի համաձայն, իրականացվող գործունեությունից ստացվելիք ցանկացած հասույթի սահմանված մասնաբաժնի ձևով կամ մասնավոր գործընկերոջը պատկանող գույքը հանրային գործընկերոջը սեփականության իրավունքով փոխանցելու ձևով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով: ՊՄԳ պայմանագրով կարող է նախատեսվել նաև մասնավոր գործընկերոջ վճարի տարբեր ձևերի համադրություն:

4. ՊՄԳ պայմանագրով կարող է նախատեսվել սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված վճարումների ձևերից յուրաքանչյուրի կամ բոլորի համադրությունը:

 

ԳԼՈՒԽ 8

 

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

 Հոդված 28. Վեճերի լուծումը

 

1. ՊՄԳ պայմանագրից, ուղիղ պայմանագրից կամ ՊՄԳ ծրագրի հետ կապված յուրաքանչյուր այլ պայմանագրից ծագող ցանկացած վեճ լուծվում է համապատասխան պայմանագրով և (կամ) Հայաստանի Հանրապետության վավերացրած` ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում կողմերի միջև համաձայնեցված՝ վեճերի լուծման կարգով:

2. ՊՄԳ պայմանագրի կողմերը կարող են ազատորեն ընտրել վեճերի լուծման մեխանիզմը, ներառյալ՝ հաշտարարությունը, իրավական պարտադիր ուժ ունեցող կամ չունեցող փորձագիտական գնահատումը կամ եզրակացությունը, ազգային կամ միջազգային առևտրային արբիտրաժը կամ ներդրումային արբիտրաժը, ինչպես նաև նման վեճերի լուծման ընթացակարգային կանոնները:

3. ՊՄԳ պայմանագրից, ուղիղ պայմանագրից կամ ՊՄԳ ծրագրին վերաբերող ցանկացած այլ պայմանագրից ծագող վեճերի մասով հանրային գործընկերը չի կարող ունենալ որևէ պետական կամ ինքնիշխան անձեռնմխելիություն:

 

ԳԼՈՒԽ 9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 Հոդված 30. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հանրային և մասնավոր գործընկերների միջև կնքված ՊՄԳ պայմանագրերի և ՊՄԳ ծրագրերի մասով հայտարարված մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերի վրա:

2. (մասն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30-րդ հոդվածը փոփ. 30.06.21 ՀՕ-284-Ն)

(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ) 

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան

ՀՕ-113-Ն