ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 19․ | Տուգանքը՝ որպես կրեդիտավորողի պատասխանատվություն |
1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ երեք հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երեք կամ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մեկ միլիոնից մինչև երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով, այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակմանը կամ տուգանքի չափին: Տուգանքը գանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:
5. Սույն օրենքի իմաստով՝ սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտում թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:
6. Կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակում պատասխանատվության միջոցներ կիրառելիս տուգանքի՝ որպես պատասխանատվության միջոցի կիրառման դեպքում սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտումների համար առաջնորդվում է սույն հոդվածով։ Սույն հոդվածով սահմանված տուգանքը, որպես պատասխանատվության միջոց, Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակն սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբն սկսվում է), եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 7 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական: