Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-38-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.01.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.02.2021
Дата вступления в силу
26.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 20-ին

 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագիրը «ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը «պատասխանատվությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վարչական վարույթի առանձնահատկությունները» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում կայանելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը:»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «դրույքաչափ» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սահմանում են ըստ կայանատեղի, Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների, այդ թվում` վարչական շրջաններում նաև գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ վերջինով իրականացվող գործունեության բնույթի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների և տարվա: Ընդ որում, համայնքի ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ:»:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «100000» թիվը փոխարինել «300000» թվով:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.

 

«Հոդված 16.1. Էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները

 

1. Էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 16.2-16.4-րդ հոդվածներով:

2. Անմիջականորեն իրականացվող հսկողության միջոցով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

3. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու համար վարչական պատասխանատվության միջոցի կիրառում նախատեսող վարչական ակտի հասցեատեր են համարվում ավտոտրանսպորտային միջոցը ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում` տվյալ ֆիզիկական անձը, իսկ եթե ավտոտրանսպորտային միջոցը իրավաբանական անձի, պետական (պետական մարմին, պետական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային հիմնարկ, համայնքային կառավարչական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպության սեփականություն է (պետական, համայնքային կազմակերպությունների մասով ամրակցված է), ապա այն անձը, որը իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառում իրականացնող մարմնում խախտման կատարման պահին գրանցված է համապատասխանաբար տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, պետական կամ համայնքային կազմակերպության ղեկավար կամ աշխատակազմի ղեկավար (քարտուղար):

4. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու համար օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը որպես վարչական մարմին կիրառում են համայնքի ղեկավարը, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:

5. Եթե սույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերությունները ուղղակիորեն չեն կարգավորվում սույն օրենքով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.2-16.6-րդ հոդվածներով.

 

«Հոդված 16.2. Ապացույցները և վարչական վարույթի փուլերը

 

 1. Սույն օրենքով ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլում ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի ապացույցները ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը և տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներն են:

2. Վարչական վարույթը բաղկացած է ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

 

Հոդված 16.3. Ավտոկայանատեղի վճար չվճարելու փաստի պարզումը

 

 1. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզումը վարչական մարմնի կողմից ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութի համադրումն է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ կայանման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:

2. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը համարվում է պարզված, եթե Էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ համադրելուց պարզ է դառնում, որ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա դրությամբ չի վճարվել սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:

4. Եթե սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը արձանագրվել է իրավաբանական անձի, պետական կամ համայնքային կազմակերպության սեփականություն հանդիսացող (պետական, համայնքային կազմակերպությունների մասով ամրակցված) ավտոտրանսպորտային միջոցի մասով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը պարզելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառում իրականացնող մարմնից պարզում է խախտման կատարման պահին տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, պետական կամ համայնքային կազմակերպության ղեկավար (աշխատակազմի ղեկավար, քարտուղար) հանդիսանալու փաստը:

 

Հոդված 16.4. Վարչական ակտն ընդունելու, վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու, վարչական ակտի կատարման ժամկետները

 

1. Վարչական վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը պարզելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ վարչական ակտի հասցեատիրոջը պարզելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

2. Վարչական ակտն ընդունելուց հետո այն երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է վարչական ակտի հասցեատիրոջը:

 

Հոդված 16.5. Վարչական ակտի առանձնահատկությունները

 

1. Վարչական ակտը ներառում է`

1) իրավախախտման տեղը, ժամը.

2) գանձապետական հաշվեհամարը` նշանակված տուգանքը վճարելու համար.

3) լուսանկարը.

4) օրենքով սահմանված այլ տվյալներ:

2. Վարչական ակտի ձևը և նմուշը սահմանվում են վարչական մարմնի ղեկավարի որոշմամբ:

 

Հոդված 16.6. Իրավախախտումների վերաբերյալ փաստական տվյալների փոխանցումը համայնքների և պետական մարմինների միջև

 

1. Ավտոկայանատեղի վճարի վճարման, ավտոկայանատեղում կայանման նկատմամբ անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով արձանագրված տվյալները (լուսանկար, տեսանյութ և այլն) կարող են փոխանցվել պետական (վարչական) այլ մարմիններ՝ վերջիններիս կողմից օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում:

2. Համայնքները սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական (վարչական) մարմիններին կարող են տրամադրել նաև հասանելիություն ավտոկայանատեղի վճարի վճարման, ավտոկայանատեղում կայանման նկատմամբ էլեկտրոնային համակարգերին և տեխնիկական միջոցներին (լուսանկարող, տեսանկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր և այլն)` այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջների խախտումների համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով:»:

 

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն և ենթակա է հատուկ տարածք տեղափոխման:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-38-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան