Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-179
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2001-01.07.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.31/33
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.12.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.1997
Дата вступления в силу
31.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
26 դեկտեմբերի 1997 թ.

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետ` սոցիալական վճարներ) հասկացությունը, հավաքագրման իրավական, ֆինանսական և կազմակերպական հիմունքները, դրույքաչափերը և վճարման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

Ապահովադիր` սոցիալական վճարները հաշվարկող, դրանց պահումները կատարող և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` լիազորված մարմին) փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն:

Ապառք` սույն օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարած սոցիալական վճարների գումար:

 

Հոդված 2.

Սոցիալական վճարների մասին օրենսդրությունը

 

1. Սոցիալական վճարումների կատարումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  II


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 3.

Սոցիալական վճարների հասկացությունը և կատարողները

 

1. Սոցիալական վճարները պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:

2. Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով: Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Սոցիալական վճարումներ են կատարում`

ա) գործատուները.

բ) վարձու աշխատողները.

գ) անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը).

դ) քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձինք.

ե) գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք:

5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարումներ չեն կատարում:

(3-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-74, խմբ. 26.12.00 ՀՕ-132)

 

 

Հոդված 4.

Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները

 

1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`

ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները.

բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները.

գ) անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի) տարեկան եկամուտները` առանց հաշվի առնելու եկամտահարկով հարկման նպատակով կատարվող անձնական նվազեցումը, և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտներ ստացած անձանց` աշխատանքների կատարումից և ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները.

դ) գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային զուտ եկամուտը:

2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(4-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-74, խմբ. 26.12.00 ՀՕ-132)

 

Գ Լ ՈՒ Խ  III


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 5.

Սոցիալական վճարների դրույքաչափերը

 

1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը Սոցիալական վճարի չափը
մինչև 20,000 դրամ 5,000 դրամ
20,000-ից մինչև 100,000 դրամ 5,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը
100,000 դրամից ավելի 17,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը

 

Ընդ որում, սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

Ոչ առևտրային կազմակերպությունների, մշակութային, կրթական (այդ թվում` նախադպրոցական), գիտական, առողջապահական հաստատությունների վարձու աշխատողների համար սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարի նվազագույն չափը կիրառվում է հաստիքային յուրաքանչյուր մեկ լրիվ դրույքի նկատմամբ: Հեղինակային վարձատրությունների նկատմամբ սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարի նվազագույն չափի փոխարեն սոցիալական վճարը հաշվարկվում է հեղինակային վարձատրության նկատմամբ 15 տոկոս դրույքաչափով:

2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, որոնց պահումները կատարում և լիազորված մարմին են փոխանցում գործատուները: 

3. (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-132)

4. Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք սոցիալական վճարումներ են կատարում սեփականություն համարվող հողատարածքների` տվյալ տարվա համար սահմանված կարգով հաշվարկված կադաստրային զուտ եկամտի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի տարեկան 60 հազար դրամից: Վարձու աշխատանք օգտագործող գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք սոցիալական վճարումներ են կատարում նաև գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:

Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների հողատարածքների սեփականատերերի ընտանիքների անդամների նկատմամբ գործատուների և վարձու աշխատողների համար սոցիալական վճարումների սահմանված դրույքաչափերը չեն կիրառվում:

 

5. Անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափը Սոցիալական վճարի չափը
մինչև 1,200,000 դրամ 15 տոկոս
1,200,000 դրամից ավելի 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը

 

Անկախ սույն կետի առաջին մասի դրույթներից` սոցիալական վճարները վճարվում են տարեկան 60 հազար դրամի չափով, եթե եկամուտների ստացման տվյալ տարվա համար սոցիալական վճարների` սույն կետի առաջին մասի համաձայն որոշված չափը չի գերազանցում 60 հազար դրամը:

Քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց համար սոցիալական վճարները վճարվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:

6. Բնաիրային ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և լիազորված մարմին փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:

(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.98 ՀՕ-266, լրաց., խմբ. 06.07.00 ՀՕ-74, խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-132)

 

Հոդված 6.

Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը

 

1.Գործատուները և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտներ վճարող անձինք սոցիալական վճարները հաշվարկում և լիազոր մարմնին են վճարում եկամուտների վճարմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

2. Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք սոցիալական վճարները հաշվարկում է լիազորված մարմինը և նշում դրանց տրվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանուցագրերում:

3. Անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը), գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք տարվա համար հաշվարկված սոցիալական վճարները վճարում են հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

4. Գործատուն յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ` ապառքի 0.15 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարումների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար:

Սույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո: Սույն մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադիրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին:

Սոցիալական վճարների վճարումը ուշացնելու դեպքում լիազոր մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով ապահովադրին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից լիազոր մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ սոցիալական վճարների գծով պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

6. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու, վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու, վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում` սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:

Վարձու աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում գործատուն վճարում է սոցիալական վճար` նրա մոտ տվյալ պահին ձևավորված միջին աշխատավարձի նկատմամբ սույն օրենքի համաձայն հաշվարկված սոցիալական վճարի 12-ապատիկի չափով:

7. Ապահովադիրները, լիազորված մարմին, վերջինիս կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում, վճարում են թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև սույն օրենքով հաշվարկված տույժերը և տուգանքները:

8. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով: Լիազորված մարմինը, որպես սոցիալական վճարների պարտքը (ապառքի և հաշվարկված տույժերի գումարը) բռնագանձելու մասին դատարանի վճռի հարկադիր կատարման միջոց, ապահովադրի գույքի վրա դնում է արգելանք և ապահովում դրա իրացումը:

9. Սոցիալական վճարումների կատարման արտոնությունները սահմանվում են օրենքով:

(6-րդ հոդվածը խմբ.14.12.98 ՀՕ-266,  լրաց. 06.07.00 ՀՕ-74,  խմբ., փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-132)

 

Հոդված 7.

Ավել վճարված սոցիալական վճարները ապահովադրին վերադարձնելու կարգը

 (վերնագիրը խմբ.14.12.98 ՀՕ-266)

 

Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, ապահովադրի համաձայնությամբ` առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին` դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում, որից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար լիազորված մարմինը վճարում է տույժ` վերադարձման ենթակա գումարի 0.15 տոկոսի չափով:

(7-րդ հոդվածը խմբ.14.12.98 ՀՕ-266,  փոփ. 26.12.00 ՀՕ-132)

 

 

Գ Լ ՈՒ Խ  IV


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 8.

Սոցիալական վճարների հավաքագրումը և գանձումն ապահովող մարմինը

 

Սոցիալական վճարների հավաքագրումը և գանձումն ապահովում է լիազորված մարմինը, որը կուտակված միջոցները, մինչև պարտադիր սոցիալական ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելը, ուղղում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով:

 

Հոդված 9.

Լիազորված մարմնի հիմնական իրավասությունը

 

Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը, որն իրավասու է`

ա) գործատուների մոտ կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի), գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձանց մոտ` սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման և վճարման փաստաթղթերի, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի ստուգում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) ապահովադիրներից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) ստուգվող ապահովադիրներից պահանջել վերացնելու սույն օրենքի պահանջների խախտումները.

դ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով.

ե) պետական գրանցում ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, լիազորված մարմնում չհաշվառված կամ սահմանված ժամկետներում սոցիալական վճարումներ չկատարող ապահովադիրներին (նրանց ղեկավարներին և պաշտոնատար անձանց) ենթարկել պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

զ) համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դատարան ներկայացնել ապահովադրի լուծարման պահանջ:

(9-րդ հոդվածը խմբ.14.12.98 ՀՕ-266,  լրաց. 06.07.00 ՀՕ-74)

 

Գ Լ ՈՒ Խ  V


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 10.

Սոցիալական վճարներ կատարողների գրանցումը

 

1. Գործատուները, գյուղացիական տնտեսությունները, անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը), գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են որպես ապահովադիր գրանցվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Գործատուները գյուղացիական տնտեսությունները և անհատ ձեռներեցները  (ձեռնարկատերերը) գրանցվում և հաշվառվում են ըստ գործունեության պետական գրանցման վայրի:

3. Գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք լիազորված մարմնում գրանցվում և հաշվառվում են ըստ բնակության վայրի:

(10-րդ հոդվածը խմբ.14.12.98 ՀՕ-266, լրաց. 06.07.00 ՀՕ-74)

 

Հոդված 11.

Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

ա) մասնակցել ստուգումներին, ծանոթանալ իրենց գործունեության ստուգման ակտերին և ստանալ դրանց մեկ օրինակը.

բ) ստուգումների արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում, ակտն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, ներկայացնել գրավոր առարկություններ կամ այն գանգատարկել դատական կարգով.

գ) գանգատարկել լիազորված մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները.

դ) լիազորված մարմնից ստանալ պարզաբանումներ` սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին.

ե) պահանջել և ստանալ կամ հաշվանցել ապագա վճարումների հաշվին ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները:

2. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր են`

ա) գրանցվել և հաշվառվել լիազորված մարմնում.

բ) լիազորված մարմին ներկայացնել հաշվետվություններ, եկամուտների մասին հայտարարագրեր.

գ) ներկայացնել արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր:

3. Գործատուի և անհատ ձեռներեցի (ձեռնարկատիրոջ) կողմից հաշվապահական հաշվառում չվարելը կամ այնպիսի խախտումներով վարելը կամ սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ սոցիալական վճարների հիմք համարվող այլ փաստաթղթերում այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք առաջացրել են կամ կարող էին առաջացնել սոցիալական վճարների նվազեցում կամ անհնար են դարձնում սոցիալական վճարների չափի հաշվարկը, ապա գանձման ենթակա սոցիալական վճարների չափը սահմանվում է նախորդ հավասար ժամանակահատվածի սոցիալական վճարների կրկնապատիկի չափով, իսկ խախտում թույլ տված անձինք ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(11-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-74)

 

Հոդված 12.

Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկման կարգը

 

Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

Հոդված 13.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(13-րդ հոդվածը լրաց.14.12.98 ՀՕ-266)

 

Գ Լ ՈՒ Խ  VI


ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 14.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

(հոդվածը համարվել է 14-րդ` 14.12.98 ՀՕ-266)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
30 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-179