Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-124-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.10.2020-01.07.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.07.23/47(637) Հոդ.777
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.06.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.07.2008
Дата вступления в силу
23.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքի նպատակը բանկերի կողմից քաղաքացիների ավանդների ներգրավման պայմանների և կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանումն է և այդ կանոնների միջոցով սպառողների իրավունքների պաշտպանությունը:

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է բանկերի կողմից քաղաքացիների ավանդների ներգրավման ժամանակ բացահայտվող տեղեկատվության շրջանակը, այդ տեղեկատվության տրամադրման, ավանդային պայմանագրերի գովազդման, ավանդների նկատմամբ տոկոսների հաշվարկման կարգը և պայմանները, ինչպես նաև ավանդատուների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանող այլ իրավահարաբերություններ:

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) բանկային ավանդ (այսուհետ՝ ավանդ)՝ բանկային ավանդ կամ բանկային հաշվում առկա դրամական միջոցներ.

2) ավանդային պայմանագիր՝ սույն օրենքով սահմանված ավանդը ներգրավելու նպատակով կնքված պայմանագիր.

3) ավանդատու՝ քաղաքացի, որը կնքել է ավանդային պայմանագիր.

4) բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից բանկային գործունեության լիցենզիա ստացած բանկ կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղ.

5) սակագներ՝ ավանդի սպասարկման գործառնությունների համար ավանդատուի կողմից բանկի ծառայությունների դիմաց վճարները կամ տարեկան տոկոսային եկամտաբերությունը նվազեցնող այլ վճարներ, բացառությամբ որպես տուժանք կատարված վճարների.

6) տարեկան տոկոսային եկամտաբերություն (Annual Percentage Yield կամ APY)՝ այն տոկոսը, որն անձը կստանա 1000 դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման (compounding) ու վճարման հաճախականության հետևանքով: Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգ.

7) տարեկան պարզ տոկոսադրույքի չափ (Annual Rate of Simple Interest)՝ տարեկան կտրվածքով հաշվարկված տոկոսադրույքի չափը, որը վճարվում է տոկոսների կապիտալացման յուրաքանչյուր գործընթացի ժամանակ.

8) տուժանք (տույժ, տուգանք)՝ ավանդատուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկին վճարվող հատուցում կամ տարեկան տոկոսային եկամտաբերության նվազեցում կամ ավանդատուի համար որևէ այլ անբարենպաստ հետևանքի առաջացում.

9) Ֆինանսական համակարգի հաշտարար՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձ:

 

Հոդված 3.

Հրապարակման ենթակա տեղեկատվությունը

 

1. Ավանդների ներգրավման, ավանդային պայմանագրերի կնքման վերաբերյալ բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կամ ինտերնետ ցանցում տեղադրված որևէ գովազդ, հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր, որը նշում է պարունակում ավանդի դիմաց վճարվող որոշակի տոկոսադրույքի, եկամտաբերության կամ որևէ այլ հատուցման չափի մասին, պարտադիր պետք է առնվազն հայերենով (բացառությամբ օտար լեզուներով տպագրվող թերթերի և հատուկ հրատարակությունների), հստակ և առանց որևէ շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող ձևակերպումների ներառի՝

1) Կենտրոնական բանկի սահմանած կարգով հաշվարկված տարեկան տոկոսային եկամտաբերության չափը.

2) ավանդային պայմանագրի գործողության ժամկետը, որի ընթացքում ավանդատուն կստանա խոստացված տարեկան տոկոսային եկամտաբերությունը.

3) տարեկան տոկոսային եկամտաբերությունն ապահովելու համար պահանջվող հաշվի նվազագույն մնացորդի չափը և ժամանակահատվածը կամ ժամկետային սահմանափակումները.

4) տարեկան տոկոսային եկամտաբերությունն ապահովելու համար պահանջվող ավանդի նվազագույն սկզբնական գումարի չափը, եթե այդ գումարի չափը գերազանցում է տարեկան տոկոսային եկամտաբերությունն ապահովելու համար պահանջվող հաշվի նվազագույն մնացորդի չափը.

5) եթե տվյալ հաշվի տեսակի համար բանկի կողմից նախատեսված կամ սահմանված են սակագներ կամ տարեկան տոկոսային եկամտաբերությունը նվազեցնող այլ պայմաններ, ապա հայտարարություն այն մասին, որ բանկի սահմանած սակագների կամ այլ պայմանների կիրառման հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը կարող է նվազել.

6) եթե տվյալ հաշվի տեսակի համար բանկի կողմից նախատեսված կամ սահմանված է որևէ տուժանք, ապա հայտարարություն` նման տուժանքի կիրառման դեպքերի մասին.

7) տոկոսագումարների հարկման մասին հայտարարություն:

2. Եթե ավանդների ներգրավման, ավանդային պայմանագրերի կնքման կամ հաշիվների բացման վերաբերյալ բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կամ ինտերնետ ցանցում տեղադրված որևէ գովազդ, հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր հիշատակում է, որ ավանդի հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ապա այն պարտադիր պետք է հայերենով, հստակ և առանց որևէ շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող ձևակերպումների տեղեկատվություն պարունակի «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով երաշխավորված ավանդի չափերի մասին: Հայերենին զուգահեռ այլ լեզուների օգտագործումը չի արգելվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, և 6-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ենթակա չէ պարտադիր հրապարակման հեռուստատեսությամբ հեռարձակվող կամ արտաքին գովազդի վահանակների միջոցով իրականացվող գովազդի, հայտարարության, առաջարկի, օֆերտայի կամ օֆերտա անելու հրավերի դեպքում: Սույն մասով նախատեսված գովազդը նշում է պարունակում այն մասին, թե որտեղ կարելի է ծանոթանալ գովազդվող ավանդի պայմաններին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների որոշ տեսակների համար Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել պարտադիր կիրառման ենթակա տեքստեր կամ օրինակելի ձևեր և նվազագույն պահանջներ:

 

Հոդված 4.

Տեղեկատվական ամփոփագրերը

 

1. Բանկը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր տիպի ավանդային պայմանագրի համար հաստատել և ունենալ սակագների, տոկոսադրույքների, տարեկան տոկոսային եկամտաբերության, տույժերի և ավանդների ներգրավման կարգի և պայմանների վերաբերյալ տեղեկատվական ամփոփագիր: Բոլոր տիպի ավանդային պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվական ամփոփագրերը կարող են համախմբվել նաև մեկ միասնական տեղեկատվական ամփոփագրում, պայմանով, որ միասնական տեղեկատվական ամփոփագիրը պարունակի յուրաքանչյուր տիպի ավանդային պայմանագրի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը:

2. Բանկի հաստատած և քաղաքացիներին տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվական ամփոփագիր պետք է հստակ և առանց որևէ շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող ձևակերպումների առնվազն պարունակի հետևյալը.

1) տեղեկատվություն սակագների և տուժանքների մասին, մասնավորապես`

ա. հաշվից գանձվելիք կամ ավանդատուի կողմից վճարվելիք սակագների և տուժանքների նկարագրությունը, չափերը (կամ դրանց հաշվարկման մեթոդը) և կիրառման դեպքերը, կարգն ու պայմանները,

բ. այն դեպքում, երբ հաշվի նվազագույն մնացորդ չպահելու համար գանձվելու են սակագներ կամ տուժանքներ, ապա հաշվի նվազագույն մնացորդի չափերը կամ նվազագույն մնացորդի հաշվարկման մեթոդը.

2) տեղեկատվություն տոկոսադրույքների վերաբերյալ, մասնավորապես`

ա. տարեկան տոկոսային եկամտաբերության չափը՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով հաշվարկված,

բ. ավանդային պայմանագրի գործողության ժամկետը, որի ընթացքում ավանդատուն կստանա խոստացված տարեկան տոկոսային եկամտաբերությունը,

գ. տարեկան պարզ տոկոսադրույքի չափը,

դ. տոկոսների կապիտալացման (compoսnding) և վճարման հաճախականությունը,

ե. հաշվի այն մնացորդի հաշվարկման մեթոդը, որի նկատմամբ վճարվելու են տոկոսներ,

զ. հաշվի այն մնացորդի չափը, որը պետք է պահպանվի խոստացված տոկոսները կամ այլ եկամուտները ստանալու համար, ինչպես նաև այդ մնացորդի հաշվարկման մեթոդը,

է. այն ժամանակահատվածային պահանջները, որոնք անհրաժեշտ է պահպանել խոստացված տոկոսները կամ այլ եկամուտները ստանալու համար,

ը. կիրառելիության պարագայում տեղեկատվություն այն մասին, որ հավելագրված, սակայն դեռևս չվճարված տոկոսները չեն վճարվելու, եթե ավանդատուն մարման ժամկետից շուտ է պահանջում ավանդի գումարը,

թ. հայտարարություն այն մասին, որ բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ,

ժ. տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ.

3) հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերի լուծման կարգի, պայմանների և սահմանափակումների, ինչպես նաև ավանդատուի իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն.

4) սույն հոդվածում չներառված, սակայն սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված հրապարակման ենթակա այլ տեղեկատվություն.

5) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

3. Տեղեկատվական ամփոփագրերը գրվում են հայերեն: Հայերենին զուգահեռ այլ լեզուների օգտագործումը չի արգելվում:

4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սույն հոդվածի պատշաճ կիրառման նպատակով սահմանել տեղեկատվական ամփոփագրերի պարտադիր կիրառման ենթակա ձև, տեքստ կամ օրինակելի տարբերակներ, ինչպես նաև նվազագույն պահանջներ:

 

Հոդված 5.

Տեղեկատվական ամփոփագրերի տրամադրումն ու հրապարակումը

 

1. Բանկը պարտավոր է տեղեկատվական ամփոփագրերը տեղադրել և պահպանել իր պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև դրանք անվճար տրամադրել՝

1) բանկի տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի՝ նրա առաջին իսկ պահանջով.

2) ավանդատուին՝ մինչև ավանդային պայմանագրի կնքումը և (կամ) հաշվի բացումը.

3) այն ավանդատուին, որը բանկի հետ կնքել է երեսնօրյա ժամկետը գերազանցող ժամկետային ավանդային պայմանագիր, և այդ պայմանագիրը ենթակա է երկարաձգման` առանց ավանդատուի կողմից բանկին տեղեկացնելու: Այս դեպքում բանկը պարտավոր է տեղեկատվական ամփոփագիրն ավանդատուին տրամադրել կամ առաքել ավանդային պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից տասնհինգ օրացուցային օր առաջ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում բանկը պարտավոր չէ տեղեկատվական ամփոփագրեր տրամադրել, եթե երկարաձգվող ավանդային պայմանագրի պայմանները չեն փոխվում:

3. Ստորագրությունների մեխանիկական և պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների, էլեկտրոնային թվային ստորագրության կամ ստորագրության այլ նմանօրինակ ձևերով կնքված ավանդային պայմանագրերի համար Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել բանկի կողմից ավանդատուին տեղեկատվական ամփոփագրի տրամադրման նվազագույն պահանջներ:

 

Հոդված 6.

Հաշվի քաղվածքները

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, բանկը պարտավոր է իր կողմից կամ ավանդային պայմանագրում նշված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, ավանդատուին տրամադրել ավանդատուի՝ բանկում առկա յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ հաշվի քաղվածք, որում հստակ և առանց որևէ շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող ձևակերպումների ներկայացվում են`

1) յուրաքանչյուր օրվա կտրվածքով հաշվի դեբետագրումները, կրեդիտագրումները և հաշվի մնացորդը.

2) վաստակած տարեկան տոկոսային եկամտաբերության չափը.

3) ստացված տոկոսի գումարը.

4) գանձված սակագները և տուժանքները.

5) հաշվետու ժամանակաշրջանի օրերի քանակը:

2. Բանկը պարտավոր չէ ավանդատուին հաշվի քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում բանկը տվյալ հաշիվը չի դեբետագրել կամ կրեդիտագրել:

3. Ավանդատուի պահանջով բանկը պարտավոր է հնգօրյա ժամկետում ավանդատուին տրամադրել բանկում առկա հաշվի վերաբերյալ հաշվի քաղվածք՝ բանկի հայտարարած սակագներով:

4. Տարեկան տոկոսային եկամտաբերությունը, վաստակած տարեկան տոկոսային եկամտաբերությունը և տոկոսի տարեկան դրույքաչափը կլորացվում են առնվազն մինչև մեկ հարյուրերորդականը (0.1%):

5. Սույն հոդվածով նախատեսված քաղվածքները ավանդատուին տրամադրվում են գրավոր եղանակով՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ ավանդատուն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա հրաժարվել է հաշվի քաղվածքները էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ հաշվի քաղվածքները փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Ընդ որում, ավանդատուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխելու հաղորդակցման միջոցը ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, և այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը բանկի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման նկատմամբ։ Ավանդատուն իրավունք ունի նաև սույն հոդվածով նախատեսված քաղվածքներն ստանալու բանկի տարածքում՝ առձեռն, որի դեպքում բանկը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել ավանդատուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Հաշվի քաղվածքները էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում առձեռն ստանալու ավանդատուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, բանկն իրավունք չունի ավանդատուին պարտադրելու, այդ թվում՝ ավանդատուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ ավանդատուն հրաժարվի հաշվի քաղվածքները էլեկտրոնային կապի միջոցներով ստանալու իր իրավունքից:

6. (մասն ուժը կորցրել է 27.10.20 ՀՕ-470-Ն)

7. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվի քաղվածքի օրինակելի ձևեր, ինչպես նաև նվազագույն պահանջներ:

(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 27.10.20 ՀՕ-470-Ն)

(27.10.20 ՀՕ-470-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 7.

Տոկոսների հաշվարկը

 

1. Բանկը տոկոսների հաշվարկն իրականացնում է հաշվում առկա ավանդի ամբողջ գումարի նկատմամբ, ավանդային պայմանագրի ողջ ժամկետի համար` օրական կտրվածքով: Ընդ որում, բանկը յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվարկում է սահմանված տոկոսադրույքի առնվազն 1/365 հարաբերակցությամբ (իսկ նահանջ տարվա համար բանկը օգտագործում է 1/366 հարաբերակցությունը):

 

Հոդված 8.

«Անվճար» բառի օգտագործման սահմանափակումը

 

1. Բանկերին արգելվում է ավանդների ներգրավման, ավանդային պայմանագրերի կնքման կամ հաշիվների բացման վերաբերյալ բանկի կողմից իրականացվող որևէ գովազդում, հայտարարությունում, առաջարկում, օֆերտայում կամ օֆերտա անելու հրավերում ավանդային պայմանագիրը նկարագրել, բացատրել կամ գովազդել «անվճար» կամ նմանատիպ իմաստ ունեցող այլ բառերի կիրառմամբ, եթե՝

1) որևէ ժամանակահատվածում սակագներից կամ տույժերից խուսափելու համար անհրաժեշտ է՝

ա. համապատասխան ժամանակահատվածի ընթացքում ապահովել հաշվի նվազագույն մնացորդ և (կամ)

բ. համապատասխան ժամանակահատվածի ընթացքում չգերազանցել հաշվով գործառնությունների սահմանված առավելագույն քանակը և (կամ)

գ. համապատասխան ժամանակահատվածի ընթացքում ապահովել հաշվով գործառնությունների սահմանված նվազագույն քանակ.

2) հաշվի սպասարկման համար բանկի կողմից գանձվում կամ գանձվելու է որևէ վճար:

 

Հոդված 9.

Բանկի և ավանդատուի հաղորդակցումը

 

1. Բանկի և ավանդատուի միջև ցանկացած հաղորդակցում, որը կապված է ավանդային պայմանագրի պայմանների կամ կողմերի միջև հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման հետ կամ վերաբերում է ավանդային պայմանագրի վրա որևէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ բանկի ներքին ակտերին, կատարվում է գրավոր եղանակով՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն:

2. Ավանդատուն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Ընդ որում, ավանդատուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխելու հաղորդակցման միջոցը ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, և այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը բանկի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման նկատմամբ։ Ավանդատուն իրավունք ունի նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունն ստանալու բանկի տարածքում՝ առձեռն, որի դեպքում բանկը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել ավանդատուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային, փոստային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում առձեռն ստանալու ավանդատուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, բանկն իրավունք չունի ավանդատուին պարտադրելու, այդ թվում՝ ավանդատուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ ավանդատուն հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իր իրավունքից:

3. (մասն ուժը կորցրել է 27.10.20 ՀՕ-470-Ն)

4. Ավանդի գումարի նկատմամբ վճարվող տոկոսների դրույքաչափերի վերաբերյալ ավանդատուի հարցմանը բանավոր պատասխանելու դեպքում բանկի աշխատակիցը պարտավոր է նշել տարեկան տոկոսային եկամտաբերությունը և պարզ տոկոսի տարեկան դրույքաչափը:

5. Ավանդային պայմանագրի պայմանների կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման կամ ավանդային պայմանագրի վրա որևէ ազդեցություն ունեցող բանկի ներքին ակտերի փոփոխման դեպքում, որը հանգեցնում է տարեկան տոկոսային եկամտաբերության փոփոխման, բանկը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով տեղեկացնել ավանդատուին նոր պայմանների վերաբերյալ՝ տարեկան տոկոսային եկամտաբերության փոփոխման օրվանից առնվազն 15 օր առաջ:

5.1. Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սույն հոդվածով և 6-րդ հոդվածով սահմանված հաղորդակցման կարգի խախտման դեպքում բանկն ազատվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից, եթե նման կարգի ապահովման անհնարինությունը կապված է արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման հետ։

6. Ավանդատուների իրավունքների պաշտպանության նպատակից ելնելով` Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված հաղորդակցման կարգ, պայմաններ, ձևեր և նվազագույն պահանջներ:

(9-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 27.10.20 ՀՕ-470-Ն)

(27.10.20 ՀՕ-470-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 10.

Ավանդատուների իրավունքների դատական, արբիտրաժային, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով պաշտպանությունը

 

1. Ավանդատուների՝ սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավունքները ենթակա են պաշտպանության դատական կարգով, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ արբիտրաժային կարգով, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

2. Եթե ավանդային պայմանագրի առնչությամբ բանկի և ավանդատուի միջև կնքվում է արբիտրաժային համաձայնություն, ապա բանկը պարտավոր է ավանդատուի համար բացահայտել կողմերի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բավարար տեղեկատվություն:

3. Ավանդատուների իրավունքների պաշտպանության նպատակից ելնելով` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվության նվազագույն պահանջներ և (կամ) օրինակելի ձև:

Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորելու արբիտրաժային համաձայնության կնքմամբ:

 

Հոդված 11.

Բանկի պատասխանատվությունը

 

1. Բանկի կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝

1) հարյուր հազար դրամի չափով, եթե խախտմանը նախորդող 365 օրվա ընթացքում բանկը նշված պահանջների խախտում թույլ չի տվել.

2) երկու հարյուր հազար դրամի չափով, եթե խախտմանը նախորդող 365 օրվա ընթացքում բանկը թույլ է տվել նշված պահանջների մեկ խախտում.

3) հինգ հարյուր հազար դրամի չափով, եթե խախտմանը նախորդող 365 օրվա ընթացքում բանկը թույլ է տվել նշված պահանջների երկու և ավելի խախտում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկն իրավունք ունի բանկի նկատմամբ տուգանք նշանակելու խախտմանը նախորդող 365 օրվա ընթացքում բանկի նկատմամբ սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված ամենամեծ տուգանքի չափով, եթե անգամ այդ տուգանքի չափը գերազանցում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված տուգանքների առավելագույն չափը:

3. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Տուգանքը գանձվում է` հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

4. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(հոդվածը 24.03.21 ՀՕ-139-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.21 թվականին)

(24.03.21 ՀՕ-139-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 12.

Բանկի պատասխանատվությունը ավանդատուի առջև

 

1․ Բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ բանկը պարտավոր է հօգուտ ավանդատուի վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) բանկը ձեռնարկել է ավանդատուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները և

2) փաստացի վերացրել է ավանդատուի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, և

3) ավանդատուի իրավունքի խախտման հետևանքով ավանդատուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:

2․ Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար:

 Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված՝ ավանդատուի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:

(12-րդ հոդվածը խմբ. 27.10.20 ՀՕ-470-Ն)

(27.10.20 ՀՕ-470-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 13.

Վերահսկողությունը սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ

 

1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:

 

Հոդված 14.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված ավանդային պայմանագրերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված ավանդային պայմանագրի էական պայմաններից թեկուզև մեկը փոփոխվում է, կամ երբ ավանդային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված ավանդային պայմանագրի էական պայմաններից թեկուզև մեկը փոփոխվելու դեպքում կամ ավանդային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվելու դեպքում ամբողջ ավանդային պայմանագիրը պետք է համապատասխանեցվի սույն օրենքի պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2008 թ. հուլիսի 12
Երևան
ՀՕ-124-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.03.2021, ՀՕ-139-Ն 01.07.2021, ՀՕ-124-Ն
27.10.2020, ՀՕ-470-Ն 30.10.2020, ՀՕ-124-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան