Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-462-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (23.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2020
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.10.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.10.2020
Дата вступления в силу
23.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ լրացումՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ և 24-րդ կետերով․

«23) բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված ու Կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն անհուսալի ճանաչված՝ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված ակտիվները (ներառյալ՝ վարկի և այլ գումարները, մինչև դրանց անհուսալի ճանաչվելը և անհուսալի ճանաչվելուց հետո հաշվարկված տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու դեպքում՝ անկախ սույն մասի 18-րդ կետի դրույթներից․

24) ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին, նրա՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից ներվող պարտավորությունները (ներառյալ՝ վարկի և այլ գումարները, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի և (կամ) տուգանքների գումարները)։»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․

«4․ Անկախ սույն հոդվածի 3-րդ մասի դրույթներից՝ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի և վարկային կազմակերպությունների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են այդ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված ու Կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն դեռևս անհուսալի չճանաչված ակտիվները (ներառյալ՝ վարկի գումարը, տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու և այդ մասով ակտիվների հնարավոր կորուստների պահուստին մինչև այդ մասհանումներ կատարած լինելու դեպքում` պահուստին ուղղված գումարների չափով համախառն եկամտում վերականգնելու դեպքում։»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40-րդ կետով․

«40) ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձին, նրա ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների տված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձի եկամուտները` անկախ սույն մասի 19-րդ կետի դրույթներից։»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո սույն օրենքով սահմանված անձանց ներված՝ մինչև ռազմական դրության ավարտը ստացված վարկի կամ այլ գումարների, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի և (կամ) տուգանքների նկատմամբ։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հոկտեմբերի 22

Երևան

ՀՕ-462-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2020 թվական: