Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-402-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.09.2020-27.09.2024)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 09.09.2020
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.09.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.09.2020
Дата вступления в силу
09.09.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 4-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» 1992 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում «մարմինն» բառը փոխարինել «մարմինը» բառով և այդ բառից հետո մասը լրացնել «(այսուհետ նաև՝ լիազոր մարմին)» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետից հանել «զանգվածային» բառը և նույն կետը «վարակիչ հիվանդությունների» բառերից հետո լրացնել «բռնկումների,» բառով.

2) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում են այլ լիազորություններ:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-20.12-րդ հոդվածներով.

 

«Հոդված 20.1. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում

 

1. Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերը ենթակա են հաշվառման և հաղորդման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից: Հաղորդման և հաշվառման ենթակա վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների ցանկը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների համաձայն: Հաղորդման և հաշվառման ենթակա վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառումը և հաղորդումն իրականացվում են լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների համաձայն:

2. Մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների՝ վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման, կանխման ու վերացման նպատակով առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, տեսչական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունները, սանիտարական կանոններին համապատասխան, սույն օրենքի 6-10-րդ, 24-րդ հոդվածներով և այլ օրենքներով սահմանված կարգով իրականացնում են հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները․

1) բժշկական փաստաթղթերի, ներառյալ՝ բժշկական զննություն կամ լաբորատոր հետազոտություն հավաստող կամ կանխարգելիչ այլ միջոցառումներ հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն.

2) լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներ կամ վարակի օջախ հանդիսացող վայրեր ուղևորությունների պատմության ուսումնասիրություն.

3) բժշկական զննության իրականացում.

4) ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում.

5) վարակիչ հիվանդությունների` լիազոր մարմնի ղեկավարի սահմանած ախտանիշներին կամ առողջական վիճակին համապատասխանող անձանց (այսուհետ՝ հնարավոր վարակակիր), տվյալ վարակիչ հիվանդության ինկուբացիոն շրջանում վարակակրի հետ շփված անձանց (այսուհետ՝ կոնտակտավոր անձինք), ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննություն կամ բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` իմունականխարգելման իրականացում կամ հոսպիտալացում.

6) լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վարակիչ հիվանդության կասկածով անձանց հայտնաբերելիս բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը, պետական սահմանի անցման կետերում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները, դեպքն արձանագրող այլ անձինք կամ մարմինները, սանիտարական կանոններին համապատասխան, տեղեկացնում են լիազոր մարմնին` ապահովելով այդ անձանց ժամանակավոր մեկուսացումը, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացումը.

7) հնարավոր վարակակիր, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողության սահմանում.

8) հնարավոր վարակակիր, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավորների շփումների ուսումնասիրությանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.

9) անհատական պաշտպանության միջոցների պարտադիր օգտագործում:

3. Սույն հոդվածով նախատեսված անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը, ինչպես նաև սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումների ենթակա անձը տեղեկացվում է այն ախտանիշների մասին, որոնց առկայության հիմքով կատարվում է համապատասխան միջոցառումը, իսկ հոսպիտալացման դեպքում՝ նաև այն վայրի մասին, որտեղ կատարվելու է հոսպիտալացումը: Անձի պահանջով հոսպիտալացում իրականացնողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։

5. Անձի` սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումներից (բացառությամբ իմունականխարգելման) հրաժարվելու դեպքում դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքերում ժամանակավոր մեկուսացման նկատմամբ ենթակա են կիրառման սույն օրենքի 20.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երաշխիքները:

7. Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների առաջացման և տարածման, կանխման ու վերացման նպատակով զինված ուժերի, ոստիկանության զորքերի և սահմանապահ զորքերի զորամասերում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով սահմանված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները կարող են իրականացնել պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը:

 

Հոդված 20.2. Կարանտին սահմանելը

 

1. Վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին:

2. Կարանտինը վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները տեղայնացնող, վերացնող, վարակի օջախները մեկուսացնող և վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներբերումը (ներթափանցումը) կանխող ռեժիմ է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում (հասցեներում):

3. Կարանտին սահմանելու մասին որոշումը լիազոր մարմնի առաջարկությամբ կայացնում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում կամ համաճարակի (կարանտինային) գոտին երկու կամ ավելի մարզ (ներառյալ՝ մեկ կամ ավելի մարզեր և Երևան քաղաքը) ներառելու դեպքում, այդ թվում` արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքում.

2) մարզպետը` Հայաստանի Հանրապետության համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ տվյալ վարչատարածքային միավորում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպաիրավական ձևից) գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրում.

3) Երևանի քաղաքապետը` Երևան քաղաքում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ Երևան քաղաքում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպաիրավական ձևից) գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրում։

4. Կարանտին սահմանելու մասին որոշման մեջ նշվում են նաև՝

1) կարանտին սահմանելու հիմքերը,

2) կարանտինային գոտու (համաճարակի գոտու)՝ վարակի օջախի սահմանները,

3) կարանտին սահմանելու ժամկետը,

4) անհատական պաշտպանության միջոցների օգտագործման պահանջը,

5) անհրաժեշտ կանխարգելիչ, հակահամաճարակային և սահմանափակող միջոցառումների ցանկը, սահմանափակող միջոցառումների կիրառման կարգը, դրանց կիրառման ժամկետը, կազմակերպումն ու իրականացումն ապահովելու համար պատասխանատու մարմինները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

5. Լիազոր մարմինը, գնահատելով սույն օրենքի 20.1-ին հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը, հիվանդության հարուցիչի ախտածնությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի բնական-աշխարհագրական պայմանները՝ հիվանդության արմատավորման տեսակետից, կարանտին սահմանելու և անհրաժեշտ սահմանափակող միջոցառումներ կիրառելու մասին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ համապատասխան մարզպետին կամ Երևանի քաղաքապետին։

6. Կարանտին սահմանելու մասին որոշումը կայացվում է համապատասխան առաջարկությունը լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ համապատասխան մարզպետին կամ Երևանի քաղաքապետին ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Սահմանված ժամկետում որոշում չկայացվելու դեպքում անձանց ժամանակավոր մեկուսացումը վերացվում է:

 

Հոդված 20.3. Կարանտին սահմանելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումները

 

1. Կարանտին սահմանելու դեպքում, ի թիվս 20.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված միջոցառումների, կարող են կիրառվել հետևյալ սահմանափակող միջոցառումները.

1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված՝ պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) օբսերվացիա.

5) ինքնամեկուսացում.

6) մեկուսացում:

2. Սույն հոդվածով սահմանված միջոցառումները կիրառվում են վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու, դրանց հետևանքները վերացնելու, անձանց և հանրության առողջությունը պահպանելու նպատակներով և պետք է համաչափ լինեն այդ նպատակներին: Կարանտին սահմանելու դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին։

3. Սույն հոդվածով սահմանված միջոցառումների կիրառումը չի կարող խոչընդոտել Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, դատարանների, Մարդու իրավունքների պաշտպանի, զինված ուժերի, ոստիկանության զորքերի և սահմանապահ զորքերի բնականոն գործունեությունը:

4. Արտակարգ իրավիճակ առաջացնող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանությունը, կիրառվող այլ միջոցառումների ցանկը, այդ միջոցառումների կազմակերպման և իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով:

 

Հոդված 20.4. Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմ սահմանելը

 

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ մուտքի և ելքի հատուկ ռեժիմ սահմանված լինելու դեպքում հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և բժշկական զննության իրականացման կետեր:

2. Անցակետերում և բժշկական զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անվտանգության և ռեժիմի պահպանությանը կարող են ներգրավվել նաև լիազոր մարմնի ներկայացուցիչները, Տեսչական մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը և արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:

 

Հոդված 20.5. Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները

 

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման հետևյալ սահմանափակումները.

1) տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի սահմաններում.

2) անհատական պաշտպանության միջոցների առկայություն կամ կիրառություն և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանում.

3) բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայություն.

4) անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում, մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, հանրային տրանսպորտում անհատական պաշտպանության միջոցների առկայություն կամ կիրառություն և սանիտարահամաճարակային կանոնների պահպանում, ուղևորների քանակի սահմանափակում, ինչպես նաև սույն կետով սահմանված սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողության նպատակով տրանսպորտային միջոցների զննում:

2. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում և սահմանափակումների խախտման համար պատասխանատվության միջոցները կիրառում է Ոստիկանությունը:

 

Հոդված 20.6. Օբսերվացիան

 

1. Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է որոշակի ժամանակահատվածով վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ անմիջական շփված (կոնտակտավոր)` մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող՝ հիվանդության կասկածով անձանց նկատմամբ:

2. Օբսերվացիայի շրջանակներում անձի` բժշկական հետազոտության ենթարկվելուց հրաժարվելու դեպքում այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով:

3. Եթե օբսերվացիայի արդյունքներով անձի մոտ հաստատվում է վարակիչ հիվանդության առկայությունը, ապա նրա նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում` սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, կամ հրահանգվում է ինքնամեկուսանալ` սույն օրենքի 20.7-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Օբսերվացիայի իրականացման կարգի մանրամասները սահմանվում են առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

 

Հոդված 20.7. Ինքնամեկուսացումը

 

1. Ինքնամեկուսացումը հնարավոր վարակակիր, կոնտակտավոր անձանց, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների առանձնացումն է իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում որոշակի ժամանակահատվածում այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

2. Ինքնամեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ինքնամեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին:

3. Անձի նկատմամբ ինքնամեկուսացումը կիրառվում է սույն օրենքով նախատեսված կարգով: Ինքնամեկուսացման հրահանգը տրվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության զորքերի, սահմանապահ զորքերի զինծառայողներին (աշխատակիցներին) ինքնամեկուսացման հրահանգը կարող է տրվել համապատասխանաբար պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության անունից՝ նրանց ղեկավարի լիազորած պաշտոնատար անձանց բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ինքնամեկուսացման հրահանգը կարող է կարանտին սահմանելու որոշմամբ սահմանված դեպքերում կիրառվել նաև Հայաստանի Հանրապետություն մուտքի դեպքում:

6. Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում ինքնամեկուսացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի: Ոստիկանությունը սույն մասով սահմանված գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողությունն իրականացնում են պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը:

 

Հոդված 20.8. Մեկուսացումը

 

1. Մեկուսացումը հնարավոր վարակակիր, կոնտակտավոր անձանց, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների առանձնացումն է լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայրում որոշակի ժամանակահատվածով այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

2. Մեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Մեկուսացման ենթարկված անձի պահանջով մեկուսացում կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։

3. Մեկուսացման հրահանգը տրվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի գրավոր հրահանգով:

4. Պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության զորքերի, սահմանապահ զորքերի զինծառայողներին (աշխատակիցներին) մեկուսացման հրահանգը կարող է տրվել համապատասխանաբար պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության անունից՝ նրանց ղեկավարի լիազորած պաշտոնատար անձանց գրավոր հրահանգով:

5. Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում մեկուսացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի: Ոստիկանությունը սույն մասով սահմանված գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողությունն իրականացնում են պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը:

6. Անձի նկատմամբ մեկուսացումը կիրառվում է այն դեպքում, երբ անձին հրահանգվել է ինքնամեկուսանալ, սակայն անձը հրաժարվել է, կամ երբ անձը խախտել է ինքնամեկուսացման հրահանգով նախատեսված կանոնները, ինչպես նաև սանիտարահամաճարակային անվտանգության նորմերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

7. Մեկուսացման դեպքում անձը արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի սահմանած մեկուսացման վայր, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

8. Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են սննդի, կեցության համար բավարար պայմաններ, բժշկական խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում մեկուսացված անձի համար ապահովվում է բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավորությունը:

9. Պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության զորքերի, սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) մեկուսացման դեպքում անձը պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հսկողությամբ և ուղեկցությամբ տեղափոխվում է համապատասխանաբար պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի, Ոստիկանության պետի կամ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի սահմանած մեկուսացման վայրեր:

 

Հոդված 20.9. Սահմանափակող միջոցառումների կիրառումն ապահովելու նպատակով անձանց տվյալների փոխանցումը

 

1. Սահմանափակող միջոցառումների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով սահմանափակման ենթակա անձանց՝ կարանտին սահմանելու հիմք հանդիսացող վարակիչ հիվանդության վերաբերյալ տվյալները էլեկտրոնային առողջապահության համակարգի միասնական օպերատորը փոխանցում է Տեսչական մարմին և Ոստիկանություն:

 

Հոդված 20.10. Կարանտինի գործողության ժամկետը, դրա երկարաձգումը և կարանտինի դադարումը

 

1. Կարանտինը սահմանվում է մինչև վեց ամիս ժամկետով:

2. Կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ մինչև վեց ամիս՝ պահպանելով կարանտին սահմանելու՝ սույն օրենքով սահմանված կարգը:

3. Կարանտինը դադարում է կարանտին սահմանելու մասին որոշման ժամկետը լրանալու կամ կարանտին սահմանելու մասին որոշման գործողությունը դադարեցվելու դեպքում։

 

Հոդված 20.11. Կարանտին սահմանելու դեպքում բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը

 

1. Կարանտին սահմանելու դեպքում բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում են` հիմք ընդունելով լիազոր մարմնի ղեկավարի հրամանները:

 

Հոդված 20.12. Սույն գլխով նախատեսված ակտերի և գործողությունների (անգործության) բողոքարկումը

 

1. Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն գլխով նախատեսված մարմինների կայացրած ակտերը ենթակա են անհապաղ կատարման, բացառությամբ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտման դեպքում կայացված ակտերի:

2. Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն գլխով նախատեսված մարմինների կայացրած ակտերը, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կարգով կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով: Սույն մասով նախատեսված բողոքարկումը չի կասեցնում համապատասխան ակտի կատարումը, բացառությամբ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտման դեպքում կայացված ակտերի:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. սեպտեմբերի 9

Երևան

ՀՕ-402-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան