ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Կառավարության կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը` Սահմանադրության 147-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև Կառավարության անդամների գործունեության երաշխիքները:
Հոդված 2. | Կառավարության կազմը և կառուցվածքը |
1. Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:
2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը,
11) էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը:
3. Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում:
(2-րդ հոդվածը խմբ. 08.05.19 ՀՕ-31-Ն)
ԳԼՈՒԽ 2
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 3. | Կառավարության կազմավորման կարգը և ժամկետները |
1. Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որում առաջարկվում է նշանակել նրան:
2. Վարչապետի գրավոր առաջարկությանը կից Հանրապետության նախագահին ներկայացվում են նաև՝
1) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ Կառավարության անդամի համապատասխան պաշտոնում նշանակվելու համաձայնության մասին.
2) տեղեկանք՝ թեկնածուի` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
3) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տված տեղեկանքը.
4) թեկնածուի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
5) թեկնածուի համառոտ կենսագրությունը.
6) Կառավարության անդամ նշանակելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
3. Սույն հոդվածի իմաստով` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ է համարվում ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված վկայականը, ատեստատը կամ դիպլոմը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկանքները տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացվելուց հետո Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում առաջարկված թեկնածուին Կառավարության անդամ նշանակելու վերաբերյալ կամ դիմում է Սահմանադրական դատարան:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում Կառավարության անդամին նշանակելու վերաբերյալ:
7. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով առաջարկում է նոր թեկնածու:
8. Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածի 5-6-րդ մասերում նշված գործողությունները, ապա Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրում է վարչապետը, և հրապարակվում է Կառավարության պաշտոնական կայքէջում:
9. Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը:
(3-րդ հոդվածը փոփ. 08.05.19 ՀՕ-31-Ն)
Հոդված 4. | Կառավարության անդամների լիազորությունների ստանձնումը |
1. Կառավարության անդամն իր լիազորություններն ստանձնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից: Հանրապետության նախագահի հրամանագիրը հրապարակվում է Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջում: Իրավունքի ուժով նշանակված Կառավարության անդամն իր լիազորություններն ստանձնում է սույն օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված գրավոր հայտարարության հրապարակման պահից:
2. Լիազորություններն ստանձնած Կառավարության անդամները տալիս են հետևյալ երդումը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը:»:
3. Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ Հանրապետության նախագահի նստավայրում: Իրավունքի ուժով նշանակված Կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ վարչապետի նստավայրում:
4. Կառավարության անդամի փոփոխության դեպքում Կառավարության նոր անդամը լիազորություններն ստանձնում է սույն հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 5. | Կառավարության կազմում փոփոխությունները |
1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում:
2. Վարչապետը պարտավոր է Հանրապետության նախագահին առաջարկել Կառավարության կազմում փոփոխություն, եթե Կառավարության անդամի համար առկա են սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերը:
3. Վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
4. Եթե Կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը Կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում:
5. Եթե Հանրապետության նախագահը Կառավարության նոր անդամ նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, իսկ վարչապետը եռօրյա ժամկետում չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ստորագրում Կառավարության անդամին նշանակելու վերաբերյալ կամ դիմում է Սահմանադրական դատարան:
6. Սահմանադրական դատարան դիմելու դեպքում կիրառվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 6- 8-րդ մասերը:
7. Կառավարության անդամին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրամանագրի հրապարակման պահից: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում պաշտոնից չի ազատում վարչապետի առաջարկած Կառավարության անդամին, ապա համապատասխան Կառավարության անդամի լիազորությունները դադարեցված են համարվում իրավունքի ուժով, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրում է վարչապետը, և հրապարակվում է Կառավարության պաշտոնական կայքէջում:
Հոդված 6. | Կառավարության հրաժարականը |
1. Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:
2. Վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել հետևյալ դեպքերում.
1) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
2) նա խախտել է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները:
3. Համարվում է, որ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝
1) վարչապետը մահացել է.
2) վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
3) վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
4. Եթե վարչապետն իր նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում, Հանրապետության նախագահին չի առաջարկում Կառավարության անդամների թեկնածուների առնվազն երկու երրորդին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:
5. Վարչապետի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է ընդունում Կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
ԳԼՈՒԽ 3
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. | Վարչապետը |
1. Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար:
2. Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:
3. Վարչապետը հետևում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը:
4. Վարչապետն ապահովում է Կառավարության գործունեության միասնականությունը:
5. Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով վարչապետն ընդունում է որոշումներ, ինչպես նաև տալիս է հանձնարարականներ:
5.1. Վարչապետի որոշումներն ստորագրում է վարչապետը: Վարչապետի որոշման հավելվածն ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը վարչապետի ընդունած տարբերակն է:
6. Վարչապետն իր որոշմամբ սահմանում է յուրաքանչյուր փոխվարչապետի կողմից համակարգվող՝ Կառավարության գործունեության ոլորտները:
7. Վարչապետն իրավասու է ընդլայնելու նախարարության գործունեության ոլորտները:
8. Վարչապետը նախարարի առաջարկությամբ սահմանում է փոխնախարարների թիվը, նշանակում է փոխնախարարներին, հաստատում է նախարարությունների կանոնադրությունը և սահմանում է աշխատողների քանակը:
9. Վարչապետը ձևավորում է իր աշխատակազմը, որի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետների լիազորությունների իրականացումը, այդ թվում` Կառավարության նիստերի անցկացումը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում վարչապետի աշխատակազմի հանրային ծառայության այլ պաշտոններում և ազատում այդ պաշտոններից:
10. Վարչապետի աշխատակազմը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Վարչապետի աշխատակազմն ստեղծվում և վերակազմակերպվում է վարչապետի որոշմամբ: Վարչապետի աշխատակազմը գործում է օրենքների, Կառավարության աշխատակարգի և իր կանոնադրության հիման վրա: Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ:
11. Վարչապետը Կառավարության աշխատակարգով սահմանված կարգով ապահովում է հանրությանը Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանցումը:
12. Վարչապետը սահմանում է իր բացակայության ժամանակ փոխվարչապետներից մեկի կողմից վարչապետին փոխարինելու կարգը, այդ թվում՝ վարչապետին փոխարինող փոխվարչապետի լիազորությունների ծավալը: Այդ կարգով պետք է սահմանվի նաև վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում փոխվարչապետներից մեկի կողմից վարչապետին փոխարինելու կարգը:
13. (մասն ուժը կորցրել է 08.05.19 ՀՕ-31-Ն)
14. Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշումը կայացնում է Կառավարությունը՝ Կառավարության անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով:
15. Վարչապետն իրավասու է օրենքով սահմանված դեպքերում և կարգով իր նախաձեռնությամբ վերանայելու նախարարների և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների որոշումները:
16. Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին:
17. Վարչապետի նստավայրը Երևան քաղաքում է:
(7-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.05.19 ՀՕ-31-Ն)
Հոդված 8.
Փոխվարչապետը
1. Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը:
2. Կառավարության գործունեության՝ իրեն վերապահված առանձին ոլորտների համակարգումը ներառում է փոխվարչապետի կողմից ձեռնարկվող այնպիսի գործողություններ, որոնց նպատակն այդ ոլորտներում գործող նախարարությունների գործունեության համաձայնեցումը և ներդաշնակեցումն են:
3. Փոխվարչապետին վարչապետը կարող է վերապահել իր համակարգման ոլորտում Կառավարության անդամներին, Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին կոնկրետ հարցերով հանձնարարություն տալու իրավասություն:
4. Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ կարող է իր համակարգման ոլորտի շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Կառավարության անդամներին, Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին:
4.1. Փոխվարչապետի որոշումները, ինչպես նաև դրանց հավելվածներն ստորագրում է փոխվարչապետը:
5. Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ ներկայացնում է Կառավարությունը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով ստեղծված մարմիններում՝ իրականացնելով այդ մարմինների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված գործառույթներ:
6. Փոխվարչապետի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին:
7. Փոխվարչապետն ունի գրասենյակ, որն ապահովում է փոխվարչապետի ընթացիկ գործունեության իրականացումը:
(8-րդ հոդվածը լրաց. 08.05.19 ՀՕ-31-Ն)
Հոդված 9. | Նախարարը |
1. Նախարարը՝
1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.
2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.
3) վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.
4) Կառավարության քննարկմանն է ներկայացնում օրենքների և Կառավարության որոշումների նախագծեր:
2. Նախարարի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին:
3. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում նախարարին փոխարինող փոխնախարարն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Ազգային ժողովում:
ԳԼՈՒԽ 4
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԸ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 10. | Կառավարության նիստերը |
1. Կառավարությունն իր գործունեությունն իրականացնում է կոլեգիալ, նիստերի միջոցով:
2. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը:
3. Կառավարության նիստերը, որպես կանոն, հրավիրվում են շաբաթը մեկ անգամ:
4. Կառավարության նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Կառավարության անդամների կեսից ավելին, բացառությամբ այն նիստի, որի ժամանակ քննարկվում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հարցը, որն իրավազոր է անկախ քվորումից:
5. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է Կառավարության անդամների առնվազն մեկ քառորդը:
6. Կառավարության անդամները պարտավոր են մասնակցել Կառավարության նիստերին: Նրանք Կառավարության նիստերից կարող են բացակայել վարչապետի համաձայնությամբ:
7. Կառավարության նիստերին ներկա լինելու իրավունք ունեն Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական եկամուտների, քաղաքաշինության, միջուկային անվտանգության կարգավորման, վիճակագրական, անշարժ գույքի կադաստրի կոմիտեների և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, վարչապետի մամուլի քարտուղարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, ինչպես նաև վարչապետի հրավիրած այլ անձինք:
8. Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված գաղտնի հարցերի քննարկմանը ներկա լինելու իրավունք ունեն Կառավարության անդամները: Գաղտնի հարցի քննարկմանն այլ պաշտոնատար անձինք կարող են ներկա լինել վարչապետի որոշմամբ:
9. Կառավարության նիստերում քննարկման են ներկայացվում, մասնավորապես՝
1) օրենքների նախագծեր.
2) Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծեր.
3) Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված այլ հարցեր:
10. Կառավարության նիստի օրակարգը վարչապետի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը: Մինչև օրակարգի հաստատումը Կառավարության անդամները կարող են առաջարկություններ ներկայացնել դրա վերաբերյալ:
11. Կառավարության նիստի օրակարգում ներառվելիք հարցերը, որպես կանոն, նախապես քննարկվում են նախարարական կոմիտեներում, որոնց կազմը, կառուցվածքը, գործունեության շրջանակն ու կարգը սահմանվում են Կառավարության աշխատակարգով:
12. Եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ ընդգրկելու համար առաջարկվող որևէ հարցի քննարկման անհրաժեշտություն չկա, ապա օրակարգի նախագիծը Կառավարության անդամներին ուղարկելիս նշվում է այդ մասին: Տվյալ հարցը Կառավարության նիստում քվեարկվում է առանց քննարկման և զեկուցման, եթե Կառավարության անդամներից որևէ մեկը Կառավարության նիստում դրան չի առարկում: Առարկելու դեպքում հարցը քննարկվում է ընդհանուր կարգով:
13. Կառավարության նիստի օրակարգի քննարկման ենթակա հարցերը զեկուցում են Կառավարության անդամները, իսկ վարչապետի թույլտվությամբ՝ փոխնախարարները, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
14. Կառավարության նիստն ընթանում է մինչև օրակարգի սպառումը:
15. Կառավարության նիստերը դռնբաց են, բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի։
16. Կառավարության նիստերն արձանագրում է վարչապետի աշխատակազմը: Կառավարության նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել:
17. Կառավարության նիստի օրակարգի նախագիծը, ներառյալ` օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ փաստաթղթերը (բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող փաստաթղթերի) ենթակա են հրապարակման Կառավարության նիստից առնվազն մեկ օր առաջ, ընդ որում, օրակարգում ներառված՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող հարցերի վերնագրերի փոխարեն նշվում է «գաղտնի» բառը:
18. Կառավարության անդամը, ինչպես նաև Կառավարության նիստին ներկա այլ անձն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակելու Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:
(10-րդ հոդվածը լրաց., խմբ. 08.05.19 ՀՕ-31-Ն, լրաց. 10.07.19 ՀՕ-142-Ն)
Հոդված 11. | Կառավարության որոշումները |
1. Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ որոշումները և Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Կառավարության անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Կառավարության այլ որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Նիստին մասնակցող Կառավարության անդամները պարտավոր են մասնակցել քվեարկությանը: Կառավարության անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը որոշիչ է:
2. Եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ որևէ հարցի ընդգրկման անհրաժեշտությունը չկա, ապա տվյալ հարցի վերաբերյալ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպվում է գրավոր քվեարկություն: Կառավարության որոշումն ընդունվում է Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ: Կառավարության անդամները կարող են քվեարկել կամ կողմ, կամ դեմ, կամ ներկայացնել առաջարկություն հարցի քննարկումը Կառավարության նիստում իրականացնելու վերաբերյալ: Վարչապետին նման առաջարկություն ներկայացվելու դեպքում սույն մասում նշված Կառավարության որոշումը համարվում է չընդունված, և հարցը քննարկվում է Կառավարության նիստում՝ ընդհանուր կարգով:
3. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում Կառավարության բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Կառավարության անդամները կարող են քվեարկել կողմ կամ դեմ:
4. Վարչապետին փոխարինող փոխվարչապետի ձայնը քվեարկության ժամանակ հաշվարկվում է միայն որպես վարչապետի ձայն:
5. Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը: Կառավարության որոշման հավելվածն ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը Կառավարության նիստում ընդունված տարբերակն է:
6. Կառավարության որոշումների նախագծեր կարող են ներկայացնել Կառավարության անդամները:
7. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները Կառավարության որոշումների նախագծեր կարող են առաջարկել վարչապետին, իսկ այլ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ Կառավարության համապատասխան անդամին:
(11-րդ հոդվածը լրաց. 08.05.19 ՀՕ-31-Ն)
Հոդված 12. | Կառավարության աշխատակարգը |
1. Կառավարությունը գործում է սույն օրենքի և վարչապետի ներկայացմամբ` Կառավարության հաստատած աշխատակարգի համաձայն:
2. Կառավարության աշխատակարգով սահմանվում են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:
Հոդված 13. | Հանրապետության նախագահին իրազեկելը |
1. Կառավարությունը պարբերաբար իրազեկում է Հանրապետության նախագահին Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման, իսկ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ՝ առանձին հարցերի վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 5
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 14. | Կառավարության անդամի պաշտոնի անհամատեղելիությունը |
1. Սահմանադրության 148-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարության անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքը չպետք է խոչընդոտի Կառավարության անդամի լիազորությունների իրականացմանը։
2. Կառավարության անդամի լիազորություններն ստանձնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Կառավարության անդամը պարտավոր է`
1) դադարեցնել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.
2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.
3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
3. Կառավարության բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով Կառավարության անդամը վարչապետին տեղյակ է պահում համատեղությամբ կատարվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի մասին:
Հոդված 15. | Կառավարության անդամի պաշտոնեական գործունեությունը |
1. Կառավարության անդամի հիմնական աշխատանքային ժամանակը ներառում է Կառավարության, նախարարական կոմիտեների նիստերի անցկացման, ինչպես նաև Կառավարության անդամի այլ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը:
2. Կառավարության անդամի հիմնական աշխատանքային ժամանակը նորմավորված չէ:
3. Կառավարության անդամի վարձատրության չափը սահմանվում է օրենքով:
4. Կառավարության անդամի լիազորությունների ժամկետը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ: Կառավարության անդամի ընդհանուր ստաժը չի ընդմիջվում, եթե նա իր լիազորությունների ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում, անցնում է այլ աշխատանքի:
5. Կառավարության անդամին իր լիազորությունների ժամկետով տրամադրվում են վկայական և դիվանագիտական անձնագիր:
Հոդված 16. | Կառավարության անդամի ազատումը զորահավաքներից և վարժական հավաքներից |
1. Կառավարության անդամն իր լիազորությունների ժամկետում ազատվում է զորահավաքներից և վարժական հավաքներից:
Հոդված 17. | Կառավարության անդամի բնակարանային պայմանների ապահովումը |
1. Կառավարության սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված Կառավարության անդամի դիմումի հիման վրա տրամադրվում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փոխհատուցման տրամադրման կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 18. | Կառավարության անդամի արձակուրդը |
1. Կառավարության անդամն ունի ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ:
2. Հիմնական արձակուրդային վճարից բացի, Կառավարության անդամին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով:
3. Վարչապետի համաձայնությամբ Կառավարության անդամին մեկ աշխատանքային տարվա ընթացքում կարող է տրամադրվել մինչև 15 օր տևողությամբ չվճարվող արձակուրդ:
4. Կառավարության անդամներին արձակուրդ տրամադրվում է վարչապետի որոշմամբ:
Հոդված 19. | Եզրափակիչ դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-79-Ն օրենքը:
Հոդված 20. | Անցումային դրույթներ |
1. Կառավարության աշխատակարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
2. Վարչապետին փոխարինելու կարգը վարչապետի կողմից սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
3. Վարչապետի աշխատակազմը Կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած, ինչպես նաև միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումն ապահովելու մասով:
4. Մինչև Կառավարության աշխատակազմի պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը Կառավարության աշխատակազմի բյուջետային գլխավոր կարգադրիչի լիազորությունները վերապահվում են վարչապետի աշխատակազմին:
5. Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը գործում է մինչև վարչապետի աշխատակազմի ստեղծումը: Վարչապետի աշխատակազմը միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության իրավահաջորդն է միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումն ապահովելու մասով:
Հավելված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում և իրականացնում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության, բնակչության զբաղվածության և ժամանակավոր անաշխատունակության դեպքում սոցիալական ապահովության, պետական կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման, ժողովրդագրական պետական քաղաքականության, ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
2. Առողջապահության նախարարությունը մշակում և իրականացնում է առողջապահության, բժշկական օգնության որակի և արդյունավետության բարձրացման, առողջապահական համակարգի արդյունավետ գործունեության նպատակով առողջապահական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության ապահովման, առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության, կազմակերպման, կառավարման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների ներդրման, կայուն ֆինանսավորման ապահովման, մարդու և հանրության առողջության պահպանման, բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման, հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցման, աշխատողների առողջության և անվտանգության պահպանման, առողջապահության ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման ապահովման, մոր և մանկան առողջության պահպանման, արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովման, հանրապետությունում արտադրվող և ներմուծվող դեղերի անվտանգության, որակի և արդյունավետության ապահովման, հանրային առողջության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, լիցենզավորման և դեղերի պետական գրանցման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
3. Արդարադատության նախարարությունը մշակում և իրականացնում է արդարադատության, այդ թվում՝ հարկադիր կատարման, քրեակատարողական, պրոբացիայի, սնանկության, փաստաբանության, հաշտարարության, նոտարական գործունեության, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառման, անհատ ձեռնարկատերերի հաշվառման, զանգվածային լրատվության միջոցների հաշվառման, անձնական տվյալների պաշտպանության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման, իրավական փորձաքննության, միջազգային իրավական փոխօգնության, հակակոռուպցիոն և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
(3-րդ կետը փոփ. 10.07.19 ՀՕ-142-Ն)
4. Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակում և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, ինչպես նաև բնածին և մարդածին աղետների ռիսկերի, հետևանքների նվազեցման և վերացման, իրականացման համակարգման, փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և առաջնային, անհետաձգելի, վթարավերականգնողական աշխատանքների համակարգման, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության տարահանման գործընթացների պետական կարգավորման ու դրա իրականացման աշխատանքների համակարգման, նշված ոլորտների խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման, նշված ոլորտներում կառավարման իրականացման և համակարգման, հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգման, նյութական պահուստի պաշարների պահպանման ու սպասարկման, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրման, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման, տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման, հաշվառման, ինչպես նաև լիցենզավորման ծառայությունների մատուցման ապահովման, արտակարգ իրավիճակների, աղետների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բուժօգնության ցուցաբերման և բուժտարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպչական և ռազմավարական հիմունքների մշակման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման մասնակցության (խաղաղ ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ուղղությամբ քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների ստեղծումը, զարգացումը, դրանց ծավալման և կիրառման պլանավորումը և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում այդ ուժերի փոխադրումն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի) ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
(4-րդ կետը փոփ. 10.07.19 ՀՕ-123-Ն, 04.03.20 ՀՕ-132-Ն)
5. Արտաքին գործերի նախարարությունը մշակում և իրականացնում է արտաքին գործերի, դիվանագիտական ծառայության, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացման, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, Հայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացման, համաշխարհային քաղաքական և տնտեսական իրադրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացման, համաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացման, Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովման, պետական մարմիններին իրենց գործունեության համար արտաքին քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
6. Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների բանական օգտագործման, մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված, ներառյալ` հարմարվողականության, ինչպես նաև բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, վերականգնման և վերարտադրության, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման, շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման, շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) մասին տվյալների միասնական հանրապետական ֆոնդերի, կադաստրների ու ռեգիստրների վարման ապահովման, շրջակա միջավայրի ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների տրամադրման, հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման, էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
(6-րդ կետը փոփ. 08.05.19 ՀՕ-31-Ն, լրաց. 10.07.19 ՀՕ-123-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 08.05.19 ՀՕ-31-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 08.05.19 ՀՕ-31-Ն)
9. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում և իրականացնում է կրթության, գիտության և լեզվի, հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդման, ազգային և համամարդկային արժեքների պահպանման և զարգացման, գիտական և գիտատեխնիկական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգի բնականոն գործունեության ապահովման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգերի որակի և արդյունավետության մոնիտորինգի և գնահատման, մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի բնագավառում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերի, բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական դաստիարակության համակարգի ստեղծման, մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության, սպորտի բնագավառում գիտամեթոդական ու վերլուծական աշխատանքների իրականացման, ծրագրերի համադասման ապահովման, երիտասարդության ներուժի իրացման և զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակման և կիրառման, երիտասարդների մասնակցային գործընթացների խթանման, հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված Կառավարության քաղաքականությունը:
(9-րդ կետը փոփ., լրաց. 08.05.19 ՀՕ-31-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 08.05.19 ՀՕ-31-Ն)
11. Պաշտպանության նախարարությունն Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում մշակում և իրականացնում է պաշտպանության, Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանի անձեռնմխելիության ու անվտանգության պաշտպանության ապահովման, օրենքով սահմանված կարգով ռազմաքաղաքական իրադրության, տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի Հանրապետության ռազմավարական և ռազմական շահերին առնչվող հիմնախնդիրների ու գործընթացների, ռազմական սպառնալիքների և վտանգների, պաշտպանվածության աստիճանի ուսումնասիրման, գնահատման ու անհրաժեշտ միջոցառումների իրականացման ապահովման, միջազգային ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական հարաբերությունների իրականացման ու հավաքական պաշտպանության մեխանիզմների զարգացման, զինված ուժերի միջազգային ներգրավման, զինված ուժերի համակողմանի ապահովման, զինվորական անձնակազմի պատրաստության, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության ապահովման, Հայաստանի Հանրապետության և նրա պաշտպանական համակարգի դեմ ուղղված տեղեկատվական քարոզչության կանխարգելման ու հակաքարոզչական միջոցառումների իրականացման ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
(11-րդ կետը փոփ. 08.05.19 ՀՕ-31-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 08.05.19 ՀՕ-31-Ն)
13. (կետն ուժը կորցրել է 08.05.19 ՀՕ-31-Ն)
14. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակում և իրականացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, Երևանում տարածքային կառավարման իրականացման ապահովման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման միասնական տեղեկատվական համակարգի կազմակերպման, դրա ընդհանրական շահագործմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովման, մարզերի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված նորարարական և ներդրումային ծրագրերի մշակման, վարչատարածքային արդյունավետ բաժանման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովման, համայնքային ծառայության համակարգի զարգացման ապահովման, տրանսպորտի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորման, էներգետիկայի, ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության, միջուկային էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի և էներգասպառման ոլորտում անվտանգության ապահովման, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության, էներգախնայողության և էներգաարդյունավետության զարգացմանը և ընդերքի ողջամիտ ու համալիր օգտագործմանը նպաստելուն ուղղված, երկրաբանական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման, պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման, ջրային համակարգերի կառավարման, պետական գույքի կառավարման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
(14-րդ կետը փոփ., լրաց. 08.05.19 ՀՕ-31-Ն)
15. Էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առևտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության ապահովման և արտահանման զարգացման, ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պաշտպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման և գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
(15-րդ կետը խմբ. 08.05.19 ՀՕ-31-Ն)
16. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, Հեռահաղորդակցության միջազգային միությունում և Համաշխարհային փոստային միությունում, ոլորտային այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության, ռազմական դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից յուրաքանչյուրի շահագործման և կառավարման, ինչպես նաև տեղեկատվական և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովման, ռազմարդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, ռազմարդյունաբերական միջազգային համագործակցության իրականացման և զարգացման, ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ օգտագործման և կառավարման, նորարարության ձևավորման խթանման, ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
(16-րդ կետը փոփ., լրաց. 08.05.19 ՀՕ-31-Ն)
17. Ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է հարկաբյուջետային՝ պետության եկամուտների ձևավորման և ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, այդ թվում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման, ներքին ֆինանսական հսկողության (ներառյալ` ներքին աուդիտի), գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման, ֆինանսաբյուջետային վերահսկողության, պետական պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, խաղային գործի, ինչպես նաև ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման, համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 08.05.19 ՀՕ-31-Ն, փոփ., լրաց. 10.07.19 ՀՕ-123-Ն, փոփ. 10.07.19 ՀՕ-142-Ն, 04.03.20 ՀՕ-132-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-253-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|