Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-247
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.12.03/37(169) Հոդ.907
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.10.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.11.2001
Дата вступления в силу
03.12.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 Գ Լ ՈՒ Խ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքը սահմանում է համայնքային կառավարչական հիմնարկների (այսուհետ` հիմնարկ) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և գործունեության կարգը:

(1-ին հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 2. ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հիմնարկի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից: Սույն օրենքի դրույթները գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության և այլ օրենքներին:

(2-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 3. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:

2. Հիմնարկն իր իրավասության սահմաններում, համայնքի անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3. Հիմնարկն ունի անվանում, որը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաև համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմ բառերը:

4. Հիմնարկի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

5. Հիմնարկն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք: Հիմնարկը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

7. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

(3-րդ հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-171-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-173-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն) 

 

Հոդված 4. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԸ

 

1. Հիմնարկի գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Հիմնարկին գույքը հանձնվում է իրավական ակտին համապատասխան, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հիմնադիրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել իր կողմից հիմնարկին հանձնված գույքը:

Հիմնադրի որոշմամբ հիմնարկին կարող է վերապահվել նաև բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

2. Հիմնարկն իրավունք ունի սույն օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը:

3. Հիմնադրի կողմից հիմնարկին հանձնված գույքը ենթակա է հաշվառման` կառավարության սահմանած կարգով:

(4-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 5. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հիմնարկն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին վերապահված լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:

2. Հիմնարկը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Հիմնարկի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն տեղական տուրք կամ տեղական վճար` օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հիմնարկի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական կամ համայնքի բյուջեի միջոցներից: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:

4. Հիմնարկի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

(5-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.03.12 ՀՕ-144-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 6. ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է համայնքը:

(6-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

Հոդված 7. ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

1. Հիմնարկի հիմնադիրը համայնքն է:

2. Հիմնարկն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ: Հիմնարկի ստեղծման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են հիմնարկի անվանումը, նրա գործունեության նպատակները և խնդիրները, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կամ օրենքին չհակասող այլ դրույթներ: (նախադասությունն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

3. Հիմնարկը օրենքով սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

4. Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը:

Հիմնարկն ստեղծված է համարվում նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

(7-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-158-Ն, 26.05.08 ՀՕ-61-Ն, լրաց. 07.12.10 ՀՕ-202-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.05.14 ՀՕ-42-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-173-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 8. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հիմնարկը գործում է օրենքների, իրավական այլ ակտերի և հիմնադրի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:

2. Հիմնարկի կանոնադրությունը ներառում է`

ա) հիմնարկի անվանումը.

բ) հիմնարկի գտնվելու վայրը.

գ) հիմնարկի գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները.

դ) հիմնարկի կառուցվածքը.

ե) հիմնարկի կառավարման մարմինների կազմը և լիազորությունները.

զ) հիմնարկին ամրացված գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը.

է) հիմնարկի վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման կարգը:

Հիմնարկի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև օրենքին չհակասող այլ դրույթներ:

3. Հիմնարկի կանոնադրությունում փոփոխությունները հաստատում է հիմնադիրը:

 

Հոդված 9. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Հիմնարկի կառուցվածքը հաստատում է նրա հիմնադիրը:

Հիմնարկը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:

2. Հիմնարկը կարող է ունենալ նաև նրա գտնվելու վայրից դուրս առանձնացված ստորաբաժանումներ:

3. Հիմնարկից առանձնացված ստորաբաժանումն ստեղծված է համարվում դրա հիմնադրման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ կանոնադրություն, որը հաստատվում է օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

4. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է հիմնարկի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս համայնքի անունից: Միայն օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի համայնքի անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

 5. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները նշանակվում և ազատվում են օրենքով կամ հիմնարկի կանոնադրությամբ սահմանված կարգով և գործում են օրենսդրության, հիմնարկի և առանձնացված ստորաբաժանման կանոնադրության հիման վրա:

6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

(9-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 10. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

1. Հիմնարկի կառավարումն իրականացնում է հիմնադիրը:

Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

(10-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, 07.04.16 ՀՕ-38-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 11. ՀԻՄՆԱՐԿԻ ՀԻՄՆԱԴԻՐը

 

1. Հիմնադիրը`

ա) ստեղծում է, ինչպես նաև վերակազմակերպում և դադարեցնում է հիմնարկի գործունեությունը.

բ) հաստատում է հիմնարկի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.

գ) որոշում է հիմնարկին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) սահմանում է հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունները.

ե) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

զ) հաստատում է հիմնարկի կառուցվածքը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.

է) իրականացնում է հիմնարկի գործունեության ընթացիկ գործունեության վերահսկողությունը.

ը) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

թ) լսում է հիմնարկի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) վերահսկողություն է իրականացնում հիմնարկին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական կամ համայնքային սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) օրենքով սահմանված կարգով որոշում է հիմնարկին ամրացված գույքի օգտագործման, տնօրինման և տիրապետման կարգը.

ժբ) հաստատում է հիմնարկի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ժգ) հաստատում է հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները.

ժդ) իրականացնում է օրենքով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

(11-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-173-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 12. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 13. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարԸ

(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

1. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի և համայնքի ղեկավարի որոշումներով, հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, ղեկավարում է հիմնարկի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի և համայնքի ղեկավարի որոշումների, հիմնարկի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(պարբերությունն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

2. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: 

3. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար: Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաև նրա` համայնքին կամ պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով համայնքին կամ պետությանը պատճառված վնասը հատուցում է սույն կետի պահանջը խախտած անձը:

4. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը պարտավոր է չկատարել հիմնադրի, համայնքի ղեկավարի` օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները ու հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

5. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով:

(13-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 14. ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ քարտուղարի ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

3. համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

(14-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-173-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 15. ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ և ԱԶԱՏՈՒՄԸ

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

 

Հոդված 16. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, հիմնադրի լիազորած և օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

Հոդված 17. ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Հիմնարկը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքի, իրավական այլ ակտի կամ հիմնադրի որոշման (այսուհետ` որոշում) հիման վրա:

(պարբերությունն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

2. Հիմնարկը վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից: Բացի առանձնացման դեպքերից, վերակազմակերպված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցնում են նախկին հիմնարկների կանոնադրությունները:

3. Հիմնարկի միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` միաձուլման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Հիմնարկի` այլ հիմնարկին միանալու դեպքում միացած հիմնարկի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` միացման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

5. Հիմնարկի բաժանման դեպքում դրա իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` բաժանման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

6. Հիմնարկի կազմից մեկ կամ մի քանի հիմնարկ առանձնանալու դեպքում վերակազմակերպված հիմնարկի իրավունքները և պարտականությունները դրանցից յուրաքանչյուրին են անցնում` առանձնացման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

7. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն)

(17-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 18. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

1. Հիմնարկի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:

2. Հիմնարկի գործունեությունը դադարելու դեպքում դրան ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է հիմնարկի գործունեությունը դադարելու վերաբերյալ որոշմամբ:

(18-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-48-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 19. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
19 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-247

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան