Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-29-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.02.2020-23.05.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.21/6(378) Հոդ.102
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.01.2005
Дата вступления в силу
22.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին


ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն իրականացնելու և փաստաբանների մասնագիտական միավորում կազմակերպելու հիմունքները և այդ գործունեության իրականացման կարգը։

Հոդված 2.

Փաստաբանության մասին օրենսդրությունը

Փաստաբանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից։

Սույն օրենքով սահմանված կարգը միասնական է և պարտադիր բոլոր փաստաբանների համար։

Հոդված 3.

Փաստաբանությունը և պետությունը


Փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ։

Փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա։

Հոդված 4.

Սույն օրենքում կիրառվող հասկացությունների օգտագործման սահմանափակումը


1. Կազմակերպություններին արգելվում է իրենց անվանման մեջ «փաստաբան» բառի, դրա բոլոր հոլովաձևերի կամ այդ բառը ներառող բառակապակցությունների, ինչպես նաև «փաստաբան» բառի օտարալեզու իմաստային թարգմանությունների օգտագործումը, բացառությամբ փաստաբանների պալատի, փաստաբանական դպրոցի և փաստաբանական գործունեություն իրականացնելու նպատակով փաստաբանի կողմից ստեղծվող կազմակերպությունների:

(4-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 5.

Փաստաբանական գործունեությունը


1. Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

2. Փաստաբանը կարող է իրականացնել հետևյալ գործունեությունը՝

1) խորհրդատվություն, ներառյալ՝ վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը (այսուհետ` խորհրդատվություն).

2) ներկայացուցչություն, ներառյալ՝ ներկայացուցչությունը դատարանում (այսուհետ` դատական ներկայացուցչություն).

3) քրեական գործերով պաշտպանություն.

4) օրենքով նախատեսված դեպքում և կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը:

3. Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ՝

1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաև ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.

 2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի:

4. Սույն հոդվածով նախատեսված քրեական գործերով պաշտպանությունը կարող է իրականացնել միայն փաստաբանը:

5. Փաստաբանական գործունեություն չի համարվում փաստաբանի կողմից աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուին իրավաբանական օգնություն ցույց տալը, բացառությամբ փաստաբանի մոտ աշխատող փաստաբանի կողմից իրականացվող գործունեության:

6. Քաղաքացիական դատավարությունում փաստաբան չհանդիսացող անձանց կողմից դատական ներկայացուցչություն իրականացնելու դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

(5-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, լրաց. 09.02.18 ՀՕ-116-Ն)

 

Հոդված 6.

Փաստաբանական գործունեության վճարովիությունը


1. Փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց:

2. Փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի և վստահորդի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով (այսուհետ` պայմանագիր):

3. Փաստաբանի համաձայնությամբ իրավաբանական օգնությունը կարող է ցույց տրվել անհատույց:

4. Պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված անձանց` նույն հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով:

5. Դատարանների կողմից դատական ծախսերի (վնասների) հատուցման հետ կապված փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը որոշելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակ: Նշված գնացուցակը չի կարող օգտագործվել այլ նպատակով:

(6-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2 


ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7.

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը

1. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ` փաստաբանների պալատ) սույն օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Փաստաբանների պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:

2. Փաստաբանների պալատի խնդիրներն են`

1) պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.

2) կազմակերպել փաստաբանների արտոնագրման գործընթացը.

3) կազմակերպել փաստաբանի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը և փաստաբանների վերապատրաստումը.

4) վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից սույն օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանման, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.

5) միջոցներ ձեռնարկել փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ.

6) սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես ապահովել մատչելի և արդյունավետ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացումը.

7) նպաստել հանրային իրավագիտակցության և իրավական մշակույթի բարձրացմանը:

3. Փաստաբանների պալատը կարող է համագործակցել այլ երկրների փաստաբանական կառույցների, միջազգային և այլ կազմակերպությունների հետ:

4. Փաստաբանների պալատը կարող է անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայելու է սույն հոդվածով նախատեսված խնդիրների իրականացմանը: Փաստաբանների պալատն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:

(7-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-121-Ն)

Հոդված 8.

Փաստաբանների պալատի մարմինները

 

Փաստաբանների պալատի մարմիններն են`

1) փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը.

2) փաստաբանների պալատի խորհուրդը.

3) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

4) փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը:

Փաստաբանների պալատի մարմինների անդամներն այդ մարմիններում աշխատում են առանց վարձատրության, բացառությամբ փաստաբանների պալատի նախագահի, ինչպես նաև փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

Փաստաբանների պալատի մարմինների անդամներն այդ մարմիններում աշխատանքը կարող են համատեղել փաստաբանական գործունեության հետ։

Փաստաբանների պալատի անդամը կարող է ընտրվել փաստաբանների պալատի մեկ մարմնում:

Փաստաբանների պալատի մարմինների լիազորությունները, կազմավորման կարգը, գործունեության կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ։

Փաստաբանների պալատի նախագահի և այլ մարմինների լիազորություններն ավարտվում են միայն հաջորդ կազմի կամ նախագահի ընտրվելուց հետո` լիազորություններն ստանձնելու պահից:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 9.

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը

 

1. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը փաստաբանների պալատի բարձրագույն մարմինն է, որը`

1) հաստատում է փաստաբանների պալատի կանոնադրությունը և փաստաբանի վարքագծի կանոնագիրքը.

2) ընտրում և հետ է կանչում փաստաբանների պալատի նախագահին, խորհրդի անդամներին և սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձանց.

3) լուծում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

2. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը որոշումներն ընդունում է`

1) ընդհանուր ժողովի գումարմամբ կամ

2) առանց ընդհանուր ժողովի գումարման (այսուհետ` հեռակա կարգով):

3. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը կազմված է փաստաբանների պալատի անդամ բոլոր փաստաբաններից:

4. Ընդհանուր ժողովի գումարման, ինչպես նաև հեռակա կարգով (ներառյալ` ընտրությունների) ժողովի կազմակերպման և անցկացման կարգը (ներառյալ` փաստաբանների պալատի նախագահի, խորհրդի անդամների և սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձանց թեկնածուների առաջադրման, նախընտրական քարոզչության կարգը և ժամկետները) սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ:

5. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (գումարմամբ կամ հեռակա կարգով) հրավիրվում է փաստաբանների պալատի նախագահի կամ փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ: Փաստաբանների պալատի անդամների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջով փաստաբանների պալատի նախագահը պարտավոր է հրավիրել ընդհանուր ժողով` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

6. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե`

1) գումարվող ժողովին ներկա է փաստաբանների պալատի քվեարկության իրավունք ունեցող անդամների մեկ երրորդից ավելին, կամ

2) հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին մասնակցում է փաստաբանների պալատի քվեարկության իրավունք ունեցող անդամների մեկ երրորդից ավելին:

7. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

8. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի իրավասությունը չի կարող փոխանցվել այլ մարմինների:

9. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հրապարակվելու պահից, եթե փաստաբանների պալատի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

10. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումը կարող է դատական կարգով վիճարկել շահագրգիռ փաստաբանը այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

(9-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

 

Հոդված 9.1. Փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովը և քվեարկության արդյունքների ամփոփումը

 

1. Փաստաբանների պալատի նախագահի, փաստաբանների պալատի խորհրդի անդամների և սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձանց թեկնածուներին գրանցելու, ինչպես նաև փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվեարկությունները կազմակերպելու և քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կազմավորում է փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողով (այսուհետ` հաշվիչ հանձնաժողով)` փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

2. Հաշվիչ հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետը և քանակական կազմը սահմանվում են փաստաբանների պալատի կանոնադրությամբ:

3. Փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանվում են թեկնածուների վստահված անձանց և դիտորդների իրավունքներն ու դրանց իրականացման կարգը:

4. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվեարկության անցկացման ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով ամփոփում է քվեարկության արդյունքները:

5. Քվեարկության արդյունքները հրապարակում է հաշվիչ հանձնաժողովի նախագահը կամ հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ այլ անդամը ոչ ուշ, քան արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն կազմելու հաջորդ օրը:

6. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումը համարվում է ընդունված քվեարկության արդյունքների հրապարակման պահից:

(9.1-ին հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 10.

Փաստաբանների պալատի խորհուրդը

1. Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է:

2. Փաստաբանների պալատի խորհրդի անդամների քանակը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել տասներկու անդամից` չհաշված խորհրդի նախագահին:

3. Փաստաբանների պալատի խորհրդի անդամները (բացառությամբ խորհրդի նախագահի) վարկանիշային կարգով ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից չորս տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Փաստաբանների պալատի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է փաստաբանների պալատի խորհրդի անդամների վերջին ընտրության տվյալներով վարկանիշային հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած, սակայն չընտրված փաստաբանը՝ նախորդ անդամի սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով:

5. Փաստաբանների պալատի խորհուրդը`

1) նշանակում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին.

2) մշակում և փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում նոր խմբագրությամբ կանոնադրությունը, կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները.

3) մշակում և փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում փաստաբանի վարքագծի կանոնագիրքը.

4) կազմավորում է հաշվիչ հանձնաժողովը.

5) կազմավորում է որակավորման հանձնաժողովը.

6) իրավասու պետական մարմիններ առաջարկություններ է ներկայացնում օրենքների և իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիք է տալիս նախագիծ մշակող մարմիններին.

7) հաստատում է փաստաբանների պալատի տարեկան բյուջեն` փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ.

8) կազմում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում անվճար իրավաբանական օգնության տրամադրման փոխհատուցման ֆինանսական հայտերը.

9) որոշում է ընդունում փաստաբանի հավակնորդներին (այսուհետ` հավակնորդ) փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու վերաբերյալ` սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված կարգով.

10) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին.

11) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելու մասին.

12) սահմանում է փաստաբանի անդամավճարի և հավակնորդի մուտքի ու այլ վճարների, ինչպես նաև փաստաբանների վերապատրաստման համար անհրաժեշտ վճարների չափերը, ինչպես նաև դրանք վճարելու կարգը.

13) հաստատում է փաստաբանների պալատի աշխատակազմի հաստիքացուցակը.

14) լուծում է փաստաբանին պատասխանատվության ենթարկելու և կարգապահական տույժ նշանակելու հարցը.

15) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

6. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը հրավիրում է փաստաբանների պալատի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, սակայն տարեկան չորս անգամից ոչ պակաս: Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև պալատի խորհրդի անդամների մեկ երրորդի կամ փաստաբանների պալատի երեսուն անդամների նախաձեռնությամբ: Կարգապահական գործ քննելու նպատակով փաստաբանների պալատի խորհրդի նիստի գումարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 39.6-րդ հոդվածով:

7. Փաստաբանների պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է անդամների առնվազն կեսը: Փաստաբանների պալատի խորհրդի նիստն անցկացվում է խորհրդի անդամների ներկա լինելու միջոցով:

Փաստաբանների պալատի խորհրդի նիստերին փաստաբանների պալատի խորհրդի անդամը քվեարկում և իր այլ լիազորություններն իրականացնում է անձամբ:

8. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ձայների մեծամասնությամբ նախատեսված չէ փաստաբանների պալատի կանոնադրությունով:

(10-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)
 

Հոդված 11.

Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը

(հոդվածն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 12.

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը


Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է որակավորման քննությունները կազմակերպելու և դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված ժամկետով` ութ անդամի կազմով, ներկայացուցչության հետևյալ համամասնությամբ՝

1) փաստաբանների պալատի նախագահը, որն ի պաշտոնե որակավորման հանձնաժողովի նախագահն է, և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրված չորս անդամ.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.

3) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայից մեկ գիտնական իրավաբան՝ այդ հաստատության ղեկավարի ներկայացմամբ.

4) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանից (այսուհետ` վճռաբեկ դատարան) մեկ դատավոր` վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ։

(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նիստերը հրավիրում է որակավորման հանձնաժողովի նախագահը։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն կեսը։

(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

(12-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 13.

Փաստաբանների պալատի նախագահը


Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է:

Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին:

Եթե քվեարկվել է երկու կամ ավելի թեկնածու, և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հավասար ձայների դեպքում երկրորդ փուլին երկրորդ թեկնածուի մասնակցությունը որոշվում է վիճակահանությամբ:

Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ ձայների հավասար լինելու դեպքում անցկացվում է վիճակահանություն:

Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

Եթե փաստաբանների պալատի նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է նոր ընտրություն:

Փաստաբանների պալատի նախագահը՝

1) ներկայացնում է փաստաբանների պալատը.

2) գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագրեր.

3) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.

4) բանկում բացում է փաստաբանների պալատի հաշվարկային և ոչ հաշվարկային հաշիվներ.

5) ընդունում է որոշումներ փաստաբանների պալատի բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցերի վերաբերյալ.

6) նշանակում և ազատում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողներին.

7) սահմանում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը.

8) ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում.

9) փաստաբանի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ.

10) դադարեցնում է մահացած փաստաբանի արտոնագրի գործողությունը և հանում է փաստաբանների ցուցակից.

11) տրամադրում է փաստաբանի և փաստաբանի օգնականի վկայականներ.

12) վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ.

13) հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը)` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.

14) փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է փաստաբանների պալատի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

15) իրականացնում է օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև փաստաբանների պալատի մյուս մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:

Փաստաբանների պալատի նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար կարող է նշանակել տեղակալներ` փաստաբանների կազմից: Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը փոխարինում է փաստաբանների պալատի նախագահին նրա բացակայության ժամանակ:

Փաստաբանների պալատի նախագահն ի պաշտոնե փաստաբանների պալատի խորհրդի նախագահն է։

Փաստաբանների պալատի նախագահի աշխատանքի համատեղումը փաստաբանական գործունեության հետ չպետք է խոչընդոտի փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների իրականացմանը։

(13-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

 

Հոդված 131.

Վարկանիշային կարգով գաղտնի քվեարկության անցկացման կարգը

 

Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որևէ նշում չի կատարում:

Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել «կողմ» ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն

(131-ին հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-141-Ն)

Հոդված 14.

Փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը


Փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է փաստաբանների պալատի խորհրդի կողմից ընտրված անկախ աուդիտը ոչ ուշ, քան երկու տարին մեկ:

Հոդված 15.

Փաստաբանների պալատի գույքը


Փաստաբանների պալատի գույքը ձևավորվում է փաստաբանների անդամավճարներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներից։

Հոդված 16.

Փաստաբանների հասարակական միավորումները


Փաստաբաններն իրավունք ունեն ստեղծելու փաստաբանների հասարակական միավորումներ կամ լինելու փաստաբանների հասարակական միավորումների անդամ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

Փաստաբանների հասարակական միավորումներն իրավունք չունեն իրականացնելու փաստաբանների պալատի կամ դրա մարմինների` սույն օրենքով նախատեսված լիազորությունները, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորությունների։

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՓԱՍՏԱԲԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17.

Փաստաբանը

1. Փաստաբան է այն անձը, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում և ստացել է համապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:

(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

Իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ փաստաբանը`

1) խորհրդատվություն է տրամադրում իրավական հարցերով ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր.

2) կազմում է դիմումներ, բողոքներ, գանգատներ, միջնորդություններ և իրավական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց նախագծեր.

3) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է քաղաքացիական և վարչական դատավարությանը, մասնակցում է գործի քննությանը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում.

4) որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցում է քրեական դատավարությանը և վարչական իրավախախտումների գործերով վարույթին.

5) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է գործերի քննությանը արբիտրաժային տրիբունալում կամ վեճեր լուծող այլ մարմիններում.

6) ներկայացնում է վստահորդի շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում և այլ կազմակերպություններում, օտարերկրյա պետությունների պետական իշխանության մարմիններում, դատարաններում, հետաքննության կամ նախաքննության մարմիններում, միջազգային դատական մարմիններում, օտարերկրյա պետությունների ոչ կառավարական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ երկրի օրենսդրությամբ, միջազգային դատական մարմինների և այլ միջազգային կազմակերպությունների կանոնադրային փաստաթղթերով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Փաստաբանն իրավունք ունի ցույց տալու օրենքով չարգելված իրավաբանական այլ օգնություն։ (նախադասությունը հանվել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

Փաստաբանը փաստաբանների պալատի սահմանած չափով և կարգով մուծում է անդամավճար` փաստաբանների պալատի ընդհանուր պահանջների և փաստաբանական գործունեության իրականացման հետ կապված այլ ծախսերի համար։

(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

(17-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-63-Ն, խմբ., լրաց., փոփ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

 

Հոդված 17.1. Այլ պետության փաստաբանը

 

1. Այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեությունն իրականացնում է սույն օրենքով, փաստաբանների պալատի կանոնադրությամբ և փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում գործում է իր պետության համապատասխան փաստաբանական կառույցի տված արտոնագրի հիման վրա և պետք է փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հավատարմագրվի փաստաբանների պալատում: Հավատարմագիր տալու և հավատարմագրի գործողությունը դադարեցնելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Հավատարմագրի գործողությունը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է դադարեցնել այլ պետության փաստաբանի կողմից սույն օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտման դեպքում: Հավատարմագրման համար այլ պետության փաստաբանից գանձվում են փաստաբանների պալատի խորհրդի սահմանած չափով վճարներ:

(17.1-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-339-Ն)

 

Հոդված 18.

Փաստաբանի հիմնական իրավունքները


(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

Փաստաբանը իրավունք ունի՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով ներկայացնելու կամ պաշտպանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերը, ինչպես նաև ներկայացնելու վստահորդի շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ պետական մարմիններում և կազմակերպություններում.

2) օրենքով չարգելված եղանակով ձեռք բերելու, ամրագրելու և ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ (տեղեկություններ), այդ թվում` օգտագործելու տեխնիկական միջոցներ` տեսաձայնագրող, ձայնագրող, ֆոտո, բազմացնող կամ այլ սարքավորումներ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ դա չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

3) դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ)` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված: Սույն կետում նշված դեպքում փաստաբանից կարող է գանձվել փաստաթղթերի (տեղեկությունների) կամ դրանց պատճենների տրամադրման համար վճար, որը չի կարող գերազանցել դրա պատրաստման ծախսերը, եթե օրենսդրությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ.

4) համաձայնության դեպքում գրավոր հարցման ենթարկելու անձանց, ովքեր, ենթադրվում է, որ տիրապետում են գործին վերաբերող տեղեկատվությանը, որով փաստաբանն իրավաբանական օգնություն է ցույց տալիս.

5) պայմանագրային հիմունքներով մասնագետներ ներգրավելու` իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված այլ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցեր պարզաբանելու համար.

6) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, այդ թվում` տեսակցությանը հրավիրելու արտոնագրված թարգմանչի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Փաստաբանը փաստաբանական գործունեություն իրականացնելիս ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլ անձանց իրավունքները և ազատությունները:

(18-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 19.

Փաստաբանի հիմնական պարտականությունները


Փաստաբանը պարտավոր է՝

1) ազնվորեն և բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքները և օրինական շահերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ու եղանակներով.

2) պահպանել սույն օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները.

3) չհրապարակել փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

4) մշտապես կատարելագործել իր գիտելիքները.

4.1) սահմանված կարգով և ժամաքանակով մասնակցել սույն օրենքով նախատեսված վերապատրաստման դասընթացներին.

5) մուծել անդամավճարներ.

6) չկատարել վստահորդի շահերին հակասող որևէ գործողություն, չընդունել դիրքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը համոզված է պաշտպանյալի ինքնազրպարտության մեջ, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ չընդունել դեպքի հետ նրա առնչությունը և մեղավորությունը.

7) կատարել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտականությունները, եթե այդ պարտականությունների կատարումը չի խախտում սույն օրենքով նախատեսված փաստաբանական գաղտնիքի պահպանման պահանջը.

8) կատարել փաստաբանների պալատի մարմինների և փաստաբանների պալատի նախագահի` իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտերի պահանջները:

(19-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-87-Ն, լրաց., խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 20.

Փաստաբանի հիմնական իրավունքների և պարտականությունների առանձնահատկությունները

 

Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած անձի հանձնարարությունն ընդունելու, եթե՝

1) այն ակնհայտ անօրինական բնույթ է կրում.

2) վստահորդի հետ կնքած պայմանագրի առարկայի շուրջ ունի ինքնուրույն շահ, որը տարբերվում է տվյալ անձի հետապնդած շահից:

Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալու այն դեպքում, երբ

1) առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջև.

2) տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը.

3) ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ անձի գործի քննությանը.

4) պետք է ներկայացնի վստահորդի շահերը որևէ գործում, և այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը:

Փաստաբանն իրավունք չունի`

1) հայտարարություններ անելու վստահորդի մեղավորության ապացուցված լինելու վերաբերյալ, եթե վերջինս ժխտում է դա.

2) հրապարակելու վստահորդի կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ իրեն հայտնած տեղեկությունները` առանց վստահորդի համաձայնության:

Փաստաբանը պետք է դադարեցնի իրավաբանական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի անձանց, եթե նրանց շահերի միջև առաջանում է հակասություն:

Փաստաբանն իրավունք ունի հրաժարվելու վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն սույն օրենքով, ինչպես նաև վստահորդի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում:

Վստահորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվելու փաստաբանի ծառայությունից՝ փոխհատուցելով նրա արդեն մատուցած ծառայության դիմաց:

Վստահորդի շահերը ներկայացնելուց հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է հրաժարվելու մասին ժամանակին տեղեկացնել վստահորդին, մինչև իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր փաստաբան ընտրելու համար, վստահորդին հանձնել գործին վերաբերող իր մոտ եղած փաստաթղթերը:

Փաստաբանների պալատի անդամ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ինչպես նաև այլ պետության փաստաբանը իրավունք չունեն իրավաբանական օգնություն ցույց տալու Հայաստանի Հանրապետության պետական կամ ծառայողական գաղտնիքին առնչվող հարցերով:

Փաստաբանն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ։

(20-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 21.

Փաստաբանի գործունեության երաշխիքները


1. Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով:

2. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

3. Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատական մարմիններում: Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:

4. Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:

5. Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

6. Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

7. Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

8. Արգելվում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ: Սույն մասի իմաստով փաստաբանի կարգավիճակին է հավասարեցվում նաև փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբան յուրաքանչյուր անձ:

9. Փաստաբանին չի կարելի արգելել ծանոթանալու դատարանում գտնվող գործի բոլոր այն նյութերին, որոնք առնչվում են իր վստահորդի հետ, ինչպես նաև դրանցից կատարել ցանկացած ծավալի դուրսգրումներ և պատճենահանումներ, բացառությամբ պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների:

(21-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 22.

Փաստաբանի իրավական պաշտպանությունը


Փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։

Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

Փաստաբանին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահին:

Հոդված 23.

Փաստաբանի օգնականը


1. Փաստաբանն իրավունք ունի ունենալու օգնականներ: Փաստաբանի օգնական կարող է լինել միայն բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձը: Փաստաբանի օգնական չի կարող լինել սույն օրենքի 33-րդ հոդվածում նշված անձը:

2. Փաստաբանի օգնականը իր կարգավիճակը ձեռք է բերում պարզեցված կարգով փաստաբանների պալատի խորհրդի կողմից արտոնագրվելու միջոցով` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:

3. Սույն օրենքի իմաստով փաստաբանի օգնականի կարգավիճակը հավասարեցվում է փաստաբանի կարգավիճակին, որը օգտվում է փաստաբանի բոլոր իրավունքներից հետևյալ բացառություններով.

1) փաստաբանի օգնականն իրավունք չունի մասնակցելու դատարանում կամ մինչդատական վարույթում քննչական կամ դատավարական գործողություններին` առանց իր ղեկավար փաստաբանի.

2) փաստաբանի օգնականն իրավունք չունի ստորագրելու և ներկայացնելու հայցադիմումներ, միջնորդություններ, առարկություններ, հայտարարություններ, պատասխաններ, բացարկներ, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև հարցեր տալու քննչական կամ դատավարական գործողություններին մասնակցելիս.

3) փաստաբանի օգնականն իրավունք չունի մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, այդ թվում` հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին, ընտրելու և ընտրվելու պալատի մարմիններում և պալատի նախագահ, մասնակցելու պալատի կանոնադրության և վարքագծի կանոնագրքի քվեարկությանը:

4. Փաստաբանի օգնականի իրավունքների սահմանափակման այլ դեպքեր կարող են նախատեսվել նաև փաստաբանների վարքագծի կանոնագրքով:

5. Փաստաբանի օգնականը կրում է բոլոր պարտականությունները, որոնք սույն օրենքով վերապահված են փաստաբանին, բացառությամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականության:

6. Փաստաբանական պալատի կանոնադրությամբ կարող են նախատեսվել փաստաբանի օգնականի պարտականությունների սահմանափակման այլ դեպքեր:

7. Փաստաբանի օգնականը փաստաբանի վարքագծի կանոնագրքի կանոնների պահանջները խախտելու դեպքում ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի 6-րդ գլխով նախատեսված կարգով:

8. Փաստաբանի օգնականի արտոնագրի դադարեցումը կամ կասեցումը իրականացվում է սույն օրենքի 36-րդ և 38-րդ հոդվածներով նախատեսված կարգով և դեպքերում:

9. Փաստաբանի օգնականն իր ինքնությունը հաստատում է փաստաբանի օգնականի վկայականով, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը:

(23-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 24.

Փաստաբանի փորձնակը

(հոդվածն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 25.

Փաստաբանական գաղտնիքը


1. Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:

2. Փաստաբանը, փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբանը, ինչպես նաև փաստաբանների պալատի աշխատողն իրավունք չունի հրապարակելու փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

3. Փաստաբանը կարող է հրապարակել փաստաբանական գաղտնիքը, եթե`

1) առկա է վստահորդի համաձայնությունը.

2) դա անհրաժեշտ է նրա և վստահորդի միջև ծագած դատական վեճում կամ կարգապահական վարույթում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար.

3) դա անհրաժեշտ է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը նախապատրաստվող փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի հարցման հիման վրա այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմնին տրամադրելու համար, բացառությամբ այնպիսի տեղեկատվության, որը ստացվել է հաճախորդից և այլ աղբյուրներից՝ դատական, վարչական, արբիտրաժային կամ միջնորդային վարույթում հաճախորդին պաշտպանելու կամ նրա շահերը ներկայացնելու հետ կապված օրենքով փաստաբանին վերապահված գործունեությունն իրականացնելիս, ինչպես նաև իրավական խորհրդատվություն տրամադրելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդը խորհրդատվություն է ստանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:

4. Փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը, եթե առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն:

5. Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ և տարածվում է նաև փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված կամ դադարեցված անձի նկատմամբ:

(25-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-121-Ն)

Հոդված 26.

Փաստաբանների գործունեության կազմակերպական-իրավական ձևերը


Փաստաբանն իր գործունեությունը կազմակերպելու համար կարող է ընտրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական ցանկացած ձև:

Հոդված 27.

Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը

1. Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է փաստաբանի վարքագծի միասնական կանոնները և փաստաբանական էթիկայի սկզբունքները, որոնք պարտադիր են բոլոր փաստաբանների, ինչպես նաև վերջիններիս աշխատողների համար:

2. Փաստաբանները պարտավոր են օժանդակ անձնակազմի հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նախատեսել նրանց պարտականությունները՝ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները պահպանելու վերաբերյալ, և հետևել դրանց պահպանմանը:

(27-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 28.

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջները

(հոդվածն ուժը կորցրել է փաստաբանական դպրոցի հիմնադրման պահից`  08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 29.

Փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու կարգը


Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը փաստաբանների պալատ է ներկայացնում դիմում՝ փաստաբանների պալատին անդամագրվելու խնդրանքով, որին կցվում է որակավորման հանձնաժողովի տված վկայագրի պատճենը: Որակավորման հանձնաժողովի տված վկայագիրն ուժի մեջ է տրման պահից մինչև հաջորդ` փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար որակավորման քննությունների անցկացումը:

Հավակնորդի դիմումը քննարկում և դրա վերաբերյալ մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում փաստաբանների պալատի խորհուրդը:

Արգելվում է հավակնորդների նկատմամբ խտրականությունը` հավակնորդի ազգության, քաղաքացիության, ռասայի, սեռի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության հիմքով:

Դիմումը կարող է մերժվել, եթե չեն ապահովվել սույն օրենքի 28-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:

Դիմումի մերժումը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել դատական կարգով:

(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

Փաստաբանների պալատին անդամագրված անձը հնգօրյա ժամկետում ստանում է փաստաբանների պալատի կնիքով և նախագահի ստորագրությամբ վավերացված արտոնագիր:

Արտոնագիրը տրվում է անժամկետ` առանց տարիքային սահմանափակման։

(29-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

 

Հոդված 291. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանը

(հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 30.

Հատուկ արտոնագիրը և այն տրամադրելու կարգը

(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-105-Ն)

Հոդված 31.

Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի գրանցումը վճռաբեկ դատարանում

(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-105-Ն)

Հոդված 32.

Փաստաբանի երդումը

 

Առաջին անգամ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալիս փաստաբանը փաստաբանների պալատի խորհրդի առջև հանդիսավոր պայմաններում երդում է տալիս հետևյալ բովանդակությամբ.

«Հանդիսավոր երդվում եմ ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով»։

Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր փաստաբանի կողմից երդման տեքստն ընթերցվելու միջոցով:

Փաստաբանը ստորագրում է երդման տեքստը։

Հոդված 33.

Փաստաբանական գործունեության սահմանափակումները


 

Անձը չի կարող լինել փաստաբան, եթե նա՝

1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ։

Հոդված 34.

Փաստաբանների ցուցակը և դրանում ընդգրկվելը

 

Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով www.azdarar.am կայքում հրապարակում է փաստաբանների ցուցակը:

Փաստաբանների ցուցակը ներառում է փաստաբանի անունը և ազգանունը, փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները, փաստաբանի մասնագիտացումը, ինչպես նաև փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ տեղեկատվություն:

Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանի գործունեության արտոնագիր ունեցող փաստաբանի կամ փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող օտարերկրացի փաստաբանի դիմումը ստանալու օրվանից հետո` տասնչորս օրվա ընթացքում, ընդգրկում է նրանց համապատասխանաբար` փաստաբանների ցուցակում և այլ պետության փաստաբանների ցուցակում։

Փաստաբանն օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվություն է կրում փաստաբանների ցուցակում հրապարակված կեղծ տեղեկատվության համար:

(34-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-339-Ն)


Հոդված 35.

Փաստաբանների ցուցակից հանելը


1. Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ փաստաբանը հանվում է փաստաբանների ցուցակից, եթե`

1) նա գրավոր դիմում է փաստաբանների ցուցակից իր անունը հանելու վերաբերյալ.

2) դադարեցվում է նրա արտոնագրի գործողությունը սույն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

2. Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբանը ժամանակավոր հանվում է փաստաբանների ցուցակից, եթե կասեցվել է նրա արտոնագրի գործողությունը:

3. Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ այլ պետության փաստաբանը հանվում է այլ պետության փաստաբանների ցուցակից, եթե դադարեցվել է նրա փաստաբանական գործունեության իրավունքն այն երկրում, որտեղ տրամադրվել էր այդ իրավունքը, կամ հավատարմագրի գործողությունը համարվել է ուժը կորցրած:

(35-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Գ Լ ՈՒ Խ  5

ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Հոդված 36.

Արտոնագրի գործողության դադարեցումը

1. Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) նա գրավոր դիմում է փաստաբանների պալատի նախագահին` արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար.

2) նա արտոնագիր է ստացել օրենքի պահանջների խախտմամբ.

3) առկա է սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հանգամանքը.

4) նա մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի ակտը.

5) նա փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու, ներառյալ` որակավորման քննություններին մասնակցելու համար ներկայացրել է կեղծ տվյալներ.

6) լրացել է արտոնագրի գործողության կասեցման` սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ժամկետը:

2. Արտոնագրի գործողությունը դադարեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում` փաստաբանների պալատի նախագահը` այն ուժը կորցրած ճանաչելով:

3. Փաստաբանների պալատի խորհուրդը կարող է դադարեցնել փաստաբանի արտոնագրի գործողությունը նաև սույն օրենքի 39.9-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

4. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

5. Անձն իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար արտոնագրի գործողությունը դադարեցնելուց մեկ տարի անց:

6. Այլ պետության փաստաբանը չի կարող փաստաբանական գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, եթե դադարեցվել է նրա փաստաբանական գործունեության իրավունքն այն երկրում, որտեղ նա ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն:

(36-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 37.

Հատուկ արտոնագրի գործողության դադարեցումը

(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-105-Ն)

Հոդված 38.

Արտոնագրի գործողության կասեցումը

(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն)

1. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը`

1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով.

2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչև ծառայության ժամկետի լրանալը.

3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.

4) անցել է հանրային ծառայության` հանրային պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու ժամկետով: Զբաղեցրած պաշտոնից ազատվելուց կամ ծառայությունը դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելու համար դիմում չներկայացվելու դեպքում փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է.

5) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող:

2. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կարող է կասեցվել դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակվելու դեպքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղյակ պահել փաստաբանների պալատի խորհրդին:

4. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը:

5. Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տվյալ փաստաբանի նկատմամբ սույն օրենքով նախատեսված երաշխիքների կասեցման:

6. Արտոնագիրը կասեցված պալատի անդամն իրավունք չունի մասնակցելու պալատի մարմինների և նախագահի ընտրություններին:

7. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ` այն փաստաբանի դիմումի հիման վրա, որի արտոնագրի գործողությունը կասեցվել էր:

8. Փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

9. Արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով: 

(38-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, 21.01.20 ՀՕ-27-Ն)


Գ Լ ՈՒ Խ  6

 

(գլուխը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

 

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 39. Փաստաբանին պատասխանատվության ենթարկելու հիմքերը

(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-121-Ն)

 

1. Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար, իսկ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար` կարգապահական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության:

2. Փաստաբանի մասնակցությամբ քրեական, վարչական կամ քաղաքացիական գործով ի վնաս փաստաբանի վստահորդի ընդունված դատական ակտն ինքնին չի առաջացնում փաստաբանի կարգապահական պատասխանատվություն:

(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-121-Ն)

 

Հոդված 39.1. Կարգապահական վարույթի իրականացման կարգը, փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները և հիմքերը

 

1. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգը սահմանվում է սույն օրենքով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով:

2. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են`

1) պետական, տեղական ինքնակառավարման և ոչ պետական մարմինների, ինչպես նաև այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները.

2) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով փաստաբանների պալատին դիմելու մասին դատարանի սանկցիան.

3) փաստաբանի սահմանած ժամկետում անդամավճար չվճարելու վերաբերյալ փաստաբանների պալատի հաշվապահի ներկայացրած տեղեկանքը.

4) փաստաբանի սահմանած ժամկետում վերապատրաստում չանցնելու վերաբերյալ փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացրած տեղեկանքը.

5) հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի միջնորդությունը:

3. Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին անանուն հաղորդումը կարգապահական վարույթ հարուցելու առիթ չեն:

4. Կարգապահական վարույթ հարուցելու հիմքն է փաստաբանի արարքի մեջ սույն օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը:

 

Հոդված 39.2. Փաստաբանի և դիմողի իրավունքները կարգապահական վարույթում

 

1. Փաստաբանը և դիմողը սույն օրենքով սահմանված կարգով հավասար իրավունքներ ունեն`

1) մասնակցելու կարգապահական վարույթի բոլոր փուլերին ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով.

2) կարգապահական վարույթի հարուցման պահից ծանոթանալու կարգապահական գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանելու և գործից դուրս գրելու ցանկացած ծավալի որևէ տեղեկություն.

3) տալու բացատրություններ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.

4) ներկայացնելու ապացույցներ կարգապահական գործին կցելու և հետազոտելու համար.

5) հայտնելու բացարկներ փաստաբանների պալատի խորհրդի անդամներին և գործը նախապատրաստող անձանց.

6) հարուցելու միջնորդություններ.

7) հրավիրելու վկաներ, հարցեր տալու ինչպես իր, այնպես էլ մյուս կողմի կամ փաստաբանների պալատի խորհրդի հրավիրած վկաներին.

8) հարցեր տալու ելույթ ունեցողին.

9) հանդես գալու եզրափակիչ ելույթով.

10) ստանալու փաստաբանների պալատի նախագահի և փաստաբանների պալատի խորհրդի որոշումները.

11) դատական կարգով բողոքարկելու փաստաբանների պալատի նախագահի և փաստաբանների պալատի խորհրդի որոշումները:

 

Հոդված 39.3. Կարգապահական խախտման վերաբերյալ հաղորդումների քննարկման կարգը և փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում փաստաբանների պալատի նախագահը որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու մասին առիթը ծագելու պահից մեկ ամսվա ընթացքում:

2. Նշված ժամկետում պալատի նախագահը կամ իր հանձնարարությամբ այլ անձ կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ և այլ նյութեր:

3. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` վեցամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո: Սույն մասում նշված ժամկետներն անցնելուց հետո կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ խախտմամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման: Կարգապահական վարույթ հարուցվելու օրվանից սույն մասով նախատեսված վաղեմության ժամկետը կասեցվում է:

4. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո` հինգ օրվա ընթացքում, պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով կարգապահական գործն ուղարկում է սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձին, իսկ սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` փաստաբանների պալատի խորհրդին:

5. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ուղարկվում է կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին և փաստաբանին, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

6. Հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, հաղորդվում է նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին:

 

Հոդված 39.4. Կարգապահական վարույթի հարուցումը մերժելը 

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթի կամ հիմքի բացակայության դեպքում փաստաբանների պալատի նախագահը պատճառաբանված որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին:

2. Կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ուղարկվում է կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

3. Կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումը շահագրգիռ անձը կարող է բողոքարկել դատական կարգով որոշումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

 

Հոդված 39.5. Կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստելը

 

1. Կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստում են այդ նպատակով փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված փաստաբանները (այսուհետ` գործը նախապատրաստող անձ), որոնց թվաքանակը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ:

2. Կարգապահական վարույթի գործերի բաշխումը գործը նախապատրաստող անձանց միջև կատարվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված կարգով:

3. Գործը նախապատրաստող անձը պարտավոր է հավաքել ապացույցներ` կարգապահական վարույթի օրինականությունը ապահովելու և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու համար:

4. Գործը նախապատրաստող անձի կողմից ապացույցների հավաքման գործընթացը պետք է ավարտվի, և կարգապահական գործը փաստաբանների պալատի խորհրդին ուղարկվի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո` երկու ամսվա ընթացքում:

 

Հոդված 39.6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության կարգը

 

1. Փաստաբանների պալատի խորհուրդը կարգապահական գործն ըստ էության քննող և վերջնական որոշում կայացնող մարմինն է:

2. Փաստաբանների պալատի խորհուրդ մուտք եղած կարգապահական գործը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով վարույթ է ընդունում պալատի խորհրդի անդամը, որի մասին նա ընդունում է որոշում: Կարգապահական գործը վարույթ ընդունած խորհրդի անդամը այդ գործը փաստաբանների պալատի խորհրդում քննելիս հանդես է գալիս որպես նիստը նախագահող (սույն գլխում այսուհետ` նիստը նախագահող):

3. Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի կողմից կարգապահական գործի քննությանը չի մասնակցում:

4. Կարգապահական գործը վարույթ ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, նիստը նախագահողը պարտավոր է նշանակել փաստաբանների պալատի խորհրդի նիստ և նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցել փաստաբանին, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, դիմող կողմին, վկաներին և կարգապահական գործին մասնակցող այլ անձանց:

5. Կարգապահական գործը քննող պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:

6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը պալատի խորհուրդը քննում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո` վեց ամսվա ընթացքում:

 

Հոդված 39.7. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ պալատի խորհրդի որոշումը

 

1. Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակում, անգամ եթե նույն փաստաբանը կատարել է մի քանի կարգապահական խախտում, պալատի խորհուրդը կայացնում է մեկ որոշում:

2. Պալատի խորհուրդը որոշումը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա լինել միայն տվյալ գործը քննող խորհրդի կազմում ընդգրկված անդամները: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում:

3. Խորհրդակցական սենյակում որոշումն ընդունվում է պալատի խորհրդի անդամների բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է փաստաբանի համար:

4. Պալատի խորհրդի կողմից խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, խորհրդի անդամների արտահայտած դիրքորոշումը և քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո:

5. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո պալատի խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.

1) փաստաբանին սույն օրենքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.

2) կարգապահական վարույթը կարճելու մասին:

6. Կարգապահական խախտման փաստը ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենքի և վարքագծի կանոնագրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում, մեկնաբանվում են հօգուտ փաստաբանի:

7. Որոշումը կազմվում և կողմերին է ուղարկվում հրապարակումից հետո` քսան օրվա ընթացքում:

8. Պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով` պալատի խորհրդի որոշումն ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում: Պալատի խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն հոդվածով նախատեսված բողոքարկման ժամկետն անցնելուց հետո:

9. Օրինական ուժի մեջ չմտած խորհրդի որոշման բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը:

10. Պալատի խորհրդի որոշումներն ի կատար են ածվում օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հոդված 39.8. Փաստաբանների պալատի խորհրդի կողմից փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու հիմքերը

 

1. Փաստաբանների պալատի խորհուրդը կարճում է փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթն այն դեպքում, երբ`

1) բացակայում է կարգապահական խախտման դեպքը.

2) հիմնավորված չէ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը.

3) կարգապահական խախտումը կատարելուց հետո անձը հիվանդացել է անբուժելի հոգեկան հիվանդությամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ.

4) կարգապահական խախտումը կատարելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է.

5) առկա է միևնույն հիմքով և միևնույն դեպքի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթի հարուցումը մերժելու կամ կարգապահական վարույթը կարճելու մասին չվերացված որոշում.

6) անցել են սույն օրենքով նախատեսված վաղեմության ժամկետները:

 

Հոդված 39.9. Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը 

 

1. Փաստաբանի կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո փաստաբանների պալատի խորհուրդը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների.

4) տուգանք.

5) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում:

2. Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս փաստաբանների պալատի խորհուրդը հաշվի է առնում նաև խախտման հետևանքները, փաստաբանի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, փաստաբանին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

3. Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ժամաքանակը որոշում է փաստաբանների պալատի խորհուրդը: Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելը կարող է կիրառվել նաև որպես լրացուցիչ տույժի միջոց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված տույժերից մեկի կիրառման հետ մեկտեղ:

4. Տուգանքի չափը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը, որը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը: Տուգանքը փաստաբանը վճարում է փաստաբանների պալատի բյուջե:

5. Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է նշանակել միայն դիտավորությամբ կատարված ակնհայտ կոպիտ կարգապահական խախտման դեպքում:

6. Փաստաբանը համարվում է կարգապահական տույժի չենթարկված`

1) նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պահից երեք ամիս հետո.

2) խիստ նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո.

3) որպես հիմնական տույժ` լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու դեպքում` վերապատրաստումն անցնելու պահից վեց ամսից հետո.

4) տուգանքի դեպքում` տուգանքը ամբողջությամբ վճարելու պահից ինն ամիս հետո.

5) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից երկու տարի հետո:

7. Անձը, որի նկատմամբ արտոնագիրը դադարեցվել է որպես տույժ, իրավունք ունի վաղեմության ժամկետներն անցնելուց հետո ընդհանուր հիմունքներով դիմելու փաստաբանի արտոնագիր ստանալու համար:

8. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր կարգապահական խախտում: Այդ դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկը վերստին սկսվում է նոր կարգապահական խախտման կատարման օրվանից:

 

Հոդված 40. Կարգապահական գործի քննության արագացված կարգի կիրառումը
 

1. Փաստաբանի սահմանած ժամկետում անդամավճար չվճարելու կամ վերապատրաստում չանցնելու հիմքով հարուցված կարգապահական վարույթ հարուցելիս փաստաբանների պալատի նախագահը կարգապահական գործն անմիջապես հանձնում է փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը:

(գլուխը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)


Գ Լ ՈՒ Խ  7

(գլուխը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)


ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

 

Հոդված 41. Հանրային պաշտպանությունը

 

1. Հանրային պաշտպանություն է համարվում սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը:

2. Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`

1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.

2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:

3. Սույն հոդվածի իմաստով ներկայացուցչությունը կամ պաշտպանությունն իրականացվում է քրեական գործով մինչդատական վարույթում, Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում:

4. Քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինը անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, կամ եթե դա է պահանջում արդարադատության շահը:

5. Հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական գործով կասկածյալին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի, սույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետևյալ անձանց`

1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին.

2) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին.

3) դատապարտյալներին.

4) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին.

5) Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին.

6) գործազուրկներին.

7) միայնակ բնակվող կենսաթոշակառուներին.

8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց.

9) փախստականներին.

10) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացածներին.

11) անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում: Սույն կետի իմաստով անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց.

12) հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց.

13) օրենքով սահմանված կարգով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց.

14) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին.

15) խոշտանգումից տուժած անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով սահմանված կարգով փոխհատուցում ստանալու նպատակով.

16) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտանիքում բռնության ենթարկված անձանց:

6. Անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց`

1) ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով).

2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ.

3) եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:

(41-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-29-Ն, 17.12.14 ՀՕ-215-Ն, փոփ., լրաց. 17.10.16 ՀՕ-157-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-242-Ն, 13.12.17 ՀՕ-327-Ն )

 

Հոդված 42. Հանրային պաշտպանի գրասենյակը

 

1. Հանրային պաշտպանությունն իրականացվում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով:

2. Հանրային պաշտպանի գրասենյակը փաստաբանների պալատի կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմված է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարից, երկու տեղակալից, հանրային պաշտպաններից և օժանդակ անձնակազմից:

3. Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանների քանակը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը` պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման սահմաններում:

 

Հոդված 43. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը

 

1. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ նշանակում է փաստաբանների պալատի խորհուրդը` առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից, չորս տարի ժամկետով:

2. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում:

3. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը`

1) ներկայացնում է հանրային պաշտպանի գրասենյակը.

2) կազմակերպում է սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի և արդյունավետ իրավաբանական օգնության իրականացումը.

3) կատարում է աշխատանքի բաժանում հանրային պաշտպանների միջև.

4) ընդունում է որոշումներ հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.

5) քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի կամ որոշման հիման վրա կամ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշումը կամ դիմումը բավարարելու և գործը հանրային պաշտպանին հանձնելու մասին կամ հանրային պաշտպանություն իրականացնելու դիմումը մերժելու մասին, երբ այն նախատեսված չէ սույն օրենքի 41-րդ հոդվածով.

6) հսկողություն է իրականացնում հանրային պաշտպանների կողմից իրավաբանական օգնություն իրականացնելու որակի և ժամկետների նկատմամբ.

7) միջնորդություն է ներկայացնում հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար.

8) կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսավարող սուբյեկտներին` անվճարունակ անձանց անվճարունակության փաստը ստուգելու, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Նշված մարմիններն ու տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հնգօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ պահանջվող փաստաթղթերը օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում:

4. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է փաստաբանների պալատի խորհրդի նիստերին:

 

Հոդված 44. Հանրային պաշտպանը

 

1. Հանրային պաշտպան է համարվում հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանը, որը գործում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ` պալատի նախագահի հետ կնքած աշխատանքային պայմանագրի հիման վրա:

2. Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով կարող է սահմանվել մրցույթ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:

 

Հոդված 45. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը, հանրային պաշտպանի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի փոխհատուցումը

 

1. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունը:

2. Հաշվի առնելով անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների հայտերի և փաստացի իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի վիճակագրական տվյալները` փաստաբանների պալատի խորհուրդը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ օրենքով սահմանված ժամկետում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

3. Հանրային պաշտպանի գրասենյակի բյուջետային հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և փաստաբանների պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:

4. Հանրային պաշտպանի գրասենյակի դրամական միջոցները տնօրինում է փաստաբանների պալատի նախագահը:

5. Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեից, որոնք ներառում են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների և հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսեր: Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:

6. Հանրային պաշտպանի և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով: Անհրաժեշտության դեպքում փաստաբանների պալատի նախագահը կարող է ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ: Այդ դեպքում փոխհատուցվող գումարի չափը սահմանվում է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի աշխատանքային մեկ ժամի վարձատրության չափին համարժեք:

7. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իր գործունեության համար ստանում է փոխհատուցում՝ հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափի քսանհինգ տոկոսով ավելի գումարի չափով:

8. Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման գումարը հաշվարկվում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների և հանրային պաշտպանների աշխատանքի վարձատրության համար նախատեսված գումարի երեսուն տոկոսի չափով՝ անկախ հանրային պաշտպանների կատարած փաստացի ծախսերից:

(45-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-186-Ն)

(գլուխը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7.1

 

(գլուխը լրաց. 08.12.11 ՀՕ-339-Ն)

 

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Հոդված 45.1. Դպրոցի նպատակը և իրավական կարգավիճակը

 

1. Փաստաբանական դպրոցը հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Փաստաբանական դպրոցի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, լուծարման, գույքի օգտագործման, ինչպես նաև այլ հարցեր կարգավորվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:

3. Փաստաբանական դպրոցի հիմնադիրն է փաստաբանների պալատը՝ ի դեմս փաստաբանների պալատի խորհրդի:

4. Փաստաբանների պալատի խորհուրդը հաստատում է փաստաբանական դպրոցի կանոնադրությունը, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ է կատարում կանոնադրությունում:

 

Հոդված 45.2. Փաստաբանական դպրոցի գործառույթները

 

1. Փաստաբանական դպրոցը, սույն օրենքին և փաստաբանական դպրոցի կանոնադրության նպատակներին համապատասխան՝

1) կազմակերպում և անցկացնում է փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը.

2) կազմակերպում է փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար անցկացվող որակավորման քննությունը.

3) կազմակերպում և անցկացնում է փաստաբանների մասնագիտական վերապատրաստումը.

4) իրականացնում է փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:

 

Հոդված 45.3. Փաստաբանական դպրոցի կառավարման մարմինները

 

1. Փաստաբանական դպրոցի կառավարումն իրականացնում են փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը և փաստաբանական դպրոցի տնօրենը:

 

Հոդված 45.4. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը

 

1. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդն իրականացնում է փաստաբանական դպրոցի ընդհանուր կառավարումը և ընթացիկ գործունեության վերահսկողությունը:

2. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը կազմավորվում է փաստաբանների պալատի նախագահից և փաստաբանների պալատի խորհրդի կողմից փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակված առնվազն չորս անդամից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մեկ ներկայացուցչից:

3. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե փաստաբանների պալատի նախագահն է:

4. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը՝

1) հաստատում է ունկնդիրների ուսման վարձի չափը, դրա վճարման կարգը և փաստաբանական դպրոցի աշխատանքային ներքին կանոնակարգերը և աշխատակազմի հաստիքացուցակը.

2) հաստատում է փաստաբանական դպրոցի տարեկան բյուջեն` փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացմամբ.

3) փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է փաստաբանական դպրոցի տնօրենի հաշվետվությունները.

4) փաստաբանների պալատի խորհրդի հաստատած ուղենիշներին համապատասխան՝ հաստատում է փաստաբանների վերապատրաստման և հավակնորդների ուսուցման ծրագրերը.

5) փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացմամբ քննարկում և լուծում է ունկնդրի հեռացման հարցը.

6) անվավեր է ճանաչում, վերացնում կամ կասեցնում է փաստաբանական դպրոցի տնօրենի ընդունած անհատական կամ ներքին իրավական ակտերը.

7) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 45.5. Փաստաբանական դպրոցի տնօրենը

 

1. Փաստաբանական դպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է փաստաբանական դպրոցի տնօրենը, որին փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը` փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահի առաջարկությամբ:

2. Փաստաբանական դպրոցի տնօրենը՝

1) ղեկավարում է ուսման գործընթացը.

2) կազմակերպում է կառավարման խորհրդի որոշումների կատարումը.

3) փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է փաստաբանական դպրոցի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում փաստաբանական դպրոցի անունից.

4) ներկայացնում է փաստաբանական դպրոցը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

5) փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում փաստաբանական դպրոցի աշխատանքային ներքին կանոնակարգերը և հաստիքացուցակը.

6) փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում փաստաբանական դպրոցի ուսումնական ծրագրերը.

7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

8) փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով ունկնդրին ենթարկում է կարգապահական պատասխանատվության.

9) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 45.6. Փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակը

 

1. Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:

2. Անձը փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակ է ձեռք բերում փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով փաստաբանական դպրոց ընդունվելու պահից:

(45.6-րդ հոդվածի 1-ին մասը` այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր աստիճանի մասնագիտական համարժեք որակավորում ունեցող անձի` փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 43-րդ (2-րդ մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 18.04.2014 ՍԴՈ-1148 որոշմամբ)

 

Հոդված 45.7. Փաստաբանական դպրոցի ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ունկնդիրը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

2. Կարգապահական տույժերի տեսակներն են՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) դպրոցից հեռացում:

3. Փաստաբանական դպրոցից որպես կարգապահական տույժ հեռացված ունկնդիրը զրկվում է մեկ տարվա ընթացքում փաստաբանական դպրոց կրկին ընդունվելու իրավունքից:

4. Ունկնդիրը կարող է իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը բողոքարկել դատարան որոշումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

 

Հոդված 45.8. Ուսուցումը փաստաբանական դպրոցում

 

1. Ունկնդրի ուսուցումը փաստաբանական դպրոցում իրականացվում է փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Ուսուցումն իրականացվում է երկու փուլով` տեսական ուսուցում և գործնական ուսուցում (փորձաշրջան): Ուսուցման ընդհանուր տևողությունը չի կարող վեց ամսից պակաս լինել:

2. Իրավաբանի` առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի ուսուցումն իրականացվում է փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված պարզեցված ընթացակարգով:

3. Փաստաբանական դպրոցի ուսումնական ծրագրերը փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը:

 

Հոդված 45.9. Ունկնդրի փորձաշրջանը 

 

1. Ունկնդիրը փորձաշրջանը կարող է անցնել ինչպես փաստաբանի մոտ, այնպես էլ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի սահմանած այլ հաստատություններում:

2. Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանվում է փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ:

 

Հոդված 45.10. Ուսման ավարտը փաստաբանական դպրոցում

 

1. Փաստաբանական դպրոցն ավարտած ունկնդիրներին փաստաբանական դպրոցի տնօրենը տասն օրվա ընթացքում տրամադրում է հավաստագիր, որն իրավունք է տալիս ունկնդրին մասնակցելու որակավորման քննությանը:

 

Հոդված 45.11. Որակավորման քննությունները

 

1. Որակավորման քննությունը փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու միասնական քննությունն է, որին մասնակցելու իրավունք ունեն միայն փաստաբանական դպրոցում համապատասխան ուսուցում անցած ունկնդիրները:

2. Որակավորման քննությունն ընդունում է փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը: Որակավորման քննության ընդունման և հանձնման կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը:

3. Որակավորման քննությանը չմասնակցած կամ որակավորման քննությունները չհանձնած ունկնդիրը վերստին որակավորման քննություն հանձնելու համար պարտավոր է փաստաբանական դպրոցում անցնել հատուկ ծրագրով ուսուցում, բացառությամբ, եթե նա չի մասնակցել որակավորման քննությանը հարգելի պատճառներով: Երկրորդ անգամ որակավորման քննություններ չհանձնած ունկնդիրը վերստին կարող է մասնակցել որակավորման քննությանը փաստաբանական դպրոցում ընդհանուր հիմունքներով կրկին ուսուցում անցնելու դեպքում:

4. Որակավորման քննության արդյունքները կարող են բողոքարկվել փաստաբանների պալատի խորհրդին կամ դատական կարգով` որակավորման քննության արդյունքների հրապարակումից հետո` մեկ ամսվա ընթացքում:

 

Հոդված 45.12. Փաստաբանների վերապատրաստման կազմակերպումը

 

1. Փաստաբանը վերապատրաստում կարող է անցնել փաստաբանական դպրոցում կամ փաստաբանների պալատի խորհրդի հավատարմագրած այլ հաստատությունում:

2. Փաստաբանը պարտավոր է անցնել փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով և ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող երկու տարվա ընթացքում քառասունութ ժամից պակաս լինել:

3. Վերապատրաստման ընթացքում փաստաբանների` մինչդատական վարույթին և (կամ) դատական քննությանը չմասնակցելը համարվում է հարգելի, եթե փաստաբանը այդ մասին տեղյակ է պահել համապատասխան մարմնին:

(գլուխը լրաց. 08.12.11 ՀՕ-339-Ն)


Գ Լ ՈՒ Խ  8

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 46.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

Սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի գործողության մեջ մտնելը չի կարող հանգեցնել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի աշխատավարձի նվազեցման:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 18-ի ՀՕ-234 օրենքը։

(46-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-33-Ն)

Հոդված 47.

Փաստաբանների պալատի կազմավորումը


Փաստաբանների պալատը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների իրավահաջորդը։

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական մյուս միությունների լիազորությունները պահպանվում են մինչև փաստաբանների պալատի կազմավորումը։

Փաստաբանների պալատը կազմավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով վերակազմակերպմամբ։

Փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովը հրավիրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, որը ժողովը վարում է մինչև փաստաբանների պալատի նախագահի ընտրվելը։

Փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովն իրավասու է սկսելու աշխատանքները գործող փաստաբանների միություններում ընդգրկված փաստաբանների ընդհանուր թվի կեսի առկայության դեպքում։

(47-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.07.05 ՀՕ-141-Ն)


 

Հոդված 48.

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագիր ստացած փաստաբանների և ստաժորների իրավական վիճակը


Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունները համարվում են վերակազմակերպված օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:

Փաստաբանների պալատը Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների անդամ փաստաբանների արտոնագրերը փոխարինում է փաստաբանների պալատի արտոնագրերով: Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների տրամադրած արտոնագրերն ուժի մեջ են փաստաբանների պալատի գրանցման պահից եռամսյա ժամկետում:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում դատական ներկայացուցչությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած և սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կարող են ստանալ փաստաբանական գործունեության արտոնագրեր` առանց որակավորման քննություն հանձնելու և համապատասխան վկայագիր ստանալու` ներկայացնելով դատական ներկայացուցչությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը հաստատող համապատասխան փաստաթղթեր, բացառությամբ այն անձանց, ովքեր ունեցել են փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, և դադարեցվել է դրա գործողությունը:

Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների ստաժորները ճանաչվում են փաստաբանների պալատի փորձնակներ:

(48-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-105-Ն)

Հոդված 49.

Արբիտրաժային տրիբունալում և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը այլ դատարանում դատական ներկայացուցչություն իրականացնելու լիազորագիր ստացած անձանց իրավական վիճակը

(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-63-Ն)

Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր ստացել են լիազորագիր` արբիտրաժային տրիբունալում կամ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը` այլ դատարանում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար:

(49-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-63-Ն)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ


Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-29-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան