Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-15-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.65
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.01.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.02.2020
Дата вступления в силу
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն սահմանադրական օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները, Պաշտպանի ընտրության և լիազորությունների դադարեցման կարգը, Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի և քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները:»:

 

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Աշխատակազմի մասնագիտական վերապատրաստումները և մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերն իրականացնում է Պաշտպանը՝ իր աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման կամ այլ հաստատության միջոցով: Պաշտպանը կարող է իրականացնել նաև շահառու մարմինների և կազմակերպությունների՝ մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցերով վերապատրաստումներ:»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ գլխի «ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 34.

Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայությունը».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պաշտպանի աշխատակազմում ծառայությունը քաղաքացիական ծառայություն է, որը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, եթե սույն օրենքով առանձնահատկություններ նախատեսված չեն:».

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայություն չի համարվում Պաշտպանի ներգրաված փորձագետների, մասնագետների և տեխնիկական սպասարկման և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը։»:

 

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պաշտպանը ձևավորում է իր աշխատակազմը՝ հաստատելով աշխատակազմի կառուցվածքը:».

2) 2-րդ մասից հանել «, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Գլխավոր քարտուղարն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:»:

 

Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հաստատում և փոփոխում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ այլ պաշտոնատար անձանց պաշտոնների անձնագրերը.».

2) 5-րդ և 8-րդ կետերի «հայեցողական» բառը փոխարինել «այլ» բառով.

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) սահմանում է վերապատրաստման, գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը, Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները, ներքին կարգապահական կանոնները և գործավարության (փաստաթղթաշրջանառության) կարգը.».

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա սահմանում է Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կարգը».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8․1) սահմանում է էթիկայի հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը և լիազորությունների շրջանակը.»:

 

Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածը «պաշտոններ» բառից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի ամբողջ տեքստում «պետական ծառայողներ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «քաղաքացիական ծառայողներ» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-15-Ն