Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-245-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.02.2020-28.12.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.34
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.12.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2014
Дата вступления в силу
09.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները և կարգավորում է այդ ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրությունը

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից և այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ համակարգչային հիմքի վրա, մասնավորապես ծրագրային ապահովման, սպասարկման կամ կառավարման տեղեկատվական համակարգեր, ինչպես նաև բոլոր ձևաչափերով տեղեկատվություն, ներառյալ` տվյալներ, պատկերներ (շարժական, անշարժ) ստեղծելու, փոխակերպելու, պահպանելու, պաշտպանելու, մշակելու, փոխանցելու և անվտանգ հայթայթելու համար օգտագործվող տեխնոլոգիաների բոլոր տեսակները.

2) պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներ՝

ա. ծրագրային ապահովման մշակում, որը ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը, պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը, համակարգերի ծրագրային ապահովման, կիրառական ծրագրերի, տվյալների հիմնապահեստների, վեբկայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակումը և (կամ) մշակման և գործարկման համար անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծումը, ծրագրային ապահովման սարքաբերումը` որոշակի գործառույթների իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի վերափոխումը և հարմարեցումը պատվիրատուների տեղեկատվական համակարգի միջավայրին,

բ. խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, որը ներառում է համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը և նախագծումը, օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները,

գ. համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, որը ներառում է ներցանցային կառավարումը և պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը և (կամ) տվյալների մշակման տեխնիկական միջոցների սպասարկումը և աջակցման այլ ծառայություններ,

դ. տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, որը ներառում է ցանցում կայքերի տեղաբաշխման ենթակառուցվածքների ապահովումը, տվյալների մշակումը (օգտագործողների տրամադրած կամ բնօրինակ ծրագրերի կիրառմամբ տվյալների լրիվ մշակումը, տվյալների ավտոմատացված մշակումն ու ներանցումն ապահովող ծառայությունները, ներառյալ` տվյալների հիմնապահեստների կառավարման ծառայությունները) և հարակից ծառայությունները, կայքերի տեղաբաշխման հետ կապված մասնագիտացված ծառայությունները (hosting service)` ինտերնետ ցանցում կայքերի տեղաբաշխում (Web hosting), տվյալների հոսընթաց փոխանցում (չբաժանված՝ ըստ փաթեթների) կամ կիրառական ծրագրերի տեղաբաշխում, ծրագրային և ապարատային ռեսուրսների գործարկում, ընդհանուր ժամանակի տարանջատման ռեժիմում գործող կենտրոնական (համընդհանուր) համակարգչի միջոցով օգտվողների սպասարկում,

ե. վեբ-պորտալների հետ կապված գործողություններ, որոնք ներառում են գործողություններ՝ կապված վեբկայքերի հետ՝ որոշակի ձևաչափով ինտերնետում տեղադրված տվյալների ծավալուն հիմնապահեստների ձևավորման և սպասարկման համար որոնման համակարգերի կիրառում` հասցեներով կամ բովանդակությամբ հեշտ և հասանելի որոնում կազմակերպելու նպատակով, գործողություններ՝ կապված այլ վեբկայքերի հետ, որոնք գործում են որպես ինտերնետի պորտալ, ինչպես, օրինակ, պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ապահովող լրատվական կայքերը,

զ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում,

է. էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն, համակարգչային անիմացիա և մոդելավորում, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում.

3) տնտեսավարող սուբյեկտ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձինք, իրավաբանական անձի մասնաճյուղերը կամ ներկայացուցչությունները, անհատ ձեռնարկատերերը.

4) աքսելերատորներ, ինկուբատորներ` կազմակերպություններ, որոնք աջակցում են սկսնակ և փոքր կազմակերպությունների նորարարական նախագծերին դրանց զարգացման բոլոր փուլերում` տրամադրելով խորհրդատվություն և (կամ) այլ ռեսուրսներ.

5) տեխնոպարկ, տեխնոկենտրոն` իրավաբանական անձ կամ համատեղ գործունեության վերաբերյալ պայմանագրային հիմունքներով կազմակերպված իրավաբանական անձանց (մասնակիցների) միություն, որի գլխավոր խնդիրն է ինովացիոն միջավայրի ձևավորման` համապատասխան նյութատեխնիկական, ֆինանսական բազայի ստեղծման միջոցով ներդրումային և ինովացիոն ծրագրերի իրականացումը, գիտատար մշակումների, բարձր տեխնոլոգիաների ներդրմանն ու համաշխարհային շուկայում մրցունակ ապրանքի արտադրությանն ուղղված գործունեությունը.

6) հավաստագիր` հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.

7) հավաստագրող հանձնաժողով` սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրի տրամադրման, փոփոխման, հավաստագրի տրամադրումը մերժելու, գործողությունը դադարեցնելու իրավասություն ունեցող հանձնաժողով.

8) հավաստագրված անձ` սույն օրենքով սահմանված կարգով հավաստագիր ստացած տնտեսավարող սուբյեկտ.

9) կանոնադրական կապիտալում ուղղակի մասնակցություն` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի սեփականատեր.

10) կանոնադրական կապիտալում անուղղակի մասնակցություն` սույն օրենքի իմաստով անուղղակի մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում`

ա. մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ունի ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն այդ մասնակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները,

բ. մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները` տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով,

գ. մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոս և ավելի մասնակցություն,

դ. մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի մասնակցություն և իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները.

11) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր` համարվում են Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 70%-ը ձևավորվել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող կամ հավաստագրված տնտեսավարող սուբյեկտները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

(3-րդ հոդվածը լրաց. 23.04.19 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության սկզբունքները և նպատակները

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունը իրականացվում է պետության և մասնավոր հատվածի համագործակցության, ինչպես նաև հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

2. Պետական աջակցության նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում`

1) մրցունակության բարձրացումը.

2) հմուտ աշխատուժի ներգրավումը և հմտությունների շարունակական բարձրացումը՝ մրցունակ աշխատավարձերի (եկամուտների) ապահովման միջոցով.

3) դրամաշնորհային ծրագրերով գիտահետազոտական աշխատանքների իրականացումը և սկսնակ կազմակերպությունների կայացմանն օժանդակումը.

4) վենչուրային և օտարերկրյա ներդրումների խթանումը և ներգրավումը:

 

Հոդված 5. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության սուբյեկտները

 

1. Սույն օրենքի շրջանակներում պետական աջակցություն են ստանում հետևյալ տնտեսավարող սուբյեկտները.

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սկսնակ տնտեսավարող սուբյեկտները.

2) նորարարական և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները.

3) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանող ենթակառուցվածքները, այդ թվում` տեխնոպարկերը, տեխնոկենտրոնները, աքսելերատորները, ինկուբատորները.

4) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտները:

 

Հոդված 6. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը

 

1. Պետական աջակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին բարենպաստ ֆինանսավորման պայմանների տրամադրման, ներդրումների ներգրավման և արտաքին տնտեսական գործունեության խթանման համար իրականացվում է ծրագրով (այսուհետ` Ծրագիր): Ծրագիրը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարման համակարգի մարմինը: Ծրագիրը մշակվում է սույն օրենքի սկզբունքներին և աջակցման նպատակներին համապատասխան:

2. Հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց` Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված չափով և սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում:

(6-րդ հոդվածը փոփ. 23.04.19 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 7. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար ճյուղային հաշվառում իրականացնելու նպատակով պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը վարում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը (այսուհետ` վարչական ռեգիստր):

2. Վարչական ռեգիստրը ներառում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) տնտեսավարող սուբյեկտների փաստացի գործունեության կամ տնտեսավարող սուբյեկտի կառավարման գործադիր մարմնի վայրի, գործունեության հիմնական և ոչ հիմնական տեսակների, աշխատողների քանակի, օտարերկրյա մասնակցության, արտադրված արտադրանքի, մատուցված ծառայությունների ծավալի, արտահանման, ներդրումների (այդ թվում՝ օտարերկրյա), եկամուտների, ներմուծման և այլ անհրաժեշտ ցուցանիշների մասին շարունակական արդիականացման ենթակա տվյալների բազա:

3. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը ստեղծվում է հարկային մարմինների, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակված և տրամադրված տեղեկությունների, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների հիման վրա:

4. Տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը:

5. Կախված հավաքվող ցուցանիշների բնույթից` հաշվետվությունները ներկայացվում են ամսական, եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ, որը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

 

Հոդված 8. Հավաստագրվող և հավաստագրված տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները

 

1. Հավաստագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով:

2. Հավաստագրման համար կարող են դիմել հետևյալ տնտեսավարող սուբյեկտները.

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցությունների և դուստր ընկերությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:

3. Հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

1) ստեղծվել են բացառապես սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով.

2) չեն ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում.

3) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսացել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.

4) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսանում սույն օրենքի պահանջներին համապատասխան հավաստագրված այլ ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր.

5) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից.

6) աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը.

7) հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում և (կամ) դիմելու պահին հանդիսանում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած(իրականացնող) այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած (իրականացնող) այլ կազմակերպության բաժնետեր կամ մասնակից.

 8) հավաստագրման համար չի կարող դիմել այն անհատ ձեռնարկատերը, որը դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում հանդիսացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած և գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.

9) հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերի 20 և ավելի տոկոս բաժնեմասը պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության, կամ որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկին պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության 20 և ավելի տոկոս բաժնեմասը:

4. Հավաստագրի գործողության ընթացքում հիմնական միջոցների օտարումը, ինչպես նաև համատեղ գործունեության պայմանագրի կնքումը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից դուրս իրականացվող այլ գործունեություն է:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված աշխատողների թիվը հավաստագրի գործողության ընթացքում չի կարող գերազանցել 30-ը:

6. Հավաստագրված անձինք՝

1) պարտավոր են հավաստագրի գործողության ընթացքում պահպանել սույն հոդվածի 2-5-րդ մասերում նշված պահանջները.

2) չեն կարող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին օտարել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության արդյունքները, բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի:

(8-րդ հոդվածը լրաց., խմբ. 01.03.17 ՀՕ-47-Ն, խմբ. 23.04.19 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 9. Հավաստագրման հանձնաժողովը

 

1. Հավաստագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ձևավորված հանձնաժողովը:

Հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից, որում ընդգրկվում են`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը.

2) ոլորտի զարգացման համար պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.

3) պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.

3.1) հարկային և մաքսային ոլորտներում վարչարարություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.

4) ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների երեք ներկայացուցիչ:

Հանձնաժողովի կազմում ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի բոլոր անդամների մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի բացակայության դեպքում նիստը համարվում է չկայացած, և նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովի անդամները կարող են օրենքով սահմանված կարգով լիազորել այլ անձանց իրենց անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ընդ որում, եթե հանձնաժողովի անդամը 2 անգամ անընդմեջ բացակայում է և չի լիազորում այլ անձանց իր անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ապա նշված հանգամանքը հանձնաժողովի նիստը չկայացած համարելու հիմք չէ:

3. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

4. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրությունները ստորագրում են նիստին մասնակցած անդամները:

5. Հանձնաժողովի նիստերի հրավիրման և այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարությունը: Հանձնաժողովի քարտուղարություն է հանդիսանում ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

6. Հանձնաժողովը հավաստագրի տրամադրման կամ մերժման մասին որոշումը պարտավոր է ընդունել հավաստագրի տրամադրման մասին դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-47-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-60-Ն)

 

Հոդված 10. Հանձնաժողովի լիազորությունները

 

1. Հանձնաժողովը`

1) ուսումնասիրում և քննարկում է հավաստագրման համար ներկայացված դիմումները.

2) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում հավաստագրի տրամադրման, փոփոխման կամ մերժման մասին.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնում է առաջարկություններ հավաստագրման գործընթացի կազմակերպման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նպաստող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

 

Հոդված 11. Հավաստագրի տրամադրումը և փոփոխումը

 

1. Հավաստագրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտները հավաստագրման համար պարտավոր են դիմել պետական գրանցման պահից 3 ամսվա ընթացքում:

3. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը հավաստագրված անձը պարտավոր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով հայտարարություն այն մասին, որ բավարարում է սույն օրենքով հավաստագրված անձանց ներկայացվող պահանջները:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտները հավաստագիր ստանալու համար պարտավոր են ներկայացնել`

1) դիմում հավաստագիր ստանալու մասին.

2) իրավաբանական անձանց պետական գրանցման համարը.

3) տնտեսավարող սուբյեկտի գործունեության մանրամասն նկարագրությունը և ուղղությունները` ըստ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների.

4) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտը հավաստագրով տրամադրված արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում զբաղվելու է միայն սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներով,

5) տեղեկանք աշխատողների քանակի, պաշտոնների անվանումների և աշխատողների անուն-ազգանունների մասին.

6) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտի ստեղծումը հիմք չէ այլ տնտեսավարող սուբյեկտի լուծարման կամ վերակազմակերպման համար, ինչպես նաև, որ տնտեսավարող սուբյեկտը այլ ընկերության դուստր ընկերություն չէ.

7) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով:

5. Այն դեպքում, երբ հավաստագրված անձը հավաստագրի գործողության ընթացքում որոշում է զբաղվել հավաստագրման ժամանակ չներկայացված, սակայն սույն օրենքի համաձայն հավաստագրման ենթակա գործունեության տեսակներով, ապա վերջինս պարտավոր է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով դիմել հանձնաժողով՝ հավաստագրի փոփոխության համար:

(11-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-47-Ն, 23.04.19 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 12. Հավաստագրի տրամադրման մերժումը

 

1. Հավաստագրի տրամադրման դիմումը մերժվում է, եթե`

1) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված՝ հավաստագիր ստանալու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներին.

2) հավաստագիր ստանալու համար դիմումը ներկայացվել է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ.

3) հավաստագրման համար ներկայացված փաստաթղթերը թերի են, արժանահավատ չեն և չեն համապատասխանում սույն օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին.

4) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձինք նախկինում խախտել են սույն օրենքի պահանջները.

5) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանցից որևէ մեկը նախկինում ունեցել է ուղղակի կամ անուղղակի մասնակցություն սույն օրենքի պահանջները խախտած այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում.

6) նախկինում դադարեցվել է տնտեսավարող սուբյեկտին տրամադրված հավաստագրի գործողությունը սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով:

1.1. Հավաստագրի տրամադրման դիմումի մերժման հիմք չի կարող հանդիսանալ, բացառությամբ 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով և 7-9-րդ մասերով նախատեսված դեպքերի՝

1) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի բաժնետիրոջ (մասնակցի) այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից հանդիսանալը կամ այլ ընկերության աշխատող հանդիսանալը.

2) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի մոտ կամ այլ ընկերությունում համատեղությամբ աշխատող հանդիսանալը:

2. Այն դեպքում, երբ առկա են սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված մերժման հիմքերը, ապա հանձնաժողովը կասեցնում է վերջնական որոշման կայացումը և հանձնաժողովի քարտուղարության միջոցով հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտին գրավոր ներկայացնում է փաստաթղթերում առկա թերությունների և անհամապատասխանությունների վերացման մասին առաջարկ: Հանձնաժողովի քարտուղարության առաջարկը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տնտեսավարող սուբյեկտի կողմից թերությունները և անհամապատասխանությունները չվերացվելու դեպքում դիմումը մերժվում է:

(12-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-47-Ն, 23.04.19 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 13. Հավաստագրի գործողության դադարեցումը

 

1. Հավաստագրի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) ավարտվել է հավաստագրի գործողության ժամկետը.

2) տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է դիմում հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ.

3) հավաստագրի գործողության ընթացքում խախտվել են սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջները.

4) տնտեսավարող սուբյեկտը խախտել է սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները.

5) տնտեսավարող սուբյեկտը հավաստագրման համար ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված դեպքերում հավաստագրի գործողությունը դադարեցվում է հանձնաժողովի որոշմամբ:

(13-րդ հոդվածը փոփ. 23.04.19 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 14. Հավաստագրված անձանց կողմից հաշվետվությունների ներկայացումը

 

1. Հավաստագրված անձինք պարտավոր են հանձնաժողովին յուրաքանչյուր կիսամյակ` մինչև յուրաքանչյուր կիսամյակը հաջորդող ամսվա 20-ը, ներկայացնել հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այլ տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություններ:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով հավաստագրի գործողության դադարեցման դեպքում հավաստագրված անձինք պարտավոր են ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվությունը հավաստագրի դադարեցման մասին հանձնաժողովի որոշումն ստանալու պահից 15-օրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի հետ:

(14-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 15. Հրապարակայնությունը

 

1. Հավաստագրված, ինչպես նաև հավաստագրի համար դիմած և մերժված անձանց ցուցակը հրապարակվում է ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնական կայքում:

2. Ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում են նաև սույն օրենքի պահանջները խախտած տնտեսավարող սուբյեկտների անվանումները, այդ թվում` տվյալ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց անվանումները կամ անունները: (նախադասությունը հանվել է 01.03.17 ՀՕ-47-Ն)

(15-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-47-Ն, լրաց. 23.04.19 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 16. Տեղեկությունների տրամադրումը

 

1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմինը պարտավոր է ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հարկային մարմինները պարտավոր են սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված, իրենց մոտ առկա տեղեկությունները յուրաքանչյուր եռամսյակ տրամադրել ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 17. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար

 

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

2. Այն դեպքում, երբ սույն օրենքի խախտման հետևանքով դադարեցվել է հավաստագրի գործողությունը, ապա պետական բյուջե են վճարվում հավաստագրի գործողության ընթացքում որպես հարկային արտոնություն ստացված և պետական բյուջե չվճարված հարկերի գումարները, ինչպես նաև հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված տույժերը և տուգանքները:

 

Հոդված 18. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետ սահմանվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ը:

3. Մինչև 2018 թվականի փետրվարի 1-ը սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են դրանց տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով, իսկ 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը գործում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

(18-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-47-Ն, փոփ.,  լրաց. 23.04.19 ՀՕ-22-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-245-Ն