Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-303-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.12.26/100(1553) Հոդ.1251
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.12.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.12.2019
Дата вступления в силу
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 9-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-20.9-րդ մասերով.

«20.1. Եթե տրանսպորտային միջոցի սեփականատեր (լիզինգառու) հանդիսացող ֆիզիկական անձը չունի տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, ապա պարտավոր է տրանսպորտային միջոցը հաշվառելիս ներկայացնել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող միայն մեկ անձի տվյալները (անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, վարորդական վկայականի համարը), որ շահագործելու է այդ տրանսպորտային միջոցը:

20.2. Սույն հոդվածի 20.1-ին մասով նախատեսված դեպքում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություն կատարելիս այն շահագործող անձի ներկայությունը և նրա անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը պարտադիր են: Շահագործող անձին գրավոր պարզաբանվում է, որ տվյալ տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կարող է կրել վարչական պատասխանատվություն: Շահագործող անձի կողմից իր անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և նրան գրավոր պարզաբանում տալու ձևը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:

20.3. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները չհայտնելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում:

20.4. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի փոփոխության դեպքում սեփականատերը (լիզինգառուն) իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու շահագործող այլ անձի տվյալներ:

20.5. Հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատեր (լիզինգառու) հանդիսացող` տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները:

20.6. Եթե որպես տրանսպորտային միջոցը շահագործող անձ ներկայացվում են այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացու տվյալներ, ապա տրանսպորտային միջոցը շահագործող օտարերկրացու ներկայությունը և նրա վարորդական վկայականը ներկայացնելը պարտադիր է:

20.7. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ մահվան դեպքում` մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես տրանսպորտային միջոցը շահագործող անձ է գրանցվում տրանսպորտային միջոցը փաստացի տիրապետող անձը, որը ներկայացնում է մահացած անձի տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը:

20.8. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու դեպքում ծանուցում է ուղարկվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարին)` առաջարկելով ներկայացնել տրանսպորտային միջոցը շահագործող նոր անձի տվյալներ:

20.9. Ոստիկանությունը պարտավոր է ապահովել ինչպես սույն հոդվածով նախատեսված` տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (լիզինգառուի) (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարի), այնպես էլ տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող սեփականատիրոջ (լիզինգառուի) (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ղեկավարի) և տրանսպորտային միջոցը շահագործող անձի կամահայտնությունը էլեկտրոնային եղանակով ստանալու հնարավորություն, բացառությամբ սույն հոդվածի 20.1-ին մասով սահմանված` տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացնելու և սույն հոդվածի 20.6-րդ և 20.7-րդ մասերով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-303-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան