ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն, 21.12.17 ՀՕ-297-Ն)
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում (այսուհետ՝ Ցանկ) ներառված՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն, 21.12.17 ՀՕ-297-Ն)
Հոդված 2. Սույն օրենքի իմաստով սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեություն է համարվում Ցանկում ներառված բնակավայրերի վարչական սահմաններում`
1) առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունը.
2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպումը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը` Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերի վարչական սահմաններում, թե դրանցից դուրս.
3) (կետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-75-Ն)
4) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, ընդ որում, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը, որը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայությունները, մասնավորապես՝ սպասարկումը, մուտքի թույլտվությունը:
(2-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-297-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-75-Ն)
Հոդված 3. Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ`
1) այդ բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի), ինչպես նաև հանրային սննդի ոլորտում իրականացվող իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված շահութահարկից.
2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`
ա. իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից,
բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից,
գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից.
3) (կետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-75-Ն)
4) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի և սոցիալական վճարի:
(մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-297-Ն)
(մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-297-Ն)
(մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-297-Ն)
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.15 ՀՕ-141-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-297-Ն, լրաց. փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-297-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-75-Ն)
Հոդված 4. Կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության մասով պարտավոր են`
1) Օրենսգրքով սահմանված կարգով վարել հարկման ոչ ենթակա և հարկման ենթակա գործունեության տեսակների կամ գործարքների մասով ձևավորվող հարկման օբյեկտների, հարկման բազաների, Օրենսգրքով սահմանված նվազեցումների, հաշվանցվող (պակասեցվող) գումարների առանձնացված հաշվառում, իսկ եթե առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չէ, ապա հարկման օբյեկտները, հարկման բազաները, հարկի գումարները, Օրենսգրքով սահմանված նվազեցումներն ու հաշվանցվող (պակասեցվող) գումարները (այն մասով, որ մասով առանձնացվող հաշվառում վարելը հնարավոր չէ) հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված տեսակարար կշիռների մեթոդով` համախառն եկամտի մեջ Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության մասով հաշվարկված համախառն եկամտի տեսակարար կշռին համապատասխան.
2) վարել Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հաշվառում, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև հաշվապահական հաշվառում, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով դուրս գրել Օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր: Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հարկային հաշվարկները.
3) կատարել Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերի պահանջները:
(4-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-297-Ն)
Հոդված 5. (հոդվածն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-297-Ն)
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2014 թ. դեկտեմբերի 9 Երևան ՀՕ-156-Ն
ՆախագահՍ. Սարգսյան