ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 14-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 34-րդ հոդվածի 1-ին մասի «Հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը» բառերը փոխարինել «Քրեական հետապնդման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) սույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու որոշման կատարման արդյունքներն ուղարկում է անմիջականորեն նախաքննության մարմին` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով դատախազին.»:
Հոդված 3. Օրենսգրքի 282-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին: Սույն օրենսգրքի 280-րդ հոդվածով նախատեսված դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) դատարան և հսկող դատախազին կարող է ուղարկել էլեկտրոնային եղանակով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 283-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա: Դատավարական հարկադրանք կիրառելու մասին միջնորդությունը քննարկվում է այն ներկայացրած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, դռնփակ դատական նիստում: Քննչական գործողություններ կատարելու միջնորդության քննարկմանը միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը կամ դատախազը մասնակցում է դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի կամ դատախազի նախաձեռնությամբ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Որոշումը կայացնելու օրը դատարանն այն հանձնում է վարույթ իրականացնող մարմին, որը որոշման պատճենն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում ուղարկում է հսկող դատախազին:»:
Հոդված 5. Օրենսգրքի 284-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Միջնորդությունը քննարկում է դատավորը միանձնյա: Միջնորդության քննարկմանը միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը մասնակցում է դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի նախաձեռնությամբ: Միջնորդությունը պետք է քննարկվի, և որոշում կայացվի այն ստացվելուց հետո` 12 ժամվա ընթացքում:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. նոյեմբերի 27 Երևան ՀՕ-217-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|