Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-186-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.11.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.23/73(1526) Հոդ.934
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.10.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.10.2019
Дата вступления в силу
01.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հոկտեմբերի 3-ին

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ և 16-րդ կետերով.

«15) խաղասրահ՝ տարածք շինության ներսում, որտեղ կազմակերպվում և անցկացվում են վիճակախաղեր կամ ուղղակի հնարավորություն է ստեղծվում մասնակցելու վիճակախաղին.

16) բուքմեյքերային գրասենյակ-վայր, որտեղ կազմակերպիչն իր աշխատակիցների անմիջական մասնակցությամբ հնարավորություն է ընձեռում խաղի մասնակիցներին խաղադրույքներ կատարելու:»:

   

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ինտերնետ տոտալիզատորը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ տոտալիզատորի կազմակերպչի սերվերները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

    

Հոդված 3. 5-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ը» կետը «միայն» բառից հետո լրացնել «համապատասխան լիցենզիայի հիման վրա ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, ծրագրային ապահովման (ներառյալ՝ շահումի գործակիցների որոշման և իրացման ծառայությունները) և դրանց սպասարկման ծառայությունների մատուցման գործունեություններով, կազմակերպչի աշխատակիցների համար և խաղասրահներում հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, ինչպես նաև» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» կետով.

«ժդ) լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված՝ տվյալ քաղաքացիների՝ տոտալիզատորին մասնակցությունը սահմանափակող՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հանգամանքը:»:

    

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ հոդվածներով.

  

«Հոդված 5.1.

Մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ տոտալիզատորին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորին) մասնակցությունը սահմանափակելու կարգը

  

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ գլխով սահմանված կարգով` մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի օրինակն ուղարկում է լիազոր մարմին:

2. Լիազոր մարմինը վճիռն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տոտալիզատորների (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորների) բոլոր կազմակերպիչներին՝ նրանց ուղարկելով վճռի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակը, որպեսզի նրանք արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղասրահներ, ինչպես նաև գրանցումը ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ ինտերնետ տոտալիզատորին մասնակցելու հնարավորությունը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի կողմից քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացվելու դեպքում դատարանի վճիռն ուղարկվում է լիազոր մարմին` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված քաղաքացիների կողմից կնքված գործարքները շահագրգիռ անձանց պահանջով դատարանը կարող է անվավեր ճանաչել:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված քաղաքացիների վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

   

Հոդված 5.2.  Վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները

   

1. Լիցենզիա ունեցող վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպիչ կարող է կազմակերպել մեկական բուքմեյքերական գրասենյակ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում, Հայաստանի Հանրապետության մարզերի յուրաքանչյուր վարչական կենտրոնում և Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում։

2. Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով, բացառությամբ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման դեպքի կամ բուքմեյքերային գրասենյակի միջոցով՝ անձի նույնականացման և նրա՝ օրենքով սահմանված տարիքը հասած լինելու հանգամանքն ստուգելու պարտադիր պայմանով: Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը կանխիկացվում է միայն վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:

3. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի՝ ոչ խաղարկությունով, խաղարկությունով, համակցված, տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպումը:

  

Հոդված 5.3. Վիճակախաղերի կազմակերպման, սպասարկման սրահներին ներկայացվող պահանջները

  

1. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված շենք-շինությունների՝ խաղասրահների, բուքմեյքերային գրասենյակների յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չի կարող գերազանցել 200 քառակուսի մետրը:»:

  

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1» կետով.

«ե1) խախտել է սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված պահանջները` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով.»:

   

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները.»:

   

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված պահանջները:»:

   

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից, բացառությամբ Օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակմանը հաջորդող 7-րդ ամսվա 1-ից:

Սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից վեց ամսվա ընթացքում լիազոր մարմինը սահմանում է խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը և «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ քաղաքացիների վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը:

   

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. հոկտեմբերի 18

Երևան

ՀՕ-186-Ն