Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-155-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (14.10.2019-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.04/68(1521) Հոդ.872
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.09.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.09.2019
Дата вступления в силу
14.10.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 379-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 2. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերաքննիչ դատարանը բողոք ներկայացրած անձի միջնորդության հիման վրա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով համարում է հարգելի, եթե բողոք ներկայացրած անձը հիմնավորում է, որ դատական ակտն ստանալու պահից չեն լրացել բողոքարկման ժամկետները։»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 381-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վերաքննիչ դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ և 6-8-րդ կետերով սահմանված պահանջներին։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.

«2.1. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե՝

1) վերաքննիչ բողոքը բերվել է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-ին կետերով սահմանված պահանջների խախտմամբ.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.

3) վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.

4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով.

5) վերաքննիչ բողոք ներկայացրած անձը մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վերաքննիչ բողոքը հետ վերցնելու մասին.

6) բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.

7) բողոքը բերվել է սույն օրենսգրքի 375.4-րդ հոդվածի պահանջի խախտմամբ.

8) չեն վերացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր թերություններ։

2.2. Վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու կամ վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում գործը վերաքննիչ դատարանում ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում` նշելով առկա թերությունները։

2.3. Վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված թերությունները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Ձևական թերությունները չշտկելու կամ նոր թերություններ թույլ տալու դեպքում վերաքննիչ բողոքը թողնվում է առանց քննության։»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. սեպտեմբերի 30

Երևան

ՀՕ-155-Ն