ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հուլիսի 1-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 5-րդ և 18-րդ հոդվածի 3-րդ մասերը «ցմահ» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:» նախադասությունը:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «, այդ թվում՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու» բառերը:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «դ.1» ենթակետը «զինված ուժերի» բառերից հետո լրացնել «և այլ զորքերի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:»:
Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունում «լրացուցիչ փաստաթուղթ (տեղեկատվություն), որի» բառերը փոխարինել «փաստաթուղթ (տեղեկատվություն), որը հաշվի առնելու» բառերով, իսկ երրորդ նախադասությունում «լրացուցիչ» բառը՝ «այդ» բառով:
Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 2-րդ կետի «ամսին հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «օրվանից» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ մասով.
«3.3. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա կենսաթոշակ նշանակելիս գործում առկա՝ մինչև կենսաթոշակի գործը Հայաստանի Հանրապետությունից այդ պետություն տեղափոխելը (կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը) գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, եթե օրենսդրությամբ սահմանված չեն ստաժի հաշվարկման ավելի բարենպաստ պայմաններ: Այս դեպքում եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև կենսաթոշակի գործը տեղափոխելը (կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը) Հայաստանի Հանրապետությունում վճարված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: Սույն մասի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու հիմքով։»:
Հոդված 8. Օրենքի 43.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս՝ եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի գումարն ավել վճարված ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք կամ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի (այսուհետ՝ նպաստ) իրավունք, ապա համարվում է, որ կենսաթոշակառուն այլ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու օրը), որ օրը կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ կենսաթոշակի կամ նպաստի գումարը համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար և հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից:»:
Հոդված 9. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը «մահանալու» բառից հետո լրացնել «կամ այդ ժամկետում վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու» բառերով:
Հոդված 10. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմին» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերով, իսկ 2-րդ մասից հանել «, իսկ եթե դադարել է անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, ապա դատարանի վճռի հիման վրա» բառերը:
Հոդված 11. Օրենքի 1-ին հավելվածում՝
1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Կենսաթոշակային վճարը հաշվարկվում է այն արժույթով, որով վճարվում է միջազգային կազմակերպությունում աշխատողի աշխատավարձը, և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետության դրամով:».
2) 9-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «մինչև» բառով:
Հոդված 12. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 7-րդ հոդվածի գործողությունը տարածվում է այն դեպքերի վրա, երբ համապատասխան դիմումը ներկայացվել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-112-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|