ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «պետի» բառից հետո լրացնել «պատճառաբանված» բառով.
2) 4-րդ մասը «հանգամանքները,» բառից հետո լրացնել «տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց կարող են արգելվել՝
1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.
4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) հեռախոսակապից օգտվելը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ մասերով.
«Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կալանավորված անձանց արգելվում է աշխատելը:
Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված մեկից ավելի սահմանափակում:
Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:»:
Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հուլիսի 11 Երևան ՀՕ-104-Ն |