Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-98-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (27.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.07.17/46(1499) Հոդ.604
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.06.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.07.2019
Дата вступления в силу
27.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-4-րդ մասերով.

«Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքերից բացի, նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝

1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա՝

ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր,

բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է,

գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը.

2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝

ա. Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում,

բ. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում,

գ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,

դ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում,

ե. գետերի հոսքի ձևավորման տարածքներում,

զ. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,

է. անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:

 Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Կառավարությունը:

 Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված սողանքային տարածքները սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 33-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:».

 2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման թույլտվությունը տրվում է մեկ տարի ժամկետով, որը լիցենզիայի ստացման դեպքում համարվում է երկարաձգված` լիցենզիայի ժամկետին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարի, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ ժամկետ սահմանված չէ, որի դեպքում ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված ջրավազանային կառավարման պլանով նախատեսված ժամկետով: Ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները ենթակա են վերանայման:»։

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝

1) Կառավարությունը մեկ տարվա ընթացքում սահմանում է այն գետերի ցանկը, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է.

2) Կառավարությունը երկու տարվա ընթացքում սահմանում է այն գետահատվածները, որտեղ առկա են սողանքային տարածքներ։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 11

Երևան

ՀՕ-98-Ն