Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-255-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.04.2018-22.02.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.05/61(585) Հոդ.1250
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.11.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.11.2007
Дата вступления в силу
06.12.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին

 

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է հատուկ քննչական ծառայության՝ որպես քննչական մարմնի, կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:

(1-ին հոդվածը փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 2. Հատուկ քննչական ծառայությունը

 

1. Հատուկ քննչական ծառայությունը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն:

2. Հատուկ քննչական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Հատուկ քննչական ծառայությունում ծառայող անձը պետական ծառայող է:

3. Հատուկ քննչական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված` օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ:

4. Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա լիազորած դատախազները:

5. Հատուկ քննչական ծառայությունը ղեկավարում է ծառայության պետը:

5.1. Հատուկ քննչական ծառայությունում վարվում է հատուկ քննչական ծառայության գործունեության վերաբերյալ վիճակագրություն, որի հիման վրա յուրաքանչյուր կիսամյակ կազմվում են վիճակագրական հաշվետվություններ:

Վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանում է Կառավարությունը:

6. Հատուկ քննչական ծառայությունը հրապարակում է տեղեկատվություն իր գործունեության մասին: Հատուկ քննչական ծառայության պետը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն է ներկայացնում գրավոր հաղորդում` հատուկ քննչական ծառայության նախորդ տարվա գործունեության մասին:

7. Հատուկ քննչական ծառայության նստավայրը Երևան քաղաքն է:

(2-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 3.  Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը

 

1. Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

Հատուկ քննչական ծառայության վրա տարածվում է նաև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ կիրառելի են ծառայության այդ տեսակի նկատմամբ և չեն հակասում սույն օրենքի և պետական ծառայության էությանը:

2. Օրենքով նախատեսված դեպքերում հատուկ քննչական ծառայության պետն ընդունում է ծառայության կազմակերպման ու գործունեության վերաբերյալ ներքին կամ անհատական իրավական ակտեր:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(3-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 4. Սույն օրենքի հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) հատուկ քննչական ծառայության ծառայող` հատուկ քննչական ծառայության պետը, նրա տեղակալները, հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները, հատուկ քննչական ծառայության վարչությունների պետերը, նրանց տեղակալները, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները և հատկապես կարևոր գործերի քննիչները.

2) օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ` Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, դատարանների դատավորները, նախարարները, նրանց տեղակալները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Ոստիկանության պետը և նրա տեղակալները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, մարզպետները, նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հաշվեքննիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Վիճակագրական կոմիտեի ղեկավարը և անդամները.

3) պետական ծառայություն իրականացնող անձ` դատախազները, քննչական կոմիտեի ծառայողները, ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի և զինված ստորաբաժանումների), հարկային, մաքսային մարմինների, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարար ծառայությունների պաշտոնատար անձինք.

4) ընտրական գործընթացների հետ կապված հանցագործություններ` հանցագործություններ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 1541-րդ և 1542 -րդ հոդվածներով:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, փոփ. 16.01.18 ՀՕ-65-Ն, 17.01.18 ՀՕ-47-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, դասային աստիճանՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 5. Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնների համակարգը

 

Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) հատուկ քննչական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

- հատուկ քննչական ծառայության պետ,

- հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներ.

2) հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

- հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներ.

- վարչության պետեր և նրանց տեղակալներ.

- հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներ.

3) հատուկ քննչական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

- հատկապես կարևոր գործերի քննիչներ:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.05.14 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 6. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Հատուկ քննչական ծառայությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերած, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.

2) տիրապետում է գրական հայերենին.

3) բավարարում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պահանջները:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

3. Հատուկ քննչական ծառայության պաշտոնի կարող են նշանակվել նաև սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ 13-րդ հոդվածի համաձայն` մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված անձինք:

4. Հատուկ քննչական ծառայությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.

4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.

5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:

5. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո հատուկ քննչական ծառայության պետը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը: Հատուկ քննչական ծառայության պետի և պետի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը համարվում է 65 տարեկանը, որը համապատասխանաբար Կառավարության և վարչապետի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով:

(6-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-31-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն) 

 

Հոդված 7. Հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակելու պայմանները

 

1. Հատուկ քննչական ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության բարձրագույն խմբի կամ վերջին հինգ տարին գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին յոթ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 10 տարվա ստաժ:

2. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով մինչև նշանակումը վերջին չորս տարին զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի կամ վերջին հինգ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 8 տարվա ստաժ:

2.1. Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ և հատուկ քննչական ծառայության վարչության պետ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 6 տարվա ստաժ։

2.2. Հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 5 տարվա ստաժ։

3. Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը վերջին 2 տարին զբաղեցրել է հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 4 տարվա ստաժ:

4. Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումն ունի դատախազի կամ քննիչի առնվազն 3 տարվա ստաժ:

5. Հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար խմբի պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

6. Հատուկ քննչական ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

(7-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 8. Հատուկ քննչական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Մրցույթի հիման վրա նշանակումներ կատարվում են միայն գլխավոր և առաջատար խմբի պաշտոններում:

2. Հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար խմբի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հատուկ քննչական ծառայության պետը նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

3. Թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելու մասին տրվում է հայտարարություն մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Մրցույթի հայտարարության ձևը հաստատում է հատուկ քննչական ծառայության պետը:

4. Մրցութային հանձնաժողովն անձին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները:

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է մրցութային հանձնաժողովի կողմից հարցազրույցի ձևով` մասնակցի գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

7. Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

8. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր հավաքել են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման օրը:

10. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մասնակիցը` իր արդյունքների մասով, կամ մրցութային հանձնաժողովի անդամը մեկ ժամվա ընթացքում այդ արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հատուկ քննչական ծառայության պետին:

11. Մրցույթի արդյունքների հրապարակումից մեկ ժամ հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում հատուկ քննչական ծառայության պետին, որը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

12. Եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:

13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմողները չեն բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում և անցկացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

14. Մրցութային հանձնաժողովը կազմավորում է հատուկ քննչական ծառայության պետը, իսկ դրա աշխատակարգը հաստատում է Կառավարությունը: Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է 7 անդամից, որոնցից 3-ը իրավաբան-գիտնականներ են, իսկ 4-ը` պետական ծառայողներ:

15. Մրցութային հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որին հանձնաժողովի անդամների թվից նշանակում է հատուկ քննչական ծառայության պետը:

(8-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը

 

1. Հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում է Կառավարությունը` վարչապետի ներկայացմամբ` վեց տարի ժամկետով:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում:

3. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը` անկախ վերանշանակման հանգամանքից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներին հատուկ քննչական ծառայության պետի ներկայացմամբ նշանակում է վարչապետը:

5. Հատուկ քննչական ծառայության մյուս պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հատուկ քննչական ծառայության պետը:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.05.14 ՀՕ-31-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 10. Հատուկ քննչական ծառայության ծառայողի երդումը

 

1. Հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք հատուկ քննչական ծառայության պետի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), հատուկ քննչական ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ`

հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողը երդում տալիս է մեկ անգամ` անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Հատուկ քննչական ծառայության ծառայողը ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

 

Հոդված 11. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հատուկ քննչական ծառայության ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

(11-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 12. Հատուկ քննչական ծառայության ծառայողին ծառայությունից ազատելը

 

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողը ծառայությունից ազատվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) հաստիքների կրճատման, հատուկ քննչական ծառայության լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հատուկ քննչական ծառայության ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

5) հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.

6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

7) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում երկու անգամ նրա նկատմամբ կիրառվել է սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը.

8) սույն օրենքով հատուկ քննչական ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները խախտելու դեպքում.

9) ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքով.

10) հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը.

12) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

13) ատեստավորման արդյունքների հիման վրա, եթե համապատասխան թափուր պաշտոնի բացակայության պատճառով ավելի ցածր պաշտոնի նշանակելն անհնարին է.

14) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երկու անգամ չներկայանալու դեպքում:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:

 

Հոդված 13.

Հատուկ քննչական ծառայության ծառայողների դասային աստիճանները

(վերնագիրը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:

2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Հատուկ քննչական ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում է հատուկ քննչական ծառայության պետը:

4. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

5. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հիմքերով ծառայությունից ազատվելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողը կարող է զրկվել հատուկ քննչական ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

(13-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 14.

Հատուկ քննչական ծառայության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

(վերնագիրը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

1. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի:

2. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի:

3. Հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:

4. Հատուկ քննչական ծառայության առաջատար խմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

5. Այլ պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակելիս երեք ամսվա ընթացքում շնորհվում է զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան դասային աստիճան:

6. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:

(14-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 15.

Դասային աստիճանների շնորհման ժամկետները

(վերնագիրը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի: Հատուկ քննչական ծառայությունում մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:

2. Եթե սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է հատուկ քննչական ծառայությունում տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:

3. Հատուկ քննչական ծառայությունում ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 2 տարի.

2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 4 տարի.

5) արդարադատության երկրորդ դասի դասային աստիճան ունեցողի համար` 5 տարի:

5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

7. Հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե`

1) ատեստավորումից հետո նրա նկատմամբ որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու և վերապատրաստման գործուղելու մասին.

2) նա ունի կարգապահական տույժ.

3) նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում կամ կատարվում է ծառայողական քննություն:

8. Հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանը շնորհվում է սույն հոդվածի 7-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:

(15-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Հոդված 16. Հատուկ քննչական ծառայության ծառայողների գործունեության նկատմամբ վերահսկողությունը և լիազորությունները

 

1. Հատուկ քննչական ծառայության պետը սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպում, վերահսկում և ղեկավարում է հատուկ քննչական ծառայության ծառայողների գործունեությունը:

2. Հատուկ քննչական ծառայության պետը`

1) ղեկավարում և վերահսկողություն է իրականացնում հատուկ քննչական ծառայության ծառայողների գործունեության նկատմամբ.

2) ընդունում է հատուկ քննչական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված որոշումներ, տալիս է հրամաններ, հանձնարարականներ և ցուցումներ.

3) նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, փոխում է ծառայողական քննություն կատարողին.

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում կարող է ժամանակավորապես դադարեցնել ծառայողի լիազորությունները.

5) հաստատում է հատուկ քննչական ծառայության կառուցվածքը, հաստիքացուցակը և կանոնադրությունը.

6) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-312-Ն)

7) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, քննում է հատուկ քննչական ծառայության ծառայողների դեմ բերված բողոքները և դիմումները.

8) կազմակերպում է հատուկ քննչական ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.

9) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է հատուկ քննչական ծառայության դեպոզիտ հաշվի միջոցները.

10) կազմակերպում է հատուկ քննչական ծառայության ծառայողների մասնագիտական և հատուկ ուսուցումը.

11) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հատուկ քննչական ծառայության ծառայողներին.

12) առաջարկություններ է ներկայացնում հատուկ քննչական ծառայության կազմավորման ու գործունեության մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

13) ապահովում է հատուկ քննչական ծառայության համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ.

14) իրականացնում է օրենքներով ու իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

3. Հատուկ քննչական ծառայության պետը պատասխանատվություն է կրում հատուկ քննչական ծառայության գործունեության համար:

4. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը փոխարինում է հատուկ քննչական ծառայության պետին վերջինիս բացակայության ժամանակահատվածում, ինչպես նաև պետի հանձնարարությամբ ապահովում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունների իրականացումը:

5. Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները ծառայության պետի հանձնարարությամբ կազմակերպում և իրականացնում են նախաքննություն առանձնակի բարդություն ունեցող գործերով:

6. Հատուկ քննչական ծառայության վարչության պետը ղեկավարում է վարչության աշխատանքները: Հատուկ քննչական ծառայության վարչության պետը կարող է ունենալ տեղակալներ, որոնք փոխարինում են հատուկ քննչական ծառայության վարչության պետին վերջինիս բացակայության ժամանակահատվածում, ինչպես նաև վարչության պետի հանձնարարությամբ ապահովում են նրա լիազորությունների իրականացումը:

(16-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 17. Հատուկ քննչական ծառայության գործունեության իրավական երաշխիքները

 

1. Հատուկ քննչական ծառայությունն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին:

2. (մասն ուժը կորցրել է 19.05.14 ՀՕ-31-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-83-Ն)

(17-րդ հոդվածը փոփ. 20.05.10 ՀՕ-83-Ն, լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 18. Հատուկ քննչական ծառայության ծառայողի իրավունքները

 

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողն իրավունք ունի՝

1) ծանոթանալու զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) ծանոթանալու անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերին, ներկայացնելու բացատրություններ.

3) ստանալու ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

4) իր իրավասության սահմաններում ընդունելու որոշումներ.

5) ստանալու ծառայության համար համարժեք վարձատրություն.

6) ունենալու սոցիալական պաշտպանություն և ապահովություն.

7) օգտվելու իրավական պաշտպանությունից.

8) դասային աստիճանի սահմանված կարգով բարձրացման.

9) բողոքարկելու ատեստավորման և ծառայողական քննության արդյունքները.

10) ներկայացնելու առաջարկություններ ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողը կարող է ունենալ սույն օրենքով և իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

(18-րդ հոդվածը փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-176-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 19. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պարտականությունները

 

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պարտականություններն են՝

1) Սահմանադրության, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և գործնական անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) աշխատանքային կարգապահությունը պահպանելը.

4) հաշվետվություն ներկայացնելը.

5) սահմանված կարգով տրված հանձնարարականները, հրամանները, ցուցումները և ընդունված որոշումները կատարելը.

6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) օրենսդրությամբ սահմանված կարգով եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:

2. Ծառայողի համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:

(19-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 20.

Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.

5) արտահերթ դասային աստիճանի շնորհում.

6) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում.

7) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ, որպես խրախուսանք, կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցներ հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել մեկ անգամ:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսման միջոցները հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը, բացառությամբ սույն հոդվածի 5-6-րդ մասերով նախատեսված դեպքերի:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքի միջոցը հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառում է հատուկ քննչական ծառայության պետը:

6. Եթե արտահերթ շնորհվող դասային աստիճանը կամ օրենքով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր շնորհվող դասային աստիճանը բարձրագույն դասային աստիճան է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հանրապետության նախագահը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած մարմինը կամ պաշտոնատար անձը:

8. Հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է հատուկ քննչական ծառայության պետը:

(20-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 21.  Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) զգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ չի կիրառվում:

4. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-312-Ն)

(21-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 22.  Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը

 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:

2. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին հատուկ քննչական ծառայության ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, հատուկ քննչական ծառայության ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված:

Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:

5. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

6. Ծառայողական քննության ժամանակահատվածում հատուկ քննչական ծառայության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ դեպքում ծառայողի վարձատրությունը պահպանվում է:

7. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել մինչև քրեական հետապնդման դադարեցումը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

 

Հոդված 23. Հատուկ քննչական ծառայության ծառայողի ատեստավորման կարգն ու պայմանները

 

1. Հատուկ քննչական ծառայության յուրաքանչյուր ծառայող 3 տարին մեկ ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Ատեստավորումն անցկացվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի անմիջական մասնակցությամբ:

3. Ատեստավորման ենթակա չեն՝

1) հատուկ քննչական ծառայության պետը, նրա տեղակալը.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող հատուկ քննչական ծառայության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հատուկ քննչական ծառայության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

4. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հատուկ քննչական ծառայության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

5. Հատուկ քննչական ծառայության` ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության ներկայանալուց հետո՝ երկամսյա ժամկետում:

6. Հատուկ քննչական ծառայության` ատեստավորման ենթակա ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

7. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ծառայողի անմիջական ղեկավարը ներկայացնում է հատուկ քննչական ծառայության ծառայողի ծառայողական բնութագիրը:

8. Ծառայողական բնութագիրը պետք է պարունակի տվյալներ հատուկ քննչական ծառայության ծառայողի, նրա գործնական, անձնական հատկանիշների մասին, ինչպես նաև ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատագիրը, որը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հատուկ քննչական ծառայության ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվության հիման վրա վերջինիս կազմած եզրակացության վրա:

9. Ծառայողն ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

10. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հատուկ քննչական ծառայության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

11. Ատեստավորման հանձնաժողովի գործառույթներն իրականացնում է սույն օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովը:

12. Ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

3) կարող է ներկայացվել խրախուսման.

4) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել հատուկ քննչական ծառայության ծառայողին գործուղելու վերապատրաստման.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

13. Ատեստավորման հանձնաժողովը ատեստավորման օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ատեստավորման արդյունքները և կայացրած որոշումները ներկայացնում է հատուկ քննչական ծառայության պետին, որը տասնօրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում:

14. Ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին ու հանձնաժողովի կայացրած որոշմանը և դրանք 7 օրվա ընթացքում բողոքարկելու հատուկ քննչական ծառայության պետին:

15. Ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա` ծառայության ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

16. Ատեստավորման արդյունքները պահվում են հատուկ քննչական ծառայության ծառայողի անձնական գործում:

 

Հոդված 24. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը

 

1. Հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները առնվազն 3 տարին մեկ ենթակա են պարտադիր վերապատրաստման:

2. Պարտադիր վերապատրաստման ժամկետը կարող է տևել մինչև 1 ամիս:

3. Ատեստավորումը հետաձգելու և հատուկ քննչական ծառայության ծառայողին վերապատրաստման գործուղելու դեպքում ծառայողն անցնում է եռամսյա վերապատրաստում:

4. Հատուկ ուսուցում անցնելուց հետո հատուկ քննչական ծառայության ծառայողներն իրավունք են ստանում սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու հրազեն ու օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:

5. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրան համապատասխան ընդունված հատուկ քննչական ծառայության պետի որոշումներով:

(24-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 25. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը

 

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-176-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-176-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-176-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-176-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-176-Ն)

(25-րդ հոդվածը խմբ. 13.11.12 ՀՕ-195-Ն, փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, խմբ., փոփ. 12.12.13 ՀՕ-176-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 26. Հատուկ քննչական ծառայության ծառայողի արձակուրդը

 

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ, և լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանում է Կառավարությունը:

(26-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 27. Հատուկ քննչական ծառայության ծառայողի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը

 

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի կենսաթոշակային ապահովությունը, պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու կամ զոհվելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունը իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած կարգով։

(27-րդ հոդվածը լրաց. 12.12.13 ՀՕ-201-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-198-Ն)

 

Հոդված 28. Հատուկ քննչական ծառայության ծառայողի գործունեության այլ սոցիալական երաշխիքները

 

Հատուկ քննչական ծառայության ծառայողներին երաշխավորվում են նաև`

1) ծառայության համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) ծառայողական պարտականությունները կատարելիս նրանց և ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասի հատուցում պետության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) (կետն ուժը կորցրել է 11.06.14 ՀՕ-65-Ն)

(28-րդ հոդվածը փոփ. 11.06.14 ՀՕ-65-Ն)

 

Հոդված 29. Հատուկ քննչական ծառայության ծառայողի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

 

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Հատուկ քննչական ծառայության ծառայողներին ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Կառավարության լիազորած մարմինը:

2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու և կրելու կարգը սահմանվում է հատուկ քննչական ծառայության պետի հրամանով։

3. (մասն ուժը կորցրել է 19.05.14 ՀՕ-31-Ն)

4. Հատուկ քննչական ծառայության ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում ծառայողի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` հատուկ քննչական ծառայության ծառայողի, նրա ընտանիքի անդամների, զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

(29-րդ հոդվածը փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 30. Հատուկ քննչական ծառայության ծառայողի համազգեստը, վկայականը և կնիքը

(վերնագիրը խմբ. 30.04.13 ՀՕ-24-Ն)

 

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ: Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին տրվում են հատուկ քննչական ծառայության պետի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ հատուկ քննչական ծառայությունում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:

(30-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-24-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Հոդված 31. Հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումը և նյութատեխնիկական ապահովումը

 

1. Հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում:

2. Հատուկ քննչական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

3. Հատուկ քննչական ծառայության արդյունավետ գործունեության ապահովման, աշխատակիցների նպատակային խրախուսման, չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեով նախատեսվում է հատուկ քննչական ծառայության պահուստային ֆոնդ` տվյալ տարվա պետական բյուջեով հատուկ քննչական ծառայության պահպանման ծախսերի երկու տոկոսի չափով։

4. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են հատուկ քննչական ծառայության պետի որոշման հիման վրա։

(31-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-31-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Հոդված 32.

Քաղաքացիական ծառայությունը և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

1. Հատուկ քննչական ծառայությունում աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող անձինք քաղաքացիական ծառայողներ են:

2. Հատուկ քննչական ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

(32-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-312-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 33. Հատուկ քննչական ծառայության ծառայողների առաջին ատեստավորումը

 

Հատուկ քննչական ծառայության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

 

Հոդված 34. Նախկինում շնորհված կոչումները, ծառայության և աշխատանքի ժամկետները

 

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին այլ պետական մարմիններում նախկինում շնորհված կոչումները և կոչումները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:

2. Պաշտոնի նշանակվելիս հատուկ քննչական ծառայության` տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի կոչումներ ունեցող անձանց համապատասխանեցված կոչումները պահպանվում են:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից քննիչի կամ դատախազի պաշտոն զբաղեցրած անձանց վրա չեն տարածվում 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

(34-րդ հոդվածը փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 35. Հատուկ քննչական ծառայությունում պետական ծառայության իրականացման կարգը

 

1. Հատուկ քննչական ծառայության աշխատակազմը ձևավորվում է մինչև 2008 թվականի ապրիլի 1-ը:

2. Մինչև հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ձևավորումը հատուկ քննչական ծառայությունում աշխատակազմի գործառույթներն իրականացվում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի համապատասխան առանձնացված ստորաբաժանման միջոցով: Այդ ստորաբաժանման ծառայողները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում` «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությանը համապատասխան:

3. Մինչև մրցութային հանձնաժողովի կազմավորումը և աշխատակարգի հաստատումը հատուկ քննչական ծառայության ծառայողները նշանակվում են հատուկ քննչական ծառայության պետի կողմից և սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ժամկետում անցնում ատեստավորում:

 

Հոդված 36. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2007 թ. նոյեմբերի 30

Երևան

ՀՕ-255-Ն