ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության բնագավառին առնչվող հարաբերությունները և զբոսաշրջային գործունեության բնագավառում ծագող այն հարաբերությունները, որոնք ի հայտ են գալիս քաղաքացիների հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման գործընթացում:
Հոդված 2. | Օրենքի հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
զբոսաշրջություն` ճանաչողական, հանգստի, առողջարարական, մարզական, կրոնական, ազգականներին այցելության, մասնագիտական, գործնական և այլ նպատակներով բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեություն.
այցելու` իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացի, որի ճանապարհորդության հիմնական նպատակը ժամանման վայրում (երկրում) վճարովի աշխատանքային գործունեությունը չէ, և որը ժամանման վայրում (երկրում) չի վարձատրվում իր հիմնական աշխատանքային գործունեության դիմաց.
զբոսաշրջիկ` այցելու, որը ճանապարհորդություն իրականացնելիս ժամանման վայրում (երկրում) անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց.
ներքին զբոսաշրջություն` որևէ երկրում բնակվող քաղաքացիների ճանապարհորդությունն իրենց երկրի սահմաններում.
արտագնա զբոսաշրջություն` որևէ երկրում բնակվող քաղաքացիների ճանապարհորդությունը մեկ այլ երկիր.
ներգնա զբոսաշրջություն` քաղաքացիների ճանապարհորդությունը որևէ երկիր, որը նրանց բնակության վայրը չէ.
զբոսաշրջային գործունեություն` իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից զբոսաշրջային ծառայություններ մատուցելու գործունեություն.
զբոսաշրջային ծառայություններ` զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման և այլ ծառայություններ.
զբոսաշրջային գործունեության սուբյեկտ` զբոսաշրջային օպերատոր և զբոսաշրջային գործակալ.
զբոսաշրջային օպերատոր` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ.
զբոսաշրջային գործակալ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ.
զբոսաշրջային արդյունք` զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիր.
զբոսաշրջային միջոցառում` զբոսաշրջային արդյունք, որը բաղկացած է մեկ ծրագրում համակցված առնվազն երկու զբոսաշրջային ծառայությունից, տրամադրվում է միասնական սակագնով և մատուցվում է առնվազն 24 ժամից ոչ պակաս ժամանակահատվածում կամ ընդգրկում է առնվազն մեկ գիշերակաց.
տուր` զբոսաշրջային միջոցառում, որ նախատեսում է զբոսաշրջիկների կացության վայրի փոփոխություն.
զբոսաշրջային փաթեթ` զբոսաշրջային ծառայությունների համալիր, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ` կապված տրանսպորտային (և դրա հետ առնչվող), հյուրանոցային (և դրա հետ առնչվող) ծառայությունների հետ, ինչպես նաև այն ծառայությունների հետ, որոնք կապված չեն տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների հետ և զբոսաշրջային արդյունքի էական մասն են կազմում: Զբոսաշրջային փաթեթով մատուցված ծառայության տևողությունը պետք է գերազանցի 24 ժամը կամ ներառի առնվազն մեկ գիշերակաց.
զբոսաշրջային խումբ` զբոսաշրջիկներից բաղկացած խումբ, որի անդամները ճանապարհորդում են միասին, նույն երթուղով և նույն սպասարկման պայմաններով.
զբոսաշրջային խմբի ղեկավար` զբոսաշրջիկներին ուղեկցող, զբոսաշրջային ծառայությունների պայմանագրի պայմանների կատարումն ապահովող անձ, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ներկայացուցիչն է և հանդես է գալիս նրա անունից.
զբոսավար` զբոսաշրջիկներին վճարովի էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.
ուղեկցորդ` զբոսաշրջիկներին վճարովի կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.
զբոսաշրջային տարածաշրջան և (կամ) կենտրոն` առաջնահերթ զարգացման ենթակա բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող տարածք, որի սահմանները և կարգավիճակը որոշում ու հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
զբոսաշրջային ռեսուրսներ` զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական և այլ ռեսուրսներ.
զբոսաշրջային երթուղի` զբոսաշրջային ծառայությունների համալիրով (ամրագրում, տեղավորում, կերակրում, հանգստի կազմակերպում, տրանսպորտ, էքսկուրսիա և այլն) ապահովված, որոշակի երթուղով և կոնկրետ ժամկետներով զբոսաշրջային ճանապարհորդություն (ուղևորություն).
զբոսաշրջային օբյեկտ` զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտ.
քաղաքացի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա պետությունների քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ:
(2-րդ հոդվածը խմբ., լրաց. 08.06.04 ՀՕ-91-Ն)
Հոդված 3. | Զբոսաշրջային գործունեության իրավական կարգավորումը |
1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4.
Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները
Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
1) ճանաչել զբոսաշրջությունը` որպես տնտեսության գերակա ճյուղ.
2) աջակցել զբոսաշրջային գործունեությանը և դրա առաջնային ուղղությունների զարգացման համար ստեղծել բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմաններ.
3) սահմանել զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունները.
4) իրականացնել Հայաստանի Հանրապետության` որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորումը.
5) ստեղծել պայմաններ զբոսաշրջիկների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար.
6) իրականացնել զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը.
7) աջակցել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով ստեղծված հասարակական միավորումներին:
Հոդված 5. | Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակները, գերակա ուղղությունները և միջոցները |
1. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են`
1) քաղաքացիների զբոսաշրջության ընթացքում ծագած իրավունքների ապահովումը.
2) զբոսաշրջային այնպիսի համակարգի ստեղծումը, որը բավարարում է ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների պահանջմունքները, նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետության և նրա քաղաքացիների եկամուտների ավելացմանը, միջազգային կապերի զարգացմանը, զբոսաշրջային գրավչություն ունեցող ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանմանը, պատմամշակութային ժառանգության և բնության ռացիոնալ օգտագործմանը.
3) Հայաստանում առաջնային զարգացման ենթակա բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսներով հարուստ զբոսաշրջային տարածաշրջանների և (կամ) կենտրոնների զարգացման ապահովումը:
2. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության գերակա ուղղություններն են ներգնա և ներքին զբոսաշրջության զարգացումն ու աջակցումը:
3. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է`
1) զբոսաշրջիկների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովելու միջոցառումների իրականացման,
2) զբոսաշրջային համակարգում լիցենզավորման, որակի համակարգի ներդրման, ստանդարտացման,
3) զբոսաշրջության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտքի և ելքի կանոնների սահմանման,
4) ձևավորված զբոսաշրջային արդյունքը ներքին և արտաքին զբոսաշրջային շուկաներում ներկայացնելու գործին աջակցման,
5) զբոսաշրջության բնագավառում պետական նպատակային ծրագրերի մշակման և իրականացման նպատակով ֆինանսավորման,
6) զբոսաշրջային համակարգում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման,
7) զբոսաշրջային համակարգի կադրային ապահովման,
8) հարկային և մաքսային քաղաքականության,
9) զբոսաշրջային համակարգի գիտական հետազոտությունների զարգացման,
10) միջազգային զբոսաշրջային միջոցառումներին հայրենական զբոսաշրջային համակարգի տնտեսավարող սուբյեկտների և զբոսաշրջիկների մասնակցության աջակցման և համապատասխան ներկայացուցչական ենթակառուցվածքների ձևավորման,
11) միջազգային զբոսաշրջության և դրան հարակից ոլորտների վերաբերյալ տեղեկատվության ստացման ու հրապարակման, ինչպես նաև խորհրդատվության տրամադրման և այլ միջոցներով:
Հոդված 6. | Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) մշակում և իրականացնում է զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրերն ու ուղղությունները.
2) սահմանում է հյուրանոցային ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները.
3) սահմանում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերն ու որակավորման ընթացակարգը.
4) սահմանում է զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ և երթուղիներ, որոշում է ընդգրկել դրանք Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային զարգացման ծրագրերում.
5) իր իրավասության սահմաններում կնքում է զբոսաշրջության բնագավառում միջազգային պայմանագրեր.
6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 7. | Զբոսաշրջության կոմիտեն |
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-295-Ն)
1. Զբոսաշրջության ոլորտի քաղաքականությունն իրականացնում է Զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:
3. Կոմիտեն`
1) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական և սոցիալական բազայի զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ.
2) համագործակցում է նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հետ Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման, զբոսաշրջային ուղևորությունների կազմակերպման, տեղեկատվական բազայի ձևավորման, զարգացման ծրագրերի մշակման և մարքեթինգի իրականացման ուղղություններում, վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը.
3) նպաստում է զբոսաշրջային գործունեության վերաբերյալ տեղեկատվական, գովազդային և հրատարակչական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը.
4) համապատասխան նախարարին առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ, երթուղիներ և օբյեկտներ սահմանելու և դրանք Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային զարգացման ծրագրերում ներառելու վերաբերյալ.
5) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը.
6) տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում դրանց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների և օբյեկտների վերանորոգման, բարեկարգման և պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ.
7) աջակցում է զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և նրանց որակավորման բարձրացմանը, զբոսաշրջության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը.
8) այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնում է Կառավարությունը, մասնակցում է զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերին.
9) մասնակցում է զբոսաշրջության ոլորտի ռազմավարության, զարգացման պետական ծրագրերի մշակմանը, ապահովում դրանց իրականացումը և մշտադիտարկումը.
10) վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը (ռեգիստրը).
11) իրականացնում է զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման համար անհրաժեշտ հետազոտություններ և վերլուծություններ.
12) մշակում և համապատասխան նախարարության միջոցով իրավասու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության զարգացման հետ կապված նրանց իրավասությունների վերաբերյալ.
13) իրականացնում է սոցիալական փաթեթում ներառված հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների հաշվառման գործընթացը.
14) ներկայացնում է զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության վերաբերյալ առաջարկություններ, ապահովում զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցությունը, ներկայացնում է զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը միջազգային համագործակցության շրջանակներում.
15) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը.
16) մշակում և իրականացնում է ներքին շուկայում ոլորտի կազմակերպությունների ու դրանց միությունների հետ համատեղ ծրագրեր.
17) համագործակցում է պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում.
18) համակարգում է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող` զբոսաշրջությանն առնչվող աջակցության ծրագրերը կամ ծրագրերի այն մասերը, որոնք պարունակում են զբոսաշրջության բաղադրիչ, ինչպես նաև վերահսկում է դրանց կատարման ընթացքը.
19) ապահովում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության՝ որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորումն ու ամրապնդումը.
20) իրականացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության ու հայկական զբոսաշրջային արդյունքի (այդ թվում՝ նաև գովազդատեղեկատվական նյութերի) պատշաճ ներկայացումը` խթանելով այն միջազգային միջոցառումներին (այդ թվում՝ մասնագիտացված ցուցահանդեսներին) մասնակցության, մամուլի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային մարքեթինգի և հասարակության հետ կապերի այլ միջոցներով.
21) իրականացնում է մարքեթինգային (այդ թվում՝ արտաքին շուկաների) ուսումնասիրություններ, վերլուծություններ և շահագրգիռ կողմերին ապահովում անհրաժեշտ տեղեկատվությամբ.
22) իրականացնում և համակարգում է զբոսաշրջության ոլորտի զարգացման աշխատանքները.
23) աջակցում և մասնակցում է գործարար միջավայրի, ներդրումների, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն ու վարչարարական խոչընդոտների վերացման միջոցառումների մշակմանը.
24) մասնակցում է ներդրումային, արդյունաբերական, զբոսաշրջության և արտահանման խթանման ծրագրերի մշակմանը և իրականացնում է դրանք.
25) մշակում և իրականացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության` որպես զբոսաշրջային երկրի և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման և խթանման ծրագրեր.
26) ձևավորում և վարում է զբոսաշրջային տեղեկատվական բազան.
27) շահառուներին է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն.
28) համակարգում է պետական աջակցությամբ գործող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները և ապահովում դրանց գործունեությունը.
29) սահմանված կարգով ներկայացնում է զբոսաշրջության օրենսդրական դաշտի կիրառման պրակտիկայի ընդհանրացման, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.
30) ուսումնասիրում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրականացման համաշխարհային առաջավոր փորձը, ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև իրականացնում է միջոցառումներ՝ դրանք Հայաստանի Հանրապետությունում կիրառելու համար.
31) ուսումնասիրում և վերլուծում է զբոսաշրջային արտաքին շուկաների մասին տեղեկատվությունը և այն տրամադրում է շահառուներին.
32) աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից զբոսաշրջության ոլորտում կնքված պայմանագրերի և համաձայնագրերի իրականացմանը:
(7-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-295-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Հոդված 8. | Հյուրանոցային ծառայությունները |
1. Հյուրանոցային ծառայություններն են տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կեցության հետ կապված այլ վճարովի ծառայություններ: Նվազագույն հյուրանոցային ծառայություններն են հետևյալ ամենօրյա ծառայությունները. անկողնու հարդարում, հաճախորդներին տրամադրված կացարանի և սանհանգույցի մաքրում:
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներն են հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները:
Հոդված 9. | Հյուրանոցային տնտեսության օբյեկտները |
1. Հյուրանոցները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն 10 սենյակ, որոնցից առնվազն 5-ը` մեկ կամ երկտեղանոց համարներով:
2. Մոթելները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որոնք գտնվում են ճանապարհների հարևանությամբ, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն 10 սենյակ, որոնցից առնվազն 5-ը` մեկ կամ երկտեղանոց համարներով: Մոթելներում մատուցվում են նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ:
3. Հյուրանոցատիպ հանգրվանները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում և ունեն առնվազն 5 սենյակ:
4. Առողջարանները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, մատուցվում է նաև հատուկ կարգի սպասարկում, այդ թվում` առողջարանային, բուժական և վերականգնողական:
5. Հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ շինության կամ դրան հարակից տարածքներում որոշակի մասնագիտական գործունեություն (հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, սկաուտական, մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման, ալպինիստական և այլն) վարող անձանց:
6. Պանսիոնները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, ի լրումն նվազագույն հյուրանոցային ծառայությունների, օրական առնվազն 3 անգամ կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ:
7. Զբոսաշրջային բնակատեղիները (համալիրները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են զբոսաշրջիկների կացության հետ կապված ծառայություններ, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ, և որոնք ունեն գիշերելու համար առնվազն 20 ննջատեղ:
8. Մանկապատանեկան բնակատեղիները (համալիրները) այն զբոսաշրջային բնակատեղիներն են, որոնք նախատեսված են դպրոցահասակ զբոսաշրջիկների համար:
9. Ճամբարային բնակատեղիները (համալիրները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են վրաններով գիշերակացի, սննդի պատրաստման և տրանսպորտի կայանման ծառայություններ:
10. Զբոսաշրջային տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մեկ շենքի կամ բնակարանի տարածքում տրամադրվում է գիշերակացի ծառայություն, ինչպես նաև կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ:
11. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման և ներկայացման նպատակով հյուրանոցային տնտեսության օբյեկտի` սպառողների համար դրսից տեսանելի հատվածում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտը ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով պետք է նշի հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը:
12. Արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտն իր տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայացնելը կամ գովազդելը:
(9-րդ հոդվածը լրաց. 26.02.13 ՀՕ-13-Ն)
Հոդված 10. | Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը |
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացվում է կամավոր սկզբունքով:
3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնում է կոմիտեն` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման կարգերին և ընթացակարգին համապատասխան:
4. Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրվում է վկայական, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմերի և սույն օրենքով սահմանված նվազագույն պահանջները:
6. Հյուրանոցները որակավորվում են հնգաթև աստղերով նշվող մեկից հինգաստղանի և հնգաթև աստղերով ու «Դելյուքս» գրառմամբ նշվող հինգաստղանի «Դելյուքս» որակավորման կարգերով:
7. Մոթելները որակավորվում են հնգաթև աստղերով նշվող մեկից հինգաստղանի որակավորման կարգերով:
8. Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են հնգաթև աստղերով նշվող մեկից չորսաստղանի որակավորման կարգերով:
9. Հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային բնակատեղիները, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են հռոմեական թվանշաններով նշվող երրորդից առաջին կարգի որակավորման կարգերով:
10. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման նպատակով հյուրանոցային տնտեսության օբյեկտի` սպառողների համար դրսից տեսանելի հատվածում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտը ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում ներկայացնելիս պետք է օգտագործի որակավորման կարգի նշանը, եթե հյուրանոցային տնտեսության օբյեկտը սահմանված կարգով ունի համապատասխան որակավորման կարգ:
11. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգի նշանների օգտագործման ձևերն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
12. Արգելվում է որակավորման կարգի նշան օգտագործել այն հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չունի օգտագործվող նշանին համապատասխանող որակավորման կարգ:
13. Արգելվում է սույն օրենքով նախատեսված որակավորման կարգի նշաններին մոլորեցնելու աստիճանի նման նշաններ օգտագործելը հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով:
(10-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.06.04 ՀՕ-91-Ն, խմբ. 26.02.13 ՀՕ-13-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-295-Ն)
Հոդված 11. | Հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ պահանջները |
1. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդների համար տեսանելի տեղերում տեղադրել հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն.
1) հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանման և որակավորման կարգի (եթե առկա է) մասին տեղեկատվություն.
2) մատուցվող ծառայությունների ցանկը և կացությանն առնչվող հիմնական ծառայությունների գնացուցակը (գիշերակացը և, եթե առկա է, սննդի համալիր ապահովումը).
3) հաշմանդամներին ծառայություններ մատուցելու հնարավորությունը հավաստող տեղեկատվություն:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում նշված տեղեկատվությունը պետք է տեսանելի լինի նաև դրսից:
3. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հաճախորդի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար պետք է հաստատի և կիրառության մեջ դնի ներքին կանոնակարգ:
4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտին վերաբերող համապատասխան անվանման և որակավորման կարգի պահանջների սահմանումները, ինչպես նաև ծառայությունների ամբողջական գնացուցակը պետք է մատչելի լինեն հաճախորդին և տրամադրվեն առաջին իսկ պահանջով:
Հոդված 12. | Հյուրանոցային գործունեության տեսակների լիցենզավորումը |
(հոդվածն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-241-Ն)
Հոդված 13. | Զբոսաշրջային օպերատորը և գործակալը |
1. Զբոսաշրջային օպերատորի գործունեություն են իրականացնում այն անձինք, ովքեր ձևավորում և իրացնում են`
1) տուրեր և կեցության կազմակերպման ծառայություններ.
2) տուրերի և կեցության կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայություններ, մասնավորապես` փոխադրման պայմանագրերի կամ տոմսերի իրացման, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղերի ամրագրման, ինչպես նաև զբոսաշրջիկների տեղաբաշխման և սննդի կազմակերպման ու մատուցման ծառայություններ.
3) զբոսաշրջիկների հանգստի և ճանաչողական նպատակներով, մասնավորապես` թանգարաններ, հուշարձաններ և այլ զբոսաշրջային օբյեկտներ այցելությունների կազմակերպված ծառայություններ.
4) զբոսաշրջային փաթեթներ.
5) կոնգրեսներ, համաժողովներ և նմանատիպ այլ միջոցառումներ կազմակերպելիս և անցկացնելիս 1-3-րդ կետերում ընդգրկված ծառայություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր`
1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված գործունեությունն իրականացնելիս մատուցում են իրենց իսկ արտադրած արդյունքը.
2) զբաղվում են վերգետնյա ուղևորափոխադրումների իրացմամբ և օգտվում են մեկ կամ մի քանի ուղևորատար տրանսպորտային փոխադրողների միջնորդավորված ծառայություններից.
3) սույն հոդվածի 1-ին մասում ընդգրկված ծառայություններից կատարում են միայն օդային փոխադրումներ և դրանց հետ կապված իր կողմից կամ այլ փոխադրողների կողմից լրացուցիչ տրանսպորտային ուղևորափոխադրումներ.
4) սույն հոդվածի 1-ին մասում ընդգրկված ծառայություններից կատարում են միայն երկաթուղային փոխադրումներ և դրանց հետ կապված իր կողմից կամ այլ փոխադրողների կողմից լրացուցիչ տրանսպորտային ուղևորափոխադրումներ:
3. Զբոսաշրջային գործակալի գործունեությունը զբոսաշրջային արդյունքի միջնորդավորված իրացման գործունեություն է և ընդգրկում է սույն հոդվածում շարադրված զբոսաշրջային օպերատորի գործունեության արդյունքում ձևավորած արդյունքի, այդ թվում` զբոսաշրջային փաթեթների իրացումը:
(13-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.06.04 ՀՕ-91-Ն)
Հոդված 14. | Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների նկատմամբ պահանջները |
1. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող անձի նկատմամբ պահանջն է գրասենյակային տարածքի առկայությունը` սեփականության կամ օգտագործման հիմունքներով:
2. Գրասենյակը պետք է բավարարի հետևյալ պահանջները.
1) զբոսաշրջային օպերատորի անվանումը և գործունեության բնույթը ներկայացնող ցուցատախտակի առկայություն.
2) հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների առկայություն.
3) հաճախորդների համար սպասարկման համապատասխան տեղերի (աթոռ, բազկաթոռ) առկայություն:
Հոդված 15. | Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների պարտավորությունները |
1. Զբոսաշրջային օպերատորի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է գրասենյակում` հաճախորդների համար տեսանելի մասում, տեղադրել հետևյալ տեղեկատվությունը.
1) պետական գրանցման վկայականի պատճենը.
2) սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը.
3) զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի օրինակները.
4) իր կողմից ձևավորված զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութերը.
5) Հայաստանը ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ նյութեր:
2. Զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է գրասենյակում` սպառողներին տեսանելի մասում, տեղադրել հետևյալ տեղեկատվությունը.
1) պետական գրանցման վկայականի պատճենը.
2) սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը.
3) զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի օրինակները.
4) իր կողմից ձևավորված զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութերը.
5) ժամանման երկրները ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ նյութեր.
6) վտանգավոր վարակներով երկրների ցանկը.
7) անձնագրային և վիզային ձևակերպումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր.
8) ժամանման երկրների ազգային սովորույթների, կրոնական ծեսերի, սրբավայրերի, բնության, մշակույթի, պատմության և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ օբյեկտների, հատուկ պահպանվող հուշարձանների, օրենսդրական, կրոնական պահանջների և արգելքների վերաբերյալ այնպիսի տեղեկատվական նյութեր, որոնք անհրաժեշտ են շրջագայության ընթացքում:
3. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-241-Ն)
(15-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-241-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4.
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ, ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. | Զբոսաշրջիկների օրինական շահերի պաշտպանությունը |
1. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային արդյունքը տրամադրվում է սպառողի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր պայմանագրի կնքմամբ:
2. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը մինչև պայմանագիր կնքելը պարտավոր է զբոսաշրջիկին տրամադրել զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ երկրների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.
1) անձնագրային, մուտքի և ելքի պահանջների,
2) ժամանման կամ տարանցիկ երկրներում` վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների և դրանց կանխարգելման, ինչպես նաև առողջության հետ կապված սահմանափակումների և պահանջների (անհրաժեշտ ներարկումներ և այլն),
3) տրանսպորտային տուրքերի և հատուկ գանձումների,
4) ուղևորային փոխադրումների ընթացքում պահանջվող մաքսային սահմանափակումների,
5) դրամային փոխարժեքի,
6) դժբախտ պատահարների դեպքում, ինչպես նաև առողջության ու կյանքի ապահովագրության հետ կապված պահանջների կամ երաշխավորությունների մասին:
3. Մինչև զբոսաշրջային փաթեթի մատուցումը զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է հաճախորդներին`
1) տեղեկացնել իր այն գործընկերների գտնվելու վայրերը (հասցեները) և հեռախոսահամարները, որոնց զբոսաշրջիկները կարող են դիմել խնդիրներ ծագելու դեպքում.
2) մատուցել տեղեկատվություն մանկական զբոսաշրջային միջոցառումների դեպքում երեխայի կամ պատասխանատու անձի հետ ժամանման վայրում ուղիղ կապ ապահովելու միջոցների մասին.
3) տեղեկացնել ծրագրավորված ճանապարհորդության տևողության, կանգառների և կայանումների տեղերի ու ժամկետների մասին:
4. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտի և զբոսաշրջիկի միջև կնքվող պայմանագրում պարտադիր կարգով նշվում են`
1) զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, ինչպես նաև ստորագրողի անունը, ազգանունը.
2) զբոսաշրջիկի տեղաբաշխման վայրը և (կամ) շրջագայության երթուղին.
3) զբոսաշրջային երթուղու տևողությունը կամ զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամկետները.
4) ուղևորության ընթացքում մատուցվող ծառայությունների տեսակները, որակական ցուցանիշները և ժամկետները, այդ թվում`
- տրանսպորտային միջոցների տեսակը, դասակարգումը, ժամանման և մեկնման նախնական ժամկետները, ժամերը և վայրերը,
- ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը, կարգը,
- սննդի կազմակերպման և մատուցման ծառայության հաճախականությունը, պայմանները,
- տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, երթուղիները և փաթեթի գնի մեջ ներառված այլ ծառայություններ.
5) զբոսաշրջային փաթեթի գինը` բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի և տուրքերի (եթե դրանք ներառված չեն գնի մեջ) մանրամասներով, ինչպես նաև պարզ ձևակերպված այն հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել գնի փոփոխման.
6) վճարման ձևը և պայմանները.
7) զբոսաշրջային ապահովագրության տեսակը և չափը (եթե առկա է):
5. Պայմանագրով որոշված զբոսաշրջային փաթեթի գինը չի կարող փոփոխվել միակողմանիորեն, եթե պայմանագրի մեջ նշված չէ դրա հնարավոր փոփոխման հիմքերի մասին, ընդ որում, գնի աճի դեպքում զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է փաստաթղթերով հիմնավորել այդ աճը, որը կարող է վերաբերել միայն`
1) տրանսպորտային ծախսերին.
2) մաքսային գանձումներին, այն տուրքերին և գանձումներին, որոնք առնչվում են օդանավակայաններին և նավահանգիստներին.
3) տարադրամի փոխարժեքին:
Պայմանագրում նշված գինը չի կարող աճել մեկնման ժամկետին նախորդող 20 օրվա ժամանակահատվածում:
6. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը զբոսաշրջային խմբի ղեկավարին, իսկ նրա բացակայության դեպքում զբոսաշրջիկներին զբոսավարով կամ ուղեկցորդով ապահովելիս զբոսավարին կամ ուղեկցորդին պետք է տրամադրի գրավոր հանձնարարական, որտեղ պետք է նշված լինեն զբոսաշրջային ծառայությունների մատուցման վայրը և տևողությունը, ինչպես նաև զբոսաշրջային միջոցառման անցկացման շրջանակներում լիազորությունները հաստատող փաստաթուղթ:
7. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը արտագնա զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպելիս պետք է ապահովի ժամանման երկրում համընդհանուր օգտագործվող լեզվի իմացությամբ կամ օտարերկրյա գործընկերոջ հետ պայմանագրով համաձայնեցված լեզվի իմացությամբ զբոսավարի առկայությունը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
8. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը ներգնա զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպելիս պետք է ապահովի զբոսաշրջիկների հետ անկաշկանդ շփման համար անհրաժեշտ լեզվի կամ օտարերկրյա գործընկերոջ հետ պայմանագրով համաձայնեցված լեզվի իմացությամբ զբոսավարներ կամ ուղեկցորդներ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
(16-րդ հոդվածը լրաց. 26.02.13 ՀՕ-13-Ն)
Հոդված 17. | Զբոսաշրջիկի իրավունքները |
1. Ժամանակավոր բնակության և տարանցման վայրերում զբոսաշրջիկն իրավունք ունի`
1) ստանալ պայմանագրով և շրջագայության ծրագրով նախատեսված զբոսաշրջային համալիր ծառայությունները.
2) անձնական անվտանգության, կյանքի, առողջության, սպառողի իրավունքների և գույքի պաշտպանության.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան` պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում.
4) իր համար հասկանալի լեզվով զբոսաշրջային գործունեության սուբյեկտից ստանալ լրիվ և օբյեկտիվ տեղեկատվություն` ժամանման երկրի (վայրի)` զբոսաշրջության հետ առնչվող օրենքների և բնակվելու կանոնների, տեղաբնակների սովորույթների, հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության պայմանների, ժամանման կամ տարանցիկ երկրներում վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների և դրանց կանխարգելման, առողջության հետ կապված սահմանափակումների և պահանջների, զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանագրի պայմանների մասին.
5) օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
2. Գրավոր պայմանագրի կամ սույն օրենքով նախատեսված պայմանագրում պարտադիր նշման ենթակա դրույթների բացակայության դեպքում զբոսաշրջության գործունեության սուբյեկտի և սպառողի միջև մատուցվելիք կամ մատուցված զբոսաշրջային ծառայությունների հետ կապված վեճի դեպքում հիմք են ընդունվում սպառողի խելամիտ գրավոր բացատրությունները:
(17-րդ հոդվածը լրաց. 26.02.13 ՀՕ-13-Ն)
Հոդված 18. | Զբոսաշրջիկի պարտականությունները և պատասխանատվությունը |
1. Ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պարտավոր է`
1) պահպանել զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմանները և կանոնները.
2) հարգել ժամանման երկրի (տեղանքի) ավանդույթները, սովորույթները, կրոնական հավատալիքները.
3) չխախտել հասարակական կարգը, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և կատարել ժամանման երկրի տարածքում գործող օրենքների պահանջները:
2. Ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով, այդ թվում` իր ապօրինի գործողությունների հետևանքով առաջացած նյութական վնասի փոխհատուցմամբ:
Հոդված 19. | Օտարերկրյա պետություններում զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները |
Օտարերկրյա պետությունում զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են ժամանման երկրի օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
Հոդված 20. | Պետության պարտավորություններն օտարերկրյա զբոսաշրջիկների և օտարերկրյա պետություններում զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ |
1. Պետությունն ապահովում է օտարերկրյա զբոսաշրջիկների իրավունքները և օրինական շահերը` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
2. Պետությունը պարտավոր է հնարավորինս բոլոր միջոցները ձեռնարկել արտագնա զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու համար:
Գ Լ ՈՒ Խ 5.
ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21. | Զբոսաշրջիկի անվտանգության ապահովման համակարգը |
1. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտները մշակում են միջոցառումներ` իրենց կազմակերպած զբոսաշրջային ճանապարհորդություններին, արշավներին, էքսկուրսիաներին և այլ միջոցառումներին մասնակցող զբոսաշրջիկների անվտանգության ապահովման, վնասվածքների և դժբախտ պատահարների կանխարգելման համար:
2. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտները պարտավոր են պետական համապատասխան մարմիններին անհապաղ տեղյակ պահել զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին:
Գ Լ ՈՒ Խ 6.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 22. | Զբոսաշրջային բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը |
1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ, 12-րդ մասերի, 10-րդ հոդվածի 10-րդ, 12-րդ կամ 13-րդ մասերի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով:
3. Սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված բազային տուրքի հիսնապատիկի չափով:
4. Կոմիտեի որոշմամբ նշանակված տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում յուրաքանչյուր ուշացած օրվա, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար հաշվարկվում է տույժ` գումարի 0,15 տոկոսի չափով:
5. Պատասխանատվության կիրառումը սահմանող վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով:
(22-րդ հոդվածը փոփ. 08.06.04 ՀՕ-91-Ն, խմբ. 26.02.13 ՀՕ-13-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-295-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. | Եզրափակիչ և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը համարվում է անցումային ժամանակաշրջան:
3. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող բոլոր անձինք պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին մինչև անցումային ժամանակաշրջանի ավարտը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ գլխում սահմանված կանոնների, որոնց կատարումը պարտադիր է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից երեք ամիս անց:
4. Անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո սույն օրենքի պահանջների խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքում զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքով սահմանված պատասխանատվության նորմերը:
Հայաստանի Հանրապետության |
|
|