Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-266-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.459
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.03.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.03.2018
Дата вступления в силу
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածից հանել «տեսչական» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16. Կարգավորող մարմինը

 

1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումն իրականացնում է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե):

2. Կոմիտեի անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:»:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17. Կարգավորող մարմնի լիազորությունները

 

1. Սույն օրենքի 15-րդ հոդվածում նշված կարգավորումն իրականացնելու համար կարգավորող մարմինը`

1) մշակում և վարչապետին է ներկայացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի նախագծեր.

2) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, ինչպես նաև անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը, միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզավորումը.

3) օրենքով և միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում կասեցնում կամ դադարեցնում է լիցենզիայի գործողությունը.

4) կատարում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատում, կազմակերպում և անցկացնում է փորձաքննություն.

5) կազմակերպում և անցկացնում է հետազոտություններ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության բարձրացման նպատակով.

6) իրականացնում է շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային և ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում Կառավարության սահմանած կարգով իրականացնում է լրացուցիչ քննություն, ստեղծում է խախտումների մասին տվյալների բանկ.

7) վերահսկողություն է իրականացնում լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության և տրված լիցենզիաների պահանջների կատարման նկատմամբ, իրականացնում է լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպությունների որակի ապահովման ծրագրերի ստուգումը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, անվտանգության նորմերի և կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում խախտումներին վերաբերող նյութերը ներկայացնում է իրավապահ մարմիններ.

9) վերահսկողություն է իրականացնում միջուկային զենքի չտարածման երաշխիքների պահպանման նկատմամբ.

10) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող օրենսդրության պահանջների և տրված լիցենզիաների պայմանների խախտումների հայտնաբերման դեպքում տալիս է լիցենզավորված անձանց կողմից պարտադիր կատարման համար կարգադրագրեր, իսկ մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում` իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր.

11) տարեկան մեկ անգամ Կառավարություն հաշվետվություն է ներկայացնում ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

12) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և լրատվության միջոցներին ըստ անհրաժեշտության տեղեկատվություն է ներկայացնում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

13) իրավունք ունի պետական մարմիններից ու կազմակերպություններից ստանալու անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

14) վերահսկում է լիցենզավորված անձանց պատրաստվածությունը հնարավոր վթարային իրավիճակներին.

15) վթարային իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում գնահատում է իրավիճակը և դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ.

16) կազմակերպում և համակարգում է «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի և այդ պայմանագրի հետ կապված` Հայաստանի Հանրապետության այլ պարտավորությունների կատարումը.

17) իրականացնում է միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների պետական գրանցումը և պետական ռեգիստրի վարումը.

18) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ վերահսկողություն է իրականացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ.

19) համակարգում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային և տարածաշրջանային ծրագրերը.

20) «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիային համապատասխան` իրականացնում է միջուկային վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարում և հանդես է գալիս որպես կապի կենտրոնական մարմին` վթարի դեպքում տեղեկացման հարցերով.

21) համագործակցում է միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների կարգավորող մարմինների հետ` անվտանգության և տեղեկատվության փոխանակման հարցերով.

22) իրականացնում է շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկում (մոնիթորինգ) և վերահսկողություն.

23) իր իրավասության սահմաններում ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության մարմինների հետ համատեղ իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորում:

2. Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքի անհապաղ դադարեցման լիազորությունը վերապահվում է կոմիտեի նախագահին, նախագահի համապատասխան տեղակալին, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչին:»:

 

Հոդված 4. Օրենքի 17.1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) «գ», «դ», «ե», «զ», «է» կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) «տեսչական ստուգումներ» բառերը փոխարինել «ստուգումներ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 31.6-րդ հոդվածում «տեսչական ստուգում» և «տեսչական ստուգումներ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ստուգում» և «ստուգումներ» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-266-Ն