ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի մարտի 31-ին
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրման, նախապատրաստման, մարտական կիրառման կարգը, իրավասությունը և կազմակերպական հիմքերն ու գործունեության սկզբունքները:
(նախաբանը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները մշտական պատրաստության ստորաբաժանումներ են` համալրված փրկարարական ծառայողներով, հատուկ տեխնիկայով, հանդերձանքով, անհատական պաշտպանության միջոցներով, նախատեսված են մարտական գործողությունների ընթացքում կամ այդ գործողությունների հետևանքների վերացման ժամանակ բնակչությանը, կազմակերպություններին պաշտպանելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու համար:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների հատուկ տեխնիկան կրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տարբերանշաններ:
(1-ին հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, փոփ., լրաց. 07.04.16 ՀՕ-39-Ն)
Հոդված 2. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործունեության իրավական հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներն ու իրավական ակտերը:
(2-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Հոդված 3. | ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
ախտահանում` վարակիչ հիվանդությունների հարուցիչների ոչնչացում կամ հեռացում.
հատուկ տեխնիկա` տրանսպորտային, տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, որոնք նախատեսված են քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջոցառումներ իրականացնելու համար.
հատուկ մշակում` պաշտպանական, ինժեներատեխնիկական, կազմակերպական միջոցառումներ` ուղղված տեխնիկայի, սարքավորումների, շինությունների ապաակտիվացմանը, ապագազացմանը և ախտահանմանը.
սանիտարական մշակում` վարակվածության ենթարկված մարդկանց մաշկային ծածկույթների, լորձաթաղանթների մեխանիկական մաքրումը, ինչպես նաև աղետի գոտուց դուրս գալու ժամանակ նրանց հագուստի և կոշիկների վարակազերծումը:
Հոդված 4. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործունեությունն իրականացվում է օրինականության, միանձնյա ղեկավարման, քաղաքացիական պաշտպանության համակարգում ընդգրկված կառավարման մարմինների և կազմակերպությունների հետ համագործակցության, մարդասիրության, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության սկզբունքներով:
(4-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Հոդված 5. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների խնդիրներն են`
1) մարտական գործողությունների ընթացքում կամ դրանց հետևանքների վերացման ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
2) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցությունը.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցությունը.
4) մասնակցությունը տարածքային պաշտպանությանը, այդ թվում` իրենց լիազորությունների շրջանակներում սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության, կապտաժների, կամուրջների և այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը.
5) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
(5-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-39-Ն)
Հոդված 6. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները գործում են քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կազմում:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ղեկավարումն իրականացնում է լիազորված մարմնի ղեկավարը:
(6-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-482-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի Փրկարար ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 7. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ԹՎԱԿԱԶՄԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառուցվածքը և թվակազմը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:
(7-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 27.11.06 ՀՕ-216-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-482-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի Փրկարար ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 8. | ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների սահմաններում աջակցում են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին` նրանց վրա դրված պարտականությունները կատարելու գործում:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման նպատակով հատուկ թռիչքային հանձնարարություններ կատարող, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում միջազգային հումանիտար օգնություն իրականացնող օդանավերի վայրէջքը, կայանումը, լցավորումը, թռիչքի նախապատրաստումը և թռիչքն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձինք, զինվորական պարետները, պետական կառավարման լիազորված մարմինների ավտոտեսչությունների աշխատակիցներն ապահովում են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ծառայողների անարգել արտահերթ տեղափոխումը և երթևեկության անվտանգությունը:
Ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք աջակցում են իրենց կապի միջոցների` քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կողմից առաջնահերթ օգտագործմանը:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների` իրենց վրա դրված պարտականությունների կատարման ժամանակ բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում են լիազորված մարմնի և այլ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող հաստատությունները:
(8-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-482-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի Փրկարար ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից)
Գ Լ ՈՒ Խ 2.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Հոդված 9. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Իրենց գործունեության ընթացքում քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն իրավունք ունեն`
1) փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս անարգել մուտք գործելու կազմակերպությունների տարածքներ, իսկ բացառիկ դեպքերում` նաև քաղաքացիների բնակարաններ, բացելու փակ դռները, պատուհանները, քանդելու ցանկապատերը, շինությունները, եթե դրանց առկայությունը խոչընդոտում է փրկարարական աշխատանքների կատարմանը կամ կարող է առաջացնել ծանր հետևանքներ.
2) ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու անձանց և տրանսպորտային միջոցների շարժը` մարդկանց առողջությունն ու կյանքը պահպանելու նպատակով.
3) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար առաջնահերթ օգտվելու կապի միջոցներից և հաղորդակցության ուղիներից` հետագա համարժեք փոխհատուցմամբ.
4) իրենց տրամադրված հողատարածքներում օրենքով սահմանված կարգով կառուցելու շենքեր, շինություններ, ինժեներատեխնիկական կառույցներ, ուսումնական, նյութատեխնիկական բազայի օբյեկտներ, անցկացնելու կապի գծեր, տեղաբաշխելու և օգտագործելու տեխնիկա.
5) սահմանված կարգով մասնակցելու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և նվազեցման աշխատանքներին.
6) օգտագործելու ցանկացած անհրաժեշտ գույք (անկախ պատկանելությունից) և ծառայողական շներ` փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործելու մարտական զենք.
8) կասեցնելու քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վերացման միջոցառումների իրականացմանը խոչընդոտող անձանց գործունեությունը:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու ժամանակ զենքով, ռազմամթերքով և մարտական տեխնիկայով հանդերձավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար սահմանված կարգով:
(9-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Հոդված 10. | ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ |
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողները հանցագործությունները կանխելիս, իրենց իրավասությունների սահմաններում առաջադրված պահանջներին ցույց տրվող դիմադրությունը հաղթահարելիս իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ, եթե այլ կերպ չեն կարող կատարել իրենց պարտականությունները:
(10-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն)
Հոդված 11. | ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ և ԿՐԵԼԸ |
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողներն իրավունք ունեն անձամբ կամ ստորաբաժանման կազմում զենք գործադրելու`
1) քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների, լիազորված մարմնի այլ անձնակազմի վրա կատարվող հարձակումները հետ մղելիս, եթե իրական վտանգ է սպառնում նրանց կյանքին և առողջությանը.
2) իրենց զենքին տիրելու փորձերը կանխելիս.
3) մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող կատաղած կամ վայրի կենդանիներին վնասազերծելիս.
4) ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում համապատասխան լիազոր մարմինների սահմանած պահանջները վարորդի կողմից չկատարելու դեպքում տրանսպորտային միջոցը սահմանված կարգով կանգնեցնելիս.
5) առանց զգուշացման` սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված խնդիրներն իրականացնելիս:
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում զենք կիրառվում է, եթե «Կանգնի'ր» արձագանքից և օդ կրակելուց հետո կարգազանցները չեն ենթարկվում:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողները պարտականությունները կատարելիս զենք գործադրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին արգելվում է զենք կիրառել հղիության ակնհայտ նշաններով կանանց, հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի):
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին մասնակցելու նպատակով զենքով և հատուկ տեխնիկայով հանդերձավորված քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կողմից զենք կրելը և գործադրելը կարգավորվում են միջազգային պայմանագրերով:
(11-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն, 23.03.18 ՀՕ-235-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-482-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի Փրկարար ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 12. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների պարտականություններն են`
1) փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցելը.
2) ճառագայթային, քիմիական, կենսաբանական վարակվածության տարածքների հետախուզում և սահմանազատում իրականացնելը.
3) ճառագայթային, քիմիական, կենսաբանական վարակվածության օջախներում քաղաքացիական պաշտպանության հատուկ մշակման և սանիտարական մշակման միջոցառումներ իրականացնելը.
4) արտակարգ իրավիճակների հետևանքով և մարտական գործողությունների ընթացքում տուժած բնակչության կենսագործունեությունն ապահովող միջոցառումներ իրականացնելը.
5) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը.
6) աղետի գոտում կամ մարտական գործողություններից տուժած տարածքներում հասարակական կարգի պահպանման մարմիններին (վերականգնման գործողություններին) օժանդակելը.
7) օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության այլ միջոցառումներ կատարելը:
(12-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 27.11.06 ՀՕ-216-Ն)
Հոդված 13. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի անօրինական գործողության հետևանքով քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքին համապատասխան:
(13-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Հոդված 14. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին և փրկարարական աշխատանքներին մասնակցությունը |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-39-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մարտական կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, փրկարարական ծառայության կանոնագրքերով և կանոնադրություններով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների պահակային ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պահակային ծառայությունը սահմանող իրավական ակտերին համապատասխան:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում պահակային ծառայությունը կարող է կազմակերպվել նաև ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների` փրկարարական ծառայության մեջ չգտնվող անձանց միջոցով: Ռազմականացված պահակային ստորաբաժանումներում պահպանությունն իրականացվում է ծառայողական զենքով` քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
(14-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.05.05 ՀՕ-124-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-39-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-482-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի Փրկարար ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից)
Գ Լ ՈՒ Խ 3.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Հոդված 15. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմը բաղկացած է փրկարարական ծառայողներից և քաղաքացիական անձնակազմից:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողներին շնորհվում են փրկարարական կոչումներ` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողները կրում են փրկարարական ծառայության համազգեստ, փրկարարական կոչումներ և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների տարբերանշաններ, ինչպես նաև միջազգային տարբերանշաններ և կրում են մարտական ու ծառայողական զենք:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում փրկարարական ծառայությունն ու քաղաքացիական անձնակազմի գործունեությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական և քաղաքացիական ծառայողներին տրվում է անձն ու կարգավիճակը հաստատող վկայական:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների տարբերանշանների, ծառայողների անձն ու կարգավիճակը հաստատող վկայականների ձևերը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:
(15-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-482-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի Փրկարար ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 16. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրումը փրկարարական ծառայողներով, ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմով ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանցով իրականացվում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում փրկարարական ծառայությունը կազմակերպվում է փրկարարական ծառայության կանոնագրքերով և կանոնադրություններով սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրման վիճակի և որակի, ստորաբաժանումներում փրկարարական ծառայողների տեղաբաշխման, ծառայության կրման ու կազմակերպման պատասխանատվությունը կրում է լիազորված մարմնի ղեկավարը:
(16-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, խմբ., փոփ. 07.04.16 ՀՕ-39-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-482-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի Փրկարար ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 17. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ և ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կադրերի պատրաստումը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումն իրականացվում են լիազորված մարմնի, ուսումնական հաստատություններում և ուսումնական այլ հաստատություններում` «Փրկարար ծառայության մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, ինչպես նաև օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
(17-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-482-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի Փրկարար ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 18. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ փրկարարական ծառայողների ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողները պարտականությունները կատարում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և փրկարարական ծառայության կանոնագրքերով սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների կողմից սույն օրենքով նախատեսված պարտականությունների կատարումը ճառագայթաակտիվ, քիմիական և կենսաբանական միջոցներով վարակված տարածքներում ու աղետի գոտում համարվում է մարտական ծառայություն:
(18-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, փոփ., խմբ. 07.04.16 ՀՕ-39-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4.
փրկարարական ծառայողներԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը փոփ. 07.04.16 ՀՕ-39-Ն)
Հոդված 19. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ փրկարարական ծառայողների և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն)
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վերացման խնդիրները լուծելիս քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողներն իշխանության ներկայացուցիչներ են և գտնվում են պետական պաշտպանության ներքո:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների իրավասության սահմաններում առաջացած օրինական պահանջների կատարումը պարտադիր է պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց համար: Ոչ ոք, բացի օրենքով լիազորված պաշտոնատար անձանցից, իրավունք չունի միջամտելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված գործունեությանը:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, նրանց կողմից առաջադրված պահանջները չկատարելը, այդ պարտականությունները կատարելիս քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության դեմ ոտնձգություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
(19-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն)
Հոդված 20. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ փրկարարական ծառայողների և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության հարցերը կարգավորվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև փրկարարական ծառայողների համար արտոնություններ, երաշխիքներ և փոխհատուցումներ սահմանող` Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:
(20-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Հոդված 21. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ֆինանսական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
(21-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Հոդված 22. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն անհրաժեշտ ռազմական, փրկարարական գույքով և հատուկ տեխնիկայով ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմական, փրկարարական և հատուկ տեխնիկայի վերանորոգումն իրականացվում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումներում և մասնագիտացված այլ կազմակերպություններում:
(22-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-39-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.02.2024, ՀՕ-61-Ն | 14.03.2024, ՀՕ-60-Ն | |
16.01.2024, ՀՕ-36-Ն | 15.02.2024, ՀՕ-60-Ն | |
16.12.2022, ՀՕ-482-Ն | 15.03.2023, ՀՕ-60-Ն | |
23.03.2018, ՀՕ-235-Ն | 30.03.2018, ՀՕ-60-Ն | |
07.04.2016, ՀՕ-39-Ն | 06.05.2016, ՀՕ-60-Ն | |
27.11.2006, ՀՕ-216-Ն | 26.12.2006, ՀՕ-60-Ն | |
26.05.2005, ՀՕ-124-Ն | 30.06.2005, ՀՕ-60-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|