Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-181-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (07.04.2018-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.28/23(1381) Հոդ.374
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.03.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.03.2018
Дата вступления в силу
07.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 29-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հետաքննության մարմինը կամ քննիչը տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ ստուգում է դրանց սարքինությունը: Տեսաձայնագրառումը պետք է իրականացվի քննչական գործողություն սկսելու պահից, առանց ընդհատման, բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ այլ օբյեկտիվ պատճառների առկայության դեպքերի: Տեսաձայնագրառման ընդհատման դեպքում քննչական գործողությունն ընդհատվում է, որի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն, որտեղ նշվում են ընդհատման պատճառների մասին: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրառումը վերսկսելու պահից: Մինչ այդ հետաքննության մարմինը կամ քննիչը միջոցներ է ձեռնարկում քննչական գործողության կատարման վայրը, հետքերը և առարկաները պահպանելու ուղղությամբ: Տեսաձայնագրառման դեպքում ապահովվում են քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և լսելիությունը: Տեսաձայնագրառման նյութերը ենթակա չեն մոնտաժման կամ այլ կերպ փոփոխության:».

2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 81-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընթերական քրեական գործով չշահագրգռված՝ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որ վարույթն իրականացնող մարմնի հրավերով մասնակցում է քննչական գործողության կատարմանը՝ դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար:

Ընթերակա չեն կարող հրավիրվել հետաքննության և նախաքննության մարմինների աշխատակիցներից:»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Միևնույն անձը մեկ ամսվա ընթացքում միևնույն գործով կարող է ներգրավվել որպես ընթերակա ոչ ավելի, քան երկու անգամ։»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասում «մարմինները և» բառերը փոխարինել «և տեղական ինքնակառավարման մարմինները,» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 188.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.

«5. Քննիչը, հետաքննության մարմինը ընթերականեր է հրավիրում միայն քննչական փորձարարության, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելու, խուզարկության, առգրավման, զննման կատարմանը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի և սույն օրենսգրքի 240-րդ հոդվածով նախատեսված նամակագրության առգրավման ու զննման:

6. Զննմանն ընթերականեր չեն հրավիրվում, եթե՝

1) փաստաթուղթը կամ առարկան զննվում է այն ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, և փաստաթուղթը (կամ դրա պատճենը) կամ առարկան կցված է քրեական գործին.

2) կապի օպերատորներից օրենքով սահմանված կարգով ստացված մուտքային և (կամ) ելքային հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների (sms) վերծանումների, բաժանորդների տվյալների, հեռախոսազանգերն սպասարկած ալեհավաք կայանների հասցեների մասին փաստաթղթերը կամ դրանց պատճենները կցված են քրեական գործին.

3) սույն օրենսգրքի 241-րդ հոդվածով, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները կցված են քրեական գործին։»։

 

Հոդված 6. Օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ընթերակաների մասնակցությամբ» բառերը:

 

Հոդված 7. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասում «Ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:» նախադասությունը փոխարինել «Արտաշիրման ընթացքը և արդյունքներն ամրագրվում են տեսաձայնագրառման կիրառումով:» նախադասությամբ:

 

Հոդված 8. Օրենսգրքի 220-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քննումը կատարվում է բժշկի կամ դատաբժշկության բնագավառի մասնագետի մասնակցությամբ: Եթե քննումը չի զուգորդվում քննվող անձին մերկացնելու հետ, ապա քննվող անձի համաձայնությամբ նրա մարմնի վրա առկա հանցագործության հետքերը կամ հատուկ նշանները լուսանկարահանվում կամ տեսաձայնագրառվում են:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 221-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դիակը ճանաչման ներկայացնելու ընթացքը և արդյունքներն ամրագրվում են տեսաձայնագրառման կիրառումով:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասում «տվյալ հաստատության աշխատողների թվից առանձնացված ընթերակաների մասնակցությամբ» բառերը փոխարինել «նրա (նրանց) մասնակցությամբ» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 241-րդ հոդվածի 6-րդ մասում «Քննիչի կողմից ձայնագրության զննումը և լսումը կատարվում են ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մասնագետի մասնակցությամբ» բառերը փոխարինել «Քննիչի կողմից ձայնագրության զննումը և լսումը անհրաժեշտության դեպքում կատարվում են մասնագետի մասնակցությամբ» բառերով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Քննչական փորձարարություն կատարելիս պետք է ներկա գտնվեն ընթերակաները:» նախադասությունը:

 

Հոդված 16. Օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մարդուց նմուշ ստանալը կատարվում է փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ: Սերմնահեղուկի, մաշկի մանրադիտակային քերվածքների, քրտինքի և այլ արտաթորանքների նմուշներ ստանալը կատարվում է միևնույն սեռին պատկանող փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ: Դիակի, կենդանու, նյութի և այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշների ստացումը կատարվում է փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ և (կամ) տեսաձայնագրառմամբ:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 255-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ընթերականերին» բառը փոխարինել «փորձագետին» բառով.

2) 2-րդ մասի «Քննիչը՝ մասնագետի մասնակցությամբ, եթե նա կանչվել է, և ընթերակաների ներկայությամբ» բառերը փոխարինել «Քննիչը փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ, եթե նա կանչվել է,» բառերով:

 

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 28

Երևան

ՀՕ-181-Ն