Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-146-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.03.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.21/20(1378) Հոդ.312
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.03.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.03.2018
Дата вступления в силу
31.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 7-ին

 

ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:

 

Հոդված 2. Միջհամայնքային միավորումների մասին օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում միջհամայնքային միավորումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 3. Միջհամայնքային միավորման հասկացությունը

 

1. Միջհամայնքային միավորումը (այսուհետ՝ միավորում) տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորություններ:

2. Տարբեր համայնքային խնդիրների լուծման նպատակով համայնքը կարող է ընդգրկվել մեկից ավելի միավորումների կազմերում:

 

Հոդված 4. Միավորման իրավական կարգավիճակը

 

1. Միավորումը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

2. Միավորումը ինքնուրույն տնօրինում է իր սեփականությունը, օգտագործում է իրեն օգտագործման իրավունքով հանձնված գույքը, ունի եկամուտների և ծախսերի նախահաշիվ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:

3. Միավորումը գործում է իր կանոնադրության համաձայն:

4. Միավորման խորհուրդն իրավունք ունի իրեն փոխանցված լիազորությունների շրջանակում ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ և անհատական իրավական ակտեր:

5. Միավորմանը փոխանցված լիազորությունների շրջանակում միավորման անդամ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած ակտերը գործում են մինչև միավորման խորհրդի կողմից այդ հարաբերությունները կարգավորող ակտերի ընդունումը: Այդ պահից սկսած՝ միավորմանը փոխանցված լիազորությունների շրջանակում միավորման անդամ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած ակտերն ուժը կորցրած են ճանաչվում:

 

Հոդված 5. Միավորման գործունեության նստավայրը

 

1. Միավորումը գործում է միավորման կանոնադրությամբ սահմանված նստավայրում:

 

Հոդված 6. Միավորման ստեղծումը

 

1. Միավորումը կարող է ստեղծվել՝

1) համայնքների ավագանիների կողմից (այսուհետ՝ կամավոր հիմունքներով).

2) օրենքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ (այսուհետ՝ օրենքով):

2. Միավորումն իր գործունեությունը կարող է սկսել իր կանոնադրությունը հաստատվելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հոդված 7. Կամավոր հիմունքներով միավորում ստեղծելու և համալրելու կարգը

 

1. Կամավոր հիմունքներով միավորումն ստեղծվում է երկու և ավելի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ: Այդ նախաձեռնությամբ կարող է հանդես գալ համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամների մեկ երրորդը՝ ավագանու նիստում ներկայացնելով նաև այն լիազորությունները, որոնք պետք է փոխանցվեն միջհամայնքային միավորմանը, ինչպես նաև միավորման մեջ ընդգրկված համայնքների բյուջեներից միավորման ֆինանսավորման սկզբունքները: Նախաձեռնությունը քննարկվում է ավագանու նիստում, որի վերաբերյալ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ համայնքի ավագանին ընդունում է որոշում՝ ստեղծվող միավորման կազմում ընդգրկվելու կամ նախաձեռնությունը մերժելու մասին:

2. Կամավոր հիմունքներով միավորումը համարվում է ստեղծված միավորման մեջ ընդգրկված համայնքների ավագանիների կողմից միավորման կանոնադրությունը (ավագանիների օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ) հաստատվելու պահից:

3. Միավորման կանոնադրությունն առնվազն պետք է սահմանի՝

1) միավորման մեջ ընդգրկվող համայնքների անվանումները.

2) միավորման անդամ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից միավորմանը փոխանցվող լիազորությունները.

3) միավորման անվանումը և նստավայրը.

4) միավորման մեջ ընդգրկված համայնքների բյուջեներից միավորման ֆինանսավորման սկզբունքները.

5) միավորման եկամուտների ձևավորման աղբյուրները.

6) միավորումից դուրս գալու դեպքում համայնքին վերադարձվող ծախսային նախահաշվով նախատեսված մասնաբաժինը հաշվարկելու կարգը.

7) սույն օրենքով նախատեսված այլ հարցերի կարգավորումներ:

4. Համայնքը կարող է ընդգրկվել կամավոր հիմունքներով ստեղծված միավորման կազմում համայնքի ավագանու որոշմամբ ընդգրկվող համայնքի ղեկավարի կողմից միավորմանը գրավոր դիմում ներկայացնելուց և միավորման խորհրդի համաձայնությունն ստանալուց հետո: Համաձայնությունը տրվում է քվեարկության միջոցով` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 8. Օրենքով միավորում ստեղծելու և համալրելու կարգը

 

1. Օրենքով միավորում ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը համապատասխան համայնքներին ներկայացնում է միավորում ստեղծելու վերաբերյալ օրենքի և միավորման կանոնադրության նախագծերը: Միավորման կանոնադրությունն առնվազն պետք է սահմանի՝

1) միավորման մեջ ընդգրկվող համայնքների անվանումները.

2) պետության պատվիրակած այն լիազորությունները, որոնք համայնքը փոխանցում է միավորմանը.

3) միավորման անվանումը և նստավայրը.

4) պետության կողմից միավորման ֆինանսավորման սկզբունքները.

5) միավորման եկամուտների ձևավորման աղբյուրները.

6) սույն օրենքով նախատեսված այլ հարցերի կարգավորումներ:

3. Համայնքների ավագանիները օրենքի և միավորման կանոնադրության նախագծերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում նախագծերի վերաբերյալ իրենց եզրակացությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հետ Ազգային ժողով է ներկայացնում նաև միավորման մեջ ընդգրկվող համայնքների ավագանիների եզրակացությունները:

4. Համայնքը կարող է ընդգրկվել օրենքով ստեղծված միավորման կազմում համապատասխան օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով: Այդ դեպքում կիրառվում են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները, ընդ որում եզրակացություն պետք է ներկայացնեն ինչպես միավորման անդամ համայնքների ավագանիները, այնպես էլ ընդգրկվող համայնքի ավագանին:

 

Հոդված 9. Միավորման լիազորությունները

 

1. Օրենքով ստեղծված միավորմանը կարող են փոխանցվել միայն միավորման մեջ ընդգրկված համայնքների ղեկավարներին պետության պատվիրակած լիազորությունները:

2. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորմանը փոխանցվում են միավորման կանոնադրության մեջ ներառված` անդամ համայնքների պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված համայնքների ղեկավարների սեփական լիազորությունները, ինչպես նաև համայնքի ավագանու լիազորությունները:

3. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորումները կարող են նաև իրականացնել միավորման անդամ համայնքների կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված համայնքների ղեկավարների սեփական լիազորությունները:

4. Միավորմանը փոխանցված լիազորությունները կարող է իրականացնել բացառապես միավորումը:

5. Միավորմանը փոխանցված լիազորությունների շրջանակում միավորման անդամ համայնքների ավագանիները և համայնքների ղեկավարները որոշումներ չեն ընդունում:

6. Միավորմանը տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան լիազորությունները փոխանցելիս միավորմանը փոխանցվում են նաև այլ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու, ենթարկվելու, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններում մասնակցություն ունենալու հետ կապված իրավասությունները:

 

Հոդված 10. Միավորման մարմինները

 

1. Միավորման մարմիններն են`

1) միավորման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ).

2) միավորման խորհրդի նախագահը (այսուհետ՝ խորհրդի նախագահ):

 

Հոդված 11. Խորհուրդը

 

1. Խորհուրդը կազմված է միավորման անդամ համայնքների ղեկավարներից և ավագանու մեկական անդամներից: Այն համայնքներում, որտեղ ավագանու կազմում կան ավագանու կին անդամներ, խորհրդի ձևավորման հարցում նախապատվությունը տրվում է վերջիններիս։

2. Խորհրդում ներկայացված համապատասխան համայնքների ավագանիների անդամներն ընտրվում են միավորման անդամ համայնքների ավագանիների կողմից՝ վերջիններիս կազմից, ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ:

3. Խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտից հետո խորհրդի ձևավորումն իրականացվում է միավորման անդամ համայնքների ավագանիների անդամների փոփոխությամբ:

4. Ավագանին իր որոշմամբ փոխարինում է իր ընտրած խորհրդի անդամին տվյալ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում, ինչպես նաև միավորման կանոնադրությամբ և ավագանու կանոնակարգով նախատեսված այլ դեպքերում:

5. Խորհուրդը ձևավորվում է միավորման ստեղծվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

6. Խորհրդի գործունեության, նիստերի նախապատրաստման և անցկացման կարգը սահմանվում է միավորման կանոնադրությամբ:

7. Խորհրդի անդամները և խորհրդի նախագահն իրենց լիազորություններն իրականացնում են հասարակական հիմունքներով, կարող են խորհրդի որոշմամբ ստանալ դրամական փոխհատուցում` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համայնքի ավագանու անդամի՝ իր պարտականություններն իրականացնելու հետևանքով առաջացած ծախսերի չափով:

 

Հոդված 12. Խորհրդի լիազորությունները և գործունեության կարգը

 

1. Խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և միավորման կանոնադրությամբ, իսկ նիստերի անցկացման և որոշումների ընդունման կարգը՝ միավորման կանոնադրությամբ:

2. Խորհրդի լիազորությունների ժամկետը սահմանվում է միավորման կանոնադրությամբ:

3. Խորհուրդը վերահսկողություն է իրականացնում խորհրդի նախագահի լիազորությունների իրականացման նկատմամբ՝ եռամսյակային հաշվետվությունների հիման վրա, որոնց ձևը սահմանում է խորհուրդը:

4. Մինչև պաշտոնական հրապարակման ուղարկելը կամ ստորագրվելը խորհրդի որոշման դեմ միավորման անդամ համայնքի ավագանին կարող է հինգ աշխատանքային օրվա ընթացքում առարկություն ներկայացնել խորհուրդ: Առարկությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, խորհուրդը քվեարկության է դնում առարկությունը և խորհրդի անդամների ընդհանուր քանակի ձայների մեծամասնությամբ վերահաստատում իր որոշումը կամ ներկայացված առարկության հիման վրա համապատասխան փոփոխություն և (կամ) լրացում է կատարում որոշման մեջ:

5. Խորհրդի որոշումները միավորման անդամ համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:

6. Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով:

7. Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության:

8. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին:

9. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը:

10. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստը վարում է խորհրդի անդամներից մեկը՝ միավորման կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 13. Խորհրդի նախագահը

 

1. Խորհրդի նախագահին խորհրդի անդամների կազմից ընտրում է խորհուրդը՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի նախագահը կարող է փոփոխվել խորհրդի որոշմամբ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի նախագահի ընտրության կարգը սահմանվում է միավորման կանոնադրությամբ:

2. Խորհրդի նախագահը՝

1) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը՝ միավորման կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) խորհրդի հաստատմանն է ներկայացնում միավորման աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) գործավարության կարգի նախագիծը.

3) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի աշխատողներին.

4) ստորագրում է խորհրդի որոշումները.

5) մինչև պաշտոնական հրապարակման ուղարկելը կամ ստորագրվելը խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում ուղարկում է միավորման անդամ համայնքների ավագանիներին.

6) խորհուրդը նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց հետո՝ երկօրյա ժամկետում, դրանք ուղարկում է միավորման անդամ համայնքների ղեկավարներին և փակցնում միավորման նստավայրում, իսկ միավորման պաշտոնական համացանցային կայքի առկայության դեպքում դրանք տեղադրում է կայքում: Սույն կետում նշված նորմատիվ իրավական ակտերը տեղադրվում են նաև միավորման անդամ համայնքների կայքերում՝ դրանց առկայության պարագայում.

7) ներկայացնում է միավորման շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.

8) իրականացնում է սույն օրենքով և միավորման կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ և գործառույթներ:

3. Խորհրդի նախագահն իրեն վերապահված լիազորությունների իրականացման վերաբերյալ մինչև յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվան հաջորդող ամսվա 10-ը խորհուրդ է ներկայացնում հաշվետվություն:

 

Հոդված 14. Աշխատակազմը

 

1. Խորհրդի նախագահն իր գործունեությունն իրականացնում է աշխատակազմի միջոցով:

2. Աշխատակազմի կառուցվածքը և աշխատողների քանակը հերթական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատման հետ սահմանում է խորհուրդը` խորհրդի նախագահի ներկայացմամբ:

3. Աշխատակազմի աշխատողները համարվում են պայմանագրային աշխատողներ:

 

Հոդված 15. Միավորման սեփականությունը

 

1. Միավորումն իր գործունեության ընթացքում լիազորությունների իրականացման նպատակով կարող է ձեռք բերել շարժական և անշարժ գույք՝ որպես սեփականություն, ինչպես նաև գույքային այլ իրավունքներ:

2. Միավորման լիազորությունների իրականացման նպատակով անդամ համայնքի ավագանու որոշմամբ միավորմանը օգտագործման իրավունքով կարող են հատկացվել շենքեր, շինություններ և այլ գույք:

 

Հոդված 16. Միավորման ֆինանսավորումը

 

1. Միավորման անդամ համայնքները խորհրդի հաստատած ծախսային նախահաշվով սահմանված չափով և ժամկետում միավորմանը վճարում են մասհանումներ` համայնքների կողմից միավորմանը փոխանցված լիազորությունների իրականացման նպատակով:

2. Միավորման ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ միավորման տնտեսական գործունեությամբ ստացված եկամուտները, դրամաշնորհները, նվիրատվությունները, պետական բյուջեն և օրենքով չարգելված այլ, այդ թվում` օտարերկրյա աղբյուրները:

3. Օրենքով ստեղծված միավորման անդամ համայնքների կողմից միավորմանը փոխանցված պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նպատակով միավորմանը վճարվող մասհանումները կատարվում են բացառապես պետական բյուջեից՝ այդ լիազորությունների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներից:

4. Սահմանված չափով և ժամկետում որևէ համայնքի կողմից մասհանումներ չկատարելը խորհրդի կողմից կարող է բողոքարկվել դատարան:

 

Հոդված 17. Միավորումից դուրս գալը

 

1. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորումից համայնքը կարող է դուրս գալ իր նախաձեռնությամբ` համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:

2. Օրենքով ստեղծված միավորումից համայնքը կարող է դուրս գալ միայն օրենքով՝ համայնքի ավագանու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Միավորումից դուրս գալու մասին առաջարկությունը համապատասխան համայնքի ավագանին ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ: Այդ որոշումը համապատասխան մարզպետի միջոցով հնգօրյա ժամկետում ներկայացվում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պետական լիազոր մարմինը երկամսյա ժամկետում մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում միավորումից համայնքի դուրս գալու մասին համապատասխան օրենքի նախագիծը:

4. Միավորումից դուրս գալու մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում և նպատակահարմար համարելու դեպքում համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:

5. Օրենքով ստեղծված միավորումից դուրս եկող համայնքին վերադարձվող ծախսային նախահաշվով նախատեսված մասնաբաժինը սահմանվում է միավորումից դուրս գալու մասին համապատասխան օրենքով, իսկ կամավոր հիմունքներով ստեղծված միավորումից դուրս եկող համայնքին վերադարձվող ծախսային նախահաշվով նախատեսված մասնաբաժինը՝ միավորման կանոնադրությամբ:

 

Հոդված 18. Միավորման գործունեության դադարեցումը և լուծարումը

 

1. Օրենքով ստեղծված միավորման գործունեությունը դադարում է միավորման ստեղծման մասին օրենքն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ օրենքի ուժի մեջ մտնելու պահից:

2. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորումը կարող է իր գործունեությունը դադարեցնել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում միավորման գործունեության դադարեցման մասին որոշումը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով և ուժի մեջ է մտնում որոշման հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում:

4. Միավորման գործունեությունը համարվում է դադարեցված, եթե սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միավորման կազմից համայնքների դուրս գալուց հետո միավորման մեջ մնացել է մեկ անդամ համայնք:

5. Օրենքով ստեղծված միավորման լուծարման դեպքում միավորման սեփականությունը անդամ համայնքների միջև բաշխվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված օրենքի դրույթներին համապատասխան:

6. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորման գործունեության դադարեցման դեպքում միավորման սեփականությունը անդամ համայնքների միջև բաշխվում է խորհրդի որոշմամբ:

 

Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 21

Երևան

ՀՕ-146-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան