Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-119-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.03.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.05/16(1374) Հոդ.217
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.02.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.02.2018
Дата вступления в силу
15.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 9-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 314.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 314.1. Դատական սանկցիաները և դրանց կիրառման ընդհանուր կարգը

 

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նկատողություն.

2) դատական նիստերի դահլիճից հեռացում.

3) դատական տուգանք:

2. Դատավորն անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները:

3. Դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս դատարանն անհրաժեշտության դեպքում նրան տալիս է արտահայտվելու հնարավորություն: Տուգանք կիրառելիս կամ քրեական դատավարությանը մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը պետք է հիմնավորվի դատարանի կողմից:

4. Եթե անձն ընդունում է իր արարքի հակաիրավականությունը և հայցում է դատարանի ներողամտությունը, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել:

5. Եթե դատական սանկցիայի ենթակա անձը չարաշահում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավունքը և արտահայտվելու իրավունքն օգտագործում է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու համար, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու առավել խիստ դատական սանկցիա:

6. Եթե դատարանը գտնում է, որ քրեական դատավարությանը մասնակցող անձը կամ դատական նիստին ներկա այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նրա նկատմամբ դատարանը կիրառում է դատական սանկցիա և դիմում է դատախազին քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 314.2-րդ և 314.3-րդ հոդվածներով.

 

«Հոդված 314.2. Նկատողություն և դատական նիստերի դահլիճից հեռացում կիրառելու առանձնահատկությունները

 

1. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան մինչև տվյալ դատական նիստի ավարտը, իսկ դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամանակահատվածով կամ որոշակի դատավարական գործողությունն ավարտելու ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

2. Դատական նիստերի դահլիճից հեռացումը չի կիրառվում դատավարության մասնակից դատախազի, որպես ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի, տվյալ պահին ցուցմունք տվող վկայի, փորձագետի և թարգմանչի նկատմամբ:

3. Դատական նիստերի դահլիճից հեռացված քրեական դատավարությանը մասնակցող անձի, նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

4. Նկատողությունը և դատական նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

5. Դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում այն կատարվում է հարկադիր կարգով՝ դատական կարգադրիչների միջոցով:

6. Ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու և նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կիրառում է նկատողություն: Միաժամանակ, նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ դատական նիստի կարգը կրկին խախտելու և նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից:

Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելը, ինչպես նաև ամբաստանյալի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը, որոնք առաջացնում են քրեական պատասխանատվություն, հիմք են սույն դատական նիստերի դահլիճից հեռացում սանկցիան կիրառելու համար, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:

 

Հոդված 314.3. Դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները

 

1. Դատական տուգանքը կիրառվում է առավելագույնը 100.000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, և դրա հիման վրա կազմված կատարողական թերթը ուղարկվում է հարկադիր կատարման, եթե ուժի մեջ մտնելու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, կամովին չի կատարվում: Որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում: Բողոքարկումը կասեցնում է դատարանի որոշման կատարումը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 328-րդ հոդվածում «314.1-րդ հոդվածի» բառերը փոխարինել «314.2-րդ հոդվածի» բառերով:

 

Հոդված 4. Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական տուգանքը որպես դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դրույթները գործում են 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. փետրվարի 27

Երևան

ՀՕ-119-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան