Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-9-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.27
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.01.2018
Дата вступления в силу
01.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «և այն կատարման ներկայացնելու ժամկետը» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23. Կատարողական թերթ տալը և կատարման ներկայացնելը.

 

1. Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ`

1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.

2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.

3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.

4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:

2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում դատարանը կատարողական թերթ տալիս է` այն անհապաղ էլեկտրոնային եղանակով ուղարկելով հարկադիր կատարման ծառայություն:

3. Դատարանը պահանջատիրոջ դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում նրան է տրամադրում հարկադիր կատարման ծառայություն ուղարկած կատարողական թերթի պատճենը:

4. Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:

5. Կատարողական մակագրության թերթը կարող է ներկայացվել հարկադիր կատարման այն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

6. Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:

7. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջ դիմումով վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:

8. Պահանջատիրոջ դիմումի հիման վրա վերադարձված կատարողական թերթը դատարանի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով կարող է կրկին կատարման ներկայացվել պահանջատիրոջ՝ դատարան ներկայացված դիմումի հիման վրա:»:

 

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:»:

 

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 31. Կատարողական թերթը վերադարձնելը».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, ապա հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է կատարողական թերթ տված դատարան:».

3) 3-րդ մասի «պահանջատիրոջը» բառը փոխարինել «կատարողական թերթ տված դատարանին» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սույն օրենքով սահմանված կարգով վարույթն ավարտելուց հետո կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ուղարկում է կատարողական թերթ տված դատարան:

5. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կատարողական թերթի վերաբերյալ պարզաբանում ստանալու մասին դիմումը դատարան է ներկայացվում էլեկտրոնային եղանակով:».

2) 3-րդ մասը «որոշում» բառից հետո լրացնել «և այն էլեկտրոնային եղանակով ուղարկում հարկադիր կատարման ծառայություն» բառերով:

 

Հոդված 7. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը տրված կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ`

1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.

2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.

3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.

4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:

3. Մինչև սույն օրենքի ընդունումը տրված կատարողական թերթի բնօրինակը կորցնելու դեպքում կատարողական թերթ տված դատարանը կարող է պահանջատիրոջ դիմումի հիման վրա տալ կրկնօրինակ: Կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դիմումը կարող է տրվել մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-9-Ն