ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 173.2-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 8-րդ կետից հանել «ինչպես նաև խնամատար ընտանիքներում գտնվող երեխաների խնամատար ծնողների գրավոր համաձայնությունը» բառերը.
3) 9-րդ կետը «համաձայնություն» բառից առաջ լրացնել «հրաժարում կամ գրավոր» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 173.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 173.3. |
Դիմումի քննությունը |
1. Որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է`
1) որդեգրել ցանկացող անձի, խնամակալության և հոգաբարձության մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.
2) որդեգրել ցանկացող անձի, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում։
2. Որդեգրվող երեխային դատարանը հարցեր է ուղղում որդեգրման վերաբերյալ երեխայի կարծիքը պարզելու համար` հաշվի առնելով նրա տարիքը և հասունության մակարդակը։
3. Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց:
4. Որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ, որի մասին որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելիս:
5. Որդեգրման գործով եզրափակիչ դատական ակտը չի հրապարակվում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-12-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|