Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-316-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1342
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2017
Дата вступления в силу
30.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Նոտարին տրամադրվում է նաև սույն մասով նախատեսված կնիքի էլեկտրոնային տարբերակը (այսուհետ՝ էլեկտրոնային կնիք):».

2) երկրորդ պարբերությունը «ինչպես նաև դրանց կրկնօրինակների վրա» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային կնիքը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի վրա» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը «նոտարը» բառից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքերի,» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «ճզմիչ կնիքը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությունը և էլեկտրոնային կնիքը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը «փաստաթղթերով» բառից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ վավերական էլեկտրոնային ստորագրության առկայությամբ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակին վերաբերող առանձնահատկությունները նախատեսված են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով նախատեսված դրույթները չեն տարածվում սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված էլեկտրոնային պայմանագրերի վրա:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 5.1-ին մասերով, ինչպես նաև 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերում գործարքը ենթակա չէ էլեկտրոնային եղանակով վավերացման: Նոտարը չի կրում գույքային պատասխանատվություն սույն հոդվածով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով կնքված գործարքի՝ էլեկտրոնային եղանակով վավերացման համար, եթե կողմը չի ապացուցում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ սույն մասով սահմանված սահմանափակման մասին:»:

 

Հոդված 7. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Նոտարը կարող է էլեկտրոնային եղանակով վավերացնել Էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը (այսուհետ՝ էլեկտրոնային պայմանագրեր): Նոտարի կողմից ֆինանսական համակարգի ոլորտում կնքվող էլեկտրոնային պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից վավերացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման կարգը, էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Կենտրոնական բանկի խորհրդի համատեղ որոշմամբ, իսկ էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա այլ պայմանագրերի վավերացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման կարգը, տիպային ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:»:

 

Հոդված 8. Օրենքի 82.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը «վավերացրած» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով,» բառերով.

2) 2-րդ մասը «կատարվելու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «, կամ եթե նման համաձայնություն ի սկզբանե նախատեսված է եղել նոտարի կողմից վավերացվող գործարքում» բառերով.

3) 3-րդ մասը «միջոցով» բառից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի» բառերով.

4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Էլեկտրոնային եղանակով վավերացված էլեկտրոնային պայմանագրից բխող դրամական պարտավորությունը կատարված չլինելու դեպքում կատարողական մակագրությունը կատարվում է, եթե՝

1) պարտապանը սույն օրենքի 82.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, նոտարին չի ներկայացնում պարտավորությունը կատարելու վերաբերյալ ապացույց, կամ

2) պարտավորությունների վերաբերյալ էլեկտրոնային համակարգի առկայության և այդ համակարգին նոտարի հասանելիության դեպքում նոտարը ստուգել է, որ այդ պարտավորության կատարումը տեղի չի ունեցել:

Չկատարված պարտավորության վերաբերյալ կատարողական մակագրությունը տրվում է չկատարված պարտավորության մասով:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 82.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը «հանդիպական պարտավորությունը» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերի դեպքում ներկայացվում են պարտապանի պարտավորության չափի, այդ պարտավորության չափի հաշվարկի վերաբերյալ տեղեկանք և նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերը» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետի «պատշաճ կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով» բառերով.

3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Կատարողական մակագրության թերթը տրվում է դիմում ներկայացնելուց հետո: Սույն օրենքի 82.1-ին հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում կատարողական մակագրության թերթը տրվում է երկշաբաթյա ժամկետը լրանալուց, իսկ պարտավորությունների վերաբերյալ էլեկտրոնային համակարգով նոտարի կողմից պարտավորության չկատարման փաստն ստուգելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:»:

 

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և արդարադատության նախարարի` սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված համատեղ որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

3. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան
ՀՕ-316-Ն