Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-240-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2018-22.06.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.27/67(522) Հոդ.1411
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.12.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.12.2006
Дата вступления в силу
06.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ու կառավարման, ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման ու պահպանման, դասակարգման, գրանցման տնտեսական, իրավական և կազմակերպական հիմքերը, ինչպես նաև կարգավորում է այդ գործառույթներն իրականացնող մարմինների ու կազմակերպությունների իրավահարաբերությունները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոմոբիլային ճանապարհների վրա, բացառությամբ բնակավայրերի փողոցների (ճանապարհների) կամ փողոցների (ճանապարհների) մաս կազմող հատվածների, որոնք օրենքի համաձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մասեր չեն:

3. Սույն օրենքի համաձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս չհանդիսացող բնակավայրերի փողոցների (ճանապարհների) կամ փողոցների (ճանապարհների) հատվածների կարգավիճակը, դրանցից օգտվելու, դրանց կառավարման, շինարարության, նորոգման, պահպանման և ֆինանսավորման հետ կապված հարցերը սահմանվում են քաղաքաշինական օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 2.

Օրենքի հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ավտոմոբիլային ճանապարհ` համալիր ինժեներական կառույց, որը նախատեսված է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության համար.

օտարման շերտ` երկրի մակերևույթի, ընդերքի և օդային տարածքի շերտ, որտեղ գտնվում է ավտոմոբիլային ճանապարհը.

հողային պաստառ` օտարման շերտի մաս, որն ընդգրկում է ճանապարհի երթևեկամասը, մայթերը, հարակից հեծանվային ուղիները, կողային առուները, կողնակները և բաժանիչ գոտին.

արհեստական կառույցներ` բնական կամ արհեստական խոչընդոտներով ճանապարհն անընդհատ դարձնող կամ նրա ամրությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովող շինություններ: Դրանք են կամուրջները, ուղեանցները, թունելները, էստակադները, հենապատերը և այլն.

բաժանիչ գոտի` բազմաշերտ ճանապարհների հանդիպակաց ուղղությամբ երթևեկային մասերն առանձնացնող գոտի.

ճանապարհային կահավորանք` ավտոմոբիլային ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերի համակարգ: Դրանք են ճանապարհային նշանները, լուսացույցները, ազդանշանային սյուները, պարսպող հարմարանքները, հորիզոնական և ուղղաձիգ գծանշումները և այլն.

տարանցիկ ճանապարհ` քաղաքի (բնակավայրի) միջով անցնող, ավտոմոբիլային ճանապարհի անվանացանկում ընդգրկված ճանապարհի մաս, որը կապում է քաղաքի (բնակավայրի) վարչական սահմանի երկու կետերը.

ճանապարհի պաշտպանական գոտի` ճանապարհի երկու կողմերում դասավորված, որոշակի լայնությամբ և հատուկ օգտագործման պայմաններ ունեցող հողաշերտ.

ճանապարհային ծառայություն` ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման գործառույթներ իրականացնող ծառայություններ (կազմակերպություններ).

ճանապարհային ծառայության շինություններ` ավտոմոբիլային ճանապարհի մասեր, որոնք ծառայում են դրանց շինարարությանը, նորոգմանը և պահպանմանը: Դրանք են արտադրական բազաները, վարչական և բնակելի շենքերը, ճանապարհների պահպանության հենակետերը, շինանյութերի պահեստները և այլն.

ճանապարհային պահպանության հենակետ` ճանապարհների ձմեռային պահպանության, ինչպես նաև կամուրջների, թունելների պահպանության ծառայությունների շենքեր ու շինություններ.

ճանապարհային ինժեներական շինություններ` ճանապարհի մասեր, որոնք ապահովում են ճանապարհների շահագործման և դրանցից օգտվելու պահանջները: Դրանք են կանգառները, ավտոտաղավարները, արագացման և արգելակման գոտիները, տրանսպորտային միջոցների կայանատեղերը, հանգստյան գոտիները, տեսահարթակները, ձյունապաշտպան անտառաշերտերը, տնկիները, օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիները, հակահեղեղային և հակաձնահոսային կառույցները, հակավթարային գրպանները, ճանապարհային կապի և լուսավորության շինությունները և այլն.

չմասնատվող բեռ` ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրվող բեռ, որն առանց վնասելու հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի:

(2-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-8-Ն)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության ճանապարհների դասակարգումը

 

1. Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են`

ա) ընդհանուր օգտագործման ճանապարհներ.

բ) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ:

2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհները դասակարգվում են`

ա) ավտոմոբիլային ճանապարհներ.

բ) բնակավայրերի (համայնքների) փողոցների ճանապարհներ:

3. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները` ըստ սեփականության ձևի, դասակարգվում են`

ա) պետական ավտոմոբիլային ճանապարհներ.

բ) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:

4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`

ա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).

բ) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).

գ) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):

5. Բնակավայրերի (համայնքների) փողոցները (ճանապարհները)` ըստ նշանակության, դասակարգվում են`

ա) Երևանի քաղաքային նշանակության ճանապարհներ (բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների).

բ) քաղաքային նշանակության ճանապարհներ (բացառությամբ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների).

գ) գյուղական նշանակության ճանապարհներ (բացառությամբ գյուղական համայնքի միջով անցնող միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների):

6. Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:

7. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:

8. Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ կարող են լինել նաև խոշոր բնակավայրերի, օդանավակայանների, պատմական հուշարձանների, լեռնանցքների մոտեցումներն ու շրջանցները, ինչպես նաև տրանսպորտային հանգույցները, որոնք չունեն առանձին պայմանանիշ ու համար և նշվում են անվանացանկում հիմնական ճանապարհներից հետո` հանդիսանալով այդ ճանապարհի մասեր:

9. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:

10. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով:

11. Ավտոմոբիլային ճանապարհները` ըստ երթևեկության հաշվարկային ինտենսիվության և գործառական նշանակության, դասակարգվում են կարգերի: Դրանք կարգավորվում են քաղաքաշինության բնագավառի կառավարման պետական լիազորված մարմնի սահմանած շինարարական նորմերով:

 

Հոդված 4.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման մարմինը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառությամբ Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական ճանապարհային մարմնի) տնօրինության և կառավարման ներքո: Պետական ճանապարհային մարմինը`

ա) մշակում և իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման ու պահպանման ծրագրերը.

բ) ապահովում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ձեռքբերումը, տեղադրումն ու շահագործումը.

գ) իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման վերաբերյալ.

դ) իրականացնում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների իրականացման պատվիրատուի իրավասությունները.

ե) հաստատում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների նկարագիրը.

զ) հսկողություն է իրականացնում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների կատարման նկատմամբ.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանմանն է ներկայացնում ճանապարհային նշաններին և լուսացույցներին ներկայացվող պահանջները:

 

Հոդված 5.

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման և (կամ) շահագործման թույլտվությունը

 

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության անվտանգության և շահագործման պայմանների ապահովման նպատակով ճանապարհների կառուցման և (կամ) շահագործման թույլտվությունը տալիս է պետական ճանապարհային մարմինը:

2. Թույլտվությունը տրվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ցանկը, ինչպես նաև թույլտվություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 6.

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների գրանցումը

 

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին տրվում է անվանում, պայմանանիշ և հերթական համար, որոնք գրանցվում են ճանապարհների անվանացանկում:

2. Ճանապարհի անվանումը կազմվում է նրա սկզբնակետի և վերջնակետի, առանձին դեպքերում նաև` միջանկյալ կետերի անվանումներից:

3. Ճանապարհի համարակալումը կատարվում է ըստ պայմանանիշերի` հաջորդական համարներով:

4. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը` դասակարգված ըստ նշանակության, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 7.

Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, նորոգումը և պահպանումը

 

1. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, նորոգումը և պահպանումն իրականացվում են ըստ գործող շինարարական նորմերի:

2. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի համաձայնեցումն ու հաստատումը և կառուցման, նորոգման ու պահպանման աշխատանքների շահագործման հանձնումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքներն իրականացնում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները` առնվազն 18 ամիս սպասարկման ժամկետով:

4. Գնման առարկային ներկայացվող ընդհանուր չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա միջպետական ճանապարհային ցանցի հետ կապող առնվազն մեկ ավտոմոբիլային ճանապարհ` ապահովված անցանելիությամբ:

6. Նախագծային աշխատանքներ կատարող կազմակերպությունները և անձինք ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի, դրանց հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցնում են պետական ճանապարհային մարմնի հետ: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության կազմակերպման կահավորանքին (ճանապարհային նշաններին, լուսացույցներին) ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8.

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման և պահպանման ֆինանսավորումը

 

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման և պահպանման ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման և պահպանման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման և պահպանման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Բյուջետային ծախսային ծրագրերի գլխավոր կարգադրիչը պետական ճանապարհային մարմինն է:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 9.

Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը

 

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը սահմանվում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Պատվարների և ամբարտակների վրայով անցնող ճանապարհահատվածներից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10.

Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը

 

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկությունը թույլատրվում է առանց սահմանափակումների`

ա) տրանսպորտային միջոցների (մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոմեքենաներ, ավտոբեռնասայլակներ, ավտոբուսներ, պիկապներ, մոտոցիկլետներ, մոտոռոլերներ և օդաճնշման դողերով այլ ինքնագնաց մեքենաներ ու մեխանիզմներ) համար` ճանապարհի երթևեկամասով.

բ) հետիոտնի և սայլակներով տեղաշարժվող հաշմանդամների համար` մայթերով և կողնակներով.

գ) հեծանվորդների համար` մայթերով, կողնակներով և հեծանվային արահետներով:

2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին ճանապարհային և կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում երթևեկությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել պետական ճանապարհային մարմնի ցուցումով:

3. Եթե ճանապարհից օգտվելը սպառնում է երթևեկության անվտանգությանը, ապա երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է ճանապարհի առանձին տեղամասերում սահմանափակել կամ դադարեցնել երթևեկությունը` անհապաղ իրազեկ պահելով պետական ճանապարհային մարմնին կամ ճանապարհի սեփականատիրոջը, նշելով սահմանափակման կամ դադարեցման պատճառը, մոտավոր ժամկետը:

4. Մշտական, ինչպես նաև վթարային իրավիճակների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի կապակցությամբ տեղադրվող ժամանակավոր նշանների տեղադրման և սպասարկման ծախսերը կատարում և այդ նշանները տեղադրում է ճանապարհի սպասարկումն իրականացնող կապալառու կազմակերպությունը` սպասարկման պայմանագրին համապատասխան:

5. Վթարային իրավիճակից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերից բացի, այլ հիմքով երթևեկության ժամանակավոր կարգավորման նպատակով տեղադրվող ժամանակավոր նշանների տեղադրման և սպասարկման ծախսերը կատարում է նշանների տեղադրման պատվիրատուն` իր հաշվին:

6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են`

ա) թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաների և մեխանիզմների երթևեկությունը ասֆալտբետոնե և սև խճային ու կոպճային ծածկով (այսուհետ` կատարելագործված ծածկով) ավտոճանապարհներով.

բ) երթևեկամասի և կողնակների վրա մեքենաներ և մեխանիզմներ, կողմնակի առարկաներ, շինարարական նյութեր, ձյուն, շինարարական և կենցաղային աղբ թողնելը կամ թափելը.

գ) ոռոգման նպատակով կողային առուների օգտագործումը.

դ) չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների` ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը.

ե) կողնակների վրա ապրանքներ վաճառելը.

զ) երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների վնասումը և աղտոտումը.

է) սույն մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները չգերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության, իսկ սույն մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց հատուկ թույլտվության.

ը) առանց ճանապարհը տնօրինողների հետ համաձայնեցնելու` ճանապարհային հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

թ) այն ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը՝ 11.5 տոննան:

6.1. Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետում նշված ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը իրականացվում է փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության առկայությամբ, որի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

6.2. Չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6.3. Հատուկ թույլտվության տրամադրումը մերժվում է, եթե՝

ա) փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, և մատնանշված թերությունները երեք աշխատանքային օրվա ընթացքում չեն վերացվել.

բ) փոխադրվող բեռը հնարավոր է մասնատել.

գ) փոխադրվող բեռի զանգվածը գերազանցում է արտադրողի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված բեռնատարողությունը.

դ) հայտատուն չի վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը.

ե) հայտատուն չի վճարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկը.

զ) ավտոճանապարհների, արհեստական կառույցների և հաղորդակցության ուղիների տեխնիկական վիճակը հնարավորություն չեն տալիս իրականացնելու նման փոխադրում:

6.4. Հատուկ թույլտվության հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

6.5. Հատուկ թույլտվության հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի հատուկ թույլտվություն ստանալու նպատակով ընդհանուր հիմունքներով ներկայացնելու նոր հայտ:

6.6. Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող՝ մասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն դրանց ավել բեռի բեռնաթափումից հետո:

7. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը և սահմանափակումները սահմանում են դրանց սեփականատերերը:

(10-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.12.15 ՀՕ-8-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-268-Ն)

 

Հոդված 11.

Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու վարձը

 

1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: (նախադասությունը հանվել է 21.12.17 ՀՕ-268-Ն)

2. Հայաստանի Հանրապետություն (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) մուտք գործող (բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված)` Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները վճարում են ճանապարհային հարկ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:

3. Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վարձաչափը և վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանում է դրա սեփականատերը:

(11-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-268-Ն)

 

Հոդված 12.

Հաղորդակցուղիների տեղադրումը ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում

 

1. Ավտոմոբիլային ճանապարհների հատումը ոռոգման առուներով, կապի և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով, դրանց տեղադրումը և վերատեղադրումը օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում կատարվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` դրանց տնօրինողների համաձայնությամբ: Եթե հաղորդակցուղիների և այլ կառույցների շինարարության իրականացման հետևանքով առաջանում է պետական ճանապարհի վերակառուցման կամ նորոգման անհրաժեշտություն, ապա դա կատարվում է շինարարությունը կատարողի հաշվին:

2. Հաղորդակցուղիների և այլ շինությունների ու հարմարանքների տեղադրումը ճանապարհի օտարման շերտում չպետք է հակասի ճանապարհի շահագործմանը և անվտանգ երթևեկությանը ներկայացվող պահանջներին:

3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում գտնվող հաղորդակցուղիները և այլ շինություններն ու հարմարանքները պետք է պահվեն պատշաճ վիճակում և ճանապարհի վերակառուցման կամ նորոգման դեպքում տեղափոխվեն կամ վերաշինվեն դրանց սեփականատիրոջ հաշվին:

4. Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա բոլոր տեսակի աշխատանքները կատարում են դրանց տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցված պայմաններով:

 

Հոդված 13.

Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտը և պաշտպանական գոտիները

 

1. Ավտոմոբիլային ճանապարհներն ունեն օտարման շերտ, իսկ բնակավայրերից դուրս գտնվող վայրերում` նաև պաշտպանական գոտիներ: Օտարման շերտի չափերը հաշվարկվում են շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների չափերը, հաշված ճանապարհի առանցքից, սահմանվում են`

ա) 1-ին կարգի ճանապարհների համար` 70 մետր.

բ) 2-րդ և 3-րդ կարգի ճանապարհների համար` 50 մետր.

գ) 4-րդ կարգի ճանապարհների համար` 30 մետր:

3. Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները չպետք է խոչընդոտեն պաշտպանական գոտու մելիորատիվ համակարգի և կառուցվածքների անխափան գործունեությանը կամ չպետք է սահմանափակեն դրանց առավելագույն հաշվարկային թողունակությունը, կանոնավոր գործունեությունը և հիդրոլոգիական ռեժիմը:

4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը գտնվում են պետական ճանապարհային մարմնի, իսկ ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը` ավտոմոբիլային ճանապարհների սեփականատերերի տնօրինության տակ:

5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողերը գտնվում են հողի սեփականատերերի տնօրինության տակ:

6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, արգելվում են`

ա) կառուցել շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ, կատարել լեռնահետազոտական և արդյունահանման աշխատանքներ.

բ) կատարել անտառահատում և վնասել հողածածկույթը.

գ) իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում).

դ) տեղադրել ճանապարհային երթևեկությանը չվերաբերող նշաններ, ցուցանակներ, կատարել ճանապարհային տեսանելիությունը խանգարող ծառատնկումներ և լուսավորություն:

7. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում օրենքով սահմանված կարգով աշխատանքներ կատարող կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք պատասխանատու են համաձայնեցված տեխնոլոգիայի, կատարման ժամկետների պահպանման, աշխատանքների կատարման գոտում և ժամանակավոր շրջանցներում կամ ելքերում ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման համար: Նրանք պարտավոր են աշխատանքները ավարտելուց հետո անհապաղ վերականգնել աշխատանքների կատարման հետևանքով վնասված ճանապարհի հողապաստառը, ճանապարհային կահավորանքը, տեխնոլոգիական կապն ու կանաչ տնկիները, հավաքել և հեռացնել ավելորդ հողը, աղբը, չօգտագործված նյութերն ու կառուցվածքները:

8. Աշխատանքների կատարման վայրը պետք է ցանկապատվի տեսանելի պարսպով և կահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով, իսկ օրվա մութ ժամերին ու անբավարար տեսանելիության պայմաններում` նաև լրացուցիչ ազդանշանային լուսավորությամբ: Դրանց տեղադրումն իրականացվում է պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) հետ համաձայնեցված կարգով:

9. Բնահողային ծածկով ճանապարհի միացումները կատարելագործված ծածկով ճանապարհների հետ պետք է իրականացվեն խճային կամ կոպճային ամուր ծածկով ճանապարհով:

10. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ճանապարհի երկարությամբ հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցմամբ:

11. Անմիջական ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից, որևէ հաղորդակցուղի տեղադրելն արգելվում է:

12. Քաղաքային կամ գյուղական համայնքներում և այլ բնակավայրերում բացառության կարգով թույլատրվում է կապի և էլեկտրահաղորդման գծերը, գազատար, խմելու ջրի և կոյուղու խողովակաշարերը տեղադրել ավտոմոբիլային ճանապարհի կողնակի կամ մայթի արտաքին եզրով` դրանց տնօրինողների հետ համաձայնեցված կարգով:

13. Բնակավայրերի փողոցներ (ճանապարհներ) հանդիսացող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներում հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան և դրանց տնօրինողների համաձայնությամբ` երթևեկելի մասի սահմաններից դուրս:

14. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում գտնվող հաղորդակցուղիների, շինությունների անսարքության պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների համար պատասխանատվություն են կրում դրանց սեփականատերերը:

15. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները շահագործող և պահպանող մարմինները պարտավոր են`

ա) ժամանակին իրազեկել պաշտպանական գոտիների հողի սեփականատերերին և հողօգտագործողներին ճանապարհի պահպանության աշխատանքների` այդ գոտիների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ և միջոցներ ձեռնարկել դրանք կանխելու ու հետևանքները վերացնելու ուղղությամբ.

բ) ժամանակավոր շրջանցումների ու ճանապարհների օգտագործման ժամկետը լրանալուց և ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներն ավարտելուց հետո վերականգնել պաշտպանական գոտու հողերի նախնական տեսքը.

գ) օրենքով սահմանված կարգով փոխհատուցել ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքների կատարման ժամանակ հողի սեփականատերերին և հողօգտագործողներին պատճառված վնասներն ու կորուստները:

16. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերը և հողօգտագործողները պարտավոր են`

ա) կառուցել պաշտպանական գոտում գտնվող օբյեկտները ճանապարհի հետ միացնող ուղիներ` նախօրոք համաձայնեցնելով ճանապարհը տնօրինողների և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի հետ.

բ) իրենց հողատարածքի սահմաններում ճանապարհի օտարման շերտին հարող տարածքները և ցանկապատերը պահել նորոգված ու բարեկարգ վիճակում.

գ) թույլ չտալ իրենց կողմից աղբի, ձյան, շինանյութերի և կառուցվածքների կուտակում` ճանապարհի կողեզրից 10 մետրից պակաս հեռավորության վրա.

դ) կանխել իրենց հողատարածքից տրանսպորտային միջոցների և անասունների ճանապարհ դուրս գալը` այդ նպատակի համար չնախատեսված տեղերում.

ե) թույլատրել ճանապարհի ձմեռային պահպանության համար անհրաժեշտ շարժական վահանների, ավազի ու խարամի տեղադրումը ճանապարհից անհրաժեշտ հեռավորության վրա.

զ) ավտոմոբիլային ճանապարհի կանոնավոր շահագործման պայմանների ապահովման նպատակով, ինչպես նաև նորոգման կամ վերանորոգման անհրաժեշտության դեպքում պետական ճանապարհային մարմնի պահանջով վերացնել կամ տեղափոխել պաշտպանական գոտում գտնվող կառույցները կամ տեսանելիությանը խանգարող ծառերը, ինչպես նաև թույլատրել պետական ճանապարհային մարմնին` օրենքով սահմանված կարգով կառուցելու ժամանակավոր շրջանցումներ և ճանապարհներ:

 

Հոդված 14.

Ավտոմոբիլային ճանապարհների կահավորումը սպասարկման օբյեկտներով

 

1. Տրանսպորտային միջոցների, վարորդների և ուղևորների սպասարկման համար ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և պաշտպանական գոտիներում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրվում են ավտոլցավորման, տեխնիկական սպասարկման կայաններ, ավտոկայաններ, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներ, ինչպես նաև գովազդի միջոցներ, գովազդային վահանակ:

2. Ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում և պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների և գովազդի (գովազդային վահանակի) տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների թույլտվությամբ:

3. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարում են ճանապարհային հարկ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:

4. Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ավտոմոբիլային ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման հատակագիծը և այլ պայմանները հանրապետության քաղաքային համայնքներում նախատեսվող օբյեկտների համար պետական ճանապարհային մարմին են ներկայացնում քաղաքապետը, իսկ գյուղական համայնքներում կամ դրանցից դուրս` մարզպետը:

5. Համայնքի գլխավոր հատակագծի կամ գոտիավորման փաստաթղթերի բացակայության դեպքում ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտում շենքերի և շինությունների կառուցման նպատակով հողամասի տրամադրումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով, ընդ որում` հողահատկացման առաջարկությունը նախապես համաձայնեցվում է պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազորած մարմնի հետ:

6. Ընդհանուր օգտագործման պետական և ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է պետական ճանապարհային մարմինը: Ճանապարհային հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով պետական ճանապարհային մարմին են ներկայացնում վճարումը հավաստող անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիր, կամ պետական ճանապարհային մարմնի կողմից հաստատված կարգով ուղարկվող ծանուցման մեջ նշված գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

Վճարման պարտավորությունների գծով գումարի վճարումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գումարը ենթակա է գանձման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով, իսկ սահմանված չափից ավելի վճարված ճանապարհային հարկի գումարները ենթակա են հաշվանցման և (կամ) վերադարձման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(14-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-268-Ն)

 

Հոդված 15.

Ավտոմոբիլային ճանապարհների պահպանումը և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը

 

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և երթևեկության անվտանգության ապահովման համար ճանապարհի տնօրինողներն իրականացնում են`

ա) ավտոմոբիլային ճանապարհների խնամքի և պահպանման համալիր աշխատանքներ.

բ) ավտոմոբիլային ճանապարհների կահավորում` ճանապարհային նշաններով.

գ) ավտոմոբիլային ճանապարհների գծանշում և պարսպում.

դ) ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրում և դրանց կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում:

2. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն ու երթևեկության անվտանգությունն ապահովում են դրանց սեփականատերերը:

 

Հոդված 16.

Հողամասերի տրամադրումը ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման նպատակով

 

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման նպատակով հողամասերի տրամադրումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հոդված 17.

Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքի պահանջները խախտողները կրում են պատասխանատվություն` սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 18.

Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողներին հասցված վնասի հատուցումը

 

1. Ավտոմոբիլային ճանապարհների անսարքության պատճառով դրանցից օգտվողներին հասցված վնասը հատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն հոդվածն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից` միջպետական նշանակության ճանապարհների համար, և 2012 թվականի հունվարի 1-ից` հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների համար:

 

Հոդված 19.

Ավտոմոբիլային ճանապարհների հետ կապված վեճերի լուծման կարգը

 

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման ընթացքում վնասի հատուցման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված 20.

Միջազգային պայմանագրերը

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 21.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (13 մայիսի 1996 թվականի, ՀՕ-56):

2. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա և ի կատարումն դրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին մինչև սույն օրենքի հիման վրա նոր իրավական ակտերի ընդունումը:

3. Սույն օրենքի դրույթները տարածվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հոդված 22.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-240-Ն