Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-270
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2018-01.01.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.12.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.1998
Дата вступления в силу
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

28 դեկտեմբերի 1998 թ.

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական և բնօգտագործման վճարների (այսուհետ` վճարներ) հասկացությունները, վճարողների շրջանակը, վճարների տեսակները, հաշվարկման և վճարման կարգը, սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը, կարգավորում է վճարների հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հասկացությունները

 

Բնապահպանական վճար` բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքին համապատասխան պետական բյուջե, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի բյուջե վճարվող պարտադիր վճարն է:

Բնօգտագործման վճար` պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման և (կամ) իրացման համար սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճարն է.

(2-րդ հոդվածը լրաց. 15.05.01 ՀՕ-184, խմբ. 28.11.11 ՀՕ-284-Ն)

 

Հոդված 3. Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողները

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համարվում ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրականացնում են  սույն օրենքի 4 և 5 հոդվածներով սահմանված գործառույթներ:

 

Հոդված 4. Բնապահպանական վճարի տեսակները

 

Բնապահպանական վճարի տեսակներն են`

ա) վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու համար.

բ) արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար.

գ) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար:

 

Հոդված 5. Բնօգտագործման վճարի տեսակները

 

Բնօգտագործման վճարի տեսակներն են`

ա) ջրօգտագործման համար.

բ) պինդ օգտակար հանածոների, բացառությամբ մետաղական օգտակար հանածոների, մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար.

գ) կենսապաշարների օգտագործման համար.

դ) ռոյալթին` արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար:

(5-րդ հոդվածը խմբ. 05.12.00 ՀՕ-122, լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն)

 

Հոդված 6. Վճարողների հաշվառման կարգը

 

Վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 7. Վճարների դրույքաչափերը

 

Բնապահպանական վճարների դրույքաչափերը սահմանվում են օրենքով, իսկ բնօգտագործման վճարներինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ներմուծեք նկարագրությունը_21507

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 8. Վճարների հաշվարկման և վճարման կարգը

 

Վճարողները վճարների գումարները հաշվարկվում են սույն օրենքին համապատասխան ինքնուրույն, եռամսյակի կտրվածքով, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ, և պետական բյուջե են վճարում սույն օրենքին համապատասխան:

(8-րդ հոդվածը փոփ. 05.12.00 ՀՕ-122)

 

Հոդված 9. Բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման կարգը

 

1. Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի հիման վրա` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքի:

2. Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող վճարողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնում են՝

1) Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի, իսկ մակերևութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 10 տոկոսի հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի, ինչպես նաև մակերևութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա:

3. (պարբերությունը հանվել է 28.11.11 ՀՕ-284-Ն) 

Ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի (ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի) ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի, ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի ծավալների հիման վրա:

(պարբերությունը հանվել է 28.11.11 ՀՕ-284-Ն)

Սույն օրենքով ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:

Սույն օրենքով հանքային ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:

Ըստ օգտակար հանածոների առանձին տեսակների և առանձին հանքավայրերի` բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Անտառանյութի օգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա:

Մնացած կենսապաշարների համար վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա` սույն օրենքին համապատասխան, և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) ստուգում է կենսապաշարների օգտագործման համար վճարի սույն օրենքին համապատասխան հաշվարկված լինելը:

6. Կենսապաշարների օգտագործման համար վճարը պակաս մուծելու կամ վճարումն ուշացնելու դեպքում սույն օրենքի համաձայն հաշվարկված տույժերի գումարները գանձում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները (այսուհետ` հարկային մարմիններ):

7. Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում հանածոյի մարված պաշարների ծավալների, այդ ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի դրույքաչափի (սույն կետում այսուհետ` դրույքաչափ) հիման վրա, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և դրույքաչափի արտադրյալը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի հաստատագրված դրույքաչափը (սույն կետում այսուհետ` հաստատագրված դրույքաչափ):

Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հաստատագրված դրույքաչափի և հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների բազմապատկումով`

ա) եթե հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և դրույքաչափի արտադրյալը չի գերազանցում հաստատագրված դրույքաչափը.

բ) եթե հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել: Եթե հաշվետու ժամանակաշրջանում իրացվել է այդ ժամանակաշրջանում մարված պաշարների մի մասը, ապա մարված պաշարների իրացված մասի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան, իսկ մարված պաշարների չիրացված մասի համար՝ հաստատագրված դրույքաչափերով.

գ) եթե իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքը, կամ եթե օգտակար հանածոն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար.

դ) բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օգտակար հանածոների առանձին տեսակների համար սահմանված հաստատագրված դրույքաչափերը սույն կետին համապատասխան կիրառվում են օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի առնելով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի ելքի առանձին ցուցանիշները, եթե հաստատագրված դրույքաչափերը սահմանված են ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի բացակայության դեպքում, ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի, ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը կիրառվում է պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների ծավալի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարի համար սահմանված վճարի դրույքաչափի և հաշվետու ժամանակաշրջանում տվյալ քարի միջազգային շուկայական միջին գնի հիման վրա` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը: Արտարժույթով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության դրամով հաշվարկելիս որպես փոխարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը:

9. Սույն օրենքի իմաստով օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:

(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.12.00 ՀՕ-122, խմբ. 21.08.08 ՀՕ-145-Ն, փոփ., լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-123-Ն)

 

Հոդված 10. Բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման կարգը

 

1. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջակա միջավայր արտանետված վնասակար նյութերի ծավալի հիման վրա և վճարվում է սույն օրենքին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում և վճարվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

2. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե է վճարվում ներմուծելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է ներմուծողը՝ այդ ապրանքների համար «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) սահմանված կարգով որոշվող ավելացված արժեքի հարկով հարկման բազայի (առանց այդ ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի) հիման վրա (այսուհետ՝ վճարի հաշվարկման բազա) և պետական բյուջե է վճարում մինչև այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Սույն պարբերությունում նշված բնապահպանական վճարի հաշվարկը ներառվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրում:

Հայաստանի Հանրապետություն ներմուծված և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) համար վճարը հաշվարկում է ներմուծողը` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների իրացման շրջանառությունից և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափից: Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարը պակասեցվում է՝

1) ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ներմուծված և իրացված՝ ապրանքների ներմուծման համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից: Հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների համար հաշվարկված վճարից չպակասեցված վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն.

2) ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ներմուծված և իրացված՝ ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից: Հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների համար հաշվարկված վճարից չպակասեցված վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը` իրացման շրջանառության հիման վրա և վճարում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամասնորեն: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործվել են Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ, ապա սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարը պակասեցվում է`

1) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում կամ ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից.

2) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Հայաստանի Հանրապետության մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից:

Հայաստանի Հանրապետությունում արտադրված և հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների համար հաշվարկված վճարից չպակասեցված` իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:

Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական վճարների գումարները հաշվարկային փաստաթղթերում առանձնացնում են միայն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող իրացնողները և արտադրող իրացնողները: 

3. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված արտադրության և սպառման թափոնների ծավալներից և դրանց վտանգավորության դասից, ու վճարվում է սույն օրենքին համապատասխան:

(10-րդ հոդվածը խմբ. 05.12.00 ՀՕ-122, լրաց. 01.06.06 ՀՕ-98-Ն, խմբ. 20.12.06 ՀՕ-246-Ն, լրաց. 23.05.11 ՀՕ-175-Ն, խմբ. 12.05.16 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 11. Վճարների հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները

(վերնագիրը փոփ. 05.12.00 ՀՕ-122)

 

1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները թղթային տարբերակով երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:

Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների թղթային տարբերակի երկրորդ օրինակները վճարողները սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:

Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր և հարկային մարմիններ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Վճարողները հաշվարկված եռամսյակային վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը:

3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:

4. (մասն ուժը կորցրել է 12.05.16 ՀՕ-72-Ն)

(11-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.12.00 ՀՕ-122, փոփ. 22.12.10 ՀՕ-215-Ն, 12.05.16 ՀՕ-72-Ն, լրաց. 12.05.16 ՀՕ-77)

 

Հոդված 111 . Բնապահպանական և բնօգտագործման վճարների ճշտված հաշվարկ-հաշվետվությունները
 

1. Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների կողմից համապատասխան վճարի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանի համար պարտավորությունների վերահաշվարկ:

2. Հարկային կամ լիազոր մարմինների կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո լիազոր մարմին ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:

3. Ճշտված հաշվարկ-հաշվետվությունները թղթային տարբերակով երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին՝ գրանցման: Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների թղթային տարբերակի երկրորդ օրինակները վճարողները գրանցմանը հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:

Ճշտված հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր և հարկային մարմիններ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(111-ին հոդվածը լրաց. 19.05.08 ՀՕ-64-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-215-Ն, լրաց. 12.05.16 ՀՕ-77)

 

Հոդված 11.2. Վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման կարգը

 

1. Բնօգտագործման վճար վճարող հանդիսացող ջրօգտագործողները ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում տեղադրում և շահագործում են հաշվիչ (չափիչ) սարքեր, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման հարկային և լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են հարկային մարմնի և վճար վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:

2. Բնօգտագործման վճար վճարող ջրօգտագործողները հանքային ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`

ա) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից (այսուհետ` գազանջատիչ) դուրս եկող ջրախողովակի (այսուհետ՝ առաջնային խողովակ) վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.

բ) միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված յուրաքանչյուր խողովակի վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.

գ) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված կամ միացված լինելու դեպքում մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում տեղադրում են գազաչափ:

Սույն կետում նշված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը և գազաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման հարկային և լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են հարկային մարմնի և վճար վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:

(11.2-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-145-Ն)

 

Հոդված 12. Վճարների վճարման արժույթը

 

Վճարները վճարվում են հայկական դրամով:

 

Հոդված 12.1

Բնապահպանական և բնօգտագործման վճարների պարտավորությունների հաշվառումը

 

1. Վճարների պարտավորությունների (վճար, տույժ, տուգանք) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

2. Վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը), ինչպես նաև վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հաշվարկ-հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև վճարողին տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում վճարների պարտավորությունների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում վճարների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

3. Վճարների պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման ամսաթվից:

4. Որևէ հաշվետու ժամանակաշրջան (եռամսյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված վճարողի համար` պետական գրանցման պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրը: Հաշվարկ-հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ վճարողի լուծարման կամ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հաշվարկ-հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություն, իսկ մյուսները` ճշտված հաշվարկ-հաշվետվություն:

5. Վճարողի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացված միջանկյալ և լուծարային հաշվարկ-հաշվետվությունները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններ, եթե այդ հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը վճարողը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Վճարողի կողմից միջանկյալ և (կամ) լուծարային հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվարկ-հաշվետվություններ, որոնք չեն համարվում ճշտված հաշվարկ- հաշվետվություններ:

6. Ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններ, և հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները համարվում են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ:

7. (մասն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-163-Ն)

(12.1-ին հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-190-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-163-Ն)

 

 

Հոդված 13. Ավելի վճարված վճարների գումարների վերադարձը

 

Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված գումարները մուտքագրվում են միասնական հաշվին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով սահմանված կարգով:

(13-րդ հոդվածը խմբ. 24.11.15 ՀՕ-163-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.1

 

ՌՈՅԱԼԹԻՆԵՐ

(գլուխը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն)

 

Հոդված 13.1.  Ռոյալթիի հասկացությունը

 

Ռոյալթին մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության համար սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:

(13.1-ին հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն, 18.10.16 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 13.2.  Ռոյալթի վճարողները

 

Ռոյալթի վճարողներ են համարվում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և (կամ) ընդերքօգտագործման թափոններ վերամշակող և (կամ) մետաղի խտանյութ արտադրող հանդիսացող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

(13.2-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն, 18.10.16 ՀՕ-162-Ն)

 

Հոդված 13.3.   Ռոյալթիի հաշվարկման բազան

 

1. Ռոյալթիի հաշվարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված` հանքարդյունաբերության արտադրանքի իրացումից հասույթը` առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ` իրացումից հասույթ):

2. Սույն օրենքի իմաստով հանքարդյունաբերության արտադրանք է համարվում մետաղի խտանյութը (այսուհետ` խտանյութ):

3. Եթե իրացվում է ոչ թե խտանյութը, այլ ձուլվածքը կամ խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքը (այսուհետ` խտանյութի հետ միասին` արտադրանք), ապա սույն հոդվածով սահմանված կարգով ռոյալթիի հաշվարկման բազայի որոշման համար հիմք է ընդունվում մատակարարված արտադրանքում պարունակվող կամ օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը:

4. Սույն հոդվածին համապատասխան` իրացումից հասույթի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(13.3-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն)

 

Հոդված 13.4.   Ռոյալթիի դրույքաչափը

 

Ռոյալթիի համար սահմանվում է ռոյալթիի հաշվարկման բազայի նկատմամբ արժեքային (տոկոսային) դրույքաչափ, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

R = 4 + [Շ/(Հx8)]x100, որտեղ`

R - ռոյալթիի դրույքաչափն է տոկոսով,

Շ - շահույթն է նախքան հարկումը` դրամով: Այն որոշվում է որպես ռոյալթիի հաշվարկման բազայի և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն,

Հ - արտադրանքի իրացումից հասույթն է` առանց ԱԱՀ-ի` դրամով:

(13.4-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն)

 

Հոդված 13.5.  Ռոյալթիի հաշվարկման կարգը

 

Ռոյալթին հաշվարկվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` ելնելով ռոյալթիի հաշվարկման բազայից և սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափից:

(13.5-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն)

 

Հոդված 13.6. Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը
 

Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր տարին:

(13.6-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն)

 

Հոդված 13.7.  Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվությունները

 

1. Ռոյալթի վճարողները պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու տարվա համար, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ, լիազոր մարմնի սահմանած ձևով ռոյալթիների հաշվարկ-հաշվետվությունները բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնել իրենց հաշվառման հարկային մարմին, որում արտացոլվում է սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափով հաշվարկվող ռոյալթին: Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև ռոյալթիի հաշվարկման օբյեկտի բացակայության դեպքում վճարողը կարող է ներկայացնել գրավոր հայտարարություն, որը համարվում է հարկային մարմին ներկայացվող հաշվարկների ամփոփ ձև:

2. Յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ներկայացվող հաշվարկ-հաշվետվության հետ մեկտեղ վճարողները ներկայացնում են նաև հաշվետու տարվան հաջորդող տարում իրականացվելիք` արտադրանքի մատակարարումներին վերաբերող` արտադրանքի մատակարարման պայմանագրերի պատճենները` հայերեն բովանդակությամբ կամ դրանց հայերեն թարգմանությամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանագրերը հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման ժամկետից հետո կնքվելու կամ հարկային մարմին ներկայացրած պայմանագրերի փոփոխությունների դեպքերում դրանց պատճենները բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացվում պայմանագրի կնքման (փոփոխությունների կատարման) ամսաթվին հաջորդող 30-օրյա ժամկետում: Արտադրանքի մատակարարման կնքված պայմանագրերը լուծվելու դեպքում դրանց վերաբերյալ լիազոր մարմնի սահմանած ձևի տեղեկությունները բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացվում պայմանագրի լուծման ամսաթվին հաջորդող 30-օրյա ժամկետում:

4. Նախորդ հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում վճարողների կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերվելու դեպքում վճարողները կարող են հարկային մարմին ներկայացնել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա հարկային մարմինը կատարում է այդ ժամանակահատվածների համար ռոյալթիների պարտավորությունների վերահաշվարկ:

5. Հարկային մարմինների կողմից վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո վճարողները հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակահատվածներին վերաբերող ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ չեն ներկայացվում:

6. Արտադրանքի մատակարարման պայմանագրերով նախատեսված` ռոյալթիի հաշվարկման օբյեկտի և ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները կատարվում են, և դրանց արդյունքներն արտացոլվում են վերջնահաշվարկն ընդգրկող հաշվետու ժամանակահատվածում (արտացոլվում են այդ հաշվետու ժամանակահատվածի հաշվարկ-հաշվետվություններում):

(13.7-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն, 12.05.16 ՀՕ-77)

 

Հոդված 13.8. Ռոյալթիի վճարման կարգը

 

1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված ռոյալթիները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ:

2. Նախքան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիների վճարումը վճարողները յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 15-ը ներառյալ, սույն հոդվածով սահմանված կարգով, կատարում են ռոյալթիի կանխավճարային վճարումներ` նախորդ տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարի (ներառյալ տվյալ տարվա ընթացքում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներին վերաբերող ռոյալթիների լրացուցիչ գումարները) մեկ քառորդի չափով:

3. Մինչև նախորդ տարվա ռոյալթիի գումարի հաշվարկումը (մինչև ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության ներկայացումը) վճարողները ռոյալթիի կանխավճարները յուրաքանչյուր եռամսյակի համար կատարում են նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս:

Նախորդ տարվա ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության ներկայացումից հետո հաշվարկ-հաշվետվության ներկայացմանը անմիջապես հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկ-հաշվետվության ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճողական հանրագումարով, ելնելով սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված չափից:

4. Եթե յուրաքանչյուր եռամսյակի առաջին երկու ամիսների արդյունքներով մատակարարված խտանյութի միջազգային շուկայական միջին գինը 20 տոկոս և ավելի ցածր է նախորդ տարվա արդյունքով խտանյութի միջազգային շուկայական միջին գնից, ապա վճարողները կարող են մինչև տվյալ եռամսյակի համար կանխավճարի կատարման ժամկետը իրենց հաշվառման հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն և հայտարարության հիման վրա տվյալ եռամսյակի կանխավճարը պակաս վճարել` խտանյութի գնի նվազման գործակցով պակաս չափով:

Եթե յուրաքանչյուր եռամսյակի առաջին երկու ամիսների արդյունքներով մատակարարված խտանյութի միջազգային շուկայական միջին գինը 20 տոկոս և ավելի բարձր է նախորդ տարվա արդյունքով խտանյութի միջազգային շուկայական միջին գնից, ապա վճարողների տվյալ եռամսյակի ռոյալթիների կանխավճարների գումարներն ավելացվում են խտանյութի գնի բարձրացման գործակցով ավել չափով:

Սույն կետի կիրառման առումով միջազգային շուկայական միջին գինը որոշելու համար հիմք է ընդունվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարած գինը:

5. Ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվության հիման վրա հաշվարկված ռոյալթիի և տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի դրական տարբերությունը վճարվում է պետական բյուջե մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը:

6. Ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվության հիման վրա հաշվարկված ռոյալթիի գումարի նկատմամբ տարվա ընթացքում ավելի վճարված ռոյալթիի կանխավճարի գումարը (ավելի մասը) մուտքագրվում է միասնական հաշվին:

7. (մասն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-163-Ն)

(13.8-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-163-Ն)

 

Հոդված 13.9. Ռոյալթիի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունը

 

Ռոյալթիների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:

(13.9-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն)

(գլուխը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 14. Վճարողների իրավունքները

 

Վճարողներն իրավունք ունեն`

ա) վճարներ գանձող մարմիններից պահանջել կատարելու հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` վերահաշվարկ.

բ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել վճարներ գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

գ) սույն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա վճարների գումարները.

դ) ստանալ համապատասխան տեղեկանք` վճարների վճարման մասին:

 

Հոդված 15. Վճարողների պարտականությունները

 

Վճարողները պարտավոր են`

ա) սույն օրենքին համապատասխան, սահմանված դրույքաչափերից ելնելով, ինքնուրույն հաշվարկել և ժամանակին վճարել վճարների գումարները.

բ) անհրաժեշտության դեպքում վճարները գանձող մարմիններին ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և տեղեկություններ.

գ) ներկայացնել վճարների գծով արտոնության` իրենց իրավունքը հաստատող փաստաթղթերը.

դ) իրավասու մարմինների անցկացրած ստուգումների հետևանքով բացահայտված` թաքցված կամ պակաս ցույց տրված վճարների գումարների չափով ուղղումներ մտցնել հաշվապահական հաշվառումներում:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 16. Վճարների արտոնությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների համար:

2. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարից ազատվում են`

ա) դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները.

բ) Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնողները: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ բնույթի որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.

գ) Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը:

3. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող ապրանքները:

4. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարից ազատվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` սպառման թափոնների համար:

(16-րդ հոդվածը լրաց. 05.12.00 ՀՕ-122)

 

Հոդված 17. Վճարների արտոնությունների սահմանումը

 

Բնապահպանական վճարների այլ արտոնությունները սահմանվում են օրենքով, իսկ բնօգտագործման վճարներինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 18. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

2. Վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են վճարողները, իսկ իրավաբանական անձանց դեպքում` դրանց օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

Վճար վճարողի կողմից սույն օրենքով սահմանված հաշվարկ-հաշվետվություններ չներկայացնելու կամ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններին տեղեկություններ (հաշվետվություններ) չներկայացնելու կամ ներկայացված տեղեկություններում (հաշվետվություններում) ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների կամ ռոյալթիի հաշվարկման բազայի հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով վարելու, ինչպես նաև սույն հոդվածի 9-րդ կետում նշված դեպքերում հարկային մարմինը կարող է կիրառել վճարողների հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները անուղղակի եղանակներով գնահատելու` օրենքով սահմանված կարգը:

Եթե ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում պարունակվող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը:

Սույն օրենքի կիրառության իմաստով մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ նշված աղբյուրի կողմից որևէ մետաղի վերաբերյալ տվյալներ չհրապարակվելու դեպքում՝ համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաև աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները):

3. Վճարումներն (այդ թվում` ռոյալթիների կանխավճարների կատարումը) ուշացնելու համար վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0.15 տոկոսի չափով:

Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) վճարման օբյեկտի գծով վճարի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

4. Վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար վճարողից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված վճարի գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված վճարի գումարը:

Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ վճարի հաշվարկ-հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ վճարի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:

5. Սույն օրենքի 4 և 5 հոդվածներով սահմանված գործառույթներ իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ գործառույթն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կրում են վճարման պարտավորություններ` սույն օրենքով սահմանված կարգով:

6. Վճարը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու (սահմանված հաշվարկ-հաշվետվություններում վճարի գումարը ցույց չտալու, պակաս ցույց տալու կամ գործունեություն չիրականացնելու մասին կեղծ տվյալներ ներկայացնելու) դեպքում գանձվում է սույն օրենքին համապատասխան հաշվարկված` թաքցված կամ պակաս ցույց տրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում վճարը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում նաև տուգանք` վճարի ամբողջ գումարի չափով:

Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև վճարի օբյեկտ հանդիսացող գույք չունենալու դեպքում վճարողը ներկայացնում է հայտարարություն, որը համարվում է լիազոր և հարկային մարմիններ ներկայացվող փաստաթղթերի ամփոփ ձև:

7. Թաքցված կամ պակաս ցույց տրված վճարը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տույժերը և տուգանքները պետական բյուջե, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 15-օրյա ժամկետում:

Ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների նկատմամբ նշված 15-օրյա ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 15-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:

8. Վճարման պարտավորությունների գծով գումարի մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գումարը ենթակա է գանձման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

9. Եթե լիազոր կամ հարկային մարմիններն ունեն փաստեր այն մասին, որ չմարված վճարային պարտավորություններ ունեցող վճարողները վերացնում (լուծարում) են վճարման պարտավորություն առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են դրանք, որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել սույն օրենքով սահմանված վճարները, ապա այդ մարմինները կարող են միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակաշրջանը դրանք գանձելու համար: Այդ դեպքում լիազոր կամ հարկային մարմինները կարող են պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվություններ և օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր` մինչև դրանք ներկայացնելու ժամկետը լրանալը:

Ներմուծեք նկարագրությունը_21507 (18-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.12.00 ՀՕ-122, լրաց. 15.05.01 ՀՕ-184, խմբ. 21.08.08 ՀՕ-145-Ն, խմբ., լրաց. 08.12.10 ՀՕ-190-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-215-Ն, լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն, փոփ. 07.12.11 ՀՕ-311-Ն, խմբ. 05.12.13 ՀՕ-144-Ն, փոփ. 19.11.14 ՀՕ-190-Ն, խմբ., լրաց. 01.03.17 ՀՕ-78-Ն, խմբ. 24.11.15 ՀՕ-163-Ն)

 

Հոդված 19. Վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը

 

Վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Ներմուծեք նկարագրությունը_21507

 

Հոդված 20. Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները

 

1. Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

ա) տասնապատիկը` բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար վճարի հաշվարկման դեպքում.

բ) հնգապատիկը` պինդ օգտակար հանածոների օգտագործման համար վճարի հաշվարկման դեպքում.

գ) եռապատիկը` վճարի մյուս (բացառությամբ օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերի) տեսակների հաշվարկման դեպքում:

3. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային ու լիազոր մարմիններ ներկայացրած` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերությունն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման համար համամասնորեն բաշխվում է ստուգվող ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների վրա:

4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի օբյեկտների համար սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

1) հնգապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) մինչև 5 անգամ գերազանցող մասի համար.

2) տասնապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) 5-ից ավելի անգամ գերազանցող մասի համար:

Անկախ սույն մասի դրույթներից, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա սահմանված` օդային ավազան վնասակար նյութերի արտանետումների ժամանակավոր (մինչև հինգ տարի ժամկետով) չափաքանակները (սահմանափակումները) գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը:

5. Զրոյական չափաքանակների (սահմանափակումների)`

1) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում` ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները կամ ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տվյալները չնշվելու) դեպքում, որպես դրույքաչափ, կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

ա. տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում,

բ. հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում.

2) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում` պայմանագրում մարման կամ արդյունահանման ենթակա ծավալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը.

3) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման պայմանագրեր (այդ թվում` անտառհատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդեր) չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի տասնապատիկը.

4) օրենսդրության համաձայն կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում` պայմանագրում օգտագործման ենթակա ծավալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը.

5) օրենսդրության համաձայն սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություն չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

ա) տասնապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները չեն գերազանցում ըստ վճարի օբյեկտների ներքոհիշյալ չափաքանակները`

փոշի 2 տոննա
ածխածնի մոնօքսիդ 1.5 տոննա
ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) 1.0 տոննա
ծծմբային անհիդրիդ 0.5 տոննա
քլոր 0.1 տոննա
վճարի օբյեկտ հանդիսացող մյուս նյութերի համար 0.05 տոննա,

բ) քսանհինգապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները հավասար են կամ գերազանցում են ըստ վճարի օբյեկտների սույն կետի «ա» ենթակետում նշված չափաքանակները:

(20-րդ հոդվածը փոփ. 05.12.00 ՀՕ-122, խմբ. 11.06.04 ՀՕ-107-Ն, խմբ., լրաց. 11.04.05 ՀՕ-81-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-98-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-123-Ն)

 

Հոդված 21.

Oրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն oրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ:

(21-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-107-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-215-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 22. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար 1999 թվականին վճարների հաշվարկման և վճարման կարգը

 

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները 1999 թվականին վճարները հաշվարկում և վճարում են իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-270

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան