Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-107
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2018-01.01.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.05.20/11
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.04.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.05.1997
Дата вступления в силу
30.05.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

14 ապրիլի 1997 թ.

 

ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հարկի հասկացությունը և հարկերի տեսակները, հարկային վեճերի լուծման կարգը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության (այսուհետ` հարկային օրենսդրություն) և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում են հարկերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և հարկային հարաբերություններ կարգավորող մյուս իրավական ակտերը:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են`

ա) հարկային օրենսդրությամբ, որը բաղկացած է սույն օրենքից և առանձին հարկատեսակների մասին օրենքներից.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով` հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և սահմաններում.

գ) հարկային մարմնի (այսուհետ` հարկային մարմին), ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում պետական կառավարման այլ մարմինների կողմից ընդունված ակտերով` հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և սահմաններում:

Եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից (տեղական հարկերի դեպքում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից) կիրառվում են հարկ վճարողի օգտին:

Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերում հակասության, երկիմաստության կամ տարընթերցման դեպքում դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով հարկ վճարողը կարող է նաև սահմանված կարգով դիմել հարկային, մաքսային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:

(2-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-129, խմբ. 25.12.03 ՀՕ-53-Ն, փոփ. 27.04.10 ՀՕ-51-Ն, 11.05.11 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 3. Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից, ներկայացուցչություններից), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում:

(3-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-289)

 

Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ: Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկները, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները), հիմնարկները, տեղական ինքնակառավարման մարմինները (այսուհետ` հարկ վճարողներ) պարտավոր են վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

(5-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-289)

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դեպքերում հարկի վճարման պարտավորությունը կարող է դրվել հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության գործերը վարող անձի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի վրա, ինչպես նաև կարող է սահմանվել համապարտ պատասխանատվություն՝ հարկային պարտավորությունների կատարման մասով:

Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը:

Ներդրումային ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի)` որպես հարկ վճարողի հետ կապված բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը` այդ ներդրումային ֆոնդի հաշվին:

(6-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-289, լրաց. 14.12.04 ՀՕ-185-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-267-Ն, 19.12.12 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 6.1. Առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեության մասով հարկերի (բացառությամբ հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի և տեղական հարկերի) հաշվարկման և վճարման պարտավորությունը կատարում է համատեղ գործունեության գործերը վարող անձը:

Եթե համատեղ գործունեության պայմանագրի համաձայն, համատեղ գործունեությունը վարվում է մեկից ավելի մասնակիցների կողմից, ապա համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման և վճարման պարտավորությունը կատարում է մասնակիցների կողմից գրավոր լիազորված անձը:

Համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն կրող անձը մինչև համատեղ գործունեության շրջանակներում առաջին գործարքի իրականացումը պարտավոր է իր գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)՝ համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին:

Համատեղ գործունեության (այդ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների) մասով հարկային պարտավորությունների կատարման համար գործունեության մասնակիցները կրում են համապարտ պատասխանատվություն:

Համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման առումով մասնակիցների կողմից վարվում է առանձնացված հաշվառում:

Համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացող հաշվարկային և վճարային փաստաթղթերը դուրս են գրվում հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն ստանձնած անձի կողմից, իսկ պայմանագրով նախատեսված դեպքում` նաև գործեր վարող այլ մասնակիցների կողմից` հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն ստանձնած անձի անունից:

Համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով առաջացող հարկային պարտավորություններին վերաբերող` հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվարկները, հայտարարագրերը, տեղեկությունները ներկայացվում են հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն ստանձնած անձի կողմից, որոնցում արտացոլվում են անմիջականորեն ինչպես նրա, այնպես էլ համատեղ գործունեության ընդհանուր ցուցանիշները (արդյունքները):

Մասնակիցների կողմից կատարված ներդրումներին վերաբերող՝ ակտիվների ձեռքբերման հաշվարկավճարային փաստաթղթերը (կցելով ակտիվների քանակներն արտացոլող հանձնման-ընդունման ակտը) փոխանցվում են համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն ստանձնած անձին:

 (6.1-ին հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն )

 

Հոդված 7. Հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարկ վճարողների հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը, իսկ օրենքով սահմանված դեպքերում` տեղական ինքնակառավարման մարմինը:

(7-րդ հոդվածը լրաց. 27.04.10 ՀՕ-51-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 8. (հոդվածն ուժը կորցրել է 04.10.16 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 9. Հարկվող միևնույն օբյեկտը հաշվետու ժամանակաշրջանում նույն տեսակի հարկով կարող է հարկվել միայն մեկ անգամ:

 

Հոդված 10. Հարկերը վճարվում են հայկական դրամով` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով:

(10-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-273)

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների` Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված եկամտի (շահույթի) գումարը, սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի արժեքը ներառվում են Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա եկամտի (շահույթի) ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի մեջ և հաշվի են առնվում հարկերի չափը որոշելիս, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների եկամտի (շահույթի) գումարից, սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի արժեքից գանձվող հարկերը նվազեցվում են հարկերի այն գումարների չափերով, որոնք Հայաստանի Հանրապետության հարկ վճարողներից գանձվել են օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող գումարների չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից (շահույթից), այդ պետություններում գտնվող գույքի արժեքից Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարները:

 

Հոդված 11.1 (հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-237-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակներն են`

ա) պետական հարկերը`

- շահութահարկ,

- եկամտային հարկ,

- ակցիզային հարկ,

- ավելացված արժեքի հարկ,

- դրոշմանիշային վճար:

Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ, շրջանառության հարկեր կամ արտոնագրային վճարներ: Սույն պարբերության դրույթը չի տարածվում դրոշմանիշային վճարի վրա.

բ) տեղական հարկերը,

- գույքահարկ,

- հողի հարկ,

- հյուրանոցային հարկ:

Այլ օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական հարկատեսակներ:

Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի և համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից:

Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունը սահմանվում է սույն օրենքով: Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան հարկերի մասին օրենքներով:

(12-րդ հոդվածը լրաց. 05.06.00 ՀՕ-63, փոփ. 21.08.08 ՀՕ-143-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-253-Ն, խմբ. 27.04.10 ՀՕ-51-Ն, 23.06.11 ՀՕ-225-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-267-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, խմբ. 15.12.16 ՀՕ-251-Ն)

 

Հոդված 13. Հարկային օրենսդրությամբ կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները`

հարկվող օբյեկտի նվազեցում,

հարկի դրույքաչափի նվազեցում,

հարկի նվազեցում,

հարկի հաշվարկման ժամկետի հետաձգում,

հարկի վճարման ժամկետի հետաձգում,

հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում,

բանկի կամ վարկային կազմակերպության կողմից հարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների վճարման պարտավորության հետաձգում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի կամ վարկային կազմակերպության պարտատերերի պահանջների սառեցման (մորատորիումի) ժամանակահատվածում:

Հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հարկ վճարողներին փոխհատուցվում է վճարված (գանձված) հարկի գումարը:

Հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Գործող հարկային արտոնության դադարեցման կամ փոփոխման դեպքում սահմանվում է տվյալ արտոնությունից օգտվող հարկ վճարողների նկատմամբ դրա կիրառման կարգը:

(13-րդ հոդվածը լրաց. 06.11.01 ՀՕ-257, 11.12.02 ՀՕ-484-Ն)

 

Գ լ ու խ  II.1. ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐ

(գլուխը լրաց. 27.04.10 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 13.1. Տեղական հարկերի առանձնահատկությունները սահմանվում են յուրաքանչյուր հարկատեսակի մասին օրենքով: Տեղական հարկերը, որպես եկամուտ, ամբողջությամբ ամրագրվում են այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում դրանք ձևավորվում են:

 

Հոդված 13.2. Տեղական հարկերից հողի հարկի և գույքահարկի կիրառումը յուրաքանչյուր համայնքում պարտադիր է:

Յուրաքանչյուր համայնքում մյուս տեղական հարկերի կիրառումը և դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:

 

Հոդված 13.3. Տեղական հարկատեսակների մասին (բացառությամբ հողի հարկի և գույքահարկի) օրենքներով սահմանվում են տեղական հարկերի դրույքաչափերի նվազագույն և առավելագույն սահմանները: Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ, օրենքով սահմանված կարգով, հաստատում է տեղական հարկերի դրույքաչափերը:

 

Հոդված 13.4. Տեղական հարկատեսակների և դրույքաչափերի սահմանումը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) և վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորություններն են:

 

Հոդված 13.5. Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են օրենքով սահմանված կարգով գնահատել և վերագնահատել անշարժ գույք հանդիսացող հարկվող օբյեկտի հարկման ենթակա բազան, իսկ անհամապատասխանության դեպքում արդյունքները ներկայացնել գնահատում և վերագնահատում իրականացնող լիազոր մարմին կամ վիճարկել դատական կարգով:

 

Հոդված 13.6. Տեղական հարկեր վճարողների իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը սահմանվում են սույն օրենքով, իսկ դրանց առանձնահատկությունները` յուրաքանչյուր հարկատեսակի մասին օրենքով: Հարկային օրենսդրության խախտումներից բխող վեճերը լուծվում են դատական կարգով:

 

(գլուխը լրաց. 27.04.10 ՀՕ-51-Ն)

 

 

 
Գ Լ ՈՒ Խ  I I. 2

(գլուխը լրաց. 21.06.14 ՀՕ-134-Ն)

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 13.7.

Ընտանեկան ձեռնարկատիրությունը և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները

 

1. Հարկային օրենսդրության կիրառության իմաստով`

1) ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը.

2) ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, ամուսինը, զավակը, եղբայրը, քույրը:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ սույն գլխի կիրառության իմաստով` նաև անձինք), այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Ընդ որում՝

1) անհատ ձեռնարկատերը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե վերջինս իր գործունեությունն իրականացնում է բացառապես իր ընտանիքի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատող) միջոցով.

2) առևտրային կազմակերպությունը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալն ամբողջությամբ պատկանում է ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի, և եթե կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է բացառապես կազմակերպության բաժնետերերի կամ բաժնետերերի ընտանիքի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատող) միջոցով:

3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի (այսուհետ` իրացման շրջանառություն), չի գերազանցել 18.0 մլն դրամը: Սույն մասի կիրառության առումով իրացման շրջանառությունը ներառում է նաև հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը):

4. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝

1) առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք, ինչպես նաև «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող անձինք (բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերերի)` գործունեության այդ տեսակների մասով.

2) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները և (կամ) ներմուծողները.

3) աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը.

4) արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները.

5) խաղատների և շահումով խաղերի կազմակերպիչները.

6) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե`

ա. առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը պատկանում է այլ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),

բ. առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի որևէ մասի սեփականատեր հանդիսացող ընտանիքի անդամին պատկանում է այլ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

5. Սույն գլխի կիրառության իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները:

(13.7-րդ հոդվածը լրաց. 24.11.15 ՀՕ-146-Ն)

 

Հոդված 13.8.

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը

 

1. Սույն օրենքի 13.7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանը բավարարող անձն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում՝

1) յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև այդ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում շրջանառության հարկ կամ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե մինչև այդ տարվա փետրվարի 20-ը իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր.

2) պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում շրջանառության հարկ կամ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված) անձը պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

 

Հոդված 13.9.

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելը

 

1. Անձը դադարում է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե`

1) իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հայտարարություն (այսուհետ` միասնական հայտարարություն)` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին)` միասնական հայտարարությունում նշված օրվանից (բայց միասնական հայտարարությունը ներկայացնելու 30 օրվանից ոչ շուտ) մինչև միասնական հայտարարությունում նշված տարվա ավարտը, կամ իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարության ներկայացման օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը.

2) ընթացիկ տարում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը գերազանցել է 18.0 մլն դրամը` գերազանցելու պահից.

3) իրականացրել է սույն օրենքի 13.7-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և (կամ) 3-րդ կետերով նախատեսված գործունեություն` այդ փաստը տեղի ունենալու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը.

4) տեղի է ունեցել սույն օրենքի 13.7-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը.

5) որպես վարձու աշխատող աշխատանքի է ընդունել ընտանիքի անդամ չհամարվող անձի` այդ փաստը տեղի ունենալու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը:

 

Հոդված 13.10.

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և այլ պարտադիր վճարների վճարումը և հաշվետվությունների ներկայացումը

 

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերից (այդ թվում` որպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից), բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամներին (այդ թվում` վարձու աշխատող համարվող) ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում և վճարվում է յուրաքանչյուր անձի համար ամսական 5 հազար դրամի չափով` մինչև եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները՝

1) յուրաքանչյուր հաշվետու տարվա համար մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի հաշվետվություն` գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառության վերաբերյալ.

2) յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվարկ՝ սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված եկամուտների և դրանց մասով վճարված եկամտային հարկի վերաբերյալ:

3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների վրա չի տարածվում սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված` առանձին ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև մատուցված ծառայությունների ծավալների և դրանց փաստացի սակագների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու պահանջը:

(13.10-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 24.11.15 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 13.11.

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը և առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերի վարումը

 

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում):

3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները սույն օրենքի 4-րդ հավելվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում:

 

Հոդված 13.12.

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել դադարելուց հետո շրջանառության հարկով հարկման կարգին կամ հարկման ընդհանուր կարգին անցումը

 

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել դադարելուց հետո շրջանառության հարկով հարկման կարգին անցնելիս շրջանառության հարկի գծով հարկային պարտավորությունները հաշվարկվում են «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել դադարելուց հետո ձևավորվող հարկվող օբյեկտների նկատմամբ: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել դադարելուց հետո հարկման ընդհանուր կարգին անցնելիս ավելացված արժեքի հարկի և շահութահարկի (եկամտային հարկի) պարտավորությունները հաշվարկվում են հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով` հարկման ընդհանուր կարգին անցնելուց հետո ձևավորվող հարկվող օբյեկտների նկատմամբ:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել դադարելուց հետո հարկման ընդհանուր կարգին անցնելիս համախառն եկամտից նվազեցվում են գույքային (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) մնացորդի մասով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում և մինչև ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը կատարված ձեռք բերումները` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել դադարելուց հետո տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում անձինք շահութահարկը կամ եկամտային հարկը (այդ թվում` կանխավճարները) և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

4. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները նախորդ տարիների ընթացքում ստացած հարկային վնասը կարող են նվազեցնել ԱԱՀ վճարող համարվելու պահից հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում ստացված վնասը համախառն եկամտից նվազեցման ենթակա չէ:

 

Հոդված 13.13.

Պատասխանատվությունը

 

1. Եթե անձը, սույն գլխի համաձայն, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանները չբավարարելու կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ լինելուց դադարելու հիմքերի առկայության դեպքերում իրեն համարել է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և օգտվել է սույն օրենքի 13.10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկային արտոնություններից, ապա այդ փաստերը ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ` հիմք ընդունելով սույն օրենքի 13.12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթները և հարկման կարգերի փոփոխությունը:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից`

1) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելու համար կիրառվում են նույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները.

2) անփաստաթուղթ արտադրանքի և (կամ) ապրանքի տեղափոխման կամ առաքման առաջին դեպքում կիրառվում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն կետով նախատեսված խախտումը երկրորդ անգամ կատարելու դեպքում ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման արտոնյալ համակարգից:

Սույն հոդվածի կիրառման իմաստով` օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում կատարված գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ գործարքը կամ գործողությունը օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու պահին կատարվում է առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 4-րդ հավելվածով սահմանված վավերապայմանները բավարարող ուղեկցող փաստաթղթերի: Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պաշտոնատար անձի պահանջով նրան ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:

3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի են սույն օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները չփակցնելու համար սույն օրենքի 28.5-րդ հոդվածով նախատեսված, ինչպես նաև անապրանք փաստաթղթեր դուրս գրած և ձեռք բերած անձանց համար սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:

(գլուխը լրաց. 21.06.14 ՀՕ-134-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հոդված 14. Հարկ վճարողն իրավունք ունի`

ա) ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին.

բ) հարկային մարմին ներկայացնել բացատրություններ հարկերի հաշվարկման ու վճարման և ստուգումների արդյունքների վերաբերյալ,

գ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները.

դ) առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով դիմել հարկային արտոնություն ստանալու համար.

ե) սահմանված կարգով դիմել հարկային մարմին` պարզաբանում ստանալու համար:

(14-րդ հոդվածը լրաց. 25.02.10 ՀՕ-30-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 15. Հարկ վճարողը պարտավոր է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ), կազմել հաշվետվություններ` իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.

բ) հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում ինքնուրույն հաշվարկել սահմանված հարկերի գումարները և իրականացնել դրանց վճարումը բյուջե.

գ) սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնել (մասնավորապես ներկայացնել էլեկտրոնային եղանակով` համաձայն սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածի, կամ ուղարկել փոստով` համաձայն սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 3-րդ հավելվածի, կամ հանձնել ըստ պատկանելության) հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ.

դ) ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը` հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանված կարգով կատարելով նաև դրանց կանխավճարային մուծումները.

ե) անհրաժեշտ պայմաններ ապահովել հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների (ուսումնասիրությունների) համար, այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով տրամադրել հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարականով ընդգրկվող ժամանակահատվածի մասով).

զ) ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.

է) հարկային մարմնի ստուգումների (ուսումնասիրությունների) հետևանքով բացահայտված, թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի գումարի չափով ուղղումներ (ճշգրտումներ) կատարել հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառմանը և (կամ) գրանցումներին վերաբերող) փաստաթղթերում.

ը) հարկային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի` ոչ ռուսերեն և անգլերեն լրացված (կազմված) օրինակներին կից ապահովել դրանց հայերեն թարգմանված տարբերակները.

թ) իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները):

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները և հաշվառված անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունները գրանցում (հաշվառում) ստանալու պահից համարվում են հաշվառված հարկային մարմնում: Անուղղակի հարկեր վճարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել առանձին հաշվառման կարգ:

 Ներմուծեք նկարագրությունը_21507 (15-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-129, 25.12.03 ՀՕ-53-Ն, խմբ., լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն, փոփ. 27.10.09 ՀՕ-194-Ն, խմբ. 08.12.10 ՀՕ-197-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 15.1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` էլեկտրոնային եղանակով հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը պարտադիր է հետևյալ ժամանակացույցին համապատասխան`

1) 2010 թվականի հունվարի 1-ից`

ա) բանկերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողների, ներդրումային ընկերությունների, կարգավորող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների համար,

բ) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն խոշոր համարվող կազմակերպությունների համար,

գ) նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար,

դ) նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող` 50 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների համար.

2) 2010 թվականի հուլիսի 1-ից նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:

3) 2012 թվականի հունվարի 1-ից նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 միլիոն դրամից ավելի ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:

Սույն հոդվածով սահմանված եղանակով և ժամկետներում հաշվարկը, հայտարարագիրը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ հարկային մարմին չներկայացնելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն:

Հարկ վճարողները 2014 թվականի հունվարի 1-ից կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով էլեկտրոնային եղանակով դուրս գրել սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթեր:

2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(15.1-ին հոդվածը լրաց. 27.10.09 ՀՕ-194-Ն, 08.12.10 ՀՕ-197-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-218-Ն, 19.12.12 ՀՕ-237-Ն, 19.11.14 ՀՕ-185-Ն)

Հոդված 16. Հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:

Հարկային պարտավորությունը դադարում է դրա կատարման, հարկի վերացման, հարկից ազատելու արտոնության սահմանման, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, իսկ ֆիզիկական անձի համար` նաև նրա մահվան դեպքում, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

Չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի և դրանց մասով վարվում է առանձնացված հաշվառում հետևյալ դեպքերում`

ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով.

բ) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` մեկ միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու հիմքերը.

գ) անհատ ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունների մասով` սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման կամ պետական հաշվառումից հանման դեպքում:

Անհուսալի դառնալուց հետո` հինգ տարվա ընթացքում, չգանձված պարտավորությունները դադարում են և հանվում հաշվառումից: Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության վերակազմավորման (վերակառուցման) դեպքում չկատարված հարկային պարտավորությունը կրում է նրանց իրավահաջորդը (իրավահաջորդները):

Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարման կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման կամ հաշվառումից հանման վերաբերյալ որոշումներ ընդունող լիազորված մարմինները լուծարման (գործունեության դադարեցման, պետական հաշվառումից հանման) որոշման ընդունման մասին յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում են հարկային մարմիններին:

Իրավաբանական անձի լուծարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ իրավաբանական անձի որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող հիմնադիրների (մասնակիցների) և (կամ) ղեկավար մարմնի անդամների վրա` լուծարմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով, եթե նշված պարտավորությունները ծագել են այդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարումից կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարումից կամ պետական հաշվառումից հանելուց հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ ձեռնարկության հիմնադիրների (մասնակիցների) կամ գործունեությունը դադարեցրած կամ հաշվառումից հանված անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզիկական անձի վրա` լուծարմանը կամ հաշվառումից հանմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով:

(16-րդ հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153, 08.12.04 ՀՕ-173-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 16.1. (հոդվածն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 16.2. (հոդվածն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 17. Հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է հարկային մարմինը, իսկ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` մաքսային մարմինը:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող եկամուտներ են համարվում տեղական հարկերի, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջությունը, որոնց հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) և վճարման նկատմամբ հսկողությունն օրենքով վերապահված է տեղական ինքնակառավարման մարմնին:

(17-րդ հոդվածը լրաց. 27.04.10 ՀՕ-51-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 17.1. (հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 18. Հարկերի հաշվարկման հսկողության և գանձման ընթացքում օրենքի խախտմամբ հարկ վճարողների վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար:

 

Հոդված 19. Որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում հարկ վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար, քանի դեռ նա հնարավորություն չի ունեցել ծանոթանալ դրան և տալ համապատասխան բացատրություններ, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացրած` հարկային և այլ պարտադիր վճարների գծով սնանկության վարույթի ընթացքում լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվության, որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները:

(19-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 20. Սույն օրենքի իմաստով հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում հարկ վճարողների կողմից իրենց, ինչպես նաև այլ հարկ վճարողների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց մոտ առկա կամ պահվող բացառապես հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների ֆիզիկական ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները, որոնք հարկային մարմին են ներկայացվում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում նաև երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունը (այսուհետ` տեղեկություններ):

Սույն օրենքի իմաստով երրորդ անձ է համարվում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը, որը հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի կամ այլ ֆիզիկական անձի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

Հարկ վճարողներն իրենց տնտեսական կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության վերաբերյալ հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և այլ փաստաթղթերը ներկայացնում են «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, իսկ օրենքներով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հարկ վճարողները պարտավոր են առանձին ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև մատուցված ծառայությունների ծավալների և դրանց փաստացի սակագների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմին: Սույն մասում նշված ապրանքների, ծառայությունների ցանկը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հարկ վճարողները պարտավոր են հարկային մարմին հարկերի վճարմանն առնչվող տեղեկություններ ներկայացնել իրենց հետ գործառնություններ իրականացնող և (կամ) իրենցից եկամուտ ստացող և (կամ) իրենց եկամուտ վճարող հարկ վճարողների վերաբերյալ` «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Ստացված տեղեկության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով հարկային մարմինը կարող է գրավոր հարցում կատարել տեղեկություն ներկայացնողին:

Ըստ աղբյուրների` երրորդ անձանց կողմից հարկային մարմին պարտադիր ներկայացվող տեղեկություններն են`

1) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) վերաբերյալ.

2) բնակչության պետական ռեգիստր վարող լիազորված մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` տրված անձնագրերի և նույնացման քարտերի վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության տեսակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տվող լիազորված մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` տրված թույլտվությունների և (կամ) լիցենզիաների վերաբերյալ.

4) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածով սահմանված ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացված ստուգումների այն արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, որոնք առնչվում են տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական կամ տնտեսական գործունեությանը.

5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից ներկայացվող տեղեկատվությունը` հաճախորդի բացած բանկային հաշիվների վերաբերյալ: Տեղեկությունները հարկային մարմին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի սահմանած կարգով.

6) գույքի հաշվառում կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմնի կողմից ներկայացվող հետևյալ տեղեկությունները`

ա) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ,

բ) տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ,

գ) ջրային, օդային փոխադրամիջոցների վերաբերյալ,

դ) անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաների կամ մեխանիզմների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ.

7) նոտարի կողմից տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

8) կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների և բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները, որոնք տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով և բովանդակությամբ: Արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

9) (կետն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-110-Ն)

10) (կետն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-110-Ն)

11) մաքսային մարմինը տեղեկություններ է տրամադրում «բաց թողնում՝ ներքին սպառման համար», «վերաներմուծում», «արտահանում», «վերաարտահանում», «ժամանակավոր ներմուծում», «վերամշակում` մաքսային տարածքում», «վերամշակում` ներքին սպառման համար», «ժամանակավոր արտահանում», «վերամշակում` մաքսային տարածքից դուրս», «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերով կատարվող ձևակերպումների, այդ թվում` գանձված հարկերի, մաքսատուրքի և պարտադիր այլ վճարների վերաբերյալ:

Սույն հոդվածով այլ բան նախատեսված չլինելու դեպքում երրորդ անձանց կողմից պարտադիր ներկայացվող տեղեկությունների և հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ տրամադրվող լրացուցիչ տեղեկատվության ներկայացման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացվող տեղեկությունները հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով կարող է ստանալ նշված մարմինների ինքնաշխատ տեղեկատվական բազայից: Հարկ վճարող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ինքնաշխատ տեղեկատվական բազայից հարկային մարմինը սույն հոդվածով սահմանված տեղեկությունները կարող է ստանալ նշված անձանց և հարկային մարմնի միջև կնքված համաձայնագրի հիման վրա:

Տեղեկություններ կարող են տրամադրվել նաև կամավորության սկզբունքով:

Կամավորության սկզբունքով տրամադրվող տեղեկությունները հիմք կարող են հանդիսանալ հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ նախատեսված իր լիազորությունների շրջանակներում համապատասխան գործողություններ կատարելու և օրենքով սահմանված կարգով հարկ վճարողի հարկային պարտավորությունները հաշվարկելու համար:

Կամավորության սկզբունքով հարկային մարմնին տրամադրվող տեղեկությունները հարկային մարմնի կողմից օգտագործվում են բացառապես սույն օրենքի 22 հոդվածով նախատեսված կարգով հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկելիս և 26 հոդվածով նախատեսված դեպքերում:

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:

Բանկային, առևտրային և հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(պարբերությունն ուժը կորցրել է 26.04.10 ՀՕ-46-Ն)

(20-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-289,  21.08.08 ՀՕ-143-Ն, փոփ.  26.04.10 ՀՕ-46-Ն, խմբ. 24.06.10 ՀՕ-101-Ն, խմբ., փոփ. 21.03.12 ՀՕ-110-Ն, խմբ. 16.05.16 ՀՕ-80-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 21. Հարկային օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 22. Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են հարկ վճարողները և դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

Եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառման և (կամ) գրանցումների վերաբերող) սահմանված փաստաթղթերը կամ դրանք վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային մարմին ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը կամ օրենքով սահմանված դեպքերում հարկ վճարողի շրջանառությունները համարվում են չհիմնավորված կամ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է, որ շրջանառության հարկ վճարողին տրամադրված` ապրանքների ձեռք բերումը հիմնավորող փաստաթղթերում գործարքի արժեքը ներկայացված է գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոս տարբերությամբ, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մասնավորապես, հիմնվելով`

հարկ վճարողի ակտիվների,

հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների,

հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի,

գույքագրման և չափագրման տվյալների,

օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների, ինչպես նաև սույն օրենքի 20 հոդվածով սահմանված այլ տեղեկությունների,

համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների,

համախառն եկամտի մեջ 25 տոկոս հաշվարկային հարկվող շահույթի կամ հարկվող եկամտի կամ

օրենքով իրականացված հսկիչ գնումների վրա:

 Ներմուծեք նկարագրությունը_21507 (22-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-289, 11.10.07 ՀՕ-212-Ն, լրաց. 24.06.10 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ. 11.05.11 ՀՕ-154-Ն, լրաց., փոփ. 19.12.12 ՀՕ-237-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-134-Ն)

 

Հոդված 22.1 Հարկ վճարողների կողմից արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերի և այլ ներքին հաշվառման տվյալների (այսուհետ` հաշվետվություններ) և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջև էական շեղումների (տարբերությունների) առկայությունը սույն օրենքի 22-րդ հոդվածի իմաստով դիտարկվում է որպես հարկվող օբյեկտների հաշվառման սահմանված կարգի կոպիտ խախտում:

Սույն հոդվածի կիրառման իմաստով էական շեղում (տարբերություն) է համարվում չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համապատասխան տվյալների միջև 20 և ավելի տոկոսի (իսկ օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան չափի) տարբերությունը:

Հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվետվությունների տվյալների և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջև էական շեղման (տարբերության) առկայության դեպքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի հարկային պարտավորությունները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված տվյալների (ներառյալ` ծախսերի և կորուստների) հիման վրա հաշվարկված արտադրության և շրջանառության ծավալների նկատմամբ: Չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված տվյալների հիման վրա հարկային մարմինների կողմից հարկ վճարողների հարկային պարտավորությունները հաշվարկելիս հաշվի է առնվում նաև սովորաբար տվյալ ոլորտի գործունեության տեսակի համար դիտարկվող համադրելի (համարժեք) ժամանակահատվածի հիմնական գործոնների ազդեցությունը` խելամիտ աստիճանի ջանքերի ներդրմամբ իրականացված ուսումնասիրությունների շնորհիվ: Սույն հոդվածով սահմանված կարգը հարկային պարտավորությունների հաշվարկման առումով չի կիրառվում տարվա ընթացքում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած այն հարկ վճարողների վրա, որոնք նախապես այդ մասին տեղեկացրել են հարկային մարմնին` նշելով գործունեության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը): Նշված դեպքում սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է միայն գործունեության իրականացման ժամանակահատվածի նկատմամբ:

(22.1-ին հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն, փոփ. 24.06.10 ՀՕ-101-Ն, 22.12.10 ՀՕ-207-Ն, 11.05.11 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 23. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով, եթե սույն օրենքի 1-ին հավելվածով այլ կարգավորումներ սահմանված չեն:

(մասը հանվել է 28.12.98 ՀՕ-273)

Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ սահմանված չէ:

Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Ներմուծեք նկարագրությունը_21507(23-րդ հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153, խմբ., փոփ. 28.12.98 ՀՕ-273, փոփ. 26.12.00 ՀՕ-129, լրաց. 24.11.15 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 24. Հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային oրենսդրությամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր համարվելու հանգամանքից) հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի հաշվարկված ընդհանուր գումարը:

Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ հարկատեսակի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:

(24-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-53-Ն, 27.04.10 ՀՕ-51-Ն, խմբ. 08.12.10 ՀՕ-181-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, 07.12.11 ՀՕ-308-Ն, 19.12.12 ՀՕ-237-Ն, լրաց., փոփ. 24.11.15 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 25. Հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու, հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերն ու տեղեկությունները սխալ կազմելու համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով պակաս հաշվարկված հարկերի գումարի 10 տոկոսի չափով:

Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների կամ դրանց կասեցման ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո ստուգվող (ստուգված) ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ, հաշվետվություններ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել: Առանձին հարկատեսակների կամ դրանց փոխարինող վճարների մասին օրենքներում (բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) հարկային հաշվարկների (հաշվետվությունների, տեղեկությունների, հայտարարագրերի) ճշտման մասին ուղղակի նշում կատարված չլինելու դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել ճշտված (ճշգրտված) հարկային հաշվարկներ (հայտարարագրեր, տեղեկություններ, հաշվետվություններ)` հաշվի առնելով հաշվարկների (հայտարարագրերի, տեղեկությունների, հաշվետվությունների) ներկայացման համար սույն հոդվածի և սույն օրենքի 30.1-րդ հոդվածի սահմանափակումները: Հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մեծության արձանագրման նպատակով իրականացվող ուսումնասիրության կամ դրա կասեցման ընթացքում կամ ուսումնասիրությունից հետո ուսումնասիրվող (ուսումնասիրված) ժամանակաշրջանին վերաբերող ավելացված արժեքի հարկին վերաբերող մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել: Հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտում արձանագրվելու դեպքում արձանագրությամբ խախտում կատարած հաշվետու ժամանակաշրջանների համար շրջանառության հարկի ճշտված հաշվարկներ չեն կարող ներկայացվել:

(25-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-289, 25.12.03 ՀՕ-53-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-260-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-181-Ն, փոփ., խմբ., լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, լրաց. 07.05.15 ՀՕ-39-Ն, լրաց., փոփ. 16.05.16 ՀՕ-80-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 25.1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառումը «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համակարգչային ծրագրերով չվարելու կամ հարկային մարմնի կողմից պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով դրան հաջորդող աշխատանքային օրը սույն հոդվածով սահմանված՝ հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարականով ընդգրկվող ժամանակահատվածի մասով) ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց էլեկտրոնային կրիչով չտրամադրելու դեպքում գանձվում է տուգանք՝

ա. հինգ միլիոն դրամի չափով՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված՝ նախորդ տարվա համախառն եկամտի 1 միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ,

բ. երեք միլիոն դրամի չափով՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված՝ նախորդ տարվա համախառն եկամտի 500 միլիոն դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց էլեկտրոնային կրիչով տրամադրումը արձանագրվում է հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրվում է հարկ վճարողի և ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների կողմից հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պահանջվելու և էլեկտրոնային կրիչով նշյալ պաշտոնատար անձանց տրամադրվելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(25.1-ին հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 25.2. Օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատրաստի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում ավելացված արժեքի հարկ վճարողից գանձվում է տուգանք պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով:

Հաշվետու տարվա որևէ ամսում ապրանքների, արտադրանքի, ծառայությունների և ակտիվների իրացումից հասույթի (զուտ հասույթը` առանց անուղղակի հարկերի) կամ «բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի և ներմուծման հարկային հայտարարագրերում նշվող ավելացված արժեքի հարկի հարկման բազայի արժեքի հանրագումարով 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածով սահմանված չափագրման արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատրաստի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:

Սույն հոդվածով նախատեսված խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքները արտադրանքի, ապրանքների պակասորդի մասով հանդիսանում են վերջնական հարկային պարտավորություններ:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքը չի կիրառվում օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարողների նկատմամբ` գործունեության այդ տեսակների մասով:

(25.2-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, փոփ., լրաց. 16.05.16 ՀՕ-80-Ն)

 

Հոդված 26. Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:

Օրենքով սահմանված լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցվող գործունեության համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության կամ ծանուցման ենթակա գործունեության տեսակից) կրկնվելու դեպքում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզավորման կամ թույլտվության կամ ծանուցման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:

Սույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) և երկրորդ պարբերություններում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից, բացի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումից, գանձվում է նաև տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:

Սույն հոդվածով նախատեսված ապօրինի կամ արգելված գործունեության իրականացման համար տուգանքների կիրառման առումով ապօրինի կամ արգելված գործունեություն իրականացնողի իրացման շրջանառության (համախառն եկամտի) որոշման անհնարինության դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով սույն օրենքի 22 հոդվածի դրույթները:

Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`

ա) անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

բ) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը.

գ) բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության գործունեության շրջանակներում վարձու աշխատող չհանդիսացող ընտանիքի անդամի գործունեությունը.

դ) սեփական կարիքների բավարարման համար վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող` ֆիզիկական անձ ինքնավար էներգաարտադրողների արտադրած էլեկտրական էներգիայի հանձնումն էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին, այդ թվում՝ դրա դիմաց ստացվող հատուցումները, եթե էլեկտրական էներգիա արտադրող իրենց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատը:

Սույն հոդվածը չի կիրառվում`

ա) սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված և օրենքով նախատեսված գործունեության իրականացման համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով, բացառությամբ օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցվել է լիցենզավորող մարմնի որոշմամբ,

բ) անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով,

գ) այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:

(26-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-289, 11.12.02 ՀՕ-484-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-53-Ն, 27.11.06 ՀՕ-188-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-253-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-197-Ն, խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն, 19.12.12 ՀՕ-237-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-134-Ն, 13.11.15 ՀՕ-127-Ն, 12.05.16 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 27. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից (հարկային գործակալներից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային մարմնի կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն հարկատեսակի գծով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` տուգանք` հարկի ամբողջ գումարի չափով, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

Հարկվող օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` հարկային մարմին ներկայացված տվյալ հարկատեսակի հաշվարկներում (հայտարարագրերում) հարկվող օբյեկտը ցույց չտալը, պակաս ցույց տալը կամ էլ գործունեություն չիրականացնելու (հարկվող օբյեկտներ չառաջանալու) մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է: Սույն հոդվածի կիրառման առումով խախտման օր է համարվում մինչև հարկատեսակի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը խախտում ներառող հաշվարկները (հայտարարագրերը) հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը, իսկ օրենքով սահմանված ժամկետից հետո խախտում ներառող հաշվարկների (հայտարարագրերի) համար` օրենքով դրանց ներկայացման համար սահմանված ժամկետի վերջին օրը (անկախ հետագայում ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելուց):

(մասն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-154-Ն)

(մասն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-154-Ն)

(27-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-53-Ն, 08.12.10 ՀՕ-177-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 28. Հարկ վճարողի, բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողի, կողմից սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված կարգի խախտման` անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքների) տեղափոխման կամ առաքման դեպքում խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից:

Սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտման`

1) երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից.

2) երրորդ և ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:

Սույն հոդվածի կիրառման իմաստով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում կատարված գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ գործարքը կամ գործողությունը կատարվում է առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված վավերապայմանները բավարարող ուղեկցող փաստաթղթերի:

(մասն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-39-Ն)

Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պաշտոնատար անձի պահանջով նրան ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:

Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու դեպքում վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ մինչև տուգանքի գումարի վճարումը անփաստաթուղթ ապրանքների վրա դրվում է արգելանք, բացառությամբ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հարկային մարմին ներկայացված հայտարարագրում ներառված կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքերի: Սույն պարբերությամբ նշված դեպքերում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում խախտման հայտնաբերման պահին անփաստաթուղթ ապրանքների նկատմամբ արգելանք կիրառելու համար՝ ապահովելով մինչև խախտման հայտնաբերման օրվա ավարտը արգելադրման մասին որոշման կայացումը և պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) հանձնումը հարկ վճարողին: Ապրանքի արգելադրման մասին որոշման մեջ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը: Հարկ վճարողը զգուշացվում է արգելադրված ապրանքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Արգելադրումն իրականացվում է ապրանքների տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով: Արգելանքը դրվում է հարկ վճարողի անփաստաթուղթ ապրանքների վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է երեք ամսից:

Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված ապրանքն ի պահ է հանձնում հարկ վճարողին` ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա ապրանքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

Սույն հոդվածով նախատեսված արգելադրման մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում արգելադրման համար հիմք հանդիսացած խախտման համար սույն հոդվածով սահմանված տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելու պահից:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարումից: Հարկ վճարողի կողմից հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի կասեցնում սույն հոդվածով նախատեսված տուգանքների վճարումը:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառման առումով ապրանքի գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը: Եթե խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ բացակայում են երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) գինը, ապա ապրանքի գինը (արժեքը) հաշվարկում է հարկային մարմինը` կիրառելով սույն օրենքի 22 հոդվածի դրույթները:

Անփաստաթուղթ ապրանքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը`

1) ձեռք բերող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե օրենքով սահմանված կարգով խախտումն արձանագրվելու ժամանակ հիմնավորվում է ապրանքն այլ հարկ վճարողից ձեռք բերվելու և այդ հարկ վճարողի կողմից ուղեկցող փաստաթուղթ չտրամադրվելու հանգամանքը: Սույն կետում նշված դեպքերում տուգանքը կիրառվում է անփաստաթուղթ ապրանք վաճառող հարկ վճարողի նկատմամբ.

2) ձեռք բերող հարկ վճարողի և ապրանքն առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով`

ա. 2015 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հնարավոր չի եղել դուրս գրել հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ (հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված այլ ուղեկցող փաստաթղթի առկայության պարագայում,

բ. 2016 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հնարավոր չի եղել դուրս գրել այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթուղթ (այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված այլ ուղեկցող փաստաթղթի առկայության պարագայում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է`

1) կապի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կապ տրամադրող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին տրամադրելու և այդ տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից հարկային մարմնին տրամադրելու կարգը.

2) հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հրապարակելու կարգը.

3) կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում այլ ուղեկցող փաստաթղթերի և կապի խափանումը վերացնելուց հետո նախկինում դուրս չգրված ուղեկցող փաստաթղթերի դուրսգրման կարգը:

Ներմուծեք նկարագրությունը_21507 (28-րդ հոդվածը խմբ. 28.09.98 ՀՕ-251, փոփ. 14.12.01 ՀՕ-289, լրաց. 11.12.02 ՀՕ-484-Ն, 25.12.03 ՀՕ-53-Ն, 16.12.05 ՀՕ-260-Ն,  փոփ. 21.08.08 ՀՕ-143-Ն, 11.05.11 ՀՕ-154-Ն, խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն,  21.06.14 ՀՕ-134-Ն, խմբ., փոփ. 19.11.14 ՀՕ-185-Ն, փոփ. 07.05.15 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 281. (հոդվածն ուժը կորցրել է 22.11.04 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 28.2. Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապoրինի ձեռք բերված դրոշմանիշներով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների և սույն oրենքի 26 հոդվածով նախատեսված ապoրինի գործունեության ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքերում այդ ապրանքները ենթակա են ոչնչացման (դրանց` այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման) հարկային մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(28.2-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-289, խմբ. 26.10.10 ՀՕ-150-Ն)

 

Հոդված 28.3 Արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցելու դեպքում՝ հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով) 25 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: (նախադասությունը հանվել է 24.11.15 ՀՕ-154-Ն)

Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով)՝ 50 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: (նախադասությունը հանվել է 24.11.15 ՀՕ-154-Ն)

(28.3-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-55-Ն, 13.11.07 ՀՕ-267-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, 24.11.15 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 28.4. (հոդվածն ուժը կորցրել է 29.10.09 ՀՕ-200-Ն)

 

Հոդված 28.5. Սույն օրենքի 15 հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները չփակցնելու դեպքում առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցրած տեղեկության մասով, իսկ խախտումն արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում նշված տեղեկությունները չփակցնելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցրած տեղեկության մասով` 100 հազար դրամի չափով:

(28.5-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 28.6. (հոդվածն ուժը կորցրել է 26.04.10 ՀՕ-46-Ն)

 

Հոդված 29. Հարկ վճարողները թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաև սույն օրենքի 13.13-րդ հոդվածի 1-ին մասի, 23-27, 28.5 և 31 հոդվածների համաձայն հաշվարկված հարկային պարտավորությունները և սույն օրենքի 26-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված վնասի հատուցման գումարները բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն օրենքի 23 հոդվածով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն օրենքի 23 հոդվածով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:

Սույն օրենքի 26 հոդվածով նախատեսված խախտումներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները և սույն օրենքի 26 հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված վնասի հատուցման գումարները հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

Սույն օրենքի 28 հոդվածով նախատեսված խախտումներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով: Օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման մասին որոշման շրջանակներում իրականացված միևնույն օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում արձանագրված բոլոր խախտումները դիտվում և քննարկվում են նույն վարչական վարույթի շրջանակներում` որպես խախտման փաստ արձանագրելու մեկ դեպք:

Սույն օրենքի 25.2 հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումները «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածով սահմանված կարգով իրականացված չափագրման արդյունքներով հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

Սույն հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններին համապատասխան ակտով առաջադրված գումարը վճարվում է այն ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:

Սույն օրենքի 13.13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խախտումները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային մարմնի կողմից նույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

(29-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-484-Ն, 26.12.08 ՀՕ-253-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-181-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն, 19.12.12 ՀՕ-237-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-134-Ն)

 

Հոդված 29.1. Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա կարող է արգելանք դրվել կամ սահմանափակում կիրառվել: Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը կամ սահմանափակումը կիրառում է հարկային մարմինը` սույն օրենքի 30.2 և 30.3 հոդվածներով սահմանված դեպքերում և կարգով, իսկ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88 հոդվածով սահմանված դեպքերում և կարգով:

Պարտավոր անձի կողմից գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

Գանձման ընթացքում պարտավոր անձի կողմից հարկային պարտավորությունները մարվելու դեպքում գումարը գանձելու մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում, և գանձումը դադարեցվում է:

Եթե մինչև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88 հոդվածի 2-րդ մասով սահմանված 10-օրյա ժամկետը լրանալը պարտավոր անձը մարում է պարտավորության ոչ պակաս, քան քսան տոկոսը, և ներկայացնում է բավարար հիմքեր այն մասին, որ գույքի վրա արգելանք դնելու և պարտավորությունն ըստ ժամանակացույցի չմարելու դեպքում ակնհայտորեն կվտանգվի իր գործունեությունը, ապա տեղական ինքնակառավարման մարմինը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88 հոդվածի 2-րդ մասով արգելանք կիրառելու համար սահմանված հիմքերի բացակայության դեպքում պարտավոր անձի հետ կնքում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել 2 ամսից մինչև 6 ամիս ժամկետով: Պարտավորության մարման ժամանակացույց կնքելու դեպքում պարտավոր անձի գույքի վրա արգելանք չի դրվում:

Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց կարող են կնքել նաև պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելուց հետո` սույն հոդվածի հինգերորդ պարբերությանը համապատասխան: Գույքի վրա արգելանք դնելուց հետո պարտավորության մարման ժամանակացույց կնքելու դեպքում արգելանք դնելու մասին որոշումը ճանաչվում է ուժը կորցրած:

Պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր վճարման ժամկետն ավելի քան 10 օրով խախտելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը դադարեցնում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը: Պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը դադարեցնելու վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինն ընդունում է վարչական ակտ, որի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է պարտավոր անձին: Այդ վարչական ակտն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու օրվանից 30 օր հետո պարտավոր անձից գումարը գանձելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի, և պարտավոր անձից գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88 հոդվածով սահմանված կարգով:

(29.1-ին հոդվածը լրաց. 05.12.13 ՀՕ-140-Ն, լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-274-Ն)

 

Հոդված 29.2. Սույն օրենքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59 հոդվածով սահմանված կարգով՝ վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը:

 

Եթե հարկ վճարողը դիմել է հարկային մարմին, առաջարկելով սույն օրենքի 29.1 հոդվածի 1-ին և 7-րդ, ինչպես նաև 30.2 հոդվածի 4-րդ և 5-րդ պարբերություններում նշված վարչական ակտերն իրեն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ իր կողմից հարկային մարմնին տրամադրված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, ապա պատշաճ ծանուցում է նաև հարկ վճարողի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կատարված ծանուցումը, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը:

(29.2-րդ հոդվածը լրաց. 05.12.13 ՀՕ-140-Ն)

 

Հոդված 30.

(պարբերությունն ուժը կորցրել է 05.12.13 ՀՕ-140-Ն)

(մասն ուժը կորցրել է 05.05.98 ՀՕ-220)

(պարբերությունն ուժը կորցրել է 05.12.13 ՀՕ-140-Ն)

(մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)

(մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)

(մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)

(մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)

(մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-5-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-5-Ն)

Հարկային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում են տեղեկատվություն՝

1) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը`

ա) հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ,

բ) օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-237-Ն)

դ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ,

ե) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած բանկերի և նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ,

զ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 3 մլն դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ,

է) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-237-Ն)

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`

առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:

(30-րդ հոդվածը փոփ. 05.05.98 ՀՕ-220, լրաց. 26.12.00 ՀՕ-129, 14.12.01 ՀՕ-289, 25.12.03 ՀՕ-53-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-185-Ն, լրաց. 24.12.04 ՀՕ-55-Ն, փոփ., լրաց. 08.12.05 ՀՕ-5-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն, 27.04.10 ՀՕ-51-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, 22.12.10 ՀՕ-267-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.12.12 ՀՕ-237-Ն, փոփ. 05.12.13 ՀՕ-140-Ն)

 

Հոդված 30.1.  Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո, բացառությամբ «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

Սույն հոդվածի առաջին պարբերության իմաստով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային պարտավորությունների հաշվարկման առումով խախտման կատարման տարի է համարվում համապատասխան հաշվարկի, հայտարարագրի, հաշվետվության, տեղեկության կամ այլ փաստաթղթի (անկախ դրանց ներկայացման հանգամանքից)` հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող օրացուցային տարին:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների փորձը ձախողվել է` ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին:

Հարկային պարտավորությունները չեն կարող փոփոխվել, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Անկախ առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դրույթներից` սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալուց հետո սույն պարբերությունում նշված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներ, հայտարարագրեր և հաշվետվություններ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել:

(30.1-ին հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153, 11.10.07 ՀՕ-212-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-181-Ն, լրաց. 21.03.12 ՀՕ-96-Ն, լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-237-Ն)

Հոդված 30.2. Գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման, ինչպես նաև գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների չափով:

Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել:

Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Արգելադրման ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների չափով: Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը դրվում է հարկ վճարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է մեկ տարուց: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամների և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա:

Գույքի վրա արգելանք դնելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում: Արգելանք դնելու մասին հանձնարարագրում նշվում են հանձնարարագիր հրապարակող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանձնարարագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, արգելանք դնող մարմնի անվանումը, գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, չկատարված պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը: Արգելանք դնելիս հանձնարարագրի պատճենը ներկայացվում է հարկ վճարողին:

Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նաև արգելադրվող գումարի չափը, ընդունված որոշման հիմքերը այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:

Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելադրման որոշումը բանկերին և պետական մարմիններին ուղարկվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

Առևտրային բանկերն անմիջապես արգելադրում են որոշման ստացման պահի դրությամբ հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա ազատ դրամական միջոցները` որոշմամբ նախատեսված պարտավորության գումարի չափով: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ առաջին հերթին արգելադրվում են ընթացիկ հաշիվները Հայաստանի Հանրապետության դրամով, դրանց վրա դրամական միջոցների անբավարարության դեպքում ըստ հերթականության արգելադրվում են ընթացիկ հաշիվները արտարժույթով, ավանդային հաշիվները Հայաստանի Հանրապետության դրամով, ավանդային հաշիվներն արտարժույթով:

Հարկ վճարողի բանկային հաշիվներին դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում առևտրային բանկերը պարտավոր են արգելանք դնել հարկ վճարողի բանկային հաշիվներին հետագայում մուտքագրվող միջոցների վրա` մինչև բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ նշված հարկային պարտավորության չափով գումարի ապահովումը կամ արգելադրման մասին որոշման ուժը կորցնելը կամ մինչև սույն հոդվածով նախատեսված արգելանքը հանելու դեպքերի ի հայտ գալը:

Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման արդյունքում արգելադրվում է հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, և արգելադրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որևէ մեկին առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա առևտրային բանկն իրավունք ունի հարկ վճարողի հանձնարարության հիման վրա տրամադրելու տեղեկատվություն տվյալ բանկում վարվող հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված հանձնարարությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առևտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առևտրային բանկերին և հարկային մարմնին` իր մոտ վարվող տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած ձևով:

Եթե որևէ առևտրային բանկ այլ առևտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզում է, որ հարկ վճարողի այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներն արգելադրված են նույն արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է հաղորդագրությունները ստանալուց հետո՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արգելանքից հանել իր մոտ վարվող հարկ վճարողի՝ տվյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները: Նշվածը չի վերաբերում այն առևտրային բանկերին, որոնք արգելադրման մասին որոշմամբ արգելադրված բանկային հաշիվների վերաբերյալ սույն հոդվածով սահմանված հաղորդագրություն են ուղարկել այլ առևտրային բանկի (բանկերի):

Այն դեպքում, երբ այլ առևտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզվում է, որ հարկ վճարողի՝ այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա արգելադրված դրամական միջոցները պակաս են արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափից, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով արգելանքից հանել միայն տվյալ բանկում և այլ բանկերում արգելադրման արդյունքում հարկային պարտավորության գումարը գերազանցող դրամական միջոցները` հիմք ընդունելով այլ առևտրային բանկից (բանկերից) ստացված հաղորդագրությունները:

Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, որում բացակայում է արգելադրման ենթակա գումարի հստակ չափը, ենթակա չէ կատարման:

Բանկային հաշիվներում հարկ վճարողի ունեցած դրամական միջոցների արգելադրման մասին որոշումը չի տարածվում պետական բյուջե վճարման ենթակա դրամական միջոցների փոխանցման վրա, և հարկ վճարողն իրավունք ունի այդ միջոցներից կատարելու փոխանցումներ պետական բյուջե, եթե այդ դրամական միջոցները գրավի առարկա չեն:

Սույն հոդվածով սահմանված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման գործընթացն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, որի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համատեղ իրավական ակտով:

Հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելիս կազմվում է արձանագրություն: Արձանագրությունում կամ դրա հավելվածում նկարագրվում և ըստ անվանումների նշվում են արգելադրվող գույքի անվանումը, քանակը, անհատական հատկանիշները, հաշվեկշռային արժեքները: Նշված արձանագրությունը հարկ վճարողի գույքի արգելադրման որոշման անբաժանելի մասն է:

Այլ գույքի արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների համատեղ իրավական ակտով:

 Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:

Արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և պարտավորության չափը: Որպես գույքի արժեք ընդունվում է գույքի հաշվեկշռային արժեքը:

Միաժամանակ հարկ վճարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը, պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին, ինչպես նաև այլ անձանց ու մարմիններ:

Այն դեպքում, երբ հարկային մարմնին տրամադրվել է հարկ վճարողի էլեկտրոնային փոստի հասցեն, գույքի արգելադրման մասին որոշման ծանուցումը վերջինիս ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը չի կարող արգելել հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությունը գույքի արգելադրմանը: Սույն հոդվածի իմաստով հարկ վճարողի ներկայացուցիչ է համարվում այն անձը, որի լիազորությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Գույքի արգելադրում կարող է իրականացվել ժամը 8.00-ից մինչև 18.00-ն:

Սույն հոդվածով նախատեսված արգելադրման դեպքում առկա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության ոչ պակաս, քան քսան տոկոսը մարելուց հետո հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի մնացած պարտավորությունը մարելու վերաբերյալ հարկ վճարողի հետ կնքելու պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել 2 ամսից մինչև 6 ամիս ժամկետով: Ընդ որում, եթե արգելադրման ընթացքում հարկ վճարողը դիմում է ժամանակացույց կնքելու համար և ներկայացնում է բավարար հիմքեր այն մասին, որ արգելանքի կիրառումը ակնհայտորեն վտանգում է իր գործունեությունը, ապա հարկային մարմնի ղեկավարը հարկ վճարողի հետ կնքում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց: Սույն մասով նախատեսված ժամանակացույց կնքելու լիազորությունը հարկային մարմնի ղեկավարը կարող է փոխանցել հարկային մարմնի այլ պաշտոնատար անձի:

Սույն հոդվածով սահմանված կարգով արգելադրված գույքը արգելանքից հանվում է՝

1) եթե վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմնի կողմից չի ներկայացվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն.

2) հարկ վճարողի կողմից հարկային պարտավորության դադարման կամ սույն օրենքի 29.1 հոդվածով սահմանված կարգով պարտավորության գումարի գանձման դեպքում.

3) հարկ վճարողի հետ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային պարտավորության դադարման վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց կնքելու դեպքում.

4) դրանով ապահովված պարտավորության գումարի գանձման մասին որոշումը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում:

Պարտավորության մարման նպատակով անհրաժեշտ գումարը համապատասխան գանձապետական հաշիվ մուտքագրվելուց հետո կամ սույն հոդվածով սահմանված կարգով աստիճանական մարման ժամանակացույցը կնքելուց հետո հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարգադրություն ուղարկել համապատասխան անձանց և մարմիններին արգելանքը վերացնելու մասին: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նշված կարգադրությունը հարկային մարմնի սահմանած ժամկետում չներկայացնելու դեպքում հարկ վճարողն իրավունք ունի համապատասխան բանկ ներկայացնելու հարկային պարտավորության վճարման անդորրագիրը կամ սույն օրենքի 29.1 հոդվածով սահմանված կարգով պարտավորության գումարի գանձումը հավաստող փաստաթուղթը կամ հարկային պարտավորությունը մարելու վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույցը, որից հետո տվյալ բանկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցում է կատարում հարկային մարմին: Եթե բանկը հարցումն ուղարկելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնից մերժում չի ստանում, ապա արգելանքը վերանում է: Հարկային մարմինն արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցումը չի կարող մերժել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

- հարկային պարտավորության գումարը մուտքագրվել է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին,

- ըստ հարկային մարմնի տվյալների, սույն օրենքի 29.1 հոդվածով սահմանված կարգով իրականացվել է պարտավորության գումարի գանձում,

- հարկ վճարողի հետ կնքվել է հարկային պարտավորությունը մարելու վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց:

Արգելանք կիրառած անձինք և մարմինները պարտավոր են անհապաղ վերացնել իրենց կիրառած արգելանքը, եթե հարկ վճարողը ներկայացնում է պարտավորությունը լրիվ չափով վճարելը հավաստող անդորրագիրը կամ 29.1 հոդվածով սահմանված կարգով կնքված պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը:

Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել գումարը գանձելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետում: Արգելանք դնելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի հարկ վճարողից գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու հետ միաժամանակ: Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:

Արգելանքի վերցված գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելը, փչացնելը կամ ոչնչացնելն արգելվում է:

Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին` ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

Հարկ վճարողի գույքի արգելադրում իրականացնող պաշտոնատար անձի գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:

Հարկ վճարողի չկատարած` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու հարկ վճարողի պարտավորությունների մարմանը:

Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ` ապառքը և դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:

Որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: Գրավի պայմանագիր կնքվելու դեպքում պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց:

Ներմուծեք նկարագրությունը_21507Ներմուծեք նկարագրությունը_21507 (30.2-րդ հոդվածը լրաց. 11.05.11 ՀՕ-154-Ն, լրաց., փոփ. 05.12.13 ՀՕ-140-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.06.14 ՀՕ-109-Ն, փոփ. 17.12.15 ՀՕ-198-Ն)

 

Հոդված 30.3. Գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքից հարկ վճարողի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունք ձեռք բերելուն ուղղված հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Սահմանափակումը կիրառվում է հարկ վճարողի շարժական գույքի նկատմամբ հարկային պարտավորությունների չափով:

Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ շարժական գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի շարժական գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին հանձնարարագիր հրապարակելու:

Հարկային մարմնի կողմից գույքի սահմանափակումը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Սահմանափակումը կիրառվում է միայն այն շարժական գույքի նկատմամբ, որն անհրաժեշտ է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային պարտավորությունների չափով: Սահմանափակումը կիրառվում է հարկ վճարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Սահմանափակումը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել:

Գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում: Հանձնարարագրում նշվում են հանձնարարագիր հրապարակող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանձնարարագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, սահմանափակում կիրառող մարմնի անվանումը, գույքի սահմանափակումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, չկատարված պարտավորության չափը և սահմանափակում դնելու իրավական հիմքերը: Սահմանափակում կիրառելու հանձնարարագրի պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է հարկ վճարողին:

Հարկ վճարողի գույքի սահմանափակում իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, չկատարված պարտավորության չափը, ընդունված որոշման հիմքերը այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը, և իրականացնում է սահմանափակման ծանուցման գրանցում՝ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հարկ վճարողի սահմանափակում կիրառված գույքի հաշվին հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության հետ կապված և հարկ վճարողի այլ պարտատերերի պահանջների բավարարման հերթականությունը և առաջնահերթությունը որոշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14.1 գլխով սահմանված կարգով:

Գույքի բացակայության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում սահմանափակում իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:

Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության դադարման, հարկային մարմնի կողմից պարտավորությունը բռնագանձելու վերաբերյալ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն չներկայացնելու դեպքերում գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումը համարվում է ուժը կորցրած:

Գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել գումարը գանձելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետում: Սահմանափակում կիրառելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի հարկ վճարողից գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու հետ միաժամանակ: Գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:

(30.3-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-274-Ն)

 

Հոդված 31. Եթե հարկային մարմինն ունի փաստեր այն մասին, որ չմարված հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողները վերացնում (լուծարում) են եկամուտ (շահույթ) առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են եկամուտը (շահույթը), որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերը, ապա հարկային մարմինը կարող է միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակը դրանք գանձելու ուղղությամբ: Այդ դեպքում հարկային մարմինը կարող է պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված մյուս փաստաթղթերը` մինչև հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը:

Հարկային օրենսդրության կիրառման առումով անապրանք փաստաթուղթը հարկերի հաշվարկման և (կամ) վճարման համար հիմք հանդիսացած (հարկային հաշվառման մեջ ներառված)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին ձևականորեն համապատասխանող վճարահաշվարկային այն փաստաթուղթն է, որում նշված գործարքը (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում կամ աշխատանքի կատարում) այդ փաստաթուղթը կազմած կողմերի միջև փաստացի չի կատարվել կամ կատարվել է այդ փաստաթղթում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով:

Սույն հոդվածի կիրառման առումով էականորեն տարբերվող պայմաններ են համարվում կատարված գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) տեսականին, գինը, քանակը, գումարը:

Անապրանք փաստաթղթեր դուրս գրած և ձեռք բերած անձանց նկատմամբ կիրառվում է տուգանք՝ գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող` կազմված փաստաթղթում նշված էական պայմանների (այդ թվում` դրանցից որևէ մեկի) 20 և ավելի տոկոս շեղման դեպքում` շեղման (դրամական արտահայտությամբ) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 1 միլիոն դրամից:

Սույն հոդվածի չորրորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում կիրառվում է տուգանք՝ շեղման կրկնապատիկի չափով, բայց ոչ պակաս երկու միլիոն դրամից:

Անապրանք փաստաթղթերը հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկման և (կամ) վճարման ենթակա հարկային պարտավորությունների նվազեցման և (կամ) հաշվանցումներ կատարելու հիմք չեն կարող հանդիսանալ:

Փաստաթղթերը չեն համարվում անապրանք, և սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձն ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն կրում է գործարքը կատարելու պարտավորություն:

(31-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-484-Ն, խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-260-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն, փոփ. 29.10.09 ՀՕ-200-Ն, 11.05.11 ՀՕ-154-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 32. Առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում առանձին հարկ վճարողների կամ հարկ վճարողների խմբի և հարկային գործակալների համար, ինչպես նաև առանձին հարկատեսակի գծով` հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում կարող են կիրառվել տուգանքների այլ տեսակներ և չափեր, դրանց հաշվարկման, մուծման (գանձման) այլ կարգ, քան նախատեսված է սույն օրենքով:

(32-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-53-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 33. Միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկային մարմին ներկայացված հարկ վճարողի դիմումի հիման վրա, այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Գումարը վերադարձվում է դիմումում նշված գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան վերադարձման օրվա դրությամբ միասնական հաշվում առկա գումարի չափից:

Միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:

Գումարի վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով:

(33-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-129, լրաց. 11.12.02 ՀՕ-484-Ն, փոփ., խմբ. 11.10.07 ՀՕ-212-Ն, լրաց. 20.05.10 ՀՕ-79-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, 07.12.11 ՀՕ-308-Ն, 22.12.10 ՀՕ-267-Ն, 19.11.14 ՀՕ-185-Ն, խմբ. 24.11.15 ՀՕ-154-Ն)

Հոդված 34. Եթե գործատուները աշխատանքային պայմանագրով աշխատող անձանցից (վարձու աշխատողներից) ժամանակին չեն պահել (գանձել) հարկի գումարները, ապա դրանք վարձու աշխատողներից պահվում (գանձվում) են այդ մասին հայտնի դառնալուց ոչ ավել, քան վերջին երեք ամսվա համար, իսկ մնացած հարկային պարտավորությունները դրվում են գործատուի վրա:

Հարկերի սահմանված չափից ավել գանձված գումարները վարձու աշխատողներին վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում սահմանված չափից ավել գանձման օրվան հաջորդող երեք տարվա համար: Սահմանված չափից ավել վճարված գումարները վերադարձնելու մասին հարկ վճարողի դիմումը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:

 

Հոդված 34.1. Եթե հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկներում, հայտարարագրերում տեղ գտած անճշտություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշգրտել ճշտված հաշվարկների, հայտարարագրերի ներկայացման միջոցով կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, ապա այդ պարտավորությունները կարող են ճշգրտվել հարկային մարմնի սահմանած կարգով` առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման:

(34.1-ին հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, 16.05.16 ՀՕ-80-Ն)

 

Հոդված 35. Հարկային մարմնի կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով հարկ վճարողներին պատճառված վնասը (ներառյալ` բաց թողնված եկամուտը) հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(35-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

հարկային մարմՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 36. Հարկային մարմնի կամ հարկային ծառայողների գործողությունները և անգործությունը բողոքարկվելու դեպքում ներկայացված բողոքները քննվում, և դրանց վերաբերյալ որոշումներ են կայացվում «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հարկային մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(36-րդ հոդվածը փոփ., խմբ. 11.05.11 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 37. Հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը չի դադարեցնում հարկերի գանձումը: Բողոքը քննության առնող հարկային մարմինը (վերադաս հարկային մարմնի համաձայնությամբ) իրավունք ունի մինչև բողոքի լուծումը դադարեցնել հարկի գանձումը:

(37-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն)

 

Գ  Լ ՈՒ Խ  VII

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Հոդված 38. Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 39. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի ապրիլի 19-ի օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

 

Հոդված 40. Սույն օրենքի 8 հոդվածի դրույթները չեն գործում 1997 թվականի ընթացքում և չեն կիրառվում հարկային արտոնությունների սահմանման կամ վերացման առումով:

 

Հոդված 41. Սույն օրենքի 11 հոդվածի դրույթները տարածվում են նաև հողի հարկի վրա:

 

Հոդված 42. Սույն օրենքի 23 հոդվածում նշված տույժերը կիրառվում են, և դրանց ժամկետի հաշվարկը սկսվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսի 1-ից: Մինչ այդ գործում է նախկինում սահմանված կարգը:

 

Հոդված 43. Հարկի վճարումը հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում 1997 թվականի ընթացքում այդ գումարները իրավաբանական անձանց բանկային հաշիվներից հարկային մարմնի կողմից գանձվում են անվիճելի կարգով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված հարկային մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են իրավաբանական անձանց բանկային հաշիվներից անվիճելի կարգով գումարների գանձման հետ, կատարվում են սույն օրենքի 36 և 37 հոդվածներով սահմանված` կամ դատական կարգով:

(43-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 44. Սույն օրենքի 38 հոդվածի դրույթները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերի նկատմամբ, իսկ մինչ այդ կնքված միջազգային պայմանագրերի համար գործում է նախկինում սահմանված կարգը:

 

Հոդված 45. Սույն օրենքի 23 հոդվածի չորրորդ մասով նախատեսված ժամկետը կիրառվում է (ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում) 1997 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքի 301 հոդվածն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

(45-րդ հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153)

 

Հոդված 46. Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են կիրարկել տեղական հարկի յուրաքանչյուր տեսակ այդ հարկի մասին օրենքի ընդունումից հետո` հաջորդ տարվա սկզբից:

(46-րդ հոդվածը լրաց. 27.04.10 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 47. Սնանկ ճանաչված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետությանը պատճառված վնասը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարները, իսկ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա համարվող գործունեության իրականացման դեպքում` նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

(47-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան
   

Երևան
12 մայիսի 1997 թ.
ՀՕ-107

 

 

 

Հավելված 1

«Հարկերի մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը խմբ. 24.11.15 ՀՕ-154-Ն)

 

1. Ընդհանուր դրույթներ

1) Սույն հավելվածով կարգավորվում են հարկային մարմնի կողմից վերահսկվող պետական բյուջեի եկամուտների հաշվառման և միասնական հաշվից հարկ վճարողի պարտավորությունների մարման և գումարների վերադարձման հետ կապված հարաբերությունները:

2) Սույն հավելվածում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով.

հարկային մարմնի կողմից վերահսկվող պետական բյուջեի եկամուտներ՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկեր, այդ թվում` հաստատագրված վճարներ, արտոնագրային վճարներ (այսուհետ՝ հարկեր), վճարներ, տույժեր, տուգանքներ, ակցիզային դրոշմանիշերի, հսկիչ նշանների, դրոշմապիտակներ ձեռք բերելու համար վճարվող գումարներ, վնասի հատուցման գումար, որոնց հաշվարկման և վճարման (գանձման) կարգի նկատմամբ հսկողությունը (վերահսկողությունը) իրականացնում է հարկային մարմինը.

վճարներ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված սոցիալական վճար, բնապահպանական վճար, բնօգտագործման վճար, ճանապարհային վճար, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար.

վճարող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող պետական բյուջեի եկամուտներ վճարելու պարտավորություն կրող անձ.

պարտավորություն` հարկային մարմնի կողմից վերահսկվող պետական բյուջեի եկամուտների գծով հարկ (վճար), տույժ, տուգանք, վնասի հատուցման գումար.

ապառք` օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետում հարկի և վճարի չմարված գումար.

դեբետային գումար` օրենքով սահմանված կարգով հաշվանցման արդյունքում առաջացած՝ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված հարկի դեբետային գումար.

միասնական հաշիվ` վճարողների պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.

միասնական հաշվի գումար՝ գումար, որով օրենքով սահմանված կարգով կարող են մարվել վճարողի պարտավորությունները, և կարող է առաջանալ՝

ա. միասնական հաշվին կատարված վճարումից,

բ. հարկային հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացումից,

գ. դատարանի վճռի կատարման կամ գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում պարտավորության պակասեցումից կամ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից,

դ. ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով պարտավորության պակասեցումից կամ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից,

ե. ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով` ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով արձանագրված (հիմնավորված) միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարներից,

զ. ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում` օրենքով սահմանված կարգով այլ պարտավորությունների դիմաց միասնական հաշվին մուտքագրման ենթակա ակցիզային հարկի գումարից,

է. ակցիզային հարկով հարկված հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում` օրենքով սահմանված կարգով հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարից.

հարկային հաշվարկ՝ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող հաշվարկ, հաշվարկ-հաշվետվություն, հաշվետվություն, հայտարարագիր, հայտարարություն, տեղեկություն, որոնք ներառում են տվյալներ հարկի կամ վճարի գումարի հաշվարկման մասին.

ճշտված հարկային հաշվարկ՝ նույն հաշվետու ժամանակաշրջանի (իսկ ներմուծման հարկային հայտարարագրերի և արտահանման հարկային հայտարարագրերի մասով՝ նույն գործարքի) համար մեկից ավելի ներկայացված հարկային հաշվարկներից (բացառությամբ հաստատագրված վճարի և արտոնագրային վճարի հաշվարկների) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հարկային հաշվարկ, իսկ մյուսները` ճշտված հարկային հաշվարկ:

3) Պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում յուրաքանչյուր հարկ վճարողի համար բացվում և վարվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

2. Չափման միավորը

Հարկային հաշվարկներում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից կազմվող և հարկ վճարողին տրվող ծանուցագրերում, տեղեկանքներում, արձանագրություններում, ստուգման ակտերում և այլ փաստաթղթերում վճարողի պարտավորությունների գումարների, հաշվանցվող գումարների և վերադարձման ենթակա գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (լումաներն անտեսվում են):

3. Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակահատվածը)

1) Հաշվետու ժամանակաշրջանը (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) վերաբերում է միայն հարկային հաշվարկներին (բացառությամբ ներմուծման հարկային հայտարարագրերի և արտահանման հարկային հայտարարագրերի, հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի (կամ տվյալների) կամ ելակետային տվյալի (կամ տվյալների) և ուղղիչ գործակցի (կամ գործակիցների) մասին հայտարարությունների կամ արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությունների (կամ դիմում-հայտարարությունների), իսկ ժամանակահատվածը` ինչպես հարկային այլ փաստաթղթերին, այնպես էլ վճարման վերջնաժամկետներին:

Հարկային հաշվարկները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, բացառությամբ հարկ վճարողի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքի:

2) Որևէ հաշվետու ժամանակաշրջան (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից, իսկ նոր ստեղծված՝ պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կամ անհատ ձեռնարկատերերի համար՝ պետական գրանցման կամ հաշվառման պահից:

3) Որևէ հաշվետու ժամանակաշրջան (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրը, ռեզիդենտ կազմակերպությունների լուծարման դեպքում` լուծարման օրը, իսկ ոչ ռեզիդենտ կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում՝ գործունեության դադարեցման օրը:

4) Եթե հարկային հաշվարկների ներկայացման կամ պարտավորությունների կատարման վերջնաժամկետները համընկնում են տոն կամ ոչ աշխատանքային օրվա հետ, կամ աշխատանքային օրը տեղափոխվում է այլ օր, ապա վերջնաժամկետները ևս տեղափոխվում են հաջորդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը

1) Հարկային հաշվարկով առաջացած պարտավորությունները և դեբետային գումարները հարկային մարմնում հաշվառվում են հաշվարկի ներկայացման ամսաթվով, արտոնագրային վճարի պարտավորությունը հաշվառվում է արտոնագրային վճարով հարկվող գործունեության իրականացման ժամանակահատվածի սկզբի ամսաթվով, իսկ հաստատագրված վճարի պարտավորությունը` հաստատագրված վճարով հարկվող գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին օրով, սակայն տույժերը հաշվարկվում են հարկի (վճարի) գումարի վճարման օրենքով սահմանված վերջնաժամկետից:

Հաստատագրված վճարով հարկվող գործունեության իրականացման ամսվան վերաբերող հայտարարությունը օրենքով սահմանված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում պարտավորությունը հաշվառվում է հայտարարության ներկայացման ամսաթվով, սակայն տույժերը հաշվարկվում են հաստատագրված վճարի գումարների վճարման օրենքով սահմանված վերջնաժամկետից:

2) Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկով առաջացող պարտավորությունը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դրական տարբերությունը հաշվառվում է որպես պարտավորություն, իսկ բացասական տարբերությունը` որպես դեբետային գումար (պարտավորությունից նվազեցվող գումար):

3) Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկով առաջացող դեբետային գումարը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դեբետային գումարի դրական տարբերությունը հաշվառվում է որպես դեբետային գումար (պարտավորությունից նվազեցվող գումար), իսկ բացասական տարբերությունը` որպես պարտավորություն:

4) Օրենքով սահմանված կանխավճարները հաշվառվում են դրանց վճարման վերջնաժամկետներով:

5) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում պարտավորությունների (այդ թվում՝ կանխավճարների) կամ դեբետային գումարների փոփոխության դեպքում վերահաշվարկ կատարվում է միայն այն հարկի (վճարի) գծով, որին վերաբերում է փոփոխությունը: Սույն կետում նշված փոփոխության արդյունքում առաջացած միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները հարկային մարմինը մուտքագրում է հարկ վճարողի միասնական հաշվին, իսկ պարտավորության առաջացման դեպքում սկզբնական հարկի (վճարի) վճարման վերջնաժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր: Սույն կետում նշված սկզբունքը կիրառվում է նաև սույն կարգի 6-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում:

5. Ստուգման ակտերով (ուսումնասիրության արձանագրություններով, վարչական ակտերով) առաջացող պարտավորությունների, դեբետային գումարների հաշվառումը

1) Հարկային մարմինների կողմից հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով արձանագրված՝ պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի պարտավորությունները և դեբետային գումարները հաշվառվում են համապատասխանաբար ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության, վարչական ակտի) կազմման ամսաթվով, բայց ոչ ուշ, քան ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) անցկացման հիմք հանդիսացող հանձնարարագրի (որոշման) փակման օրը՝ առանց այդ օրվա դրությամբ առկա մնացորդների փոփոխման:

2) Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը և տուգանքները հաշվարկվում են մինչև ստուգման ակտի կազմման օրը՝ առանց հաշվի առնելու դեբետային գումարները (այդ թվում` նույն ստուգմամբ (ուսումնասիրությամբ) արձանագրված լրացուցիչ դեբետային գումարները):

3) Հարկի (վճարի) կանխավճարների լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:

4) Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) առաջադրված գումարների վճարման` օրենքով սահմանված 10-օրյա ժամկետի համար այդ գումարների մասով տույժեր չեն հաշվարկվում:

6. Վերստուգման (կրկնակի ստուգման) ակտերով, գանգատարկման հանձնաժողովի և դատարանի որոշումների հիման վրա վերահաշվարկվող գումարների հաշվառումը

1) Վերստուգման ակտի կազմման օրով հաշվառվում են վերստուգման և նախորդ ստուգման (կամ վերստուգման) արդյունքների գումարային տարբերությունները` սույն հավելվածի 5-րդ մասին համապատասխան (անկախ խախտման տեսակների փոփոխումը հաշվի առնելուց):

2) Եթե գանգատարկման հանձնաժողովի կամ դատարանի որոշմամբ ստուգման (կամ վերստուգման) ակտը, ուսումնասիրության արձանագրությունը կամ վարչական ակտը չեղյալ են համարվում, ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դեպքերով պայմանավորված, ապա անձնական հաշվի քարտերում (կամ հատուկ անձնական հաշվի քարտերում) կատարված գրանցումները ենթակա են փոփոխման, իսկ մասնակի փոփոխման դեպքում գրանցվում են տվյալ և նախորդ որոշման և ստուգման (վերստուգման, ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքների գումարային տարբերությունները` սույն հավելվածի 5-րդ մասին համապատասխան:

3) Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները (կամ անգործությունը) հարկ վճարողի կողմից գանգատարկման հանձնաժողովին բողոքարկելու դեպքում դիմում-բողոքի ներկայացումը չի կասեցնում տույժերի հաշվարկումը:

7. Հարկ վճարողի վերակազմակերպման դեպքերում պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման առանձնահատկությունները

1) Կազմակերպության վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում պարտավորությունները շարունակվում են հաշվառվել` հիմք ընդունելով իրավահաջորդության սկզբունքը (այդ թվում` տույժերի, տուգանքների կամ ժամկետների հաշվառման մասով):

2) Պարտավորությունների և դեբետային գումարների, ինչպես նաև միասնական հաշվի գումարների մնացորդների տեղափոխումը կատարվում է օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման (բացառությամբ՝ վերակազմավորման) գրանցման օրվա դրությամբ (անկախ փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման ամսաթվից)՝ հիմք ընդունելով հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում կազմված ակտի տվյալները:

3) Կազմակերպությունը վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմնին: Վերակազմակերպվող կազմակերպությունը փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը հաստատելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իր հաշվառման վայրի հարկային մարմին միաժամանակ ներկայացնում է դիմում լուծարային ստուգում իրականացնելու մասին և լուծարային հաշվարկները: Լուծարային հաշվարկները կազմվում են այն հարկատեսակների վերաբերյալ, որոնց մասով վերակազմակերպվող կազմակերպությունը հանդիսանում է հարկ վճարող կամ հարկային գործակալ: Լուծարային ստուգումը պետք է սկսվի դիմումն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Հարկ վճարողի՝ առանց իրավահաջորդության լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում պարտավորությունների, դեբետային գումարների հաշվառման առանձնահատկությունները

1) Լուծարման (գործունեության դադարեցման) գործընթացում գտնվող կազմակերպությունների համար պարտավորությունը մարվում է մինչև օրենքով սահմանված վերջնաժամկետը (բայց ոչ ուշ, քան դրանց լուծարման (գործունեության դադարեցման) օրը): Կազմակերպության լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում պետական բյուջեի նկատմամբ նրա պարտավորությունների գումարների առկայության դեպքում լուծարմանը (գործունեության դադարեցմանը) հաջորդող մեկ տարվա ընթացքում հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ կազմակերպության որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող հիմնադիրների (մասնակիցների) և (կամ) ղեկավար մարմնի անդամների (կամ կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների)) վրա: Կազմակերպության լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում վերադարձման ենթակա գումարների առկայության դեպքում լուծարմանը (գործունեության դադարեցմանը) հաջորդող մեկ տարվա ընթացքում դրանք կարող են վերադարձվել կազմակերպության որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող հիմնադիրներին (մասնակիցներին) և (կամ) ղեկավար մարմնի անդամներին (կամ կազմակերպության հիմնադիրներին (մասնակիցներին)՝ վերջիններիս ներկայացրած դիմումի հիման վրա:

2) Կազմակերպության (կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության) լուծարումից (գործունեության դադարեցումից) հետո պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ կազմակերպության որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող հիմնադիրների (մասնակիցների) և (կամ) ղեկավար մարմնի անդամների (կամ կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների)) վրա` լուծարմանը (գործունեության դադարեցմանը) նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած (կամ պակաս ցույց տրված) հարկման (հաշվարկման) օբյեկտներից մարման ենթակա կամ պակաս մարված հարկերի (վճարների) պարտավորությունների չափով, եթե նշված պարտավորությունները ծագել են այդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով:

3) Անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի) գործունեության դադարումից կամ պետական հաշվառումից հանելուց հետո մինչև գործունեության դադարումը կամ պետական հաշվառումից դուրս գալը վերաբերող ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար հարկային հաշվարկների ներկայացումը, պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները և դեբետային գումարների տնօրինումը կատարվում է տվյալ ֆիզիկական անձի կողմից` անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի) համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

9. Հարկ վճարողի սնանկությունը

1) Սնանկության ժամանակահատվածում գործում է մորատորիում (պարտատերերի պահանջների բավարարման սառեցում), որի դեպքում պահանջները բավարարվում են օրենքով սահմանված հերթականությամբ, իսկ ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարումը իրականացվում է այդ ծրագրով սահմանված կարգով:

2) Սնանկության և ֆինանսական առողջացման ժամանակահատվածներում կանխավճարներ, տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում (այդ թվում` օրենքով սահմանված հերթականությամբ ժամկետները խախտելու դեպքում): Ընդ որում, սնանկության և ֆինանսական առողջացման ժամանակահատվածներում մինչև սնանկ ճանաչելու վերաբերյալ դատավճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ հայտնաբերված գումարների նկատմամբ տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում, իսկ ֆինանսական առողջացումից հետո մինչև սնանկ ճանաչելու վերաբերյալ դատավճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) տույժերը և տուգանքները հաշվարկվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

3) Սնանկության և ֆինանսական առողջացման ժամանակահատվածները ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողի անունից կառավարչի ներկայացրած` սնանկության վարույթի ընթացքում առաջացած հարկային լրացուցիչ պարտավորությունները գրանցվում են այդ տեղեկատվության ընդունման ամսաթվով (որպես ապառք, որի նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում):

10. Հարկ վճարողի գործունեության ժամանակավոր (որոշակի ժամկետով կամ անժամկետ) դադարեցման ժամանակահատվածը

1) Գործունեության դադարեցումը (որոշակի ժամկետով կամ անժամկետ) կատարվում է վճարողի դիմումի հիման վրա: Գործունեությունը համարվում է վերսկսված վճարողի դիմումում նշված վերջնաժամկետից անմիջապես հետո, իսկ անժամկետ դադարեցման դեպքում՝ գործունեությունը վերսկսելու վերաբերյալ ներկայացված դիմումում նշված ժամկետից:

Գործունեության դադարեցման ժամանակահատվածում վճարողի կողմից հարկային հաշվարկներ (այդ թվում՝ զրոյական) չեն ներկայացվում, բացառությամբ սույն մասում նշված դեպքի: Վճարողի կողմից գործունեության դադարեցման ժամանակահատվածում գործունեությունը վերսկսելու և այդ մասին համապատասխան դիմում չներկայացնելու դեպքում հարկային հաշվարկներ ներկայացվում են օրենքով սահմանված կարգով:

2) Գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու (կամ վերսկսելու) դիմումում նշվում է դադարեցնելու (կամ վերսկսելու) ամսաթիվը: Գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու (կամ վերսկսելու) ամսաթիվը չի կարող ավելի վաղ լինել, քան դիմումի ներկայացման ամսաթիվն է:

3) Գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու (կամ վերսկսելու) դիմումի ձևը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

11. Վճարումները

1) Պարտավորությունների մարման նպատակով վճարողները վճարումները կատարում են միասնական հաշվին:

Վճարման հանձնարարականում վճարման նպատակի վերաբերյալ նշում չի կատարվում, իսկ նշվելու դեպքում հարկային մարմնի կողմից հաշվի չի առնվում:

Միասնական հաշվից հարկային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարները հաշվառվում են պետական արտաբյուջետային միջոցների առանձին ենթահաշվում (հարկային մարմնի արտաբյուջետային հաշիվ):

2) Միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել:

3) Միասնական հաշվին կատարված վճարումներն ըստ վճարողների նույնականացնելու համար առաջնային է հարկ վճարողի հաշվառման համարը, այնուհետև հանրային ծառայությունների համարանիշը (բացակայության դեպքում՝ դրա վերաբերյալ տեղեկանքը):

12. Պարտավորությունների մարումները

1) Միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր է համարվում դրանց միասնական հաշվին մուտքագրման օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները հարկային մարմինը մուտքագրում է միասնական հաշվին` դրանց առաջացման օրով:

2) Պարտավորությունները մարվում են նախ միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետև գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին: Մարումներն իրականացվում են սույն կետում նշված գումարների առկայության օրով:

3) Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի պարտավորությունները նախ մարվում են համապատասխանաբար տվյալ հարկատեսակի դեբետային գումարների հաշվին, ապա սույն կարգի 12-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:

4) Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են արտոնագրային վճարի, սոցիալական վճարի, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի, հարկային մարմնի արտաբյուջետային հաշվի պարտավորությունները՝ նշված հերթականությամբ:

Սույն կետում նշված պարտավորությունները մարվում են անկախ վճարողի այլ պարտավորությունների առկայությունից և դրանց առաջացման ժամկետներից:

5) Սույն կարգի 12-րդ մասի 4-րդ կետում նշված պարտավորությունների բացակայության կամ դրանց մարվելուց հետո վճարողի այլ պարտավորությունները մարվում են՝ ըստ ավելի վաղ առաջացած պարտավորության հերթականության: Ընդ որում, այլ պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետ տույժերի, որից հետո՝ տուգանքների, վնասի հատուցման գումարները:

6) Մարված պարտավորությունների գումարներն արտացոլվում են գանձապետական եկամտային հաշիվներին դրանց մարման օրով՝ սույն կարգի 12-րդ մասին համապատասխան:

(հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-212-Ն, խմբ., փոփ. 08.12.10 ՀՕ-177-Ն, լրաց., փոփ. 08.12.10 ՀՕ-181-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.12.11 ՀՕ-308-Ն,  փոփ. 22.12.10 ՀՕ-267-Ն, 19.11.14 ՀՕ-185-Ն, լրաց., փոփ. 25.10.17 ՀՕ-181-Ն, խմբ. 24.11.15 ՀՕ-154-Ն)

 

 

Հավելված 2
«Հարկերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկ վճարողների և հարկային գործակալների կողմից (այսուհետ` սույն կարգի իմաստով հարկ վճարողներ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգը:

2. Էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունները կազմվում են գործող իրավական ակտերով սահմանված ձևերին և դրանց լրացման պահանջներին համապատասխան (բացառությամբ ձեռագիր ստորագրելու ձևի պահանջի) և ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ որ հարկային մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխան թղթային կրիչի վրա անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված հարկային մարմին առձեռն ներկայացվող հաշվետվությունը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

 3. Հարկերից տարբերվող` իր կողմից հավաքագրվող այլ տեսակի պարտադիր վճարների հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու ժամանակացույցը հաստատում է հարկային մարմինը:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացում` առանց թղթային կրիչի հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելն էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ: Վերջինն իրականացվում է էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի կիրառման միջոցով.

էլեկտրոնային թվային ստորագրություն` սահմանումը և կիրառումը կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ` էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան (login), ինչպես նաև գաղտնաբառի (password) համակցություն, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու հարկային մարմնի տեղեկատվական համակարգ, նույնականացնելու էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:

5. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումն իրականացվում է հետևյալ գործողությունների միջոցով`

1) հավատարմագրված համապատասխան կենտրոնից էլեկտրոնային ստորագրության հավաստագրի ստացում.

2) հարկային մարմնի հետ հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման պայմանագրի կնքում (այսուհետ` ԷՆՊ): ԷՆՊ-ում նշվում են պայմանագրի առարկան և ծառայությունների մատուցման պայմանները, հարկ վճարողի կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնող լիազորված անձի անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը, հարկ վճարողի և հարկային մարմնի իրավունքներն ու պարտականությունները, համակարգի տեխնիկական խափանումների դեպքում հարկ վճարողի կողմից հաշվետվությունները պատշաճ ձևով և ժամկետներում ներկայացրած լինելու հավաստման ընթացակարգը, վեճերի քննարկման կարգը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի գործողության ժամկետը և այլ պայմաններ: ԷՆՊ-ի օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը.

3) ԷՆՊ-ի հիման վրա հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի ստացում.

4) համապատասխան համակարգչային ծրագրերի և սարքերի միջոցով հաշվետվությունների ներկայացում և տեղեկատվության փոխանակում:

Սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված գործողություններն իրականացվում են միայն առաջին անգամ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների համար:

6. Էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) հարկ վճարողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման` հարկ վճարողի կողմից էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառն օգտագործելու և դրանք հարկային մարմնից ստանալու (ներառյալ` ԷՆՊ կնքելու) իրավասու անձ լինելու վերաբերյալ.

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, սոցիալական քարտ (առկայության դեպքում).

3) ԷՆՊ, որը լրացվում և կնքվում է հարկային մարմնում մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

4) էլեկտրոնային թվային ստորագրություն:

7. Հարկ վճարողին, հարկային մարմնի հետ ԷՆՊ կնքելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինը, ապահովելով գաղտնիությունը, առձեռն տրամադրում է համապատասխան էլեկտրոնային գաղտնաբառը և ծածկագիրը: Հարկ վճարողներն իրենք են պատասխանատու էլեկտրոնային գաղտնաբառի և ծածկագրի գաղտնիության պաշտպանության, այն չտարածելու և պահպանելու համար: Գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքերում հարկ վճարողը պետք է դիմի հարկային մարմին նոր գաղտնաբառ ստանալու համար` ներկայացնելով համապատասխան դիմում և պահանջը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր` համաձայն ԷՆՊ-ի: Գաղտնաբառի վերականգնումը կամ նոր գաղտնաբառի տրամադրումը կատարվում է պարզեցված ընթացակարգով` համաձայն ԷՆՊ-ի:

8. Հարկ վճարողն էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համար`

1) հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (www.taxservice.am)` էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնում էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկ վճարողի դարան, ընտրում համապատասխան հաշվետվության ձևը, լրացնում, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում և հաստատում, որից հետո հաշվետվությունն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ.

2) համապատասխան հաշվապահական ծրագրից գեներացված կամ ցանկացած այլ էլեկտրոնային եղանակով կազմված և հարկային մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխանող հաշվետվությունն ստորագրում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ և ուղարկում հարկային մարմին` վերջինիս կողմից սահմանված կարգով.

3) էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի` էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնի հարկ վճարողի համապատասխան դարան, կցում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հաշվետվությունը, հաստատում, որից հետո հաշվետվությունն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:

9. Հաշվետվությունները պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգը հարկ վճարողին (համակարգից օգտվողին) ներկայացնում է հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցում: Ծանուցումը հավաստում է այն փաստը, որ հաշվետվությունը տվյալ օրը և ժամին, հարկային մարմնի տեղեկատվական համակարգում գործող համապատասխան համակարգչային ծրագրով ձևավորված գրանցման համարով ներկայացվել ու գրանցվել է հարկային մարմնի տվյալների բազայում: Վերջինս կհանդիսանա հարկային մարմին հաշվետվություն ներկայացնելու օր: Հարկ վճարողը հնարավորություն ունի տպելու իր ուղարկած հաշվետվությունը, ինչպես նաև վերը նշված ծանուցումը: Հարկ վճարողի կատարած գործողությունների լիարժեք պատմությունը պահպանվում է հարկային մարմնի կայքէջի իր համապատասխան դարանում, որտեղից նա կարող է բեռնել տեղեկատվությունը և տպել: Հարկ վճարողի ներկայացրած հաշվետվությունները փոփոխման ենթակա չեն:

10. Մինչև օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետը մի քանի հաշվետվություններ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնելու դեպքում (այդ թվում` թղթային տարբերակով) նախորդ հաշվետվությունները պահպանվում են տվյալների բազայում, իսկ ներկայացված վերջին հաշվետվությունը պահպանվում է որպես ճշգրտված հաշվետվություն: Օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետից հետո առաջին անգամ ներկայացված հաշվետվությունները կգրանցվեն որպես ուշ ներկայացված հաշվետվություններ, իսկ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար մեկ անգամից ավելի ներկայացված հաշվետվությունները կհամարվեն ճշգրտված հաշվետվություններ: Երկրորդ և ավելի անգամ ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու համար օրենքով պատասխանատվություն նախատեսված լինելու դեպքում համակարգն ավտոմատ ուղարկում է ծանուցում պատասխանատվություն նշանակելու մասին:

11. Թղթային և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային կրիչներով ներկայացված հաշվետվությունները մշակում է հարկային մարմինը և 15-օրյա ժամկետում ապահովում է մշակված տվյալների հասանելիությունը հարկ վճարողին` տեղադրելով հարկային մարմնի կայքէջի` հարկ վճարողի համապատասխան դարանում կամ հարկային մարմնի կողմից այլ եղանակ սահմանված լինելու դեպքում` դրանց միջոցներով:

12. Հարկային մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովում է իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ստացված հաշվետվությունների տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը:

(հավելվածը լրաց. 27.10.09 ՀՕ-194-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-60-Ն)

 

 

Հավելված 3
«Հարկերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկ վճարողների և հարկային գործակալների կողմից (այսուհետ` սույն կարգի իմաստով հարկ վճարողներ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու կարգը:

2. Հարկ վճարողները կարող են հաշվետվությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնել միայն պատվիրված նամակով (այսուհետ` նամակ):

Հաշվետվությունները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու հետ կապված բոլոր ծախսերը կատարում է հարկ վճարողը:

3. Հարկ վճարողները հաշվետվությունները փոստի միջոցով ներկայացնում են իրենց հաշվառման հարկային մարմնի հասցեով: Հարկ վճարողների կողմից իրենց հաշվառման հարկային մարմնի փոխարեն այլ հարկային մարմին ներկայացված հաշվետվությունները հարկային մարմնի կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան լիազորություններ ունեցող հարկային մարմնի պաշտոնատար անձի գրությամբ վերադարձվում են հարկ վճարողին փոստի միջոցով կամ առձեռն` հարկ վճարողի կողմից հաշվետվությունների հետստացման վերաբերյալ ստորագրությամբ:

4. Հաշվետվությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից նամակի ընդունման օրը հավաստող օրացուցային կնիքի արտատիպի բացակայության կամ վնասվածության կամ դրա բացահայտ անընթեռնելիության դեպքում այդ նամակները չեն ընդունվում հարկային մարմնի կողմից: Ընդ որում, հաշվետվությունը համարվում է ներկայացված, եթե այն ներկայացվել է մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետը լրանալը:

Հարկային մարմնի կողմից հարկ վճարողին հաշվետվությունների հետ վերադարձման օր է համարվում փոստային բաժանմունքի կողմից այդ հաշվետվությունների ընդունման օրը:

5. Նամակի ծրարի վրա պարտադիր պետք է նշված լինի հարկ վճարողի գտնվելու վայրի (պետական գրանցման վայրի) հետադարձ հասցեն: Այն ծրարները, որոնց վրա բացակայում է հետադարձ հասցեն, հարկային մարմնի կողմից չեն ընդունվում:

6. Նամակում հաշվետվությունների հետ առանձին լրացվում է պարունակության նկարագրությամբ թերթիկ (այսուհետ` թերթիկ)` նամակում պարունակվող հաշվետվությունների ցանկի` համապատասխան անվանումների և էջերի քանակի վերաբերյալ: Թերթիկը ստորագրվում է հարկ վճարողի կողմից և ամրակցվում ներկայացվող հաշվետվություններին: Թերթիկի բացակայության դեպքում փոստի միջոցով ներկայացված բոլոր հաշվետվությունները հարկային մարմնի կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան լիազորություններ ունեցող հարկային մարմնի պաշտոնատար անձի գրությամբ փոստի միջոցով կամ առձեռն համապատասխան հիմնավորմամբ վերադարձվում են հարկ վճարողին: Ընդ որում, հաշվետվությունները հարկ վճարողին վերադարձված չեն համարվում, եթե նամակում բացակայում են հարկային մարմնի անվանումը, կնիքը և ամսաթիվը:

7. Փոստի միջոցով ներկայացված հաշվետվությունների` հարկային մարմնի կողմից ընդունման ժամանակ պարտադիր ստուգվում են օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններում պարտադիր լրացման ենթակա հետևյալ տվյալները`

1) հարկ վճարողի լրիվ անվանումը.

2) հարկ վճարողի հաշվառման համարը.

3) հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում են հաշվետվությունները.

4) օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի և (կամ) գլխավոր հաշվապահի ստորագրությունը:

8. Սույն կարգի 7-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված տվյալներից որևէ մեկի` հաշվետվությունում բացակայության կամ հաշվետվությունն օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի վրա լրացված չլինելու կամ թերթիկում նշված որևէ հաշվետվություն կամ այդ հաշվետվության անբաժանելի մասը կազմող փաստաթղթի բացակայության դեպքում հաշվետվությունը համարվում է չներկայացված, և հարկային մարմնի կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան լիազորություններ ունեցող հարկային մարմնի պաշտոնատար անձի գրությամբ դրա մասին փոստով տեղեկացվում է հարկ վճարողին:

9. Սույն կարգով հարկային մարմին ներկայացված հաշվետվությունները կարվում են հարկ վճարողի հարկային գործում, իսկ չներկայացվածների մասին հարկային գործում կատարվում է համապատասխան նշում:

(հավելվածը լրաց. 27.10.09 ՀՕ-194-Ն, խմբ., փոփ. 19.03.12 ՀՕ-60-Ն)

 

 

 

Հավելված 4

«Հարկերի մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 19.11.14 ՀՕ-185-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքներ) փաստաթղթավորման կարգը: Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանք, ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների (ոչ առևտրային կազմակերպությունների համար` ձեռնարկատիրական գործունեության մասով) ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, բացառությամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունների, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով արտոնագրային վճար վճարողների, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով հաստատագրված վճար վճարողների (անկախ օրենքով սահմանված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից): (նախադասությունը հանվել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

(1-ին կետը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, 21.06.14 ՀՕ-134-Ն, փոփ. 19.11.14 ՀՕ-185-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հասկացությունները`

առաքման վայր` հարկ վճարողին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող` հասցե ունեցող կամ չհասցեավորված անշարժ գույքի միավոր, առևտրի օբյեկտ, առևտրի իրականացման վայրի վաճառատեղ, անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբյեկտ, ընդերքի տեղամաս, ներբնակավայրային և բնակավայրերի սահմանագծերից դուրս աշխարհագրական օբյեկտ կամ ընդհանրական տարածք (նույն հասցեում գտնվող կամ չգտնվող, սակայն հարկ վճարողին տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող մեկ ընդհանրական` այլ անձանց տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող տարածքներով չսահմանազատված տարածք), որտեղից առաքվում, տեղափոխվում կամ որտեղ վաճառվում է ապրանքը.

առաքման կետ` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է նախապես անհայտ գնորդներին հարկ վճարողի կողմից իր ապրանքներն առաքելու համար.

առաքվող ապրանք` հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերից կամ կետերից, ինչպես նաև մաքսատնից (մաքսակետից) առուվաճառքի, մատակարարման, փոխանակության, կոմիսիայի, գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա կամ առանց դրանց գնորդին (ստացողին) կամ նրա նշած անձին հանձնվող (այդ թվում` տեղ հասցնելու կամ փոխադրողին հանձնելու պայմանով)` իրացվող, հատկացվող, բաց թողնվող, տրամադրվող կամ ցանկացած այլ ձևով օտարվող (այդ թվում` անհատույց) ապրանք.

տեղափոխվող ապրանք` հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերի և (կամ) կետերի միջև տեղափոխվող, իր առաքման վայրերից մաքսատուն կամ մաքսակետ տեղափոխվող կամ պահատվության, հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով կամ վերամշակման հանձնվող կամ հետ վերադարձվող կամ վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքների վերամշակման արդյունքում վերադարձվող կամ որևէ առաքման վայրից կամ կետից ձեռք բերված և տեղափոխվող (այդ թվում` փոխադրողի միջոցով) ապրանք.

ուղեկցող փաստաթուղթ՝ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող` սույն կարգին համապատասխանող հաշվարկային փաստաթուղթ:

(2-րդ կետը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն)

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է հետևյալ ուղեկցող փաստաթղթերով՝

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային հաշիվ դուրս գրելու պարտավորության դեպքում առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքն ուղեկցվում է օրենքով սահմանված կարգով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշիվներով, իսկ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված ձեռքբերումների մասով` հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով.

2) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային հաշվի փոխարեն այլ հաշվարկային փաստաթուղթ լրացնելու (կազմելու) պարտավորության դեպքում, ինչպես նաև ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների կողմից ապրանքներ առաքելու դեպքում առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքն ուղեկցվում է սահմանված կարգով մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով (այսուհետ` հաշիվ-ապրանքագիր), իսկ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված ձեռքբերումների մասով` հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով.

3) հարկ վճարողի կողմից ապրանքը (բացառությամբ ձեռք բերված և տեղափոխվող ապրանքի) ուղեկցվում է ապրանքի տեղափոխումը հավաստող սահմանված կարգով դուրս գրված համապատասխան ապրանքագրերով, բեռնագրերով և բեռնառաքման փաստաթղթերով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ մաքսային համապատասխան (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր) փաստաթղթերով (այսուհետ՝ ապրանքագիր):

4. Սույն կարգի իմաստով ուղեկցող փաստաթղթին (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված գործարքների մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններին) ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե ուղեկցող փաստաթղթում առկա են հետևյալ վավերապայմանները`

1) ուղեկցող փաստաթղթի հերթական համարը, դուրսգրման ամսաթիվը.

2) առաքող կամ տեղափոխող անձի (բացառությամբ ձեռք բերողի կողմից տեղափոխման դեպքի) անվանումը, ՀՎՀՀ-ն.

3) առաքման կամ տեղափոխման ամսաթիվը.

4) առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները (ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը և պետական համարանիշը), որտեղից առաքվում կամ տեղափոխվում է ապրանքը.

5) առաքվող կամ տեղափոխվող ապրանքների նշանակման վայրի հասցեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում.

6) առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքների քանակը և գինը (արժեքը) հանրագումարով.

7) առաքվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի (ստացողի)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տվյալները, ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը.

8) (ենթակետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

(4-րդ կետը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, փոփ. 19.11.14 ՀՕ-185-Ն)

5. Սույն կարգի իմաստով անփաստաթուղթ ապրանք է համարվում առաքվող կամ տեղափոխվող այն ապրանքը, որը`

1) փաստացի առաքվում կամ տեղափոխվում է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի.

2) փաստացի առաքման կամ տեղափոխման ժամանակ օրենքով սահմանված կարգով հայտնաբերված՝ ուղեկցող (կամ էլեկտրոնային եղանակով դուրս գրված) փաստաթղթերի համեմատությամբ փաստացի առաքվող կամ տեղափոխվող ապրանքի քանակական ավելցուկը.

3) փաստացի առաքվում կամ տեղափոխվում է սույն կարգի 4-րդ կետի պահանջներին չբավարարող ուղեկցող փաստաթղթով: Սույն ենթակետի կիրառման իմաստով ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված նաև այն դեպքերում, երբ ուղեկցող փաստաթղթերի վավերապայմաններում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և բացթողումներ), պայմանով, որ առկա վավերապայմաններն ըստ էության հիմնավորում են սույն կարգի 4-րդ կետի պահանջների կատարված լինելը.

4) օրենքով սահմանված կարգով հայտնաբերված փաստացի առաքվող (այդ թվում` ձեռք բերողի կողմից տեղափոխելու դեպքում) ապրանք է, սակայն ուղեկցվում է սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված այլ ուղեկցող փաստաթղթով:

Անփաստաթուղթ ապրանքի մասով սույն կարգի դրույթները չեն տարածվում հարկ վճարողի կողմից օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը: Անփաստաթուղթ ապրանքի մասով սույն կարգի դրույթները տարածվում են ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողների կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող ապրանքների վրա, անկախ ապրանքներ վաճառող հարկ վճարողի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու հանգամանքից:

6. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

 

ՁԵՎ

 

ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԳՐՔԻ

(ձևն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)

 

(հավելվածը լրաց. 07.12.11 ՀՕ-308-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, 21.06.14 ՀՕ-134-Ն, փոփ. 19.11.14 ՀՕ-185-Ն)