Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-98-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2017-20.11.2019)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.06.30/42(1317) Հոդ.662
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.06.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.06.2017
Дата вступления в силу
01.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.11.2019

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ գլխի վերնագրում «, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ» բառերը փոխարինել «. ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 32. Գույքի, եկամուտների, շահերի և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականությունը

1. Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալը, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, դատական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք, հատուկ ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, բացառությամբ պաշտպանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում և փրկարար ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչները, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, գնումների բողոքարկման խորհրդի անդամները:

2. Հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքով նախատեսված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագիր, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ նաև շահերի հայտարարագիր։

3. Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր։

4. Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք՝ նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձ, սույն օրենքով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը: Անչափահաս զավակի հայտարարագիրը ներկայացնում է հայտարարատու պաշտոնատար անձը:

5. Սույն օրենքի իմաստով՝ համատեղ բնակվող է համարվում պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը:

6. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը սույն օրենքով և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի և ժամկետների պահպանմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

7. Հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարատու պաշտոնատար անձը և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տալիս են հաշվետու ժամանակահատվածի համար իրենց վարկային պատմությանը և արժեթղթերի, այդ թվում՝ դրանցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններին ծանոթանալու համաձայնություն:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին հոդվածով.

 

«Հոդված 32.1 Հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին ծանուցելը

 

1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի գործառույթներ իրականացնող անձը տվյալ մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում հանձնաժողովի կողմից սահմանված ձևաթղթով ծանուցում է հանձնաժողովին:»:

 

 Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 33.

Հայտարարագրման ժամկետները և հայտարարագրում փոփոխություն կատարելը

 

1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը։

2. Եթե հայտարարատու պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 15 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիր չի ներկայացնում:

3. Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը կարող են մինչև հայտարարագրերի հրապարակման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալը դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ հայտարարագրերում իրենց հայտնաբերած վրիպակներն ուղղելու նպատակով: Վրիպակներն ուղղելու նպատակով տրամադրվող ժամկետը չի կարող գերազանցել հինգ աշխատանքային օրը: Հայտարարագրերը նշված ժամկետում չներկայացվելու դեպքում հանձնաժողովը հիմք է ընդունում սկզբնապես ներկայացված հայտարարագրերը:

4. Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո նշված օրենսգրքով սահմանված ժամկետում դիմում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ հայտարարագրերում նշված տվյալներն ուղղելու նպատակով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումն ստանալու և վրիպակները սահմանված ժամկետում վերացնելու դեպքում հանձնաժողովը վարույթ չի հարուցում:»:

 

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) «բարձրաստիճան» բառը փոխարինել «հայտարարատու» բառով.

2) 2-րդ մասի «հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի» բառերը փոխարինել «ընտանիքի կազմի մեջ մտնող՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց» բառերով.

3) 3-րդ մասի «հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև իր հետ համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի» բառերը փոխարինել «ընտանիքի կազմի մեջ մտնող՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածում «Բարձրաստիճան պաշտոնատար անձի, նրա ամուսնու, նրա հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի» բառերը փոխարինել «Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ամուսնու, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց» բառերով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին հոդվածով.

 

«Հոդված 36.1.

 Շահերի հայտարարագրի բովանդակությունը

 

1. Հայտարարագրի՝ «Մասնակցությունը առևտրային կազմակերպություններում» բաժնում նշվում են կազմակերպության անվանումը, որի հիմնադիր կամ առնվազն 10 տոկոսի մասնակից են հանդիսանում բարձրաստիճան պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք, հասցեն:

2. Հայտարարագրի` «Ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը և հասցեն, որի կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացված է բարձրաստիճան պաշտոնատար անձը, ինչպես նաև այդ կազմակերպությունում անձի կարգավիճակը:

3. Հայտարարագրի՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը և հասցեն, որում բարձրաստիճան պաշտոնատար անձի ունեցած բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման, կամ հավատարմագրային կառավարչի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, պայմանագրի գործողության ժամկետը:

4. Հայտարարագրի՝ «Անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են ոչ առևտրային կազմակերպության անվանումը, որին բարձրաստիճան պաշտոնատար անձը անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, հասցեն, կազմակերպությունում անձի կարգավիճակը:

5. Հայտարարագրի՝ «Անդամակցությունը կուսակցություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են կուսակցության անվանումը, որին բարձրաստիճան պաշտոնատար անձը անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, կուսակցությունում անձի կարգավիճակը:

6. Հայտարարագրի՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը» բաժնում նշվում են այն պայմանագրերը, որոնց գինը (արժեքը) գերազանցում է 5.000.000 (հինգ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, պայմանագրի տեսակը, կողմերը, նրանց հասցեները, տվյալներ պայմանագրի կնքման գործընթացի մասին, պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, գործողության ժամկետը, ինչպես նաև գինը (արժեքը):»:

 

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հանձնաժողովը հայտարարագիրը ռեեստրում զետեղելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, ապահովում է դրա հրապարակումն իր պաշտոնական կայքէջում:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Անչափահասի հայտարարագիրը հրապարակման ենթակա չէ:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Հայտարարատու պաշտոնատար անձի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագրերը մնում են հրապարակված լիազորությունների դադարման կամ դադարեցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Մեկ տարվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն կրկին չստանձնելու դեպքում այդ հայտարարագրերն արխիվացվում են: Այդ ժամկետից հետո տվյալ անձի կողմից հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն ստանձնելու դեպքում նրա արխիվացված հայտարարագրերը վերականգնվում և հրապարակվում են:

5. Հայտարարագրերի արխիվացման կարգն ու պայմանները սահմանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին և 38.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 38.1.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում է նրա աշխատակազմը:

2. Աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաջարկությամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կառուցվածքն ու կանոնադրությունը՝ հանձնաժողովը:

 

Հոդված 38.2.

Պետական ծառայությունը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.1-ին հոդվածով.

 

«Հոդված 41.1.

 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ֆինանսավորումը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (հանձնաժողովի ծախսերի նախահաշվի նախագիծը):

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշների համաձայնեցումը և պետական բյուջեի նախագծում դրանց ներառումն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտի օրինակն առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

5. Պետական բյուջեի ծախսային մասում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:»:

 

Հոդված 11. Օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 12. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «վերլուծությունը և» բառերը փոխարինել «վերլուծության գործընթացի կանոնակարգումը և հայտարարագրերի» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից սույն օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացվելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը և վարչական տույժեր նշանակելը:»:

 

Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1-ին հոդվածով.

 

«Հոդված 43.1. Հայտարարագրերի վերլուծությունը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացնում է՝

1) հայտարարագրի լրացման և ներկայացման պահանջների պահպանման ստուգում.

2) հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում:

2. Հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանությունը և կարգը սահմանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

3. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ գտնվող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր և ստանալու դրանք, բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

Տեղեկությունները և փաստաթղթերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրվում են անվճար՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում, որը չի կարող գերազանցել 30 օրը։ Կենտրոնական դեպոզիտարիան և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք, ինչպես նաև վարկային բյուրոները տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրում են անվճար՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:

4. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում ապահովվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տեղեկատվական բազայի փոխգործարկելիությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, սույն հոդվածի 3-րդ մասում նշված կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված տեղեկատվական բազաների հետ և հայտարարագրման ենթակա տվյալներին հանձնաժողովի առցանց հասանելիությունը:

5. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում բավարար հիմքեր կան եզրակացնելու, որ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների և կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացնում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վարույթ:»:

 

Հոդված 14. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գալիս է այն հետևության, որ կատարված արարքում առկա են հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու առերևույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերը պատճառաբանված որոշմամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ պարտավոր է տեղեկացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:

Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն ստանալու պահից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:»:

 

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52-րդ հոդվածով.

 

«Հոդված 52.

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը, աշխատողների թիվը և հաստիքացուցակը հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում համապատասխան նշանակումները կատարվում են հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը, աշխատողների թիվը և հաստիքացուցակը հաստատվելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 15-ը, հայտարարատու պաշտոնատար անձինք (բացառությամբ պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր:

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահերի հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք առաջին անգամ շահերի հայտարարագիր են ներկայացնում մինչև 2019 թվականի մարտի 30-ը՝ նույն թվականի հունվարի 1-ի դրությամբ:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը:»:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-98-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան