Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-308
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.05.2017-18.05.2017)
Статус
Գործում է մասնակի
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.12/12(187) Հոդ.230
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.02.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.03.2002
Дата вступления в силу
12.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի փետրվարի 20-ին

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

(օրենքն ուժը կորցրել է, բացառությամբ 16.12.16 ՀՕ-9-Ն օրենքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթների)

 

 

 

 

Հավելված 1

«Ազգային ժողովի կանոնակարգ»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ


ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 (ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ)

 

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

 

20. Բյուջետային գրասենյակը սույն հավելվածի 14-րդ կետում նշված գործառույթներն իրականացնում է ինքնաշխատ` հետևյալ ժամկետներում`

 1) սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված ամփոփ նկարագրերը պատրաստվում և ներկայացվում են պետական բյուջեի նախագիծը և պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում.

2) սույն հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ամփոփ նկարագիրը` պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքն ստանալուց հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

21. Բյուջետային գրասենյակը սույն հավելվածի 15-րդ կետում նշված գործառույթներն իր մոտ առկա տեղեկատվության շրջանակներում իրականացնում է պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի գրավոր հարցման առկայության դեպքում` հետևյալ ժամկետներում`

1) սույն հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը» պարբերություններում նշված գործառույթներն իրականացվում են համապատասխան հարցման ներկայացմանը հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում.

2) սույն հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետի «ա», «բ» պարբերություններում նշված գործառույթներն իրականացվում են հարցման ներկայացմանը հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

22. Սույն հավելվածի 16-րդ կետում նշված գործառույթն իրականացվում է առնվազն 10 պատգամավորի կամ մշտական հանձնաժողովների առնվազն 10 փորձագետի գրավոր հայտերի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ ըստ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցված ժամանակացույցի:

23. Սույն հավելվածի 17-րդ կետում նշված եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարեկան հաշվետվությունը` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում: Տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

24. Բյուջետային գրասենյակ պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի հարցումը (այսուհետ` հարցում) ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`

1) հարցումը ներկայացնող մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լրիվ անվանումը, պատգամավորի դեպքում` նրա անունը, ազգանունը և պատգամավորական մանդատի համարը.

2) պետական կառավարման մարմնի անվանումը, որին Բյուջետային գրասենյակի միջոցով ներկայացվում է հարցումը (եթե այդպիսին ներկայացվում է).

3) հարցման բովանդակությունը (առարկան).

4) հարցմանը կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).

5) հարցումը ներկայացնողի (իրավասու անձի) ստորագրությունը.

6) հարցումը հանձնելու տարին, ամիսը և ամսաթիվը:

25. Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լիազորված անձը հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժին, որը նույն օրն այն փոխանցում է Բյուջետային գրասենյակ: Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լիազորված անձը կարող է էլեկտրոնային ստորագրության առկայության պարագայում Բյուջետային գրասենյակ ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:

26. Հարցման պատասխանը տրվում է գրավոր` Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժնի միջոցով: Հարցումը ներկայացնողի պահանջով հարցման պատասխանը տրամադրվում է նաև էլեկտրոնային փոստի միջոցով:

27. Բյուջետային գրասենյակը հարցման պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրում է ըստ հարցումների ստացման հաջորդականության` պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրելու պատրաստ լինելուն պես, բայց ոչ ուշ, քան սույն հավելվածի 21-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ժամկետներում, եթե հարցումը ներկայացնողը մինչև իրեն պատասխան ուղարկելը չի հրաժարվում իր հարցմանը պատասխանելուց կամ մասնագիտական աջակցությունից: Ընդ որում, եթե հարցումները ներկայացվում են միաժամանակ, ապա նախ բավարարվում է ընդդիմադիր պատգամավորի, խմբակցության հարցումը:

28. Հարցման պատասխանը տրամադրվում է միայն հարցումը ներկայացնողին: Համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող պատասխանները Բյուջետային գրասենյակը տվյալ հարցումը ներկայացնողի համաձայնությամբ կարող է տեղադրել Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

29. Եթե հարցման առարկան չի մտնում Բյուջետային գրասենյակի կամ հարցումում նշված պետական կառավարման մարմնի իրավասության մեջ, ապա Բյուջետային գրասենյակը հարցումը և դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, վերադարձնում է հարցումը ներկայացնողին` նշելով վերադարձնելու պատճառը:

30. Եթե հարցումը կատարելու համար Բյուջետային գրասենյակի տնօրինության տակ առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ կամ մասնակի է հնարավոր կատարել և (կամ) հայցվող տեղեկատվությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել տվյալ տեղեկատվությունը տնօրինող պետական կառավարման մարմին, ապա Բյուջետային գրասենյակը հարցումը ներկայացնողի համաձայնությամբ`

1) հնարավոր սեղմ ժամկետում հավաքում է պակասող տեղեկատվությունն ու տրամադրում է հայցվող տեղեկատվությունն ամբողջ ծավալով կամ

2) իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա սահմանված ժամկետում տրամադրում է հայցվող տեղեկատվության առկա մասը` նշելով տեղեկատվությունն ամբողջությամբ չտրամադրելու պատճառները:

31. Հրատապ դեպքերում հարցումը կարող է ներկայացվել բանավոր: Հրատապ դեպքերն են`

1) մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքը.

2) Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքը.

3) պետական բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքը.

4) պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքը.

5) Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումների ընթացքը:

32. Հրատապ հարցում ներկայացրած պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի լիազորված անձն իր նախաձեռնությամբ կարող է Բյուջետային գրասենյակում ծանոթանալ անհրաժեշտ տեղեկությանը կամ բանավոր կարգով ստանալ մասնագիտական աջակցություն: Բյուջետային գրասենյակում հարցվող տեղեկությանը ծանոթանալու և (կամ) բանավոր կարգով մասնագիտական աջակցություն ստանալու փաստը գրանցվում է Բյուջետային գրասենյակի համապատասխան մատյանում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

33. Բյուջետային գրասենյակում ներքին գործավարությունը կազմակերպվում և իրականացվում է Ազգային ժողովում սահմանված գաղտնի և ոչ գաղտնի գործավարության, այդ թվում` էլեկտրոնային, կարգին համապատասխան:

34. Բյուջետային գրասենյակի ներքին գործավարության կազմակերպման պատասխանատուն Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետն է:

35. Բյուջետային գրասենյակի ներքին գործավարությունն իրականացվում է Բյուջետային գրասենյակի ներքին աշխատակարգի համաձայն:

36. Բյուջետային գրասենյակում հարցումն ստացված է համարվում Բյուջետային գրասենյակի մտից մատյանում գրանցվելու պահից:

37. Բյուջետային գրասենյակի կողմից իր գործառույթների իրականացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, հիմնարկներից և կազմակերպություններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահին կամ պատգամավորին ուղարկված կամ վերադարձված գրությունները և դրանց կից փաստաթղթերը հաշվառվում և պահվում են Բյուջետային գրասենյակում:

38. Բյուջետային գրասենյակն ունի իր անվանմամբ ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:

(հավելվածը լրաց. 25.03.15 ՀՕ-17-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-9-Ն)

 

 

Հավելված 2

«Ազգային ժողովի կանոնակարգ»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԻ ՈՒ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն սույն հավելվածով և տվյալ պաշտոնի նկարագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

9. Բյուջետային գրասենյակի փորձագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար համապատասխան պաշտոնի հավակնորդին մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների տիրապետման, աշխատանքային ստաժի և փորձի տեսանկյունից, ի թիվս սույն հավելվածի և տվյալ պաշտոնի նկարագրի պահանջների, ներկայացվող պահանջներն են`

1) բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի համար՝

ա. բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հանրային ֆինանսների, հաշվապահական հաշվառման, հանրային կառավարման ոլորտում,

բ. 7 (յոթ) և ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում և (կամ) միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 5 (հինգ) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում,

գ. ծրագրային բյուջետավորման իմացություն,

դ. առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում.

2) փորձագետների համար՝

ա. բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հանրային ֆինանսների, հաշվապահական հաշվառման, հանրային կառավարման ոլորտում,

բ. 5 (հինգ) և ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում և (կամ) միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 3 (երեք) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում,

գ. ծրագրային բյուջետավորման իմացություն,

դ. առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

10. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը Բյուջետային գրասենյակում պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը նույնական է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին.

3) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.

5) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ

 

11. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի և մյուս փորձագետների թափուր պաշտոններն զբաղեցվում են մրցութային կարգով քննություններ հանձնելու արդյունքներով:

12. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը կազմակերպվում և անցկացվում է Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով՝ հիմք ընդունելով սույն հավելվածով սահմանված իրավակարգավորումները:

13. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմում իրենց ցանկությամբ ընդգրկվում են նաև Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչները: Խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխանաբար խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացմամբ:

14. Բյուջետային գրասենյակի փորձագետի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահը եռօրյա ժամկետում գրավոր առաջարկություն է ներկայացնում Ազգային ժողովի նախագահին` թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ:

15. Մրցույթի թեստերի և հարցազրույցի հարցաշարերը, ներառյալ՝ ենթադրյալ և ճիշտ պատասխանները, կազմում է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի քարտուղարությունը:

(հավելվածը լրաց. 25.03.15 ՀՕ-17-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-9-Ն)