ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը «գործողությունը (վավերությունը)» բառերից հետո լրացնել «սույն օրենքով և ստորագրող անձի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Նույնականացման քարտում զետեղվում են հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված էլեկտրոնային թվային ստորագրության անհատական հավաստագրերը:
Էլեկտրոնային թվային ստորագրության ակտիվացման համար անհրաժեշտ քայլերի նկարագրությունը տեղադրվում է հավաստագրման կենտրոնի կայքում: Նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր թողարկելուց բացի, հավաստագրման կենտրոնը կարող է թողարկել այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր: Նման տեսակի հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը տրվում է նույնականացման քարտի վավերականության ժամկետով:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով.
«- դադարեցնել հավաստագրի գործողությունը՝
ա. եթե նույնականացման քարտն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անվավեր,
բ. եթե՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ հավաստագիրը կեղծվել է, կամ հավաստագրի օգտագործումը վնաս է պատճառում ստորագրող անձին կամ երրորդ անձի,
գ. ստորագրող անձի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձի գրավոր պահանջի դեպքում,
- էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը դադարեցվելու կամ ժամանակավոր կասեցվելու դեպքերում կատարել համապատասխան գրառում էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերի ռեեստրում.».
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ ժամանակավորապես կասեցնելու էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը՝
ա. եթե առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ նույնականացման քարտը կորել է, էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը կարող է կեղծվել, կամ դրա օգտագործումը կարող է վնաս պատճառել ստորագրող անձին կամ երրորդ անձի: Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև նշված փաստերի հաստատումը կամ հերքումը,
բ. ստորագրող անձի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում: Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված վճարի կատարումը:
Հավաստագրման կենտրոնի կողմից իր նախաձեռնությամբ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողության ժամանակավորապես կասեցումը կատարվում է ստորագրող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստին այդ մասին ծանուցում ուղարկելու պահից:
Ծանուցումը պետք է բովանդակի հավաստագրի գործողության ժամանակավորապես կասեցման վերաբերյալ որոշման հիմքերը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 23 Երևան ՀՕ-69-Ն
ՆախագահՍ. Սարգսյան