ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) մթնոլորտային օդի աղտոտում` աղտոտող (վնասակար) նյութերի թափանցումը մթնոլորտային օդ կամ այնտեղ նրանց առաջացումը այնպիսի կոնցենտրացիաներով, որոնք գերազանցում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները.».
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) արտանետման աղբյուր` տեխնոլոգիական սարքավորում կամ օբյեկտ, որից աղտոտող (վնասակար) նյութն արտանետվում (թափանցում) է մթնոլորտային օդ.».
3) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) լավագույն հասանելի տեխնոլոգիա` գիտատեխնիկական ժամանակակից նվաճումների վրա հիմնված արտադրական տեխնոլոգիական լուծումներ, գործընթացներ և ռեժիմներ, որոնք հաստատել են իրենց գործնական կիրառելիությունը, և որոնց կիրառումը նպաստում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, կանխարգելում է, իսկ երբ դա հնարավոր չէ՝ նվազեցնում է շրջակա միջավայրի վրա (մթնոլորտ, ջրային ռեսուրսներ, հողային ծածկույթ, կենսոլորտ) վնասակար ներգործությունը.».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20) աղտոտող նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվներ (չափաքանակների տիրույթներ)՝ արտանետումներ, որոնք առաջանում են լավագույն հասանելի տեխնոլոգիայի կիրառման դեպքում:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը «- արտանետումների պետական հաշվառման կարգի սահմանումը» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«- Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակների սահմանումը, մթնոլորտ արտանետումների կազմի նորմերի և հսկման մեթոդների սահմանումը,»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 21 Երևան ՀՕ-56-Ն
ՆախագահՍ. Սարգսյան