Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-257-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.12.30/95(1275).1 Հոդ.1228.40
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2016
Дата вступления в силу
31.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) համար հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու և արտոնությունների կիրառման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Սույն օրենքի գործողությունը սույն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով տարածվում է`

 

1) եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի (այդ թվում` մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից հանված ֆիզիկական անձանց) և նոտարների վրա.

2) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց և հարկային գործակալի պարտավորությունից ազատված հարկ վճարողից եկամուտ ստացած ֆիզիկական անձանց (այդ եկամուտների մասով) վրա.

3) մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքներ իրականացրած` մինչև այդ օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն կետով սահմանված գործարքների մասով ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց վրա.

4) մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածին համապատասխան գույքի վարձակալության գործարքներ իրականացրած և ԱԱՀ-ի և (կամ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ եկամտային հարկի վճարման պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց վրա.

5) մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով և դեպքերում հարկային մարմին ճշտված կամ առաջին անգամ ներկայացվող հարկային հաշվարկներ ներկայացրած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա:

 

Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձինք`

 

1) ազատվում են մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների հաշվարկված և չվճարված պարտավորությունների (այդ թվում` նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի, տուգանքների) գումարների վճարումից.

2) ազատվում են 2006 թվականի հունվարի 1-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարների նվազագույն գումարների (այդ թվում` հաշվարկված և չվճարված տույժերի, տուգանքների) վճարումից.

3) արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարների և եկամտահարկի գծով տարեկան եկամուտների մասին հայտարարագրեր չեն ներկայացնում:

 

Հոդված 4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձինք ազատվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց համար սահմանված սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու համար հաշվարկված (հաշվարկման ենթակա) տույժերի վճարումից:

 

Հոդված 5. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ֆիզիկական անձինք ազատվում են մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրականացրած` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և (կամ) «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար հաշվարկված և չվճարված տույժերի և տուգանքների վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում, կամ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարել են հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը:

 

Հոդված 6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ֆիզիկական անձինք ազատվում են մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածին համապատասխան գույքի վարձակալության գործարքների համար և (կամ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ հաշվարկված եկամտային հարկի գծով հաշվարկված և չվճարված տույժերի և տուգանքների վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում, կամ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարել են հաշվարկված ավելացված արժեքի հարկի և (կամ) եկամտային հարկի համապատասխան գումարների վճարումը: Սույն հոդվածի դրույթները՝ ԱԱՀ-ի գումարների մասով հաշվարկված տուգանքների և տույժերի մասով, կիրառվում են այն գույքի վարձակալության գործարքների մասով, որի վարձակալ է հանդիսանում անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձը կամ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղ չունեցող օտարերկրյա իրավաբանական անձը:

 

Հոդված 7. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետում նշված անձինք ազատվում են մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով և դեպքերում հարկային մարմին ներկայացված ճշտված կամ առաջին անգամ ներկայացվող հարկային հաշվարկներով առաջացած հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ հաշվարկվող և վճարման ենթակա տույժերի և տուգանքների վճարումից, եթե այդ ժամանակաշրջանների համար ճշտված կամ առաջին անգամ ներկայացվող հարկային հաշվարկը ներկայացվում և հաշվարկված հարկերի գումարների վճարումը կատարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հոդված 8. Սույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անձինք արտոնություններին վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարների և հարկային օրենսդրության պահանջները խախտելու համար այդ արտոնությունների մասով չեն ենթարկվում պատասխանատվության, իսկ հարուցված վարույթները ենթակա են կարճման:

 

Հոդված 9. Հարկային մարմնի կողմից վերահսկվող` սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված եկամուտների մասով առաջացած պարտավորությունների բռնագանձման կամ սնանկության վերաբերյալ դատարաններում գտնվող հայցերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված կատարողական թերթերը բավարարվում են պարտատիրոջ (լիազորված մարմնի) կողմից սույն օրենքով սահմանված կարգով վերահաշվարկված հայցապահանջի (պահանջի) չափով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. դեկտեմբերի 30
Երևան

ՀՕ-257-Ն