Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-244-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.11.2016-09.01.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.18
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.12.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2010
Дата вступления в силу
09.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

(օրենքը խմբ. 21.06.14 ՀՕ-67-Ն) 

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեության ընթացքում սոցիալական վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում, պետական կենսաթոշակից բացի, կենսաթոշակային լրացուցիչ եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է` ապահովելով կատարված սոցիալական վճարների և ստացվող կենսաթոշակի չափի միջև ուղղակի կապը, ինչպես նաև հնարավորություն ընձեռելով սոցիալական վճար կատարողին ազդելու կուտակային կենսաթոշակների չափի վրա` սույն օրենքով սահմանված կարգով ընտրելով իր կուտակած միջոցները կառավարող անձին և այդ միջոցների կառավարման քաղաքականությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է կուտակային բաղադրիչի և կամավոր կենսաթոշակային բաղադրիչի կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները, սահմանում է սոցիալական վճարի հասկացությունը, սոցիալական վճարներ կատարողների շրջանակը, սոցիալական վճարներ կատարելու կարգը, Հայաստանի Հանրապետության կողմից սոցիալական վճարներ կատարած անձանց անվամբ բացված կենսաթոշակային հաշիվներին կուտակային հատկացումներ փոխանցելու պայմաններն ու կարգը, մասնակիցների ռեեստրը վարողի, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, կենսաթոշակային ֆոնդի պահառուի ու հաշվի օպերատորների գործառույթները, կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների իրավունքները և պարտականությունները, կենսաթոշակային հաշիվների վարումը, կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրումը, կուտակային կենսաթոշակների տեսակները և դրանց վճարումը, սոցիալական վճարներ կատարած անձանց կուտակային կենսաթոշակի վճարման երաշխավորման կառուցակարգերը, պատասխանատվությունը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար, ինչպես նաև կարգավորում է կուտակային կենսաթոշակների հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) անձնավորված հաշվառում՝ ըստ «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

2) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի.

3) անուիտետ` ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

4) աշխատավարձ՝ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, ինչպես նաև պայմանագրային եկամուտ (աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը).

5) ապահովագրական ընկերություն՝ ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

6) գործատու` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, անհատ ձեռնարկատեր, հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին, ինչպես նաև նոտար, որն աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով փաստացի օգտագործում է քաղաքացիների աշխատանքը (ծառայությունները)` նրանց վճարելով եկամուտներ.

7) գերավճար` մասնակցի կամ նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալի կողմից կամուրջ հաշվին մուտքագրված՝ սոցիալական վճարի պարտավորությունը գերազանցող գումար.

8) երաշխիքային ֆոնդ` սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն ստեղծված ֆոնդ.

9) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող (բացառությամբ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամտի, ձեռնարկատիրական եկամտի և պայմանագրային եկամտի)` վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող), ինչպես նաև «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատեր.

10) ծրագրային վճար՝ մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո նրա անունով բացված կենսաթոշակային հաշվում հաշվառված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման հաշվին ամսական կտրվածքով սահմանված կարգով տրամադրվող գումար.

11) կամուրջ հաշիվ՝ ֆինանսական ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի միասնական գանձապետական հաշվում բացված ենթահաշիվ, որին մուտքագրվում են սոցիալական վճարները՝ մասնակիցների ռեեստրին փոխանցելու համար.

12)  կենսաթոշակային գաղտնիք՝ կուտակային բաղադրիչին կամ կամավոր կենսաթոշակային բաղադրիչին անձի մասնակցության հետ կապված՝ գործատուին, պետական լիազոր մարմիններին, Կենտրոնական բանկին, մասնակիցների ռեեստրը վարողին, հաշվի օպերատորին, կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, պահառուին, ինչպես նաև երաշխիքային ֆոնդը կառավարող անձին կենսաթոշակային հաշվի, անձի համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների, կամավոր կենսաթոշակային վճարների վերաբերյալ հայտնի դարձած որևէ տեղեկություն, անձի առևտրային, ապահովագրական, բանկային կամ ծառայողական գաղտնիքը, ինչպես նաև մասնակցի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը մասնակիցը մտադիր է եղել գաղտնի պահել, և գործատուն, պետական լիազոր մարմինները, Կենտրոնական բանկը, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, ինչպես նաև երաշխիքային ֆոնդը կառավարող անձը տեղյակ են եղել կամ պարտավոր էին տեղյակ լինել այդ մասին.

13) կամավոր կենսաթոշակային վճար՝ կամավոր կենսաթոշակ ստանալու նպատակով մասնակցի և(կամ) այլ անձի կողմից մասնակցի համար (օգտին) կատարվող վճար.

14) կամավոր կենսաթոշակ՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն վճարվող կենսաթոշակ.

15) կենսաթոշակային հաշիվ՝ մասնակիցների ռեեստրը վարողի մոտ սոցիալական վճար կատարող անձի անունով բացված հաշիվ, որտեղ հաշվառվում են կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը, ինչպես նաև տեղեկություններ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի, այդ փայերի հաշվարկային արժեքի, այդ փայերի ձեռք բերման համար կատարված կուտակային հատկացումների վերաբերյալ, օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված այլ տեղեկություններ.

16) կենսաթոշակային տարիք՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիք.

17) կենսաթոշակային ֆոնդ՝ ֆոնդ, որի ակտիվները ձևավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պարտադիր կարգով կատարվող կուտակային հատկացումների (պարտադիր կենսաթոշակային ֆոնդ) կամ կամավոր կենսաթոշակային վճարների (կամավոր կենսաթոշակային ֆոնդ) և դրանց ներդրման հաշվին, և որի մասնակիցներին ֆոնդի ակտիվներից վճարումները կատարվում են (վերադարձվում են ֆոնդի ակտիվներում մասնակցի փային համապատասխանող դրամական միջոցները) կենսաթոշակի ձևով մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, ինչպես նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում.

18) կենսաթոշակային ֆոնդի ակտիվներ՝ տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռք բերման նպատակով կատարված կուտակային հատկացումների և կամավոր կենսաթոշակային վճարների, դրանց հաշվին ձեռք բերված ակտիվների և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտների հանրագումար.

19) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` կենսաթոշակային ֆոնդի կառավարման իրավունք ունեցող իրավաբանական անձ.

20) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

21) կուտակային հատկացում՝ սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն` պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով սոցիալական վճար կատարող անձի համար (օգտին) կատարվող դրամական հատկացում, որը ձևավորվում է այդ սոցիալական վճարներից և սույն օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցներից.

22) կուտակային կենսաթոշակ՝ կուտակային բաղադրիչի շրջանակներում սույն օրենքի 11-րդ գլխով սահմանված կանոնների համաձայն վճարվող կենսաթոշակ.

23) հաշվի օպերատոր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություն, որը միջնորդավորում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները.

24) հիմնական կենսաթոշակ` ըստ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

25) հանրային ծառայության համարանիշ՝ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համարանիշ.

26) հարկային գործակալ` ըստ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

27) ձեռնարկատիրական եկամուտ` անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից իրականացվող ձեռնարկատիրական և նոտարական գործունեությունից «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստացման ենթակա տարեկան հարկվող եկամուտ.

28) մասնակից՝ սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարած անձ, որի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվել է կուտակային հատկացում կամ որի համար (օգտին) կատարվում են կամավոր կենսաթոշակային վճարներ.

29) մասնակիցների ռեեստր` սոցիալական վճար կատարող (կատարած) անձանց և նրանց անունով բացված կենսաթոշակային հաշիվներում հաշվառվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տվյալների միասնական համակարգ: Մասնակիցների ռեեստրում առկա ամբողջ տեղեկատվությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը.

30) մասնակիցների ռեեստրը վարող՝ իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա վարում է մասնակիցների ռեեստրը, ինչպես նաև իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ գործառույթներ.

31) նոտար՝ ըստ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

32) պահառու՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն իրականացնող անձ.

33) պայմանագրային եկամուտ՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից ստացված եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի).

34) «Սահմանված կենսաթոշակներ» սխեմա` կամավոր կենսաթոշակային սխեմա, որի դեպքում ապահովագրական ընկերությունը խոստանում է մասնակցին հստակ չափով կենսաթոշակ, կամավոր կենսաթոշակային վճարները կախված են ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագրից և կարող են լինել ոչ կանոնավոր, իսկ կենսաթոշակի չափը ուղղակիորեն կախված չէ կատարված կամավոր կենսաթոշակային վճարների չափից և այդ վճարների ներդրումների եկամտաբերությունից.

35) «Սահմանված կենսաթոշակային վճար» սխեմա` կամավոր կենսաթոշակային սխեմա, որի դեպքում մասնակիցների համար կատարված կամավոր կենսաթոշակային վճարները հաշվարկվում են իրենց եկամտի որոշակի տոկոսի չափով կամ որևէ այլ կանոնավոր հիմքով, իսկ կենսաթոշակի չափը կախված է կատարված կամավոր կենսաթոշակային վճարներից և այդ վճարների ներդրումից ստացված եկամուտների չափից.

36) սոցիալական վճար՝ սույն օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող նպատակային վճար.

37) սոցիալական վճարի պարտավորություն` մասնակցի (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալի) կողմից կամուրջ հաշվին մուտքագրման ենթակա` սույն օրենքով սահմանված սոցիալական վճարի և դրա նկատմամբ հաշվարկված տույժի գումար.

38) վարձու աշխատող` գործատուի (այդ թվում` հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի) հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձ, այդ թվում` հանրային ծառայող (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների), ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի) ստացող անձ.

39) փոխկապակցված անձինք՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

(2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 11-րդ, 37-րդ կետերը 24.11.15 ՀՕ-166-Ն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների խմբագրությամբ և փոփոխություններով ուժի մեջ կմտնեն 01.01.2018 թ.)

 

Հոդված 3. Կենսաթոշակային համակարգի կուտակային և կամավոր կենսաթոշակային բաղադրիչները կարգավորող օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային և կամավոր կենսաթոշակային բաղադրիչները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

 

Հոդված 4. Կուտակային կենսաթոշակների ֆինանսավորման աղբյուրները

 

1. Կուտակային կենսաթոշակները ֆինանսավորվում են մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների և դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

Հոդված 5. Սոցիալական վճար կատարողները

 

1. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում՝

1) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը.

2) մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում (այսուհետ՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում).

3) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, ովքեր սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ սույն մասի 1-ին կետի հիման վրա երբևիցե կատարել են սոցիալական վճար:

2. Անձը չի կարող վերանայել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնելու որոշումը:

3. Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Անձը դադարում է սոցիալական վճար կատարելը, եթե՝

1) լրացել է նրա կենսաթոշակային տարիքը, և նա հարկային մարմին է ներկայացրել դիմում սոցիալական վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ.

2) անձը սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ընդ որում, վարձու աշխատողը դիմումը հարկային մարմին է ներկայացնում հարկային գործակալի միջոցով: Այս դեպքում դիմումը համարվում է հարկային մարմին ներկայացված հարկային գործակալին ներկայացնելու պահից:

6. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դիմում ներկայացվելու մասին տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` գործատուին:

7. Կենսաթոշակային տարիքը լրացած կամ մասնակիցների ռեեստրը վարողին կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացրած անձի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունը դադարում է`

1) աշխատավարձից, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից` համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) ձեռնարկատիրական եկամուտներից` համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:

8. Անձը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից սոցիալական վճար կատարում է կամավորության սկզբունքով, սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

 

Հոդված 6. Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը և դրույքաչափը

 

1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`

1) աշխատավարձը.

2) ձեռնարկատիրական եկամուտը.

3) որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտները:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձինք մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը սոցիալական վճարը կատարում են հետևյալ չափերով.

1) աշխատավարձի՝

ա. 5 տոկոսի չափով, եթե աշխատավարձի ամսական չափը չի գերազանցում 500 000 դրամը,

բ. 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500 000 դրամը.

2) ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի)՝

ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,

բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը.

3) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով ստացված եկամուտներից՝ ամսական 5000 դրամի չափով.

4) որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով, անկախ եկամտի չափից:

3. Կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքերում (եթե անձը չի ներկայացրել սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը) անձը սոցիալական վճարը կատարում է հետևյալ չափերով.

1) աշխատավարձի, ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված դեպքի), որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով.

2) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով ստացված եկամուտներից՝ ամսական 5000 դրամի չափով:

4. Անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափով սոցիալական վճարներ է կատարում՝

1) դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու) օրվան հաջորդող ամսվա աշխատավարձից.

2) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու օրվան հաջորդող ամսվա աշխատավարձից.

3) դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու), սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու տարվա ձեռնարկատիրական եկամտից.

4) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացված եկամուտներից՝ դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու), սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու օրվան հաջորդող ամսվանից:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 3-րդ մասի 2-րդ կետերով սահմանված սոցիալական վճարը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն:

6. Անձի ամսական համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաշվետու ամսվա համար սահմանված չափի 15-ապատիկը գերազանցող գումարից (այսուհետ՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմ) կամ տարեկան համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ սահմանված չափի 180-ապատիկը գերազանցող գումարից (այսուհետ՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմ) սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում): Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից (ստանում է ձեռնարկատիրական եկամուտ և աշխատավարձ), ապա հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարները (եթե այդպիսիք առկա են) մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ամսական համախառն եկամուտը անձի կողմից ստացման ենթակա՝ հաշվետու ամսվա համար (բոլոր գործատուների հաշվարկած) աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ու այդ հաշվետու ամսվա ընթացքում անձին վճարված պայմանագրային եկամտի հանրագումարն է: Տարեկան համախառն եկամուտը անձի կողմից ստացման ենթակա՝ հաշվետու տարվա ձեռնարկատիրական եկամտի, հաշվետու տարվա (ամիսների) համար հաշվարկված (բոլոր գործատուների հաշվարկած) աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ու այդ հաշվետու տարվա՝ անձին վճարված պայմանագրային եկամտի հանրագումարն է:

7. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը չի կարող գերազանցել՝

1) ամսական՝

ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 500 000 դրամը,

բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 500 000 դրամը,

գ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմի 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը.

2) տարեկան՝

ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,

բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 6 000 000 դրամը,

գ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմի 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 6 000 000 դրամը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարի առավելագույն չափում հաշվի է առնվում նաև սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 3-րդ մասի 2-րդ կետերով սահմանված սոցիալական վճարը:

9. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարի առավելագույն չափում որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտներից կատարվող սոցիալական վճարները հաշվի չեն առնվում:

10. Գործատուն, որպես սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով: Սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը:

 

Հոդված 7. Սոցիալական վճար կատարելը

 

1. Սույն օրենքով սահմանված՝ վարձու աշխատողի սոցիալական վճարները հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:

2. Գործատուները օրենքով սահմանված ժամկետներում և կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում են իրենց հետ աշխատանքային և քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին, ինչպես նաև, որպես հարկային գործակալ, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու համար սահմանված ժամկետներում սույն օրենքով սահմանված չափով հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները:

3. Գործատուները «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված հաշվարկ:

4. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը, ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները, որպես ինքնազբաղված անձինք, ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:

Եթե գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ապա վարձու աշխատողը սոցիալական վճարը հաշվարկում և փոխանցում է ինքնուրույն` գործատուի համար սահմանված ժամկետներում:

5. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված հաշվարկ:

Սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները յուրաքանչյուր ամսվա համար գործատուի համար սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված պարզեցված հաշվարկ:

6. Վարձու աշխատողների գրանցման հայտը, անձնավորված հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

7. Գործատուները և սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները նախորդ հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված սոցիալական վճարի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակահատվածների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, բացառությամբ հաշվարկված տույժերի:

Ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում առաջացած սոցիալական վճարի լրացուցիչ պարտավորության նկատմամբ հաշվարկվում է տույժ՝ ընդհանուր հիմունքներով:

8. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղվածները հաշվետու ժամանակահատվածի համար տարեկան սոցիալական վճարի մասին հաշվարկը ներկայացնելուց հետո իրավունք ունեն ճշգրտումներ մտցնելու դրանցում արտացոլված տվյալներում:

9. Հարկային մարմնի կողմից սոցիալական վճար կատարողների (գործատուների) մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկային մարմին ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակահատվածներին վերաբերող սոցիալական վճարների հաշվարկների ճշտում չի իրականացվում:

10. Գործատուի սնանկության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այդ թվում՝ գործատու հանդիսացող) մահվան դեպքում սոցիալական վճարի պարտավորությունների մարման և համապատասխան կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8. Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառումը

 

1. Սոցիալական վճարի պարտավորությունների հաշվառման նպատակով հարկային գործակալի (գործատուի) կամ սոցիալական վճարները սույն օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույն կատարող անձանց համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը:

2. Սոցիալական վճարի պարտավորությունները մարվում են ժամանակագրական կարգով` ավելի վաղ առաջացած սոցիալական վճարի պարտավորության չափով. առաջնահերթ՝ սոցիալական վճարը, այնուհետև` տույժը, անկախ վճարման փաստաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) նշված սոցիալական վճարի պարտավորության վճարման նպատակայնությունից:

Սոցիալական վճարի (բացառությամբ ճշտված հաշվարկի ներկայացման արդյունքում առաջացածի) պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար համարվում է մարված, եթե կամուրջ հաշվին մուտքագրված սոցիալական վճարի պարտավորությունների գումարները բավարար են այդ հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարը և տույժը մարելու համար:

Սույն մասի կիրառման իմաստով սոցիալական վճարի ճշտված հաշվարկների ներկայացման արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունը հաշվառվում է ճշտված հաշվարկի փաստացի ներկայացման ամսաթվով:

3. Կամուրջ հաշվին մուտքագրված գերավճարները ենթակա են վերադարձման հարկային գործակալի (գործատուի) կամ սոցիալական վճարները սույն օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույն կատարող անձանց դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ 15 օրվա ընթացքում, կամ հաշվի են առնվում հետագա սոցիալական վճարները հաշվարկելիս և վճարելիս:

4. Եթե հարկային գործակալը (գործատուն) ներկայացնում է ճշտված հաշվարկ, ճշտված հաշվարկ ներկայացնելու օրվա դրությամբ հաշվետու ժամանակահատվածում հարկային գործակալից (գործատուից) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող՝ եկամուտ ստացած անձն ազատվել է աշխատանքից (դադարել է նրա հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը), և ճշտված հաշվարկի արդյունքում վերահաշվարկվում է (փոխվում է) աշխատանքից ազատված անձի սոցիալական վճարի պարտավորությունը, ապա փոփոխության արդյունքում առաջացած տարբերությունը հաշվառվում է որպես ճշտված հաշվարկ ներկայացրած գործատուի՝ ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորություն:

(8-րդ հոդվածը 24.11.15 ՀՕ-166-Ն օրենքի 2-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2018 թ.)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 9. Մասնակիցների ռեեստրը վարողին կուտակային հատկացումները և անձնավորված տեղեկատվությունը փոխանցելը

 

1. Հարկային մարմինը սոցիալական վճարների վերաբերյալ հաշվարկները փաստացի ստանալու օրվանից հետո` առավելագույնը 10-օրյա ժամկետում, մշակում է դրանք: Եթե ներկայացված տեղեկություններում չկան սխալներ, և կամուրջ հաշվին մուտքագրվել են հաշվետվության մեջ նշված սոցիալական վճարները, ապա հարկային մարմինը վճարման հանձնարարական է ուղարկում գանձապետարան` սոցիալական վճար կատարած (կատարող) անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կուտակային հատկացում կատարելու (համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու) համար: Կուտակային հատկացման գումարը ձևավորվում է սոցիալական վճարներից և սույն օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցներից:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար (օգտին) մինչև նրանց կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային հատկացումները կատարվում են հետևյալ չափով.

1) ամսական համախառն եկամտի 10 տոկոսի չափով՝ ամսական համախառն եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների և 10 տոկոսը լրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների (առավելագույնը 25000 դրամ) հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմի 10 տոկոսը.

2) ձեռնարկատիրական եկամտի 10 տոկոսի չափով՝ ձեռնարկատիրական եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների և 10 տոկոսը լրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների (առավելագույնը 300 000 դրամ) հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմի 10 տոկոսը.

3) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով՝ ամսական 10 000 դրամի չափով.

4) անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա ներկայացված՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող՝ սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով չնախատեսված եկամուտներից հաշվարկված սոցիալական վճարների չափով:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի համար (օգտին) խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) կատարվում է կուտակային հատկացում՝ ամսական 8 000 դրամի չափով: Կուտակային հատկացում կատարելը դադարեցվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդն ընդհատվելու դեպքում՝ ընդհատվելու ամսվանից: Ընդ որում, սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը:

4. Բոլոր դեպքերում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի և այդ անձանց համար (օգտին) կատարվող կուտակային հատկացման գումարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 25000 դրամը և տարեկան 300 000 դրամը:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված անձանց համար (օգտին), ինչպես նաև այն դեպքում, երբ լրացել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձի կենսաթոշակային տարիքը, և անձը չի ներկայացրել սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը, կուտակային հատկացումները կատարվում են՝

1) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով՝ ամսական 5 000 դրամի չափով.

2) անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա ներկայացված՝ աշխատավարձից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների չափով:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը հարկային մարմնի` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնարարականում նշված չափով կուտակային հատկացումները կամուրջ հաշվի միջոցով փոխանցում է մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկում բացված հաշվին հանձնարարականը ստանալուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը: Ընդ որում, կուտակային հատկացումների գումարները տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար մասնակիցների ռեեստրը վարողին են փոխանցվում բացառապես այն դեպքում, երբ անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա առաջացած սոցիալական վճարի պարտավորությունը այդ հաշվետու ժամանակահատվածի համար մարված է: Սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետից հետո կուտակային հատկացում չի կատարվում:

7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հանձնարարականի ուղարկման օրը հարկային մարմինը կուտակային հատկացումների մասին անձնավորված տեղեկատվությունը ներկայացնում է մասնակիցների ռեեստրը վարողին:

8. Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող տեղեկատվությունը պարունակում է սոցիալական վճարներ կատարած (կատարող) անձանց մասին հետևյալ տեղեկությունները.

1) անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

2) հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) կատարած սոցիալական վճարի չափը.

4) պետական բյուջեից վճարման ենթակա կուտակային հատկացման չափը.

5) գործատուի, ինչպես նաև նոտարի և անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ տեղեկություններ:

9. Կուտակային հատկացումները և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվությունը փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին ավել փոխանցված կուտակային հատկացումները չեն վերադարձվում, այլ հաշվի են առնվում համապատասխան անձանց գծով հետագա կուտակային հատկացումները հաշվարկելիս և վճարելիս:

10. Սոցիալական վճար կատարող անձն իրավունք ունի սոցիալական վճարների կատարմանն ուղղելու սոցիալական փաթեթի գումարները: Այս դեպքում սոցիալական վճար կատարող անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, միանվագ ստանալու սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափն է:

(9-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը 24.11.15 ՀՕ-166-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնեն 01.01.2018 թ.)

 

Հոդված 10. Կենսաթոշակային հաշիվ բացելը և վարելը

 

1. Մասնակիցների ռեեստրը վարողը անձի անվամբ կենսաթոշակային հաշիվ բացում է անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվությունը առաջին անգամ ստանալու հիման վրա (եթե կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա անձի անվամբ կենսաթոշակային հաշիվ չի բացվել):

2. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացելու մասին անմիջապես տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկացնում է գործատուին:

3. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային հաշիվը վարում է մինչև անձի մահանալը, իսկ մասնակցի մահանալու պահին նրա կենսաթոշակային հաշվում հաշվառված փայերի առկայության դեպքում` մինչև այդ փայերը սույն օրենքով սահմանված կարգով ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելը կամ օրենքով սահմանված կարգով մարելը:

 

Հոդված 11. Կուտակային հատկացումների հաշվին կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելը

 

1. Մասնակիցների ռեեստրը վարողը հարկային մարմնի տրամադրած` սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվությունը համադրում է իր մոտ բացված կենսաթոշակային հաշիվների և Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնից ստացված միջոցների հետ, որից անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված գումարը ստանալուց, իսկ գումարն ստանալու դրությամբ կենսաթոշակային ֆոնդի ընտրություն կատարված չլինելու դեպքում` համապատասխան ընտրությունը կատարվելուց հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում`

1) յուրաքանչյուր անձի համար (օգտին) կատարված կուտակային հատկացման դիմաց տվյալ անձի անվամբ բացված կենսաթոշակային հաշվին է փոխանցում սույն օրենքով սահմանված կարգով ընտրված կենսաթոշակային ֆոնդի` կուտակային հատկացմանը համարժեք քանակով փայեր` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի տեղաբաշխման գինը.

2) սույն մասի 1-ին կետի համաձայն՝ կենսաթոշակային հաշիվներին փոխանցված փայերի տեղաբաշխման գնին համարժեք գումարը փոխանցում է համապատասխան կենսաթոշակային ֆոնդի պահառուի նշած հաշվին.

3) յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ներկայացնում է տեղեկատվություն` սույն մասի 1-ին կետի համաձայն կենսաթոշակային հաշիվներին փոխանցված համապատասխան կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի և սույն մասի 2-րդ կետի համաձայն փոխանցված գումարի վերաբերյալ՝ առանց բացահայտելու այն անձանց, որոնց համար կատարվել են փոխանցումները:

2. Կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկումը կազմակերպում է մասնակիցների ռեեստրը վարողը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, կենսաթոշակային ֆոնդի կանոնների և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի հետ կնքված պայմանագրի համաձայն:

3. Կենսաթոշակային ֆոնդի կանոններով չեն կարող սահմանվել մեկ անձի գծով ձեռք բերվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի կամ դրա դիմաց վճարվող գումարի սահմանափակումներ:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին տրամադրում է տեղեկատվություն կուտակային հատկացումների ընդհանուր գումարի մասին: Տեղեկատվությունը տրամադրվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին` առանց որևէ այլ տեղեկության, որը նրանց հնարավորություն կտա նույնականացնելու կոնկրետ անձին: Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին չի կարող տրամադրել այլ տեղեկատվություն, քան նախատեսված է սույն օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով:

5. Կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջներ:

 

Հոդված 12. Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը

 

1. Մասնակիցների ռեեստրը վարողը տարին մեկ անվճար, ոչ ուշ, քան մինչև ապրիլի 15-ը տեղեկատվություն է տրամադրում անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը առաջին անգամ անձին ներկայացվում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում նշված հասցեով, թղթային տարբերակով, եթե նա այլ տարբերակ չի ընտրել: Երկրորդ և հետագա անգամները սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը ներկայացվում է ըստ նրա ընտրության` թղթային կամ էլեկտրոնային տարբերակով, որի համար անձը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:

3. Եթե սոցիալական վճար կատարող անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը առաջին անգամ ներկայացվում է բնակչության պետական ռեգիստրում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Եթե սոցիալական վճար կատարող անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով (կամ առկա չէ լիարժեք հասցե), ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը չի տրամադրվում:

4. Եթե անձը չի կատարում սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը երկրորդ և հետագա անգամները ստանալու եղանակի ընտրություն, ապա երկրորդ և հետագա անգամները սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը չի տրամադրվում:

5. Եթե անձը ներկայացրել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում, ապա դիմում ներկայացնելուց հետո սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը չի տրամադրվում:

6. Մասնակիցը կարող է իր ցանկությամբ դադարեցնել և վերականգնել տեղեկատվության ստացումը՝ այդ մասին սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում ներկայացնելով մասնակիցների ռեեստրը վարողին: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացրած անձը կարող է վերականգնել տեղեկատվության ստացումը միայն սույն օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելուց հետո:

7. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման համար դիմելու կարգը, դիմումի ձևը և բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցին նրա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը տարեկան 1 անգամից ավելի թղթային տարբերակով տրամադրելու, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար կարող է մասնակցից գանձել վճար, որի չափը չի կարող գերազանցել դրա պատրաստման և տրամադրման համար կատարված ծախսերը` գումարած մասնակիցների ռեեստրը վարողի ողջամիտ շահույթը:

9. Մասնակիցների ռեեստր վարողը օրական թարմացված տեղեկատվություն է տեղադրում իր ինտերնետային կայքում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված բովանդակությամբ և կարգով:

Մասնակիցների ռեեստրը վարողը պետք է ապահովի յուրաքանչյուր մասնակցի հնարավորությունը մասնակիցների ռեեստր վարողի ինտերնետային կայքի միջոցով անվճար հասանելիություն ունենալու իր անհատական կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այդպիսի մուտքի ապահովմանը ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք հնարավոր է ապահովել տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` անձը նույնականացնող և տեղեկատվության գաղտնիությունը ապահովող ծրագրային և տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են պահանջներ սահմանվել մասնակիցների ռեեստրը վարող անձի կողմից հրապարակման այլ միջոցներով հրապարակվող տեղեկությունների կազմի, հրապարակման ձևի և կարգի նկատմամբ:

 

Հոդված 13. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կարգավիճակը և դրանց շրջանառության սահմանափակումները

 

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայը սոցիալական նպատակներով թողարկվող անվանական արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրոջ (քաղաքացու)՝ սույն օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքը:

2. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը պետությունը ձեռք է բերում սոցիալական վճար կատարող անձանց համար (օգտին)՝ յուրաքանչյուր անձի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված չափով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը պետության կողմից դրանց ձեռք բերման պահից հանդիսանում են մասնակցի սեփականությունը:

3. Մասնակցի լռությունը (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում չներկայացնելը) համարվում է մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունն ընդունելու կամքի արտահայտություն (պետության կողմից հօգուտ իրեն կնքված և կնքվելիք կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռք բերման պայմանագրերով իր իրավունքից օգտվելու ցանկության հայտնում): Մասնակիցը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից՝ այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով մասնակիցների ռեեստրը վարողին: Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու իրավունքից անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

4. Անձի կողմից մեկ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայի ընդունումը նշանակում է սույն օրենքով սահմանված կարգով իր համար ձեռք բերված բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդունում՝ անկախ դրանց թողարկման ժամկետից: Կենսաթոշակային ֆոնդի փայերի մասնակի ընդունում կամ կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից մասնակի հրաժարում չի թույլատրվում:

5. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը կարող են տիրապետվել, տնօրինվել, օգտագործվել բացառապես սույն օրենքով սահմանված կարգով և նպատակներով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերով հավաստվող իրավունքները ենթակա չեն փոխանցման, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

6. Մասնակցի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին կենսաթոշակային ֆոնդի փայերից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի փայերն անցնում են պետության սեփականությանը:

7. Մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում պետությունը շարունակում է սույն օրենքով սահմանված կարգով տվյալ անձի համար (օգտին) կուտակային հատկացումների փոխանցումը, որոնց դիմաց ձեռք բերված (տվյալ անձի անունով բացված կենսաթոշակային հաշվին փոխանցված) կենսաթոշակային ֆոնդի փայերը հանդիսանում են պետության սեփականությունը:

8. Պետությունը սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում չի կարող ընտրել ֆոնդեր և(կամ) փոխանակել կենսաթոշակային ֆոնդի փայերը: Ֆոնդի ընտրություն չկատարած անձի համար կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարվում է սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով:

9. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոնները պետք է սահմանեն կենսաթոշակային ֆոնդի փայի տնօրինման, տիրապետման և օգտագործման` սույն օրենքով սահմանված սահմանափակումները և պայմանները:

10. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն իրավունք չունի սույն օրենքով սահմանված կարգով ընտրելու պարտադիր կենսաթոշակային ֆոնդ կամ ֆոնդի կառավարիչ, փոխանակելու փայերը, դիմելու կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները ստանալու համար մինչև մասնակիցների ռեեստրը վարողին սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելը:

11. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացրած անձը ցանկացած ժամանակ կարող է դիմում ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին՝ իր անունով բացված կենսաթոշակային հաշվին փոխանցված կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունն ընդունելու վերաբերյալ, որի դեպքում նախկինում իր կողմից սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ներկայացրած դիմումը համարվում է չեղարկված: Սույն մասով նախատեսված դիմում ներկայացրած անձի համար պետության կողմից հօգուտ իրեն նախկինում ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի նկատմամբ սեփականության իրավունքը իրեն է փոխանցվում դիմումը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու պահից, իսկ հետագայում ձեռք բերվելիք փայերի նկատմամբ սեփականության իրավունքը` պետության կողմից դրանք ձեռք բերելու պահից: Սույն մասով նախատեսված իրավունքից կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարման դիմում ներկայացրած անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

12. Մասնակիցն իրավունք ունի դիմելու կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները ստանալու համար միայն սույն օրենքի 11-րդ և 12-րդ գլուխներով նախատեսված դեպքերում և կարգով:

13. Կենսաթոշակային ֆոնդի փայը մասնակցի կողմից չի կարող՝

1) գրավադրվել.

2) ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում.

3) նվիրաբերվել կամ օտարվել որևէ այլ եղանակով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

4) օգտագործվել որևէ այլ եղանակով, քան սահմանված է սույն օրենքով:

14. Մասնակցի պարտավորությունների համար մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի վրա բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա կենսաթոշակային տարիքը լրանալը:

15. Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարված անձի մահվան դեպքում կենսաթոշակային հաշվում հաշվառված կենսաթոշակային ֆոնդերի փայերը մարվում են, և ձևավորված դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հոդված 14. Հարկային մարմնի իրավասությունները

 

1. Հարկային մարմինը՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան.

2) յուրաքանչյուր ամիս գործատուներից ընդունում է սոցիալական վճարների մասին անհատական հաշվարկները և օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

3) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի համար սահմանված ժամկետում նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ընդունում է սոցիալական վճարների մասին հաշվարկները և օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

4) յուրաքանչյուր ամիս գործատուներից ստացված անձնավորված տեղեկատվությունը համադրում է անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ.

5) համադրում է նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ստացված անձնավորված տեղեկատվությունը` անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ.

6) իրականացնում է գործատուների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի և ինքնազբաղված անձանց կողմից կատարվող սոցիալական վճարների հավաքումը և հաշվետվություն է ներկայացնում հավաքումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին.

7) կատարված սոցիալական վճարների և գործատուներից, անհատ ձեռնարկատերերից, նոտարներից ու ինքնազբաղված անձանցից ստացված տեղեկատվության միջև սխալներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է նրանց այդ մասին: Նրանք պարտավոր են շտկել սխալները և ներկայացնել ճշգրտված հաշվարկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով.

8) ուսումնասիրում է գործատուների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի և ինքնազբաղված անձանց կատարած սոցիալական վճարների վերաբերյալ բողոքները և սխալները և անհրաժեշտության դեպքում պահանջում է ներկայացնել ճշգրտված հաշվարկներ.

9) գործատուներից, նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ստացված հաշվարկների հիման վրա հաշվարկում է մասնակիցների օգտին փոխանցվող կուտակային հատկացումների չափը.

10) համապատասխան հանձնարարականներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին՝ կամուրջ հաշվին մուտքագրված գումարները (կուտակային հատկացումները) մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկում գտնվող հաշվին փոխանցելու համար.

11) կատարված կուտակային հատկացումների վերաբերյալ անձնավորված տեղեկատվություն է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին.

12) պատասխանում է մասնակիցների գրավոր դիմումներին` կապված սոցիալական վճարների (հաշվետվությունների) և կուտակային հատկացումների հետ.

13) իր իրավասությունների շրջանակում ընդունում է նորմատիվ իրավական ակտեր և իրականացնում ստուգումներ.

14) հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման բազայի և դրա վարման վերաբերյալ նման պահանջի առկայության դեպքում.

15) իրականացնում է սույն օրենքից և այլ օրենքներից բխող այլ լիազորություններ:

(14-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը 24.11.15 ՀՕ-166-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2018 թ.)

 

Հոդված 15. Կենտրոնական բանկի լիազորությունները

 

1. Կենտրոնական բանկը`

1) սահմանում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ կանխարգելիչ պահանջներ, այդ թվում` շուկայական, գործառնական, իրացվելիության և այլ ռիսկերի հետ կապված կանխարգելիչ պահանջներ.

2) գրանցում է կենսաթոշակային ֆոնդի կանոնները.

3) սահմանում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից մասնակիցներին ներկայացվող (կամավոր կենսաթոշակային ֆոնդերի դեպքում), ինչպես նաև հրապարակվող հաշվետվությունների ձևը, ներկայացնելու կարգը.

4) կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից ստացված հաշվետվական տեղեկատվության հիման վրա մշակում և հրապարակում է կուտակային բաղադրիչի վերաբերյալ հանրային իրազեկման տեղեկատվական նյութեր.

5) վերահսկում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների, պահառուների, մասնակիցների ռեեստրը վարողի և հաշվի օպերատորի (իր իրավասության շրջանակներում) գործունեության համապատասխանությունը սույն օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, սահմանում է հեռակա վերահսկողության շրջանակներում Կենտրոնական բանկի կողմից պահանջվող` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների, տեղեկանքների, բացատրագրերի և նմանատիպ այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման կարգն ու ժամկետները.

6) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից, պահառուներից և մասնակիցների ռեեստրը վարողից ընդունում է սահմանված կարգով ներկայացված հաշվետվությունները և վերլուծում դրանք.

7) իր լիազորությունների շրջանակում ստուգումներ է իրականացնում մասնակիցների ռեեստրը վարողի, հաշվի օպերատորների, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների և պահառուների մոտ.

8) սահմանում է մասնակիցների ռեեստրի վարման, այդ թվում` կենսաթոշակային հաշիվների վարման, սույն օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության ընդհանուր կանոնները.

9) սահմանում է հաշվի օպերատորների գործունեության կարգը.

10) սահմանում է մասնակցի կողմից մասնակիցների ռեեստր վարողին ներկայացվող դիմումների, ինչպես նաև մասնակիցների ռեեստր վարողի կողմից մասնակիցներին ներկայացվող հաշվետվությունների և այլ տեղեկությունների տրամադրման ձևը և կարգը, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.

11) իրականացնում է սույն օրենքից և այլ իրավական ակտերից բխող այլ գործառույթներ:

 

Հոդված 16. Մասնակիցների ռեեստրը վարողի գործառույթները

 

1. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն օրենքի, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա`

1) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով մասնակիցների ռեեստրը վարողին վերապահված գործառույթները.

2) սույն օրենքով սահմանված կարգով բացում և վարում է մասնակիցների կենսաթոշակային հաշիվները.

3) սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված անձանց համար կենսաթոշակային հաշիվներ բացելու դեպքում տեղեկացնում է այդ մասին հարկային մարմնին.

4) մասնակցի ցանկության դեպքում տեխնիկական միջոցներով ապահովում է մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի, կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության, ինչպես նաև նրա հաշվի քաղվածքում առկա տեղեկատվության գաղտնիությունը: Սույն կետում նշված գաղտնիության ապահովման կարգը սահմանում է մասնակիցների ռեեստրը վարողը` համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության կառավարության հետ.

5) սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, կենսաթոշակային ֆոնդի կանոնների և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի հետ կնքված պայմանագրի համաձայն` կազմակերպում է կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկումը, դրանց մուտքագրումը կենսաթոշակային հաշիվներին, մասնակիցների կենսաթոշակային ֆոնդերի փայերի մարումը.

6) կուտակային հատկացումները Կենտրոնական բանկում բացված իր հաշվից փոխանցում է կենսաթոշակային ֆոնդի պահառուի նշած համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին՝ առանց բացահայտելու ընտրություն կատարած մասնակիցներին.

7) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում մասնակիցներին կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ.

8) մասնակցի դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված ժամկետում կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է մեկ կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը մեկ այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով.

9) կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումը ապահովագրական ընկերությանը` սույն օրենքի համաձայն անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով.

10) կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է միանվագ և ծրագրային վճարների կատարումը.

11) ժառանգների կամահայտության հիման վրա փոխանցում է մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվին պահվող փայերը, իսկ փայերն անժառանգ ճանաչվելու դեպքում մարում է կենսաթոշակային փայերը և ձևավորված դրամական միջոցները փոխանցում պետական բյուջե.

12) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով, բովանդակությամբ և պարբերականությամբ հաշվետվություններ է ներկայացնում Կենտրոնական բանկին.

13) իրականացնում է սույն օրենքից, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ու մասնակիցների ռեեստրը վարողի միջև կնքված պայմանագրից և կենսաթոշակային ֆոնդի կանոններից բխող այլ գործառույթներ:

2. Մասնակիցների ռեեստրը վարողի փոփոխության կամ նրա գործունեության դադարեցման դեպքում մասնակիցների ռեեստրը փոխանցվում է մասնակիցների ռեեստր վարող այլ անձի կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 17. Հաշվի օպերատորի գործառույթները

 

1. Հաշվի օպերատորը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միջնորդավորում է մասնակիցների ռեեստր վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները, այդ թվում`

1) կենսաթոշակային հաշիվ բացելը.

2) մասնակցի անձնական տվյալներում փոփոխություն կատարելը.

3) մասնակցի կողմից ֆոնդի ընտրությունը և (կամ) փոփոխությունը, կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ընդունումը և մասնակիցների ռեեստրը վարողին դրանց փոխանցումը.

4) մասնակցի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվության ստացումը և փոխանցումը մասնակցին:

2. Հաշվի օպերատորը պետք է ապահովի իր գործառույթների կատարման ընթացքում մասնակիցների, նրանց կատարած ընտրության և այլնի մասին իրեն հայտնի դարձած տեղեկատվության գաղտնիությունը:

3. Հաշվի օպերատոր չի կարող լինել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և (կամ) պահառուի հետ փոխկապակցված անձը:

4. Հաշվի օպերատորին և նրա աշխատակիցներին արգելվում է գովազդել որևէ կենսաթոշակային ֆոնդ կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, խորհուրդ տալ կամ որևէ այլ կերպ ուղղորդել իրենց դիմող անձանց ընտրելու որևէ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ կենսաթոշակային ֆոնդ:

 

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի գործառույթները

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը՝

1) հարկային մարմնին տեղեկացնում է կուտակային հատկացումների կատարման մասին և համապատասխան հանձնարարական ստանալու դեպքում գանձապետական համակարգի միջոցով ապահովում է կուտակային հատկացումների փոխանցումը մասնակիցների ռեեստրը վարողին.

2) իրականացնում է կանխատեսումներ յուրաքանչյուր ֆինանսական տարում պետական բյուջեից սույն օրենքի համաձայն մասնակիցների համար (օգտին) կատարվող վճարների չափի վերաբերյալ, որոնք հաշվի են առնվում յուրաքանչյուր տարի պետական բյուջեի նախագիծը կազմելիս.

3) իրականացնում է սույն օրենքից և այլ իրավական ակտերից բխող այլ գործառույթներ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ

 

Հոդված 19. Կենսաթոշակային գաղտնիքի պահպանումը

 

1. Կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումն այն անձի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է, բացառությամբ սույն գլխով նախատեսված դեպքերի:

Կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկության հրապարակում է համարվում այդ տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, երրորդ անձին հայտնի դարձնելը կամ տարածելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):

2. Գործատուն, պետական լիազոր մարմինները, Կենտրոնական բանկը, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը և պահառուն, ինչպես նաև երաշխիքային ֆոնդը կառավարող անձը պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց ղեկավարներին, ծառայողներին, նախկինում ղեկավար կամ ծառայող հանդիսացող անձանց, ինչպես նաև այն անձանց և կազմակերպություններին, որոնք սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց ծառայություններ (աշխատանքներ) են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, ինչպես նաև իրենց անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով` դրանք օգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակի կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը:

4. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը, ինչպես նաև երաշխիքային ֆոնդը կառավարող անձը կարող են դատարանում հրապարակել կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները մասնակցի վերաբերյալ` մասնակցի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում և սահմաններում, եթե վեճը ծագել է մասնակցի և մասնակիցների ռեեստրը վարողի կամ հաշվի օպերատորի կամ հարկային մարմնի կամ գործատուի կամ երաշխիքային ֆոնդը կառավարող անձի միջև:

5. Գործատուները, մասնակիցների ռեեստրը վարողը և հարկային մարմինը պարտավոր են մասնակիցների շահերի պաշտպանության նպատակով մեկը մյուսին տեղեկատվություն տրամադրել մասնակիցների կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ, բացառությամբ մասնակցի ընտրած կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, կենսաթոշակային ֆոնդի և մասնակցի կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվության:

6. Կենտրոնական բանկը և երաշխիքային ֆոնդը կառավարող անձը երաշխիքային ֆոնդի գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ տեղեկություններ են փոխանակում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձևով և կարգով:

7. Մասնակիցների ռեեստր վարողը կամ հարկային մարմինը մասնակիցների վերաբերյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կարող է տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

1) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների թիվը.

2) այն մասնակիցների թիվը, որոնց համար (օգտին) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին կատարվում են կուտակային հատկացումներ.

3) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին միացած (սույն օրենքի 33-րդ կամ 34-րդ հոդվածի կամ 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տվյալ կենսաթոշակային ֆոնդն ընտրած) մասնակիցների թիվը.

4) այլ ֆոնդերի փայերի փոխանակման արդյունքում տվյալ կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերած մասնակիցների թիվը.

5) այն մասնակիցների թիվը, որոնց համար (օգտին) այլ կենսաթոշակային ֆոնդի ընտրության հիմքով դադարեցվել է տվյալ կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին կուտակային հատկացումների կատարումը.

6) փայերի փոխանակման հիմքով տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդից դուրս եկած մասնակիցների թիվը.

7) տարվա ընթացքում տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի` կենսաթոշակային տարիքը լրացող մասնակիցների թիվը և նրանց պատկանող փայերի քանակը.

8) տարվա ընթացքում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդից ծրագրային վճար ստացող մասնակիցների թիվը, նրանց պատկանող փայերի ընդհանուր քանակը և ընդհանուր հաշվարկային արժեքը.

9) սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասի 1-6-րդ կետերում նշված տեղեկատվությունը կարող է ներկայացվել ըստ մասնակիցների տարիքային կազմի (նվազագույնը 5 տարվա բաշխվածությամբ), սեռի, մասնակիցներին պատկանող փայերի ընդհանուր քանակի և ընդհանուր հաշվարկային արժեքի, կատարված կուտակային հատկացումների չափի (նվազագույնը տասը հազար դրամի բաշխվածությամբ), ինչպես նաև ըստ մարզերի (Երևան քաղաքի):

9. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը չի կարող ներկայացվել ավելի հաճախ, քան ամսական պարբերականությամբ:

10. Մասնակիցների ռեեստր վարողը և հարկային մարմինը պարտավոր են ապահովել իրենց մոտ առկա կամ հաշվարկման համար հիմք հանդիսացող այլ տեղեկատվության հասանելիության բացառումը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների համար, որը կարող է օժանդակել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ի հայտ բերելու կոնկրետ մասնակցին կամ կոնկրետ գործատուին, որտեղ աշխատում է մասնակիցը:

 

Հոդված 20. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին

 

1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, սույն օրենքին համապատասխան, տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշման հիման վրա:

2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են դատարանի որոշումն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները:

3. Արգելվում է մասնակիցներին տեղեկացնել նրանց մասին կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի մասին:

4. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից վերլուծվելու արդյունքում, եթե պարզվում է, որ տեղի է ունեցել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, ապա Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմին:

 

Հոդված 21. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը դատարանին

 

1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը քաղաքացիական և քրեական գործերի կողմ հանդիսացող մասնակցի վերաբերյալ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում են դատարանին միայն վերջինիս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:

2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են դատարանի որոշումը ստանալու պահից` երկու աշխատանքային օրվա ընթացքում, դատարանին կամ դատարանի լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ, վճռով կամ դատավճռով պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը:

 

Հոդված 22. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը մասնակցի ժառանգներին

 

1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը մասնակցի վերաբերյալ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում են տվյալ մասնակցի ժառանգներին, եթե վերջիններս ժառանգության իրավունքները հիմնավորող փաստաթղթեր են ներկայացրել:

2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են ժառանգության իրավունքները հիմնավորող փաստաթղթերն ստանալու օրվանից հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում, նրանց հաղորդել մասնակցի վերաբերյալ իրենց մոտ եղած տեղեկությունները և տրամադրել իրենց մոտ առկա փաստաթղթերը:

3. Գործատուի, մասնակիցների ռեեստրը վարողի, հարկային մարմնի կողմից, սույն հոդվածին համապատասխան, տեղեկությունները հաղորդելու և փաստաթղթերը ներկայացնելու մերժումը կամ սահմանված ժամկետներում չներկայացնելը կարող է բողոքարկվել դատարան: Մերժման կամ սույն օրենքով սահմանված ժամկետներում տեղեկությունները չհաղորդելու և փաստաթղթերը չներկայացնելու հետևանքով դիմող անձանց կամ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով, եթե մերժումը եղել է անհիմն, կամ ժամկետները խախտվել են գործատուի, մասնակիցների ռեեստրը վարողի, հարկային մարմնի մեղքով:

 

Հոդված 23. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը երաշխիքային ֆոնդը կառավարող անձին

 

1. Բացի սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տեղեկությունների փոխանակումից, երաշխիքային ֆոնդը կառավարող անձը Կենտրոնական բանկից կամ կենսաթոշակային գաղտնիքին տիրապետող այլ անձանցից կենսաթոշակային գաղտնիք կազմող (պարունակող) այլ տեղեկատվություն կարող է ստանալ միայն մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների հատուցման դեպք առաջանալու դեպքում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

 

Հոդված 24. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործառույթները և գործունեության նկատմամբ պահանջները

 

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, սույն օրենքի համաձայն, իրականացնում է կենսաթոշակային ֆոնդի կառավարում:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարում իրականացնող կառավարիչն իրավունք չունի կառավարելու «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված կամ չտարատեսականացված ներդրումային ֆոնդ:

2. Կառավարչի ղեկավարները և աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել՝ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրենց իրավունքներն իրականացնել և ֆոնդի մասնակիցների նկատմամբ իրենց պարտականությունները կատարել բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն):

3. Կառավարիչը պարտավոր է վարել իր սեփական ակտիվների, իր կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ու արժեթղթերի փաթեթի առանձնացված հաշվառում:

4. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն համարվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի սեփականությունը, և դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում:

5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և տվյալ ֆոնդի կանոններով սահմանված կարգով օրական կտրվածքով որոշում է իր կառավարման ներքո գտնվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի փայերի զուտ ակտիվների արժեքը:

 

Հոդված 25. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և իր կողմից կառավարվող ֆոնդի մասին տեղեկատվությունը և դրա հրապարակումը

 

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունները պետք է մատչելի լինեն յուրաքանչյուրի համար:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է մշտապես ունենալ գործող ինտերնետային կայք և այդ կայքում առնվազն հայերենով հրապարակել իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկությունները.

1) ֆինանսական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և տարեկան հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացությունը.

2) կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կազմի և կառուցվածքի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն.

3) եկամտաբերության վերաբերյալ տեղեկատվություն.

4) շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ որոշումների մասին տեղեկատվություն, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարչի շահութաբաժնային քաղաքականությունը սահմանող ակտերի պատճենները` դրանց առկայության դեպքում.

5) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին տեղեկատվություն` նրանց անունը (անվանումը), կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նրանց ունեցած մասնակցության չափը.

6) կառավարչի տնօրենների խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և ամսաթիվը, կենսագրությունը):

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն մասի 1-6-րդ կետերում նշված, ինչպես նաև այլ տեղեկությունների (բացառությամբ օրենքով սահմանված առևտրային կամ այլ գաղտնիք կամ ծառայողական տեղեկատվություն կազմող տեղեկությունների) հրապարակման ձևը, կարգը (այդ թվում` հրապարակման միջոցները) և պարբերականությունը:

3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց ինտերնետային կայքում կամ հասարակության համար հասանելի այլ ձևով հրապարակել օրական կտրվածքով թարմացված տեղեկություններ` իրենց կողմից առաջարկվող կենսաթոշակային ֆոնդերի մասին:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` մինչև մայիսի 1-ը, http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել աուդիտորական եզրակացությունը և տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն իրավունք չունի իր գովազդում, հրապարակային օֆերտայում կամ իր անունից արված որևէ հայտարարության մեջ օգտագործելու ապակողմնորոշող այնպիսի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի վերաբերյալ արված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության կամ տարընթերցման տեղիք տալ տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ֆինանսական վիճակի, ֆինանսական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի մասին:

6. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ:

7. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից սույն հոդվածի համաձայն հրապարակվող կամ տրամադրվող տեղեկությունները պետք է լինեն հավաստի և ամբողջական:

 

Հոդված 26. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կանոնադրական կապիտալին և իրենց կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդում մասնակցությանը ներկայացվող պահանջները

 

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որը չի կարող լինել հինգ հարյուր միլիոն դրամից պակաս` պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար, և երկու հարյուր միլիոն դրամից պակաս` կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար:

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնադրական կապիտալից, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում ունենալ առնվազն մեկ տոկոս մասնակցություն` իրենց միջոցներից: Սույն մասով նախատեսված մասնակցության չափի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

3. Սույն հոդվածով նախատեսված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել խախտումը վերացնելու ուղղությամբ Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում, սակայն ոչ ավել, քան չորս ամսվա ընթացքում:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջը չի տարածվում այն կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների վրա, որոնց մասնակցությունն իրենց կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափը: Ընդ որում, սույն մասով նախատեսված պարտադիր մասնակցության չափը չի կարող պակաս լինել մեկ միլիարդ դրամից:

 

Հոդված 27. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործունեության դադարումը և կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի մասնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լուծարման մասին (ինքնալուծարում), ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարչի միջնորդագրի հիման վրա կարող է ուժը կորցրած ճանաչվել նրա` պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունը:

2. Ինքնալուծարման կամ պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու համար կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և պայմաններով պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախնական համաձայնությունն ստացած կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը միջոցներ է ձեռնարկում իր կողմից կառավարվող բոլոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի (կառավարիչների) փոխանցելու ուղղությամբ: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիրը կնքվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հետ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանվում են պահանջներ սույն մասով նախատեսված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման համար, որոնք պետք է հաշվի առնեն հայտը ներկայացնողի սահմանած կառավարման վճարները, նրա ֆինանսական վիճակը, հեղինակությունը, փորձը և այլ հանգամանքներ:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լիցենզիան կամ պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունը որպես պատժամիջոց ուժը կորցրած ճանաչվելու դեպքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունները կատարում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը (լուծարային հանձնաժողովը):

Կենսաթոշակային ֆոնդի գործունեության դադարումն իրականացվում է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածով սահմանված` կենսաթոշակային ֆոնդի կառավարչին լուծարման նախնական համաձայնություն տալու կամ նրա լիցենզիան կամ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու մասին որոշում ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում, Կենտրոնական բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել մասնակիցների ռեեստրը վարողին:

6. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ կառավարչի կենսաթոշակային ֆոնդն ընտրած մասնակիցներին կենսաթոշակային ֆոնդի կառավարումն այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի փոխանցվելու, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդի նոր ընտրություն կատարելու նրանց իրավունքի մասին:

7. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լիցենզիան կամ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ինքնալուծարման կամ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու հիմքով պարտադիր կենսաթոշակային ֆոնդն այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի փոխանցվելու պահից 60 օրվա ընթացքում փոխանցված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներն իրավունք ունեն սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով անվճար փոխելու այդ կենսաթոշակային ֆոնդը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 28. Կենսաթոշակային ֆոնդի պահառուն

 

1. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառությունն իրականացվում է սույն օրենքով և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Պահառուն պարտավոր է ակտիվների պահառության ծառայությունները մատուցել պատշաճ մասնագիտական մակարդակով, ճշգրտությամբ և ուշադրությամբ՝ գործելով բարեխղճորեն, ելնելով բացառապես մասնակիցների շահերից (ֆիդուցիար պարտականություն):

3. Պահառուն պարտավոր է տարանջատել պահառության հանձնված յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները իր և այլ անձանց ու ֆոնդերի ակտիվներից և դրանց վերաբերյալ վարել առանձնացված հաշվառում:

4. Կենսաթոշակային ֆոնդի պահառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բանկը, որն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առնվազն 2 տարի մատուցում է արժեթղթերի պահառության ծառայություն:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին արգելվում է կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառության պայմանագիր կնքել իր հետ փոխկապակցված պահառուի հետ:

5. Այն դեպքում, երբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները ներդրված են նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա պահառուն անհրաժեշտության դեպքում կնքում է համապատասխան պայմանագիր օտարերկրյա պահառուի հետ այդ պահառության գործառույթները նրա միջոցով իրականացնելու համար` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

6. Պահառուն իրավունք ունի միաժամանակ իրականացնելու երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառությունը: Այդ դեպքում պահառուն պարտավոր է տարանջատել և վարել առանձնացված հաշվառում ինչպես իր սեփական, այնպես էլ յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների, դրանց հետ իրականացվող գործառնությունների և գրառումների վերաբերյալ:

7. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն համարվում պահառուի սեփականությունը, և դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել պահառուի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում:

 

Հոդված 29. Պահառուի գործառույթները

 

1. Բացի «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթներից, պահառուն պարտավոր է Կենտրոնական բանկին ծանուցել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից սույն օրենքի, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի և ֆոնդի կանոնների ու պահանջների խախտման կամ նման խախտման մեջ հիմնավոր կասկածներ ունենալու մասին: Սույն մասում նշված խախտումը բացահայտելու կամ խախտման մեջ կասկածելու դեպքում պահառուն պարտավոր է մեկ օրվա ընթացքում դրա մասին ծանուցել Կենտրոնական բանկին:

2. Կենսաթոշակային ֆոնդի պահառուն, ի լրումն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթների, իրականացնում է նաև հետևյալ գործառույթները`

1) կազմակերպում է կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերի.

2) կազմակերպում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի` կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի հետ համատեղ.

3) մասնակիցների ռեեստրը վարողի և ապահովագրական ընկերության հետ համատեղ կազմակերպում է մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումը ապահովագրական ընկերությանը` սույն օրենքի համաձայն անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով.

4) կազմակերպում է կենսաթոշակային ֆոնդի մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը` ապահովագրական ընկերության հետ կուտակային կենսաթոշակների պայմանագիր կնքելու նպատակով.

5) իրականացնում է սույն օրենքից բխող այլ գործառույթներ:

 

Հոդված 30. Պահառուի պատասխանատվությունը

 

1. Պահառուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի միջև կնքված պայմանագիրը չի կարող սահմանափակել սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված պահառուի պատասխանատվությունը:

3. Պահառուն պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար: Այդ վնասները չեն կարող հատուցվել պահառության հանձնված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին:

4. Սույն օրենքի և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` պահառուի պարտականությունների մի մասը այլ պահառուի կողմից իրականացվելու դեպքում (ենթապահառություն) հիմնական պահառուն է պատասխանատվություն կրում պատճառված վնասների համար` ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

 

Հոդված 31. Պահառուի փոփոխությունը

 

1. Պահառուն կարող է իր հայեցողությամբ դադարեցնել կենսաթոշակային ֆոնդի պահառության պայմանագիրը (պայմանագրի կամավոր դադարում)` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Իր հայեցողությամբ պայմանագիրը դադարեցնելու մտադրության դեպքում պահառուն պարտավոր է ենթադրյալ դադարեցման օրվանից առնվազն 90 օր առաջ այդ մասին տեղեկացնել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, Կենտրոնական բանկին և մասնակիցների ռեեստրը վարողին (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառության դեպքում):

3. Պահառուի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, ինչպես նաև պահառուի սնանկ ճանաչվելու դեպքերում (գործունեության հարկադիր դադարում) Կենտրոնական բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին՝ որոշման ընդունման օրվանից հետո` 3-օրյա ժամկետում:

4. Տեղեկությունը ստանալուց հետո` 60-օրյա ժամկետում, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է պահառության պայմանագիր կնքել այլ պահառուի հետ:

5. Կենսաթոշակային ֆոնդի պահառության պայմանագիրը դադարելուց հետո պահառուն պարտավոր է կենսաթոշակային ֆոնդի ակտիվները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել նոր պահառուին: Կենսաթոշակային ֆոնդի պահառության պայմանագրի դադարեցման դեպքում պահառուն պարտավոր է շարունակել կատարել օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով և կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունները մինչև նոր պահառուի հետ պայմանագրի կնքումը և վերջինիս ֆոնդի ակտիվների փոխանցումը: Պահառուն շարունակում է պատասխանատվություն կրել մինչև ակտիվները և փաստաթղթերը նոր պահառուին ամբողջությամբ փոխանցելը:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 32. Մասնակիցների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու իրավունքը

 

1. Մասնակիցն իրավունք ունի ընտրելու կենսաթոշակային ֆոնդ: Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում մասնակիցը կարող է ընտրել միայն մեկ կենսաթոշակային ֆոնդ: Նույն ժամանակահատվածում մասնակցի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումը չի կարող ուղղվել միաժամանակ մեկից ավելի կենսաթոշակային ֆոնդերի:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների և նրանց կենսաթոշակային ֆոնդերի մասին ամբողջական և թարմացված տեղեկատվությունը պետք է մշտապես առկա լինի մասնակիցների ռեեստրը վարողի (այդ թվում` ինտերնետային կայքում) և հաշվի օպերատորի մոտ:

 

Հոդված 33. Կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը

 

1. Մասնակիցը կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համար մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում` առցանց եղանակով (մասնակիցների ռեեստրը վարողի կայքէջի միջոցով) կամ հաշվի օպերատորի միջոցով: Դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները.

1) մասնակցի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը.

2) հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) մասնակցի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), բնակության վայրը և այլն).

4) մասնակցի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (կենսաթոշակային հաշվի քաղվածք, նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն և այլն) ստանալու նախընտրելի միջոցը.

5) ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անվանումը և կենսաթոշակային ֆոնդը.

6) հավաստում՝ ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման վճարների և ֆոնդի կանոնների հետ համաձայն լինելու մասին.

7) հավաստում, որ տեղյակ է սոցիալական վճարներ կատարելու իր պարտականության մասին և ընդունել է իր համար (օգտին) կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված և ձեռք բերվելիք պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը.

8) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

9) մասնակցի (մասնակցի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:

3. Մասնակիցը մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումում նշված անձնական տվյալների փոփոխության մասին՝ մասնակիցների ռեեստրը վարողի սահմանած կարգով:

 

Հոդված 34. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը

 

1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվության հիման վրա անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարվելու դեպքում մասնակցի համար կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը` ծրագրային մոդուլի միջոցով` սահմանված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը:

Ծրագրային մոդուլը պատահականության սկզբունքով բաշխում է ընտրություն չկատարած մասնակիցներին բոլոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջև այլ մասնակիցների կատարած ընտրությանը համամասնորեն` հիմք ընդունելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակային ֆոնդի փայերը մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին փոխանցելու օրվան նախորդող օրվա դրությամբ առկա համամասնությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:

Կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած անձանց համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումների հաշվին ձեռք են բերվում սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված սկզբունքով պատահական ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի միջին ռիսկայնության (պահպանողական) կենսաթոշակային ֆոնդի փայեր:

2. Եթե անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր (թղթային) ձևով տեղեկացում է ուղարկում տվյալ անձին (բացառությամբ այն դեպքի, երբ անձը ներկայացրել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմում): Ընդ որում, սույն մասի առաջին նախադասությամբ նախատեսված տեղեկացումը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկությունները:

3. Կենտրոնական բանկը կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած բոլոր մասնակիցների կամ նրանց մի մասի համար սահմանում է կառավարիչների միջև բաշխման կարգ, եթե դա անհրաժեշտ է կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգի և (կամ) ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ժամկետներում և պարբերականությամբ հանրությանը մատչելի դարձնել տեղեկատվություն այն մասին, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդ չընտրելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը անձի համար կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը՝ ծրագրային մոդուլի միջոցով՝ պատահականության սկզբունքով, որից հետո մասնակցի համար (օգտին) կատարվող հետագա կուտակային հատկացումներն ուղղվում են ընտրված կենսաթոշակային ֆոնդին:

 

Հոդված 35. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին և կենսաթոշակային ֆոնդը փոխելու մասնակցի իրավունքը

 

1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի անվճար փոխելու նախկինում ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդը` իր համար (օգտին) կատարվող հետագա կուտակային հատկացումներն ուղղելու նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող ցանկացած կենսաթոշակային ֆոնդ, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի:

Սույն մասով սահմանված դեպքում մասնակիցը լրացնում և մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում:

2. Մասնակիցն իրավունք ունի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի իր փայերը փոխանակելու միայն այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերով, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի: Մասնակիցն իրավունք ունի իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու այլ կենսաթոշակային ֆոնդի (նույն կամ այլ կառավարչի կողմից կառավարվող) փայերով` մասնակիցների ռեեստրը վարողին ֆոնդի փայերի փոխանակման դիմում ներկայացնելու միջոցով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դեպքում մասնակցից կարող է գանձվել փոխանակման ենթակա փայերի մարման վճար` սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը պետք է պարունակի սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև նախկին և նոր ընտրված կենսաթոշակային ֆոնդերի և դրանց կառավարիչների անվանումները: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը մերժում է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված դիմումը սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև, եթե այն չի համապատասխանում սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:

Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 5-օրյա ժամկետում տեղեկացնել դիմում ներկայացրած մասնակցին դիմումը մերժելու մասին՝ նշելով մերժելու պատճառները:

5. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 2-րդ մասի կամ սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետք է վճար գանձվի կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելիս, ապա մասնակիցների ռեեստրը վարողը պետք է տեղեկացնի մասնակցին այդ մասին՝ նշելով վճարման ենթակա գումարի չափը:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը մասնակիցների ռեեստր վարողին ներկայացնելու պահից սկսած` մասնակցի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումներն ուղղվում են նոր ընտրված կենսաթոշակային ֆոնդ:

7. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումն իրականացվում է մասնակցի` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում:

8. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումը իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրվա (ժամի) համար որոշվող հետգնման (մարման) և նոր փայեր տեղաբաշխելու օրվա (ժամի) համար որոշվող տեղաբաշխման գներով:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը տեղաբաշխվում են դրանց ձեռք բերման պահանջ ներկայացվելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի տեղաբաշխման գնով:

9. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված պարտավորությունները մասնակիցների ռեեստրը վարողը կարող է իրականացնել տեղեկատվական համակարգով` մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի կամ հաշվի օպերատորի միջոցով:

10. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումն արգելվում է, եթե կասեցված է փոխանակման ենթակա փայերի հետգնումը (մարումը) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկումը`

1) Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ կամ

2) պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոնների համաձայն` ֆոնդի կանոններով սահմանված հիմքերով: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոններով կարող են սահմանվել միայն Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ սահմանված փայերի հետգնման (մարման) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկման կասեցման հիմքերը: Սույն կետով սահմանված դեպքում փոխանակման ենթակա փայերի հետգնումը (մարումը) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկումը կարող է կասեցվել ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով` նախապես տեղեկացնելով Կենտրոնական բանկին և պահառուին փայերի հետգնման (մարման) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկման կասեցման մասին՝ նշելով դրա հիմքերը, ինչպես նաև այդ մասին տեղեկատվությունը երեք օրվա ընթացքում հրապարակելով առնվազն 3000 տպաքանակ ունեցող հանրապետական տարածում ունեցող մամուլում:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

 

Հոդված 36. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սկզբունքները

 

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կարող են ներդրվել բացառապես սույն օրենքի, սույն օրենքի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև տվյալ ֆոնդի կանոնների պահանջներին համապատասխան:

2. Նպատակ ունենալով առավելագույնի հասցնել ներդրումների արդյունավետությունը՝ հօգուտ կուտակային բաղադրիչի մասնակիցների, պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները պետք է հիմնված լինեն հետևյալ սկզբունքների վրա.

1) ակտիվների ապահովություն և եկամտաբերություն.

2) ռիսկերի դիվերսիֆիկացիա.

3) համարժեք իրացվելիության ապահովում:

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշվածներից տարբեր այլ նպատակներով ու սկզբունքների հիման վրա համարվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտում:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ որոշելու, գնահատելու և հսկելու բոլոր էական ռիսկերը, ինչպես նաև այդ ռիսկերի փոխադարձ կախվածությունը:

5. Ռիսկերի կառավարման համակարգը պետք է համաչափ լինի կառավարչի գործունեությանը և կառավարվող ֆոնդերի բնույթին, ծավալներին և բարդությանը՝ արտացոլելով կառավարչի գործունեության շրջանակները:

6. Ռիսկերի գնահատման արդյունավետությունը պահպանելու նպատակով կառավարչի իրավասու մարմինը պետք է հաճախակի որոշի և գնահատի այն ռիսկերը, որոնք ազդում են կառավարչի նպատակների իրագործման վրա, և արձագանքի փոփոխվող միջավայրին և պայմաններին:

7. Կառավարչի իրավասու մարմինը պետք է միջոցառումներ ձեռնարկի կառավարչի ռիսկերի կառավարման համակարգի սահմանման, գործարկման և կատարելագործման համար, ինչպես նաև կառավարչի բարձր մասնագիտական էթիկայի ստանդարտներ ներդնելու համար:

8. Կառավարչի իրավասու մարմինը պետք է սահմանի և մշտապես վերանայի կառավարչի ռիսկերի կառավարման ամբողջ համակարգը: Նշված գործընթացը ներառում է ռիսկերի ընդունելի մակարդակների, ինչպես նաև այդ ռիսկերի չափման և վերահսկման միջոցների սահմանումը:

9. Կառավարչի իրավասու մարմինը պետք է ստուգի, որ կառավարչի մոտ սահմանված ռիսկերի կառավարման համակարգը մշտապես գործում է արդյունավետ, և անհրաժեշտ դեպքերում առկա են համապատասխան գործընթացներ կառավարչի ռազմավարությունը փոփոխելու (ճշգրտելու) համար:

10. Կառավարչի մոտ պետք է ներդրված լինի լիազորությունների հստակ բաժանում: Լիազորությունների բաժանումը պետք է արտացոլի այն ռիսկերի բնույթը և չափերը, որոնց հակված են կառավարիչը և նրա կառավարման ներքո գտնվող ֆոնդերը:

11. Կառավարիչը պետք է ապահովի, որ ներքին հսկողության մեխանիզմները գործարկվեն կառավարչի բոլոր մակարդակներում և կազմեն կառավարչի առօրյա գործունեության անբաժանելի մասը ինչպես կառավարման վերին մակարդակում, այնպես էլ յուրաքանչյուր ստորաբաժանման մակարդակում:

12. Կառավարիչը պետք է ունենա համարժեք ռիսկերի մշտադիտարկման համակարգ: Ռիսկերի կառավարման համակարգը պետք է ապահովի, որ գործարքները կատարեն նման իրավասություններ ունեցող անձինք այն եղանակներով, որոնք թույլատրել է կառավարչի իրավասու մարմինը:

13. Կառավարիչը պետք է ներդնի արդյունավետ ներքին հաշվետվողականության և հաղորդակցության մեխանիզմներ:

14. Կառավարիչը պետք է ունենա շահերի բախման կարգավորման քաղաքականություն, ներառյալ` դրա բացահայտման և վերանայման գործընթացները, ինչպես նաև վարվելակերպի (էթիկայի) կանոններ ողջ անձնակազմի համար:

 

Հոդված 37. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նկարագրությունը

 

1. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերն են՝

1) հավասարակշռված ֆոնդ, որի կանոնների համաձայն` բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ ֆինանսական գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 50 տոկոսը.

2) պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ, որի կանոնների համաձայն` բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ ֆինանսական գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 25 տոկոսը.

3) կայուն եկամտային ֆոնդ, որի կանոնների համաձայն` ակտիվները չեն կարող ներդրվել բաժնային արժեթղթերում և դրանց վրա հիմնված ածանցյալ ֆինանսական գործիքներում:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի համար Կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել ֆոնդի կանոնները, որը, բացի «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներից, պետք է նախատեսի՝

1) ֆոնդի կառավարչի փայերի թողարկման և մարման ընթացակարգը.

2) ծրագրային վճարների հաշվարկման և կատարման կարգը.

3) կենսաթոշակային ֆոնդերի փայերի մարման և ստացված միջոցները ապահովագրական ընկերությանը փոխանցելու կարգը.

4) պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների հետ կապված որոշումներ ընդունելու համար նախատեսված ընթացակարգերը և պատասխանատու պաշտոնատար անձանց:

Յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ պարտավոր է առաջարկել առնվազն պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ:

3. Կենտրոնական բանկը կարող է ընդունել նորմատիվ իրավական ակտեր, որոնք լրացուցիչ պահանջներ կսահմանեն կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդ պետք է նույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերից տարբերվի բաժնային արժեթղթերում ներդրումների թույլատրելի սահմանաչափի առնվազն 15 տոկոս տարբերությամբ:

5. Սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերի իմաստով բաժնային արժեթղթերը չեն ներառում այն ներդրումային ֆոնդերի փայերը (բաժնետոմսերը), որոնց կանոնների (կանոնադրության) համաձայն` ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված բանկային ավանդներում, պարտքային արժեթղթերում կամ դրանց հեջավորման նպատակով ձեռք բերվող ածանցյալ ֆինանսական գործիքներում:

(37-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-196-Ն)

 

Հոդված 38. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների թույլատրելի ներդրումները

 

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում:

2. Արտասահմանում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել՝

1) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) կամ Եվրոպական միության (այսուհետ` ԵՄ) անդամ պետությունների բանկային համակարգը վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում և բանկային հաշիվներում.

2) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների, ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում.

3) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթերում.

4) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում).

5) ածանցյալ ֆինանսական գործիքներում` միայն հեջավորման նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել՝

1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը անվճարունակության (սնանկության) գործընթացում չէ,

2) Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում,

3) Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերում,

4) այն ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում, որոնք վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից,

5) ածանցյալ ֆինանսական գործիքներում` միայն հեջավորման նպատակով:

4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պետք է սահմանվեն թողարկողների (ներառյալ` բանկերի` բանկային ավանդների մասով) և (կամ) դրանց թողարկած արժեթղթերի նկատմամբ նվազագույն չափանիշներ, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքների կողմերը և ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, որոնցում կարող են ներդրվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները:

5. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ձևավորվել փոխառու միջոցների հաշվին, բացառությամբ եթե փոխառությունները ներգրավվել են մինչև 3 ամիս մարման ժամկետով, և տվյալ կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մինչև 10 տոկոսի չափով, և եթե տվյալ փոխառությունների ներգրավման արդյունքում չեն խախտվում սույն օրենքով նախատեսված սահմանաչափերը:

(38-րդ հոդվածը խմբ., փոփ. 27.10.16 ՀՕ-196-Ն)

 

Հոդված 39. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սահմանափակումները

 

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին կատարվող՝ արտասահմանյան արժույթով ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 40 տոկոսը:

2. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին ոչ փոխարկելի արտասահմանյան արժույթով կատարվող ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 3 տոկոսը:

3. Բանկային հաշիվներում և ավանդներում (այդ թվում՝ բանկում միջոցների ավանդագրումը հավաստող արժեթղթերում) (այսուհետ` բանկային ավանդ) կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 40 տոկոսը: Միևնույն ժամանակ մեկ բանկում, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ փոխկապակցված ճանաչված բանկերում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները որպես ավանդ կարող են ներդրվել միայն այնպիսի օտարերկրյա բանկում, որն ունի առնվազն Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ» վարկանիշ:

4. Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 50 տոկոսը, ընդ որում, մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 20 տոկոսը: Այս սահմանափակումը չի տարածվում միայն կենսաթոշակային ֆոնդերի համար թողարկված արժեթղթերում կատարվող ներդրումների վրա, որի դեպքում մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 50 տոկոսը:

5. Արտասահմանյան պետության կամ այդ պետության կենտրոնական բանկի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 40 տոկոսը, ընդ որում, մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 20 տոկոսը:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված արժեթղթերում ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 80 տոկոսը:

7. «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արժեթղթավորման հիմնադրամների թողարկած արժեթղթերում ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 5 տոկոսը:

8. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել՝

1) մեկ թողարկողի ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսում.

2) մեկ թողարկողի ձայնի իրավունք չտվող բաժնային արժեթղթերի ավելի քան 10 տոկոսում.

3) մեկ թողարկողի թողարկած պարտքային արժեթղթերի ավելի քան 40 տոկոսում.

4) այլ ֆոնդի փայերի կամ բաժնետոմսերի ավելի քան 25 տոկոսում:

Սույն մասը չի կիրառվում սույն հոդվածի 4-5-րդ մասերով նախատեսված արժեթղթերի նկատմամբ:

9. Ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 50 տոկոսը: Ընդ որում, ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 2 տոկոսը, եթե դրանք`

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆոնդերի դեպքում բաց, հրապարակային, ստանդարտ, տարատեսականացված ներդրումային ֆոնդեր չեն.

2) արտասահմանյան պետությունում գրանցված ֆոնդերի դեպքում բաց և հրապարակային ներդրումային ֆոնդեր չեն, որոնց կանոնների (կանոնադրության) համաձայն ներդրումային ֆոնդի ակտիվների առնվազն 90 տոկոսը պետք է ներդրվի միայն բանկային ավանդներում, պետական պարտատոմսերում, կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված կամ թույլատրվող արժեթղթերում կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ իրացվելի ակտիվներում:

10. Միևնույն կառավարչի կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերում կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված համարվող կառավարիչների ներդրումային ֆոնդերում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 25 տոկոսը:

11. Մեկ թողարկողի արժեթղթերում ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսը, իսկ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:

12. Մեկ թողարկողի թողարկած արժեթղթերում ներդրումներ կարող են կատարվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մինչև 25 տոկոսի չափով, եթե դրանք ապահովված պարտատոմսեր են: Ապահովված պարտատոմսեր են համարվում`

1) բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն թողարկված ապահովված հիփոթեքային պարտատոմսերը.

2) օտարերկրյա բանկերի թողարկած պարտքային արժեթղթերը, որոնց տեղաբաշխումից ստացված միջոցները ներդրվում են այնպիսի ակտիվներում, որոնք`

ա. այդ պարտքային արժեթղթերի վավերականության ամբողջ ժամանակահատվածի համար բավարար ապահովություն (ծածկույթ) են դրանց գծով ամրագրված պարտավորությունների կատարման համար և

բ. թողարկող բանկի անվճարունակության կամ սնանկության դեպքում առաջնահերթորեն օգտագործվում են այդ պարտքային արժեթղթերի գծով դրանց սեփականատերերի հանդեպ պարտավորությունների կատարման (արժեթղթի մայր գումարի (անվանական արժեքի) և հաշվեգրված տոկոսների փոխհատուցման) համար:

13. Ֆոնդի ակտիվներում ընդգրկված մեկ անձի թողարկած արժեթղթերի (բացառությամբ ապահովված պարտատոմսերի), տվյալ անձի մոտ ներդրված բանկային ավանդների և տվյալ անձի հետ կնքված ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի տվյալ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 20 տոկոսը:

14. Ֆոնդի ակտիվներում ընդգրկված մեկ անձի թողարկած արժեթղթերի (այդ թվում՝ ապահովված պարտատոմսերի), տվյալ անձի մոտ ներդրված բանկային ավանդների և տվյալ անձի հետ կնքված ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի տվյալ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 30 տոկոսը:

15. Ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումներն իրականացվում են միայն հեջավորման նպատակով, երբ տվյալ ֆոնդը ներառում է այդ ածանցյալի հիմքում առկա հիմնական արժեթուղթը, կամ տվյալ ֆոնդին բնորոշ է հեջավորվող ռիսկը: Մեկ անձի հետ ածանցյալ ֆինանսական գործիքով կնքված գործարքի չափը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների արժեքի 10 տոկոսը, եթե գործարքի կողմը բանկ է, և չի կարող գերազանցել 5 տոկոսը, եթե գործարքի կողմն այլ ֆինանսական կազմակերպություն է: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված բոլոր ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի տվյալ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքը:

16. Մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆոնդի ակտիվներում ընդգրկված ներդրումային գործիքների դեպքում հնարավոր չէ հստակ որոշել որևէ կոնկրետ պետության մասնակցության աստիճանը:

17. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակային և արժութային սահմանափակումների հաշվարկման համար հիմք է ընդունվում ֆոնդի ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը:

18. Սույն հոդվածով նախատեսված քանակային և արժութային սահմանափակումները տարածվում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդի վրա` տվյալ ֆոնդի զուտ ակտիվների արժեքը երկու միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցելու դեպքում, և եթե առաջին կուտակային հատկացումը տվյալ ֆոնդին կատարելու օրվանից անցել է 6 ամիս:

19. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել`

1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում կամ ածանցյալ ֆինանսական գործիքներում, որոնց կողմ են նրանք հանդիսանում: Սույն կետը չի տարածվում տվյալ ֆոնդի կառավարչի (կամ դրա հետ փոխկապակցված անձի) կողմից կառավարվող այլ ֆոնդի փայերում (բաժնետոմսերում) ներդնելու դեպքի վրա, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները.

ա. ֆոնդի ներդրումային քաղաքականությունը չի հակասում տվյալ կենսաթոշակային ֆոնդի ներդրումային նպատակներին,

բ. դրա համար չեն գանձվում փայերի (բաժնետոմսերի) մարման և տեղաբաշխման վճարներ,

գ. կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներն իր կողմից կառավարվող մեկ այլ ֆոնդում ներդնելու դեպքում նույն ակտիվները տարբեր ֆոնդերում ներդնելով՝ դրանցից չեն գանձվում կրկնակի պարգևավճարներ,

դ. տվյալ ֆոնդի կանոններով նման հնարավորություն նախատեսված է.

2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտն իրականացնող անձի թողարկած արժեթղթերում.

3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց թողարկած արժեթղթերում.

4) ածանցյալ ֆինանսական գործիքներում, բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների.

5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է.

6) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ, հնաոճ ապրանքներ, թանկարժեք մեքենաներ և այլն):

20. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերը չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ ցանկացած այլ ձևով օտարվել՝

1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին.

2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին.

3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման մարմնի անդամներին.

4) սույն մասի 1-3-րդ կետերում նշված անձանց հետ փոխկապակցված անձանց:

21. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը և պահառուն չեն կարող մեկը մյուսին տրամադրել փոխառություններ կամ երաշխավորել պարտավորությունների կատարումը:

22. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ձեռնարկել քայլեր` համապատասխանեցնելու կենսաթոշակային ֆոնդի ներդրումները սույն օրենքի պահանջներին, և ապահովել հնարավոր առավելագույն շահութաբերություն, պահել ու խնայել կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները, եթե սույն հոդվածով նախատեսված քանակային և արժութային սահմանափակումները խախտվել են որպես հետևանք՝

1) շուկայական գների փոփոխության, որոնք հիմք են հանդիսացել ակտիվների գնահատման համար.

2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության.

3) կազմակերպությունների միջև տնտեսական և կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ֆոնդի ակտիվները.

4) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամքից անկախ և հսկողությունից դուրս այլ հանգամանքների:

23. Սույն օրենքով նախատեսված ներդրումների համապատասխանությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ խախտումը տեղի է ունեցել, կամ ակտիվների գնահատման արդյունքում հայտնի է դարձել խախտման մասին:

(39-րդ հոդվածը խմբ., փոփ. 27.10.16 ՀՕ-196-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 40. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի հաշվին կատարվող վճարները և պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները և կատարվող ծախսերը

 

1.Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձում է վճար (կառավարչի պարգևավճար)՝ սույն օրենքի 42-րդ հոդվածում նշված չափով:

Բացի սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված պարգևավճարից, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կարող է կատարել նաև տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման և կենսաթոշակային ֆոնդի աուդիտի հետ կապված ծախսերը, որոնց կազմը և առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից, բացի սույն օրենքով սահմանված վճարներից և ծախսերից, այլ նվազեցումներն արգելված են:

2. կենսաթոշակային ֆոնդի կանոններով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, կարող է սահմանվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման վճար: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման վճարը չի կարող գերազանցել մարվող փայերի հաշվարկային արժեքի մեկ տոկոսը, բացառությամբ սույն օրենքի 58-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման վճար չի գանձվում սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակի անցնելիս կուտակված միջոցները անուիտետի, ծրագրային վճարի կամ միանվագ վճարի տեսքով ստանալու, ինչպես նաև հետևյալ դեպքերում.

1) մասնակցի կողմից իր կենսաթոշակային ֆոնդի փայերը նույն կառավարչի այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով փոխանակելու դեպքում.

2) սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերով կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դեպքում.

3) մասնակցի կողմից տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերը 12 ամսվա ընթացքում առաջին անգամ այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով փոխանակելու դեպքում, բացառությամբ այն ֆոնդի փայերի փոխանակման դեպքերի, որի փայերը (դրանց մի մասը) ձեռք են բերվել վերջին 12 ամիսների ընթացքում տեղի ունեցած փայերի փոխանակման արդյունքում: Ընդ որում, սույն կետի իմաստով`

ա. առաջին անգամ փոխանակում է համարվում նաև տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերը 12 ամսվա ընթացքում մեկից ավելի կենսաթոշակային ֆոնդերի փայերով փոխանակումը, եթե այդ փոխանակման գործարքների համար սույն օրենքով նախատեսված փոխանակման դիմումը (դիմումները) մասնակիցների ռեեստրը վարողին է (են) ներկայացվել նույն օրվա ընթացքում,

բ. կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման հաշվարկում չեն ներառվում միևնույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակման գործարքները.

4) սույն օրենքի համաձայն` անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո սույն օրենքի 33-րդ կամ 34-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակցի (մասնակցի համար) առաջին անգամ ընտրած կենսաթոշակային ֆոնդի փայերի առաջին անգամ փոխանակման դեպքում.

5) ժառանգի կողմից, սույն օրենքի 12-րդ գլխի համաձայն, ժառանգված փայերի առաջին փոխանակման գործարքի դեպքում.

6) կենսաթոշակային ֆոնդի դադարեցման դեպքում մասնակցի ակտիվների հաշվին այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելիս:

 

Հոդված 41. Պահառուի ծառայությունների համար վճարները

 

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուի ծառայությունների համար վճարները կատարվում են համաձայն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հետ կնքված պայմանագրի` տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին:

 

Հոդված 42. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պարգևավճարը

 

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն իր կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանում է տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար տարեկան պարգևավճարներ և դրանց հաշվարկման կարգը:

2. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման տարեկան պարգևավճարի չափը չպետք է գերազանցի տվյալ կենսաթոշակային ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 1.5 տոկոսը:

 

Հոդված 43. Մասնակիցների ռեեստրը վարողի ծառայությունների համար վճարները

 

1. Մասնակիցների ռեեստրը վարողի ծառայությունների համար վճարները կատարվում են համաձայն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հետ կնքված պայմանագրի` տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին:

Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից գանձվող վճարների չափը պետք է տնտեսապես հիմնավորված լինի և նրա համար ապահովի ողջամիտ եկամտաբերություն:

2. Մասնակիցների ռեեստրը վարողի ծառայությունների համար վճարի առավելագույն չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և մասնակիցների ռեեստրը վարողի միջև կնքված պայմանագրով:

3. Հաշվի օպերատորն իրավունք ունի մասնակիցների ռեեստրը վարողին ուղղված` սույն օրենքով սահմանված դիմումների համար մասնակցից կամ նրա ժառանգից գանձելու վճար, որը չի կարող ավելի լինել, քան այդ նպատակով կատարվող ծախսերի և ողջամիտ շահութաբերության հանրագումարը:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 44. Կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորումը

 

1. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձի օգտին կատարված կուտակային հատկացումների վերադարձելիությունը մասնակցին՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն կատարված սոցիալական վճարների՝ տարեկան գնաճով ճշգրտված չափով:

2. Սույն մասով նախատեսված սոցիալական վճարների՝ տարեկան գնաճով ճշգրտման կարգը սահմանվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գումարի վերադարձելիությունը երաշխավորվում է սույն օրենքի հիման վրա ստեղծված երաշխիքային ֆոնդի միջոցների հաշվին, իսկ երաշխիքային ֆոնդում բավարար միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(44-րդ հոդվածի 1-ին մասը` այն մասով, որով տարեկան գնաճով ճշգրտված չափով վերադարձնելու երաշխիքը չի տարածվում նաև տվյալ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների վրա, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ և 48-րդ /կետ 12/ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 07.07.2015 ՍԴՈ-1224 որոշմամբ)

 

Հոդված 45. Կուտակային հատկացումների հատուցման դեպքը և չափը

 

1. Կուտակային հատկացումների հատուցման դեպք է համարվում այն իրավիճակը, երբ սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը ստանալու օրվա դրությամբ անձի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը փոքր է սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափից:

2. Սույն գլխով նախատեսված հատուցումն իրականացվում է սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված դիմումը ստանալու օրվա դրությամբ սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարի և անձի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարի տարբերության չափով:

3. Յուրաքանչյուր մասնակցին սույն գլխով նախատեսված հատուցումն իրականացվում է միայն մեկ անգամ:

(45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` այն մասով, որով տարեկան գնաճով ճշգրտված չափով վերադարձնելու երաշխիքը չի տարածվում նաև տվյալ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների վրա, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ և 48-րդ /կետ 12/ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 07.07.2015 ՍԴՈ-1224 որոշմամբ)

 

Հոդված 46. Երաշխիքային ֆոնդի միջոցները և երաշխիքային վճարները

 

1. Երաշխիքային ֆոնդի միջոցները ձևավորվում են սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարների գումարներից, դրանց կառավարումից ստացված եկամուտներից, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ձեռք բերած պահանջի հիման վրա ստացված գումարներից, այլ եկամուտներից ու միջոցներից:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից կատարվող երաշխիքային վճարների գումարները կուտակվում են երաշխիքային ֆոնդի` Կենտրոնական բանկում գտնվող հաշվում:

3. Երաշխիքային ֆոնդի միջոցները կարող են օգտագործվել բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով և պայմաններով երաշխավորված կուտակային կենսաթոշակների հատուցման և երաշխիքային ֆոնդի կառավարման այլ գործառնական ու վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների ծրագրի իրականացման համար, որոնք սահմանված են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի համար:

4. Երաշխիքային ֆոնդի կառավարման տարեկան վարչական ծախսերը և կապիտալ ներդրումները չեն կարող գերազանցել հավաքված երաշխիքային վճարների 0.1 տոկոսը:

5. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, բացառությամբ անվճարունակ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, պարտավոր են սույն օրենքով նախատեսված կարգով երաշխիքային ֆոնդին վճարել միանվագ և պարբերական երաշխիքային վճարներ: Երաշխիքային վճարների հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն ստանալու պահից տասնօրյա ժամկետում իրենց հաշվին վճարում են միանվագ երաշխիքային վճար` 15 միլիոն դրամ գումարի չափով:

7. Պարբերական երաշխիքային վճարները կատարվում են եռամսյակը մեկ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը: Պարբերական երաշխիքային վճարների գումարի չափը հաշվարկվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 0.02 տոկոսի չափով` օրական կտրվածքով: Ընդ որում, պարբերական երաշխիքային վճարները կատարվում են համապատասխան պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին:

8. Երաշխիքային ֆոնդում կուտակված միջոցները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

9. Եթե հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ երաշխիքային ֆոնդի միջոցները, բացառությամբ վարկերի, փոխառությունների, երաշխիքների, դրամաշնորհների, նվիրատվությունների և նվիրաբերությունների, գերազանցում են նախորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ երաշխիքային վճարներ կատարող բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի 2.5 տոկոսը, ապա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարբերական երաշխիքային վճարներ չեն կատարում: Այդ մասին երաշխիքային ֆոնդը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին հայտնում է մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: Սույն մասի համաձայն՝ պարբերական երաշխիքային վճարների կատարումը դադարում է (վճարների կատարումը վերսկսվում է) երաշխիքային ֆոնդի կողմից այդ մասին հայտնելու օրվան հաջորդող ամսվանից:

10. Սույն հոդվածով սահմանված երաշխիքային վճարները չկատարելու դեպքում այդ գումարների վրա հաշվարկվում է տույժ՝ երաշխիքային վճար կատարելու համար սահմանված օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով, որը վճարվում է չվճարող կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին:

 

Հոդված 47. Կուտակային հատկացումների հատուցումը, տեղեկատվության փոխանակումը և վերահսկողությունը

 

1. Կուտակային հատկացումների հատուցման դեպքի առկայության մասին որոշումը մասնակիցների ռեեստրը վարողն ընդունում է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնակցին հայտնում է հատուցման դեպքի առկայության (կամ դրա բացակայության) և սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի մասին:

2. Հատուցման դեպքի առկայության փաստը բացահայտելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողն այդ մասին (ներառյալ` սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին և երաշխիքային ֆոնդին` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փաստաթղթերը և տեղեկությունները:

3. Երաշխիքային ֆոնդը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, հատուցման դեպքի առկայության փաստը հաստատված համարելու դեպքում հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին նրա մասնաբաժինը ստանալու նպատակով և այն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված տարբերության գումարը փոխանցում է մասնակիցների ռեեստրը վարողին:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը կուտակային կենսաթոշակը վճարելիս մասնակցի կենսաթոշակային հաշվում գտնվող բոլոր փայերի մարումից ստացված գումարին միացնում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստացած գումարը: Եթե մասնակիցը, ստանալով սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարը, ցանկանում է կենսաթոշակը ստանալ ծրագրային վճարի տեսքով, ապա սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարի հաշվին սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակցի համար ձեռք են բերվում այն կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին մասնակիցը վճարումներ է կատարելիս եղել սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելու պահին:

5. Երաշխավորված պարտադիր կուտակային հատկացումների` ճշգրտված տարեկան գնաճով հատուցումն իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը և երաշխիքային ֆոնդը հատուցած գումարի և հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերի չափով հետադարձ պահանջի իրավունք են ձեռք բերում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ, եթե հատուցման դեպքն առաջացել է տվյալ կառավարչի գործողությունների կամ անգործության հետևանքով, բացառությամբ երբ կառավարիչն ապացուցում է, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում:

6. Երաշխիքային ֆոնդի և Կենտրոնական բանկի, ինչպես նաև երաշխիքային ֆոնդի և մասնակիցների ռեեստրը վարողի միջև տեղեկությունների փոխանակման կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

7. Երաշխիքային ֆոնդի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջև տեղեկությունների փոխանակման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի կողմից սույն օրենքով, երաշխիքային ֆոնդը կառավարող անձի գործունեությունը կարգավորող այլ օրենքներով և դրանց համապատասխան ընդունված իրավական այլ ակտերով սահմանված գործունեության, երաշխիքային ֆոնդը կառավարող անձի, ինչպես նաև դրա տնօրենի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և պայմաններով:

9. Երաշխիքային ֆոնդի միջոցները կարող են ներդրվել սույն օրենքով սահմանված, բացառապես վերադարձման բարձր հուսալիություն ունեցող հետևյալ ֆինանսական ակտիվներում.

1) Հայաստանի Հանրապետության թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում.

2) Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերում կամ բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերում` որպես բանկային ավանդ և (կամ) բանկային հաշիվ.

3) Կենտրոնական բանկի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում.

4) ոսկու ստանդարտացված ձուլակտորներում.

5) բարձր վարկանիշ ունեցող պետությունների և (կամ) այդ պետությունների կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում.

6) բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում.

7) երաշխիքային ֆոնդը կառավարող անձի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` այլ ֆինանսական ակտիվներում՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ:

10. Վարկանիշների թույլատրելի սահմանաչափերը և վարկանիշ սահմանող ընդունելի կազմակերպությունների ցանկը սահմանում է երաշխիքային ֆոնդը կառավարող անձի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ)՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ:

Ընդ որում, կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն են:

11. Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի լուծարման կամ սնանկ ճանաչվելու դեպքում ֆոնդի կառավարումն անցնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամանակավոր այլ կառավարչի մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ֆոնդի հիմնական կառավարչի սահմանումը:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

Հոդված 48. Կուտակային կենսաթոշակների տեսակները

 

1. Կուտակային կենսաթոշակների տեսակներն են՝

1) անուիտետները.

2) ծրագրային վճարները.

3) միանվագ վճարները:

2. կուտակային կենսաթոշակների չափը որոշվում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի արժեքի և կուտակային կենսաթոշակների ստացման ժամանակահատվածի հիման վրա:

3. Անուիտետների և ծրագրային վճարների հաշվարկման համար մասնակիցների ռեեստրը վարողը և ապահովագրական ընկերությունները պետք է օգտագործեն երկու սեռի համար ունիվերսալ մահացության աղյուսակներ:

4. կուտակային կենսաթոշակների վրա բռնագանձում կարող է տարածվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 49. Կուտակային կենսաթոշակ ստանալու կարգը

 

1. Մասնակիցը կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում, եթե՝

1) լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը.

2) լրացել է մասնակցի 55 տարին, և նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը բավարարում է սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի պայմանները:

Մասնակիցը կարող է սույն օրենքով սահմանված կարգով տնօրինել իր կուտակային կենսաթոշակը` անկախ պետական կենսաթոշակը ստանալու փաստից:

2. Կուտակային կենսաթոշակ ստանալու համար մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ իր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները սույն օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված աղյուսակների հիման վրա հաշվարկած հավասարաչափ ամսական վճարների մասին տեղեկանք ստանալու վերաբերյալ: Մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր է դիմումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցին տրամադրել տեղեկանք` սույն մասի առաջին նախադասությամբ նշված տեղեկություններով: Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցին տրամադրվող տեղեկանքի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Կենսաթոշակային հաշվի հաշվեկշիռը կազմվում է կուտակային բաղադրիչին մասնակցելու օրվանից սկսած` մինչև մասնակիցների ռեեստրը վարողին դիմում ներկայացնելու օրը:

3. Կախված մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի ընդհանուր հաշվարկային արժեքից` մասնակիցն իր կուտակային կենսաթոշակը կարող է ստանալ հետևյալ ձևերով.

1) եթե մասնակցի միջոցները, սույն օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակային կենսաթոշակը ստանալու անուիտետի կամ ծրագրային վճարների կամ միանվագ վճարի ձևով.

2) եթե մասնակցի միջոցները, սույն օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը մեծ է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, բայց փոքր այդ կենսաթոշակի հնգապատիկից կամ հավասար է այդ կենսաթոշակի հնգապատիկին, ապա մասնակիցը պարտավոր է իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված գումարի չափով սույն օրենքով սահմանված կարգով կնքել անուիտետի պայմանագիր.

3) եթե մասնակցի միջոցները, սույն օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մի մասի մարման արդյունքում ստացված միջոցների հաշվին սույն օրենքով սահմանված կարգով կնքել անուիտետի պայմանագիր այն գումարի չափով, որը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը կկազմի հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, իսկ մնացած մասը մասնակիցն իրավունք ունի ստանալու անուիտետի կամ ծրագրային վճարների կամ միանվագ վճարի ձևով:

Իր ընտրության վերաբերյալ դիմումը մասնակիցը պարտավոր է ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին:

4. Անուիտետ ստանալու իրավունքը ծագում է անկախ մասնակցի՝ այլ աղբյուրներից անուիտետ, պետական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հանգամանքից:

 

Հոդված 50. Մասնակցի միջոցներն ապահովագրական ընկերությանը փոխանցելը

 

1. Մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին` տեղեկացնելով ընտրված ապահովագրական ընկերության և անուիտետի պայմանագրի, ինչպես նաև փայերը մարելու և դրա արդյունքում ստացված միջոցներն ապահովագրական ընկերությանը փոխանցելու մասին: Դիմումի ձևը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

2. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է տեղեկացնել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին մարման պահանջի մասին և կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարումն ու դրա արդյունքում ստացված միջոցների փոխանցումը մասնակցի դիմումում նշված ապահովագրական ընկերությանը` անուիտետ գնելու նպատակով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում միջոցները ապահովագրական ընկերությանը չփոխանցելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չփոխանցված գումարի 0.01 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված տույժ վճարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի ներկայացնելու հետադարձ պահանջ տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, եթե կետանցը տեղի է ունեցել պահառուի մեղքով:

4. Ապահովագրական ընկերությունն իր հետ պայմանագիր կնքած մասնակցին գրավոր տեղեկացնում է սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դրամական միջոցների ստացման և դրանց չափի մասին ստանալու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում:

 

Հոդված 51. Անուիտետների տեսակները

 

1. Անուիտետի տեսակներն են՝

1) 10 կամ 5 տարով երաշխավորված անուիտետ (այսուհետ՝ որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետ).

2) ամուսինների անուիտետ՝ 10 կամ 5 տարի երաշխավորված ժամկետով:

2. Որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետը վճարվում է ցմահ, սակայն եթե անձը մահանում է նախքան 10 կամ 5 տարի (ըստ պայմանագրի) երաշխավորված ժամանակահատվածի լրանալը, ապա օրենքով ժառանգ համարվող անձինք իրավունք ունեն ապահովագրական ընկերությունից հետ ստանալու որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետի մնացորդային գումարը:

3. Ամուսինների անուիտետը վճարվում է ցմահ այն անձին, հօգուտ որի այն նշանակվել է: Անձի մահից հետո անուիտետը շարունակվում է վճարվել վերջինիս ողջ մնացած ամուսնուն ցմահ՝ անուիտետի պայմանագրով նախատեսված գումարի չափով: Եթե ամուսիններից երկուսն էլ մահանում են երաշխիքային ժամանակահատվածում, նրանց ժառանգները ստանում են չվճարված գումարի անուիտետի պայմանագրով սահմանված մասը:

4. Անուիտետի վճարման պայմանագրից բխող պարտավորական իրավունքները չեն կարող գրավադրվել որպես մեկ այլ պարտավորության կատարման ապահովման միջոց:

 

Հոդված 52. Անուիտետի պայմանագիր կնքելը

 

1. Ապահովագրական ընկերությունը անուիտետի պայմանագրով պարտավորվում է մասնակցի համար, սույն օրենքի 50-րդ հոդվածի համաձայն, իրեն միանվագ փոխանցված դրամական միջոցների դիմաց մասնակցին վճարել անուիտետ: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է անուիտետի պայմանագիր կնքել այդ նպատակով իրեն դիմած յուրաքանչյուր մասնակցի հետ (հրապարակային պայմանագիր):

2. Մասնակիցն ու ապահովագրական ընկերությունը կնքում են անուիտետի վճարման պայմանագիր՝ հաշվի առնելով սույն օրենքով և դրանից բխող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

3. Անուիտետ վճարելու մասին պայմանագիր կնքելու համար մասնակիցը ապահովագրական ընկերություն է ներկայացնում (թղթային կամ էլեկտրոնային եղանակով) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սույն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տրամադրած տեղեկանքը մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքի վերաբերյալ:

4. Անուիտետի պայմանագիր կնքելիս ապահովագրական ընկերությանն արգելվում է մասնակցից պահանջել վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ կամ հիվանդության պատմությունից որևէ տեղեկատվություն:

5. Անուիտետի պայմանագրում նշվում են՝

1) անուիտետի տեսակը.

2) մասնակցի տարիքը.

3) ապահովագրական ընկերությանը միանվագ փոխանցված գումարի չափը.

4) վճարման ենթակա անուիտետի չափը, ժամկետը և վճարման պարբերականությունը.

5) անուիտետի պայմանագրի դադարման հիմքերը և պայմանները.

6) պատասխանատվությունը անուիտետի պայմանագրի պայմանները խախտելու դեպքում.

7) օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ պայմաններ:

6. Անուիտետի պայմանագրում, բացի սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված էական պայմաններից, կողմերի հայեցողությամբ կարող են նախատեսվել սույն օրենքին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտին չհակասող այլ դրույթներ:

 

Հոդված 53. Անուիտետի պայմանագրի դադարելը

 

1. Անուիտետի պայմանագիրը դադարում է անուիտետ ստացող անձի մահվան, իսկ ամուսինների անուիտետի պայմանագրի դեպքում՝ երկրորդ ամուսնու մահվան դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Երաշխավորված ժամկետում անուիտետ ստացող անձանց մահվան դեպքում անուիտետի պայմանագիրը դադարում է պայմանագրով սահմանված մնացորդային գումարը ժառանգներին վճարելու, իսկ դատական կարգով անուիտետի մնացորդային գումարն անժառանգ ճանաչվելու պարագայում` պետական բյուջե փոխանցելու դեպքում:

3. Ապահովագրական ընկերության կողմից տասներկուամսյա ժամանակահատվածում երկու և ավելի անգամ անուիտետ չվճարելու, ինչպես նաև երկու և ավելի անգամ անուիտետի պայմանագրի որևէ այլ խախտում թույլ տալու դեպքում անուիտետ ստացող անձը կամ նրա ամուսինը կամ նրանց լիազորված անձն իրավունք ունի իր նախաձեռնությամբ միակողմանի լուծելու անուիտետի պայմանագիրը` ապահովագրական ընկերությունից պահանջելով վճարելու մնացորդային գումարը և պատճառած վնասները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով անուիտետի պայմանագիրը լուծելու դեպքում անուիտետի մնացորդային գումարը ենթակա է փոխանցման անձի կողմից նշված այլ ապահովագրական ընկերությանը: Սույն մասում նշված մնացորդային գումարի հաշվարկման և այլ ապահովագրական ընկերություն փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

 

Հոդված 54. Ծրագրային վճարը

 

1. Ծրագրային վճարը մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի մասնակի մարումների հաշվին ամսական կտրվածքով վճարվող կենսաթոշակ է՝ բաշխված ըստ կյանքի սպասվող տևողության ամիսների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ծրագրային վճարների հաշվարկման մեթոդաբանությունը և վճարման կարգը:

 

Հոդված 55. Միանվագ վճարը

 

1. Սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից միանվագ վճարի տեսքով կենսաթոշակի ստացման դիմում ներկայացվելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տասն աշխատանքային օրվա ընթացքում մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարման հաշվին կատարում է միանվագ վճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և Կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում միանվագ վճարը չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0.01 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված տույժ վճարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի հետադարձ պահանջ ներկայացնելու տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, եթե կետանցը տեղի է ունեցել պահառուի մեղքով:

 

Հոդված 56. Մասնակցի կողմից կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջը

 

1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:

3. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվում են, և համապատասխան միջոցները վճարվում են նրան սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով` մասնակցի դիմումը և հավաստող փաստաթղթերն ստանալուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չի մասնակցում կուտակային կենսաթոշակային համակարգի, կամ միջոցների փոխանցումն անհնար է որևէ այլ օբյեկտիվ պատճառով, ապա նա իր միջոցները կարող է ստանալ բացառապես սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ

 

Հոդված 57. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի և անուիտետի ժառանգումը

 

1. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի և անուիտետի ժառանգման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

2. Կենսաթոշակային ֆոնդերի փայերը և անուիտետի մնացորդային գումարը կարող են ժառանգության կարգով փոխանցվել միայն ֆիզիկական անձանց, իսկ դատական կարգով անժառանգ ճանաչվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Ժառանգվել կարող են ինչպես նախքան կուտակային կենսաթոշակ ստանալը մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը, այնպես էլ կուտակային կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածում մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա փայերը և անուիտետը:

4. Մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգի ընտրությամբ փոխանցվում են վերջինիս կենսաթոշակային հաշվին կամ սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով մարվում են, և մարման արդյունքում ստացված միջոցները վճարվում են ժառանգին՝ միանվագ վճարի տեսքով: Եթե ժառանգը սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումը ներկայացրած անձ է (չի ներկայացրել սույն օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դիմումը), ապա մահացած մասնակցի ժառանգման ենթակա կենսաթոշակային ֆոնդի փայերը ժառանգի դիմումի հիման վրա մարվում են, և մարման արդյունքում ստացված գումարը միանվագ վճարի տեսքով վճարվում է ժառանգին:

5. Ապահովագրական ընկերությունից անուիտետի ժառանգման կարգը և դիմումի ձևը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

6. Սույն օրենքի համաձայն՝ կենսաթոշակի ստացման դիմում տված՝ մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա կենսաթոշակային ֆոնդի փայերը ժառանգի դիմումի հիման վրա մարվում են, և մարման արդյունքում ստացված գումարը միանվագ վճարի տեսքով վճարվում է ժառանգին:

7. Եթե մահացած մասնակիցը չունի ժառանգ, կամ եթե մասնակցի մահվան օրվանից 3 տարվա ընթացքում ժառանգներից ոչ մեկը դիմում չի ներկայացրել մասնակիցների ռեեստրը վարողին մահացածի փայերը որպես օրինական ժառանգի սեփականություն ընդունելու մասին, ապա մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին:

Մահացած մասնակցին պատկանող փայերը մասնակցի մահվանից 3 տարի հետո Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի դիմումի հիման վրա դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ: Անժառանգ ճանաչված փայերը մարվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից, և ձևավորված դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

8. Եթե մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո` 10 տարվա ընթացքում, մասնակցի կուտակային կենսաթոշակային հաշվին չի մուտքագրվել որևէ գումար, կամ չի տրվել կուտակային հաշվի վերաբերյալ գործարք կատարելու որևէ հանձնարարական, և առկա չէ հավաստի տեղեկատվություն մասնակցի մահացած լինելու մասին, ապա մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը տեղեկատվությունը ստանալուց հետո դիմում է ներկայացնում դատարան մասնակցի փայերը տիրազուրկ ճանաչելու մասին: Դատական կարգով տիրազուրկ ճանաչված փայերը մարվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից, և ձևավորված դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հոդված 58. Կենսաթոշակային ակտիվների ժառանգման կարգը

 

1. Ժառանգության վկայականը ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, ժառանգը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները սույն օրենքով սահմանված կարգով միանվագ ստանալու և(կամ) սույն օրենքով սահմանված կարգով ժառանգություն ստացած փայերն իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին: Դիմումի հետ ժառանգը պարտավոր է ներկայացնել նաև ժառանգության վկայականի պատճենը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը կարող է ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) ժառանգի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը.

2) ժառանգի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ այն դեպքի, երբ անձը օտարերկրյա քաղաքացի է և կուտակային բաղադրիչի մասնակից չէ.

3) ժառանգի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն և այլն).

4) ժառանգի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն և այլն) ստանալու նախընտրելի միջոցը.

5) ժառանգատուի անունը և ազգանունը.

6) ժառանգատուի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

7) կենսաթոշակային ֆոնդի ժառանգված փայերի ժառանգման ձևի (փոխանցում ժառանգի կենսաթոշակային հաշվին կամ մարում) և չափի (յուրաքանչյուր ձևի գծով) վերաբերյալ ժառանգի ընտրությունը.

8) իր անհատական բանկային հաշվի վավերապայմանները.

9) ժառանգության վկայականի վավերապայմանները.

10) դիմումի ներկայացման տարին, ամիսը և ամսաթիվը.

11) ժառանգի (ժառանգի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:

Եթե ժառանգը դիմում է ներկայացրել ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը սույն օրենքին համապատասխան ամբողջությամբ իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին, ապա սույն մասի 9-րդ կետով նախատեսված տեղեկությունները չեն լրացվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը չի կարող հետ կանչվել կամ փոփոխվել:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է կազմակերպել կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանցումը ժառանգի կենսաթոշակային հաշվին և (կամ) կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:

5. Եթե ժառանգը ներկայացրել է ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները սույն օրենքով սահմանված կարգով միանվագ ստանալու դիմում, ապա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի հետգնման (մարման) ժամանակ գանձվում է լրացուցիչ 2 տոկոս հետգնման (մարման) վճար՝ տվյալ կենսաթոշակային ֆոնդի օգտին:

 

Հոդված 59. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի ժառանգման մասին դիմումը մերժելը

 

1. Մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի մերժելու սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված դիմումը, եթե դիմումը չի ներկայացվել սահմանված ժամկետում կամ չի համապատասխանում սույն օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձևին:

Դիմումը մերժելու և դրա պատճառների մասին մասնակիցների ռեեստրը վարողը գրավոր տեղեկացնում է դիմում ներկայացրած ժառանգին:

2. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սույն օրենքի 58-րդ հոդվածով նախատեսված դիմումը սահմանված պահանջները չբավարարելու հիմքով մերժվելու դեպքում ժառանգը պետք է ներկայացնի սահմանված պահանջները բավարարող դիմում:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

 

Հոդված 60. Կամավոր կենսաթոշակային բաղադրիչի գործունեության սկզբունքները

 

1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կամավոր կենսաթոշակային բաղադրիչը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

1) իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր մասնակցություն.

2) կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության դեպքում՝ հարկային արտոնությունների տրամադրում:

2. Կամավոր կենսաթոշակային սխեմաները լինում են հետևյալ տեսակների.

1) սահմանված կենսաթոշակներ.

2) կուտակային կենսաթոշակային ավանդներ.

3) սահմանված կենսաթոշակային վճարներ:

 

Հոդված 61. Կամավոր կենսաթոշակային գործունեություն իրականացնելը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում միայն կամավոր կենսաթոշակային ֆոնդերը (կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները), բանկերը և ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն առաջարկելու կամավոր կենսաթոշակային սխեմաներ:

2. Կամավոր կենսաթոշակների պայմանագրի սուբյեկտ կարող է լինել գործատուն, որը կամավոր կենսաթոշակի պայմանագիր է կնքում իր աշխատակիցների օգտին, ինչպես նաև ֆիզիկական անձը, որն իրավունք ունի կամավոր կենսաթոշակի պայմանագիր կնքելու իր կամ այլ անձանց օգտին:

3. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերը պարտավոր են սահմանել կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կանոնները, որոնք պետք է ներառեն կամավոր կենսաթոշակային վճարի չափը, փայերի մարման վճարի չափը, վճարների կատարման ժամկետը և պարբերականությունը, կենսաթոշակների վճարման ժամկետներն ու պարբերականությունը, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ պայմաններ:

4. Կամավոր կենսաթոշակային սխեմաների կանոնները կարող են փոփոխվել միայն ապագա ժամանակահատվածի համար:

5. Անձը կարող է մասնակցել միաժամանակ մեկից ավելի կամավոր սխեմաների:

6. Անձը կամավոր կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:

7. Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (իրեն պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեք, ավանդի գումար, ներառյալ` հաշվեգրված տոկոսները, վճարված ապահովագրավճարներ, այլ հատուցումներ` նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանը առաջին կենսաթոշակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի, բացառությամբ սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված միանվագ վճար կատարելու համար պայմանագրով կարող են նախատեսվել առավել մեծ մարման վճար, տուգանք և (կամ) ավելի ցածր տոկոսներ, բացառությամբ եթե նման պահանջը ներկայացվել է հետևյալ դեպքերում.

1) մասնակիցը օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացին մշտական բնակության նպատակով մեկնել է օտարերկրյա պետություն, և դադարեցվել է նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

4) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա քաղաքացին վերադառնում է իր մշտական բնակության երկիր.

5) կամավոր կենսաթոշակային ֆոնդը դադարեցվել (լուծարվել) է, և մասնակիցը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի ներկայացրել բաշխման ենթակա ակտիվների հաշվին այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերելու պահանջ.

6) բանկը կամ ապահովագրական ընկերությունը լուծարման գործընթացում է, կամ ապահովագրական ընկերությունը համապատասխան ապահովագրական պորտֆելը փոխանցել է այլ ապահովագրական ընկերության.

7) տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանը առաջին կենսաթոշակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է ավելի քան տասը տարի:

9. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող է սահմանվել սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված մարման վճարի, տուգանքի և (կամ) տոկոսների առավելագույն չափ:

 

Հոդված 62. Ապահովագրական ընկերությունների կողմից կամավոր կենսաթոշակների տրամադրումը

 

1. Ապահովագրական ընկերությունները կարող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակներ» սխեմաներ:

2. Բացառությամբ սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմանագրով ապահովադիր հանդիսացող անձն իրավունք ունի ապահովագրական ընկերությունից ցանկացած ժամանակ պահանջելու տվյալ պայմանագրով ապահովագրողի պարտավորությունները փոխանցել իր ընտրած ապահովագրական ընկերությանը` վերջինիս փոխանցելով վճարված ապահովագրավճարները` նվազեցրած ապահովագրության պայմանագրի կնքման, կատարման և փոխանցման ծախսերը: Սույն մասով նախատեսված ապահովագրավճարների փոխանցումը չի համարվում մասնակցի կողմից դրանց միանվագ ստացում:

3. Անձը կարող է ապահովագրական ընկերությունից կամավոր կենսաթոշակը ստանալ հետևյալ ձևերով.

1) միանվագ վճարի տեսքով.

2) ցմահ կամ ժամկետային վճարների (անուիտետի) տեսքով:

4. Ապահովագրական ընկերությունը պարտավոր է ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան որակավորում ունեցող ակտուար կամ պայմանագրային կարգով օգտվել նման ակտուարի ծառայություններից:

5. Ապահովագրական ընկերությունների կողմից կամավոր կենսաթոշակային միջոցների տնօրինումն ու օգտագործումն իրականացվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել «սահմանված կենսաթոշակներ» սխեմա առաջարկող ընկերությունների տեխնիկական պահուստների և ներդրումների նկատմամբ պահանջներ:

6. Ապահովագրական ընկերությունները կենսաթոշակները վճարում են սույն օրենքով և կամավոր կենսաթոշակի (անուիտետի) պայմանագրով սահմանված կարգով: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կամավոր կենսաթոշակի (անուիտետի) պայմանագրին, ինչպես նաև սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված` գործատուի և ապահովագրական ընկերության միջև կնքվող պայմանագրին ներկայացվող պարտադիր պահանջներ, որոնց ներառումը պայմանագրերում ապահովագրական ընկերության պարտականությունն է:

7. Մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա անուիտետը ժառանգներին վճարվում է միանվագ վճարի տեսքով՝ օրենքով և անուիտետի պայմանագրով սահմանված չափով: Ապահովագրական ընկերությունից անուիտետի ժառանգության ստացման կարգը և դիմումի ձևը սահմանվում են անուիտետի պայմանագրով:

 

Հոդված 63. Բանկերի կողմից կամավոր կենսաթոշակների տրամադրումը

 

1. Բանկերը կարող են առաջարկել միայն «կուտակային կենսաթոշակային ավանդներ» կամավոր կենսաթոշակային սխեմաներ:

2. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ բանկից պահանջելու իր կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը կամ դրա մի մասը փոխանցելու իր` այլ բանկում բացված կուտակային կենսաթոշակային ավանդային հաշվին: Սույն մասով նախատեսված փոխանցման համար բանկի կողմից գանձվող վճարի առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը, և այն կախված է փոխանցող բանկի կողմից մատուցվող կենսաթոշակային սխեմային մասնակցի մասնակցության ժամկետից:

3. Բանկի լուծարման գործընթացում նախքան մասնակցի կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը մասնակցին միանվագ վճարելը բանկը պարտավոր է գրավոր և պատշաճ ձևով առաջարկել նրան այդ գումարը առանց որևէ վճարի փոխանցել նրա` այլ բանկում բացված կուտակային կենսաթոշակային ավանդային հաշվին: Սույն մասով սահմանված առաջարկն ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում մասնակցի կողմից համապատասխան պահանջ չներկայացվելու դեպքում համապատասխան միջոցները միանվագ վճարվում են մասնակցին:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կենսաթոշակային ավանդի գումարի փոխանցումը չի համարվում մասնակցի կողմից դրանց միանվագ ստացում:

5. Մասնակիցը կարող է բանկից կամավոր կենսաթոշակը ստանալ հետևյալ ձևերով.

1) միանվագ վճարի տեսքով.

2) ժամկետային պարբերական վճարների տեսքով:

6. Կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցն իրավունք ունի պահանջելու բանկից կուտակային կենսաթոշակային ավանդի գումարի կամ դրա մի մասի փոխանցումը ապահովագրական ընկերությանը` անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով: Բանկն իրականացնում է կուտակային կենսաթոշակային ավանդի գումարի կամ դրա մի մասի անկանխիկ փոխանցումը մասնակցի նշած ապահովագրական ընկերությանը` կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մասնակցի կողմից դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով նախատեսված ավանդի գումարի կամ դրա մի մասի փոխանցման դեպքում մասնակցին` փոխանցված գումարի մասով կանխիկ վճարումներ չեն կատարվում:

7. Բանկերը կենսաթոշակները վճարում են սույն օրենքով և կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրով սահմանված կարգով: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրին ներկայացվող պարտադիր պահանջներ, որոնց ներառումը պայմանագրերում բանկի պարտականությունն է:

8. Մահացած մասնակցի ժառանգն իրավունք ունի ցանկացած ժամանակ բանկից պահանջելու կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը կամ դրա մի մասը` ներկայացնելով ավանդի պայմանագրով նախատեսված դիմումը և ժառանգության վկայականը: Բանկը պարտավոր է կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը կամ դրա մնացած մասը վերադարձնել մահացած մասնակցի ժառանգին` նրա առաջին իսկ պահանջով:

 

Հոդված 64. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կամավոր կենսաթոշակների տրամադրումը

 

1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերը (կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները) կարող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմաներ:

2. Կամավոր կենսաթոշակային վճար կատարելով` անձը ձեռք է բերում վճարին համապատասխան քանակով տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայեր` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի տեղաբաշխման գինը: Ձեռք բերված փայերը հավաստում են մասնակցի` տվյալ ֆոնդի ակտիվների նկատմամբ փայամասնակցության իրավունքը:

3. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը կարող է փոխանակել կամավոր կենսաթոշակային ֆոնդի իր փայերը միայն այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերով: Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցն իրավունք ունի իր կամավոր կենսաթոշակային ֆոնդի (նախկին կենսաթոշակային ֆոնդ) փայերը փոխանակելու տվյալ կամ այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի (նոր կենսաթոշակային ֆոնդ) փայերով` նախկին կենսաթոշակային ֆոնդի կառավարչին դիմում ներկայացնելու միջոցով: Նախկին կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պահառուի հետ համատեղ կազմակերպում է մասնակցին պատկանող փայերի մարումն ու միջոցների փոխանցումը նոր կենսաթոշակային ֆոնդին` ֆոնդի կանոններով սահմանված կարգով և ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մասնակցի կողմից դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Տարբեր կառավարիչների կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումն իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրվա (ժամի) համար որոշվող հետգնման (մարման) և նոր փայեր տեղաբաշխելու օրվա (ժամի) համար որոշվող տեղաբաշխման գներով:

Կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայը հետ է գնվում (մարվում է) ֆոնդի մասնակցի կողմից համապատասխան պահանջ ներկայացվելու պահից հետո «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով:

Կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայը տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահից հետո «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով, եթե կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված չէ, որ փայը տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով:

5. Եթե սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` փոխանակման ենթակա նախկին կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը (հետգնումը) կասեցված է, ապա փայերի փոխանակումն իրականացվում է փայերի հետգնման (մարման) կասեցման ժամկետի ավարտից անմիջապես հետո: Եթե փայերի փոխանակման արդյունքում ձեռք բերման ենթակա փայերի տեղաբաշխումը կասեցված է, ապա կառավարիչը մերժում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը` մասնակցին տեղեկացնելով դիմումի մերժման պատճառների մասին:

Սույն մասով նախատեսված փոխանակման ենթակա նախկին կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը (հետգնումը) կարող է կասեցվել միայն սույն օրենքի 35-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում:

6. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով կարող է նախատեսվել մասնակցի` տվյալ ֆոնդին մասնակցության նվազագույն ժամանակահատված, որը լրանալուց հետո միայն մասնակիցը կարող է պահանջել ձեռք բերված փայերի փոխանակումը (հաջորդ փոխանակումը)` սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն: Սույն մասով սահմանված ժամանակահատվածը չի կարող 2 տարուց ավելի լինել:

7. Կամավոր կենսաթոշակային ֆոնդից կենսաթոշակների ստացման համար, ինչպես նաև սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում մասնակիցը պետք է ներկայացնի դիմում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչին: Դիմումի ձևը և դրանում պարունակվող տեղեկությունները սահմանվում են կենսաթոշակային ֆոնդի կանոններով:

8. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կենսաթոշակները վճարվում են սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված կարգով ու պայմաններով:

9. Մասնակիցը կարող է կամավոր կենսաթոշակային ֆոնդից կենսաթոշակը ստանալ հետևյալ ձևերով.

1) միանվագ վճարի տեսքով.

2) ժամկետային պարբերական վճարների տեսքով, ընդ որում, պարբերական վճարների տեսքով կենսաթոշակի վճարման համար մարվող կենսաթոշակային ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) եռամսյակային կտրվածքով չեն կարող գերազանցել առաջին պարբերական վճարը կատարելու պահին անձին պատկանող տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) 10 տոկոսը, իսկ տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի գծով պարբերական վճարների կատարման ժամկետը չի կարող պակաս լինել 3 տարուց:

10. Մասնակիցն իրավունք ունի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո պահանջելու կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարում և մարման արդյունքում ստացված միջոցների կամ դրանց մի մասի փոխանցումը ապահովագրական ընկերությանը` անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով: Մասնակցին պատկանող փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված դրամական միջոցների կամ դրանց մի մասի փոխանցումը մասնակցի նշած ապահովագրական ընկերությանը կազմակերպում է տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուն` մասնակցի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով նախատեսված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ստացված միջոցների կամ դրանց մի մասի ապահովագրական ընկերությանը փոխանցման դեպքում մասնակցին` ապահովագրական ընկերությանը փոխանցված գումարի մասով, կենսաթոշակային ֆոնդը վճարումներ չի կատարում:

11. Կենսաթոշակային ֆոնդի մասնակցի մահվան դեպքում ժառանգն իրավունք ունի դիմում ներկայացնելու կենսաթոշակային ֆոնդի կառավարչին` ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները միանվագ ստանալու մասին: Դիմումի հետ ժառանգը պարտավոր է ներկայացնել նաև ժառանգության վկայականի պատճենը: Դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանվում են կենսաթոշակային ֆոնդի կանոններով:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելուց հետո կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

13. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձում է պարգևավճար՝ տվյալ կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված չափով և կարգով:

14. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարների (այդ թվում` սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված` կառավարչի պարգևավճարի, ինչպես նաև պահառուի պարգևավճարի) առավելագույն չափը, ինչպես նաև կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար տվյալ ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի ուղղությունները և առավելագույն չափերը սահմանում է Կենտրոնական բանկը:

15. Կենսաթոշակային ֆոնդի կանոններով, բացառությամբ կենսաթոշակի ստացման նպատակով կենսաթոշակային ֆոնդի փայերը մարելու, կենսաթոշակային ֆոնդի դադարեցման (լուծարման) և կենսաթոշակային ֆոնդի կառավարումն առանց իր համաձայնության այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի փոխանցելու դեպքերի, կարող է սահմանվել կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման վճար, որը պետք է ուղղակի սահմանված լինի տվյալ կենսաթոշակային ֆոնդի կանոններով և չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի հաստատած չափը:

 

Հոդված 65. Անձնավորված հաշվառումը «Սահմանված կենսաթոշակային վճարներ» կամավոր կենսաթոշակային սխեմայում

 

1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերը յուրաքանչյուր մասնակցի համար պարտավոր են վարել անձնավորված հաշվառում՝ «Եկամտային հարկի և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված սկզբունքներին համապատասխան:

2. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի յուրաքանչյուր մասնակցի համար պետք է բացվի անհատական հաշիվ, որտեղ հաշվառվում են մասնակցին պատկանող տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերը:

3. Կամավոր կենսաթոշակային ֆոնդը պարտավոր է պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել մասնակցին նրա անհատական հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին` կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված կարգով և ժամկետներում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարեկան տեղեկատվությունը մասնակցին տրամադրվում է թղթային տարբերակով, եթե մասնակիցը այլ նախընտրելի տարբերակ չի նշել:

5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարեկան տվյալները մասնակցին տրամադրվում են անվճար` նախորդ տարվա համար ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը:

 

Հոդված 66. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սկզբունքները

 

1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կարող են ներդրվել բացառապես սույն օրենքի, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և ֆոնդի կանոնների պահանջներին համապատասխան:

2. Նպատակ ունենալով առավելագույնի հասցնել ներդրումների արդյունավետությունը՝ հօգուտ «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայում կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների, կամավոր կենսաթոշակային ֆոնդի ներդրումները պետք է հիմնված լինեն հետևյալ սկզբունքների վրա.

1) կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ապահովություն և եկամտաբերություն.

2) ռիսկերի դիվերսիֆիկացիա.

3) համարժեք իրացվելիության ապահովում:

3. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայում կամավոր կենսաթոշակային ակտիվների ներդրումը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշվածներից այլ նպատակներով ու սկզբունքների հիման վրա համարվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտում:

 

Հոդված 67. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների թույլատրելի ներդրումները

 

1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում:

2. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել հետևյալ ակտիվներում.

1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում անվճարունակության (սնանկության) գործընթացում.

2) Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի կամ Հայաստանի Հանրապետության համայնքների թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.

3) Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթերում.

4) այն ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում, որոնք վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից.

5) ածանցյալ ֆինանսական գործիքներում` միայն հեջավորման նպատակով:

3. Արտասահմանում կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել՝

1) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների բանկային համակարգը վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում և բանկային հաշիվներում.

2) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների, ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.

3) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների համայնքների թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.

4) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերում.

5) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում).

6) Ռուսաստանի Դաշնության այն արժեթղթերում, որոնք բավարարում են Կենտրոնական բանկի սահմանած չափանիշները.

7) ածանցյալ ֆինանսական գործիքներում` միայն հեջավորման նպատակով:

Կենտրոնական բանկը կարող է սահմանել այլ երկրների ցանկ, որտեղ կարող են ներդրվել կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները:

(67-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-196-Ն)

 

Հոդված 68. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սահմանափակումները

 

1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները սույն օրենքի 67-րդ հոդվածում թվարկված ֆինանսական գործիքներում կարող են ներդրվել Կենտրոնական բանկի սահմանած քանակական և արժութային սահմանափակումների շրջանակում:

2. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել`

1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, բացառությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի.

2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտն իրականացնող անձի թողարկած արժեթղթերում.

3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց թողարկած արժեթղթերում.

4) ածանցյալ ֆինանսական գործիքներում, բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների.

5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է.

6) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր. հուշադրամներ, սրբապատկերներ, հնաոճ ապրանքներ, թանկարժեք մեքենաներ և այլն):

3. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերը չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ ցանկացած այլ ձևով օտարվել՝

1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին.

2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին.

3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման խորհրդի անդամներին.

4) սույն մասի 1-3-րդ կետերում նշված անձանց հետ փոխկապակցված անձանց:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը և պահառուն չեն կարող մեկը մյուսին տրամադրել փոխառություններ կամ երաշխավորել պարտավորությունների կատարումը:

5. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող գրավադրվել կամ հանդիսանալ այլ պարտավորությունների ապահովման միջոց: Սույն մասով նախատեսված պահանջը չի սահմանափակում կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման իրավունքը, եթե դա նախատեսված է կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ), և եթե այդպիսի գործարքի արդյունքում չեն խախտվում սույն օրենքով նախատեսված սահմանաչափերը:

Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կարող է ներգրավել կարճաժամկետ` մինչև 3 ամիս մարման ժամկետով փոխառություններ` տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը չգերազանցող չափով, եթե այդպիսի գործարքի արդյունքում չեն խախտվում սույն օրենքով նախատեսված սահմանաչափերը:

6. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ձեռնարկել քայլեր` համապատասխանեցնելու կենսաթոշակային ֆոնդի ներդրումները սույն օրենքի պահանջներին և ապահովելու հնարավոր առավելագույն շահութաբերություն, պահել ու խնայել կենսաթոշակային ֆոնդի ակտիվները, եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի դրույթները խախտվել են որպես հետևանք՝

1) շուկայական գների փոփոխության, որոնք հիմք են հանդիսացել ակտիվների գնահատման համար.

2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության.

3) կազմակերպությունների միջև տնտեսական և կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ֆոնդի ակտիվները.

4) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամքից անկախ և հսկողությունից դուրս այլ հանգամանքների:

7. Սույն օրենքով նախատեսված ներդրումների համապատասխանեցումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ տեղի է ունեցել խախտումը, կամ ակտիվների գնահատման արդյունքում հայտնի է դարձել խախտման մասին:

8. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերով ամրագրված, ինչպես նաև այն ածանցյալ ֆինանսական գործիքներով տրված իրավունքները, որոնց կողմ է հանդիսանում ֆոնդը` ելնելով բացառապես մասնակիցների շահերից:

(68-րդ հոդվածը խմբ., փոփ. 27.10.16 ՀՕ-196-Ն)

(68-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր 07.07.2015 ՍԴՈ-1224 որոշմամբ)

 

Հոդված 69. Կամավոր կենսաթոշակային գործունեության լիցենզավորումը

 

1. Բանկերը, ապահովագրական ընկերությունները, կամավոր կենսաթոշակային ֆոնդերը (կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները) կարող են առաջարկել կամավոր կենսաթոշակային սխեմաներ Կենտրոնական բանկի կողմից` համապատասխանաբար «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով տրված լիցենզիայի հիման վրա:

 

Հոդված 70. Գործատուի կողմից ձեռք բերվող լրացուցիչ (կորպորատիվ) կենսաթոշակները

 

1. Գործատուներն իրենց վարձու աշխատողներին լրացուցիչ (կորպորատիվ) կենսաթոշակներ տրամադրելու նպատակով կարող են կամավոր կենսաթոշակային սխեմաներ ձեռք բերել կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից կամ ապահովագրական ընկերություններից:

2. Գործատուն իր աշխատողներին լրացուցիչ կենսաթոշակներ տրամադրելիս չի կարող ցուցաբերել խտրական մոտեցում: Կորպորատիվ (լրացուցիչ) կենսաթոշակներ կարող են առաջարկվել ամբողջ կոլեկտիվին կամ տվյալ գործատուի աշխատողների որոշակի կատեգորիային (այդ թվում` կախված գործատուի մոտ աշխատողի աշխատած տարիների քանակից): Արգելվում է լրացուցիչ կենսաթոշակներ տրամադրել բացառապես գործատուի ղեկավար կազմին: Աշխատողների որոշակի կատեգորիայի ներսում բոլոր աշխատողներին պետք է տրամադրվեն հավասար և միօրինակ պայմաններ:

3. Գործատուին արգելվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագիրը կնքել իր հետ փոխկապակցված ապահովագրական ընկերության կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հետ:

4. Գործատուի կողմից տրամադրվող կամավոր կենսաթոշակային սխեմայի ձեռք բերումը կարող է սահմանվել նաև կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով:

5. Լրացուցիչ (կորպորատիվ) կամավոր կենսաթոշակ ստանալու համար կամավոր կենսաթոշակային վճարներ կարող են կատարվել միայն գործատուների կամ գործատուների և աշխատողների կողմից:

6. Արգելվում է աշխատակցին պարտադրել մասնակցել կամ շարունակել մասնակցությունը գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմային՝ որպես տվյալ գործատուի մոտ աշխատելու պահանջ: Արգելվում է աշխատակցի աշխատավարձից կամ դրան հավասարեցրած այլ վճարումներից կատարել կամավոր կենսաթոշակային սխեմային մասնակցության հետ կապված նվազեցումներ կամ հատկացումներ` առանց աշխատակցի գրավոր համաձայնության:

7. Գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմայի մասնակիցը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը իրավունք ունի ներկայացնելու իր կուտակած միջոցները (իրեն պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեք, վճարված ապահովագրավճարներ, այլ հատուցումներ` նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ միայն սույն օրենքի 61-րդ հոդվածի 8-րդ մասի 1-6-րդ կետերով, ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե առաջին կենսաթոշակային վճարի կատարման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի:

8. Գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմայի մասնակիցը սույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 64-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքը ձեռք է բերում`

1) գործատուի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո.

2) գործատուի և տվյալ կենսաթոշակային ֆոնդի (նրա կառավարչի) կամ ապահովագրական ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագիրը լուծվելուց հետո.

3) գործատուի լուծարվելուց հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 71. Պատասխանատվությունը սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար

 

1. Սույն օրենքով սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:

Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար մասնակիցը (նրա համար սոցիալական վճար կատարելու պարտականություն ունեցող անձը՝ հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարի 0.15 տոկոսի չափով:

Սույն մասով նախատեսված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարների նկատմամբ՝ կետանցման ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Սոցիալական վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված տույժերը, որպես կուտակային հատկացում, փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին, որոնց հաշվին ձեռք են բերվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին այդ պահին կուտակային հատկացումներ է կատարվում մասնակցի համար (օգտին):

Գանձված (մուծված) տույժերի հաշվին մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը որոշվում են՝ մասնակիցների եկամտից (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) պահված (վճարված) սոցիալական վճարի ընդհանուր գումարում տվյալ մասնակցի համար հաշվարկված սոցիալական վճարի գումարի չափից ելնելով:

2. Սույն օրենքի դրույթների համաձայն՝ ժամանակին չպահված (կամ պակաս պահված) սոցիալական վճարի գումարները (այդ թվում՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված` սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում) հարկային գործակալի կողմից մասնակցից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար:

3. Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում սոցիալական վճար կատարողից (հարկային գործակալից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված (հարկային մարմնի կողմից) սոցիալական վճարի գումարը:

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը հարկային մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվարկներում սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:

Սոցիալական վճար կատարողները (հարկային գործակալները) թաքցված կամ պակաս ցույց տրված սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտից սոցիալական վճարի գումարները, ինչպես նաև սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստուգման ակտով հաշվարկված տույժերը վճարում են հարկային մարմնի կողմից ստուգման ակտը ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:

4. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում սույն օրենքով սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականություն ունեցող անձից (այսուհետ` սոցիալական վճար կատարող) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը սոցիալական վճար կատարողի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով:

Սոցիալական վճար կատարողի կողմից գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

Գանձման ընթացքում սոցիալական վճար կատարողի կողմից պարտավորությունները մարվելու դեպքում գումարը գանձելու մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում, և գանձումը դադարեցվում է:

Սոցիալական վճար կատարողի կողմից չկատարված` հարկային մարմնի կողմից վերահսկվող սոցիալական վճարի գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու սոցիալական վճար կատարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու սոցիալական վճար կատարողի պարտավորությունների մարմանը:

Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ` ապառքը և դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական վճարների տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:

Որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող սոցիալական վճարի գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և սոցիալական վճար կատարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Գրավի պայմանագիր կնքվելու դեպքում պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց:

(հոդվածը խմբ. 17.12.15 ՀՕ-199-Ն)

 

Հոդված 72. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի պատասխանատվությունը

 

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, հաշվի օպերատորը և մասնակիցների ռեեստրը վարողն իրենց գործառույթներն իրականացնում են բարեխղճորեն՝ ի շահ մասնակցի: Նրանք պարտավոր են գործել ֆինանսական կամ նմանատիպ այլ հարցերում ողջամտության սահմաններում` լավատեղյակ անձի փորձառությամբ: Նման փորձառության պակասի դեպքում նրանք պետք է օգտվեն համապատասխան մասնագետների ծառայություններից:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, հաշվի օպերատորը և մասնակիցների ռեեստրը վարողն իրենց գործառույթների մի մասի իրականացումն այլ անձի պատվիրակելու դեպքում շարունակում են պատասխանատվություն կրել պատվիրակված գործառույթները պատշաճ կերպով և բարեխղճորեն իրականացնելու համար:

3. Կենտրոնական բանկը կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի կամ մասնակիցների ռեեստրը վարողի նկատմամբ կարող է կիրառել սույն գլխով նախատեսված պատասխանատվության միջոցները, եթե նրանք՝

1) սույն օրենքի խախտմամբ իրականացրել կամ թույլատրել են ներդրումներ կամ այլ ծախսեր.

2) սույն օրենքի խախտմամբ կնքել են ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքներ.

3) չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հետ կապված պայմանագրերով նախատեսված պարտավորությունները.

4) փոխկապակցված անձի հետ սույն օրենքով արգելված կամ սահմանափակված իրավահարաբերությունների շրջանակում կնքել են պայմանագիր.

5) իրենց կամ իրենց հետ փոխկապակցված անձանց օգտին են օգտագործել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կամ դրանց մասին տեղեկատվությունը.

6) խախտել են անձնավորված հաշվառում վարելու կանոնները, ֆինանսական կամ այլ հաշվետվությունների ներկայացման կամ հրապարակման կարգը կամ պայմանները կամ այդ փաստաթղթերում ներկայացրել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տվյալներ.

7) չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել Կենտրոնական բանկի` սույն օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարականները.

8) պետական գրանցման և (կամ) լիցենզավորման համար Կենտրոնական բանկ են ներկայացրել անարժանահավատ, կեղծ կամ թերի տեղեկություններ.

9) խախտել են սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:

 

Հոդված 73. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարների պատասխանատվությունը

 

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարները պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով մասնակիցների շահերից, իրականացնեն իրենց իրավունքները և կատարեն իրենց պարտականությունները բարեխղճորեն և խելամտորեն:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարները պատասխանատվություն են կրում իրենց դիտավորյալ գործողությունների (անգործության) հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար` Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Եթե վնաս պատճառած արարքն իրականացրել են կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և(կամ) մասնակիցների ռեեստրը վարողի մեկից ավելի ղեկավարներ, ապա նրանք մասնակիցների առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարների պատասխանատվությունը ներառում է, սակայն չի սահմանափակվում սույն օրենքի 74-րդ և 77-րդ հոդվածներով նախատեսված դեպքերով:

 

Հոդված 74. Պատժամիջոցները սույն օրենքը խախտելու համար

 

1. Սույն օրենքի 72-րդ հոդվածով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարվա ընթացքում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, մասնակիցների ռեեստրը վարողի, նրանց ղեկավարների, հաշվի օպերատորի նկատմամբ կարող է կիրառել պատասխանատվության հետևյալ միջոցները.

1) նախազգուշացում և խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում չկրկնելու կամ ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական կամ հանձնարարականներ (այսուհետ` նաև նախազգուշացում).

2) տուգանք.

3) վերահսկվողի ղեկավարին կամ պատասխանատու անձին որակավորման վկայականից զրկել.

4) թույլտվության ուժը կորցրած ճանաչել:

Մեկ խախտման համար կարող է նշանակվել միայն մեկ պատասխանատվության միջոց, բացառությամբ այն դեպքի, երբ նախազգուշացման հետ կիրառվում է նաև տուգանք:

2. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, հաշվի օպերատորին, պահառուին և մասնակիցների ռեեստրը վարողին և նրանց ղեկավարներին չի ազատում օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով նախատեսված պարտականությունների կատարումից:

3. Կենտրոնական բանկը պարտավոր է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի և մասնակիցների ռեեստրը վարողի, նրանց ղեկավարների նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոց (միջոցներ) կիրառելու մասին որոշումը հրապարակել իր ինտերնետային տնային կայքում:

 

Հոդված 75. Նախազգուշացումը

 

1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տրված խախտումը, և խախտում թույլ տված անձը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը չկրկնելու հանձնարարական և (կամ) ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական տալու հնարավորություն: Թույլ տրված խախտումը վերացնելու կամ չկրկնելու հանձնարարականով կամ ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով կարող է նախատեսվել նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, հաշվի օպերատորի, պահառուի կամ մասնակիցների ռեեստրը վարողի կողմից կնքվող որոշակի գործարքների և (կամ) գործառնությունների դադարեցում և (կամ) դրանց պայմանների փոփոխություն: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացածի համար:

3. Նախազգուշացումը` որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել սույն օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված որևէ խախտման առկայության դեպքում:

4. Այնպիսի խախտումների դեպքում, որոնց հետևանքով գույքային վնաս է պատճառվել մասնակիցներին, յուրաքանչյուր խախտման համար Կենտրոնական բանկը որոշում է ընդունում նախազգուշացման և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ մասնակիցների ռեեստրը վարողի կամ պահառուի կամ հաշվի օպերատորի կողմից մասնակիցներին պատճառված վնասը (այդ թվում` բաց թողնված օգուտը) փոխհատուցելու վերաբերյալ և այդ մասին տեղեկացնում տուժած մասնակցին:

 

Հոդված 76. Տուգանքը

 

1. Սույն օրենքի և (կամ) դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտման դեպքում, եթե խախտումը թույլ տված անձի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացումից և (կամ) նախազգուշացում տալուց հետո այդ խախտումները և (կամ) խախտումների պատճառները չեն վերացվել կամ չեն կարող վերացվել, Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է նման խախտում թույլ տված անձի նկատմամբ կիրառելու տուգանք:

2. Այնպիսի խախտումների դեպքում, որոնց հետևանքով գույքային վնաս չի պատճառվել մասնակիցներին, սակայն խախտվել են հաշվետվություններ ներկայացնելու, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ պահանջներ, տուգանքի չափը յուրաքանչյուր խախտման համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և 19-րդ հոդվածով սահմանված դրույթների խախտման դեպքերի:

Տուգանքի չափը որոշելիս տուգանք կիրառող մարմինը հաշվի է առնում`

1) նախկինում նման խախտման համար այլ անձանց նկատմամբ կիրառված տուգանքի չափը.

2) խախտման բնույթը (դիտավորության առկայությունը, անտարբերությունը կամ անփութությունը).

3) խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը և դրա չափը.

4) անհիմն հարստացման աստիճանը` հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները.

5) նախկինում նույն անձի կողմից նույն կամ այլ խախտում թույլ տալը և դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաև նախկին պատասխանատվության չափն ու բնույթը.

6) նույն և այլ անձանց կողմից նման խախտումները հետագայում բացառելու անհրաժեշտության աստիճանը:

3. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված պահանջների խախտման դեպքում հաշվի օպերատորից կամ հաշվի օպերատորի խախտում կատարած ղեկավարից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր դեպքի համար նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով:

Սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտման դեպքում հաշվի օպերատորից կամ հաշվի օպերատորի խախտում կատարած ղեկավարից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր դեպքի համար մինչև նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:

4. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի խախտման դեպքում մասնակիցների ռեեստրը վարողից կամ նրա ղեկավարից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր դեպքի համար նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով:

5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի նկատմամբ նշանակված տուգանքները գանձվում են վերջիններիս (իրավաբանական անձի) միջոցներից, բացառությամբ եթե հաշվի օպերատորը պետական մարմին է: Եթե հաշվի օպերատորը պետական մարմին է, ապա տուգանքը կիրառվում է խախտումը կատարող համապատասխան աշխատակցի նկատմամբ:

6. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի որոշմամբ այն դեպքում, երբ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, հաշվի օպերատորը կամ մասնակիցների ռեեստրը վարողը համաձայն չեն տուգանքի նշանակմանը կամ տուգանքի չափին:

7. Սույն հոդվածի համաձայն՝ գանձված տուգանքի գումարը փոխանցվում է պետական բյուջե:

 

Հոդված 77. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարներին որակավորման վկայականից զրկելը

 

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ զրկվել որակավորման վկայականից, եթե`

1) դիտավորությամբ խախտել է օրենքները կամ այլ իրավական ակտերի պահանջները.

2) պաշտոնավարման ընթացքում վարել է չհիմնավորված և մասնակիցների շահերը վտանգող գործունեություն.

3) խոչընդոտել է վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի կամ նրա ծառայողների գործողություններին.

4) կատարել է այնպիսի գործողություններ կամ ցուցաբերել է այնպիսի անգործություն, որոնց հետևանքով մասնակիցը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնաս.

5) գործունեության ընթացքում կատարել է անձնական շահերից բխող այնպիսի գործողություն կամ թույլ է տվել այնպիսի անգործություն, որը հակասում է մասնակիցների իրավունքներին կամ օրինական շահերին.

6) իր ծառայողական պարտականությունների (ներառյալ` կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի կամ մասնակիցների ռեեստրը վարողի և նրա հաճախորդների հանդեպ ստանձնած պարտականությունները) կատարման ընթացքում դրսևորել է անազնիվ կամ անբարեխիղճ վարքագիծ.

7) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակավորման համապատասխանության չափանիշներին.

8) չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել Կենտրոնական բանկի տված հանձնարարականը.

9) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից այդ անձի` սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, ինչպես նաև վերահսկվողի ներքին իրավական ակտերով սահմանված լիազորությունները դադարում են:

 

Հոդված 78. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը և պահառուի` կենսաթոշակային ֆոնդի պահառության գործունեությունն արգելելը

 

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի թույլտվությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել, կամ պահառուին կարող է արգելվել կենսաթոշակային ֆոնդի պահառություն իրականացնել (այսուհետ` նաև թույլտվությունն ուժը կորցրած ճանաչել), եթե առկա են սույն օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հիմքերը, օրենքով սահմանված այլ դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ մեկ օրացուցային տարում կիրառվել է 2 և ավելի անգամ սույն օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը, և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը կամ պահառուն Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում չի վերացրել համապատասխան խախտման հետևանքները կամ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու համար:

2. Կենտրոնական բանկը իրավունք ունի ուժը կորցրած ճանաչելու կենսաթոշակային ֆոնդի կառավարչին տրված թույլտվությունը, եթե պարզվում է, որ թույլտվություն ստանալու համար ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ:

3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով թույլտվության ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

4. Պահառուի կողմից սույն հոդվածով սահմանված խախտումները կատարելու դեպքում Կենտրոնական բանկը իրավունք ունի հանձնարարելու կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ողջամիտ ժամկետում միակողմանի լուծելու պայմանագիրը տվյալ պահառուի հետ:

 

Հոդված 79. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հրապարակելը և դրա իրավական հետևանքները

 

1. Սույն օրենքի 78-րդ հոդվածով նախատեսված հիմքերով թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

2. Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու որոշումն ուժի մեջ մտնելու պահից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կամ պահառուն այդ որոշմամբ սահմանված ժամկետով, բայց ոչ պակաս, քան 10 տարով, զրկվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարման և ակտիվների պահառության գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են տվյալ ծառայության մասով նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Պահառուն պարտավոր է շարունակել կատարել օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված իր պարտականությունները մինչև կենսաթոշակային ֆոնդի նոր պահառուի հետ պայմանագրի կնքումը և վերջինիս կենսաթոշակային ֆոնդի ակտիվների փոխանցումը:

3. Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, տրամադրվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչին և պահառուին: Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:

 

Հոդված 80. Վեճերի լուծումը

 

1. Սույն օրենքի համաձայն` մասնակցի կամ շահառուի կողմից կենսաթոշակային հաշվի վերաբերյալ ցանկացած բողոք կամ հարցում գրավոր ներկայացվում է հարկային մարմին, որը բողոքը կամ հարցումը քննում է առավելագույնը 30 օրվա ընթացքում և մասնակցին կամ շահագրգիռ անձին գրավոր հայտնում է իր որոշման և որոշման համար հիմք հանդիսացած հիմնավորումների մասին, կամ հարցումը (բողոքը) ստանալու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղղում է իրավասու մարմնին:

2. Մասնակիցը կամ շահառուն կարող է պահանջ ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին՝ անկախ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցումը կամ բողոքը հարկային մարմին ներկայացնելու հանգամանքից` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով և կարգով:

3. Եթե մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի կենսաթոշակային հաշվից գումարներ է փոխանցում ապահովագրական ընկերությանն անուիտետ գնելու նպատակով, ապա նման գործառույթի հետ կապված ցանկացած վեճ կարգավորվում է հետևյալ կարգով. անուիտետի վճարման վերաբերյալ մասնակցի կամ շահառուի բողոքն առաջին հերթին ներկայացվում է ապահովագրական ընկերության ղեկավար մարմին: Ղեկավար մարմինը նման բողոքը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, քննում է բողոքը և մասնակցին կամ շահառուին գրավոր տեղեկացնում է իր որոշման և նման որոշման համար հիմք հանդիսացած հիմնավորումների մասին: Մասնակիցը կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի ներկա լինելու հարցի քննությանը: Որոշման հետ չհամաձայնելու դեպքում մասնակիցը կամ շահառուն դիմում է իրավական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցներին, որոնք նախատեսված են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 81. Անցումային դրույթներ

 

1. Անձը իրավունք ունի սույն օրենքի ուժի մեջ մտնելուց մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: 2014 թվականի դեկտեմբերի 25-ից հետո ներկայացված դիմումներն առ ոչինչ են: Վարձու աշխատողը (բացի հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողից) դիմումը ներկայացնում է գործատուի միջոցով: Սույն մասում նշված անձը սոցիալական վճար կատարելը դադարեցնում է՝

1) աշխատավարձից, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից` համապատասխան դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) ձեռնարկատիրական եկամուտներից` համապատասխան դիմումը ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:

2. Սոցիալական վճարներ կատարելուց չեն կարող հրաժարվել՝

1) 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային ծառայողները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների), պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, դրանց կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վարձու աշխատողները.

2) 2014 թվականի հուլիսի 1-ից հետո վարձու աշխատողի կարգավիճակ ձեռք բերած, նոտարի պաշտոնում նշանակված, անհատ ձեռնարկատեր դարձած՝ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված այն անձը, որը 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չի հանդիսացել վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր.

3) սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմում ներկայացրած անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում ներկայացրած անձը սոցիալական վճար է կատարում 2018 թվականի հուլիսի 1-ից:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում ներկայացրած անձը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը որոշում է վերսկսել սոցիալական վճար կատարելը, ապա սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում հարկային մարմին: Այս դեպքում սոցիալական վճարները կատարվում են դիմելուն հաջորդող ամսվանից:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված՝ 1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձի կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը նվազեցվում է նրա կողմից վճարման ենթակա եկամտային հարկի գումարից:

6. Եթե սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ 1964 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումը ներկայացնում է մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, ապա նրա համար (օգտին) կուտակային հատկացումները կատարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով (սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար սահմանված կարգով):

7. Սույն օրենքի՝ կենսաթոշակային ֆոնդերի փոփոխության, կենսաթոշակային ֆոնդերի փայերի ժառանգման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև կենսաթոշակային հաշվին առկա միջոցները ստանալու վերաբերյալ դրույթները ուժի մեջ են մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:

8. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը կիրառվում են 2020 թվականի հուլիսի 1-ից: Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը՝

1) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը սահմանվում է 500 000 դրամ.

2) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմը սահմանվում է 6 000 000 դրամ:

9. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուի գործառույթները մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշում ընդունելը իրականացվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից: Կենսաթոշակային ֆոնդի բանկային հաշվի օգտագործումը սույն մասում նշված ժամանակահատվածում իրականացվում է մասնակիցների ռեեստրը վարողի համաձայնությամբ:

10. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-16-րդ մասերով նախատեսված ներդրումային սահմանափակումները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ գործող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի վրա տարածվում են 2015 թվականի հուլիսի 1-ից:

11. Անձը սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի դիմումը ներկայացնում է 2014 թվականի սեպտեմբերի 1-ից:

12. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասը և 9-րդ հոդվածի 3-րդ մասը ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

13. 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների արդյունքում կուտակային վճարների չմարված կամ մասնակի վճարված կուտակային վճարների պարտավորությունների վերահաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը: 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների արդյունքում կուտակային վճարների չմարված կամ մասնակի վճարված կուտակային վճարների պարտավորությունները վերահաշվարկվում են մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

(81-րդ հոդվածը փոփ. 12.05.16 ՀՕ-76-Ն)

 

 

Հավելված

«Կուտակային կենսաթոշակների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԻ՝ ԳՆԱՃՈՎ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելու ամբողջ ժամանակահատվածի կատարված սոցիալական վճարների` գնաճով ճշգրտումը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ԿՎգնաճով ճշգրտված ընդհանուր =

N

n=1

[

ԿՎn *

N-1

П

m=n

(1+in) ],

որտեղ`

1) ԿՎգնաճով ճշգրտված ընդհանուր  մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելու ամբողջ ժամանակահատվածի համար նրա կատարած սոցիալական վճարների` գնաճով ճշգրտված մեծությունն է.

2) N-ը մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելու տարիների թիվն է.

3) ԿՎn -ն ո-րդ տարվա ընթացքում մասնակցի կատարած սոցիալական վճարների գումարն է՝ տարեվերջի դրությամբ.

4) in -ն ո-րդ տարվան համապատասխանող տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշն է՝ արտահայտված միավորի մասերով: Ընդ որում, ո-ը փոփոխվում է տարիների հետընթաց հաշվարկով:

2. Սույն հավելվածի 1-ին կետով սահմանված բանաձևում մասնակցի կողմից օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կենսաթոշակ ստանալու մասին դիմում ներկայացվելու տարվա համար կատարված սոցիալական վճարը գնաճով չի ճշգրտվում: Այն դեպքում, երբ մասնակցի կատարած սոցիալական վճարների գնաճով ճշգրտման ժամանակ դեռևս առկա չէ տվյալ տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշը, ապա հիմք է ընդունվում նախորդ տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշը:

3. Սույն հավելվածում օգտագործված տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշ է համարվում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած գնաճի միջին ցուցանիշը տվյալ տարվա համար:

(օրենքը խմբ. 21.06.14 ՀՕ-67-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-244-Ն