Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-100-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.07.2016-09.04.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ.626
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.06.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.07.2014
Дата вступления в силу
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով սահմանվում են պետական պարգևները և պատվավոր կոչումները, դրանց տեսակները, ինչպես նաև կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ հիմնելու, պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգի ու պայմանների և պետական պարգևները կրելու կանոնների հետ կապված հարաբերությունները։

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով։

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների համար խրախուսման բարձրագույն ձևն են:

2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներն են Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը, Հայաստանի Հանրապետության շքանշանները և Հայաստանի Հանրապետության մեդալները:

3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է։

4. Հայաստանի Հանրապետության շքանշաններն են Հայրենիքի շքանշանը, Փառքի շքանշանը, Տիգրան Մեծի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Պատվո շքանշանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, Բարեկամության շքանշանը:

5. Հայաստանի Հանրապետության մեդալներն են Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը, Մովսես Խորենացու մեդալը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը, Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները

 

1. Պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար:

2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներն են Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները, Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:

(4-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-103-Ն)

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելը, պատվավոր կոչումներ շնորհելը, պարգևատրման և շնորհման միջնորդություն ներկայացնելը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հրապարակելով հրամանագրեր։

2. Հայաստանի Հանրապետության Նախագահը պարգևատրում է պետական պարգևներով և շնորհում պատվավոր կոչումներ նաև պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, ինչպես նաև պետական մրցանակները և դրանց շնորհման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

4. Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրման հարցը որոշվում է պարգևատրվող անձի մատուցած ծառայությունների բնույթին ու կարևորությանը համապատասխան։ Անկախ միջնորդությունում նշված պետական պարգևի տեսակից՝ պետական պարգևի տեսակը և նպատակահարմարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

5. Նույն պետական պարգևով, ինչպես նաև նույն պետական պարգևի նույն աստիճանով միևնույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում:

6. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու։

 

Հոդված 6. Պետական պարգևներով պարգևատրվող և պատվավոր կոչումների արժանացած անձինք և մարմինները

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց:

2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի բնագավառների և այլ կոլեկտիվները, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով։

4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները շնորհվում են Հայաստանի Հանրապետության գիտության, կրթության, տնտեսության, արվեստի, մշակույթի, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, առողջապահության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների ականավոր գործիչներին և կոլեկտիվներին:

(6-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-103-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

 

Հոդված 7. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը

 

1. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

2. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նշված անձանց:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

Հոդված 8. Հայրենիքի շքանշանը

 

1. Հայրենիքի շքանշանը հանձնվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց:

 

Հոդված 9. Փառքի շքանշանը

 

1. Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:

2. Փառքի շքանշանով պարգևատրվում են օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգևոր առաջնորդները (կրոնական գործիչները):

 

Հոդված 10. Տիգրան Մեծի շքանշանը

 

1. Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար։

2. Տիգրան Մեծի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը։

 

Հոդված 11. «Մարտական խաչ» շքանշանը

 

1. «Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

2. «Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան`

1) «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան.

2) «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան:

3. «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

4. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար:

5. «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` ցուցաբերած արիության համար:

 

Հոդված 12. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը

 

1. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար։

2. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն ու ավագ սպայական կազմի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը։

 

Հոդված 13. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը

 

1. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

2. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվում են գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և հասարակական գործիչներն ու կոլեկտիվները:

 

Հոդված 14. Պատվո շքանշանը

 

1. Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար։

2. Պատվո շքանշանը շնորհվում է պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական գործիչներին, դիվանագիտական ներկայացուցիչներին, հոգևոր առաջնորդներին (կրոնական գործիչներին), բարեգործներին և գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների կոլեկտիվներին:

 

Հոդված 15. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը

 

1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանն ունի երկու աստիճան`

1) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան.

2) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան։

3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է։

4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված ծառայողները և անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:

 

Հոդված 16. Բարեկամության շքանշանը

 

1. Բարեկամության շքանշանը շնորհվում է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

2. Բարեկամության շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, քաղաքական, տնտեսական, հասարակական և կրոնական գործիչները:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

 

Հոդված 17. Արիության մեդալը

 

1. Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար։

2. Արիության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության, մաքսային, հարկային բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև այլ անձինք:

 

Հոդված 18. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը

 

1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար։

2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`

1) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ.

2) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ։

3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է։

4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված ծառայողները և անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:

 

Հոդված 19. Մարտական ծառայության մեդալը

 

1. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար։

2. Մարտական ծառայության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների ծառայողները, ինչպես նաև այլ անձինք:

 

Հոդված 20. Մխիթար Գոշի մեդալը

 

1. Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։

2. Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվում են պետական, հասարակական, քաղաքական գործիչները, գիտնականները, դիվանագիտական գործիչները և իրավաբանները:

3. Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվում են նաև այն անձինք, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի գործում:

(20-րդ հոդվածը լրաց. 07.04.15 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 21. Մխիթար Հերացու մեդալը

 

1. Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար։

2. Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվում են քաղաքացիական և զինվորական բժիշկները, բուժքույրերը, բուժակները, դեղագետները, դեղագործները, բժշկագիտության ոլորտում նշանակալի գործունեություն ծավալած այլ անձինք, ինչպես նաև բարեգործները:

 

Հոդված 22. Անանիա Շիրակացու մեդալը

 

1. Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար։

2. Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են գիտնականները, ճարտարապետները, ճարտարագետները, գյուտարարները և շինարարները։

 

Հոդված 23. Մովսես Խորենացու մեդալը

 

1. Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար։

2. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվում են մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների և կրոնական գործիչները:

 

Հոդված 24. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը

 

1. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։

2. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները, ոստիկանության զորքերի զինծառայողները և ոստիկանության քաղաքացիական ծառայողները.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների կամ պետական կառավարման այլ մարմինների ծառայողները.

3) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

 

Հոդված 25. Երախտագիտության մեդալը

 

1. Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ակնառու ծառայություններ մատուցելու համար:

2. Երախտագիտության մեդալով պարգևատրվում են պետական, հասարակական գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառների գործիչները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ակնառու ծառայություններ մատուցած անձինք:

(25-րդ հոդվածը լրաց. 07.04.15 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 26. «Աշխատանքային վաստակի համար» մեդալը

 

1. «Աշխատանքային վաստակի համար» մեդալը շնորհվում է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային գործունեության այլ ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար։

2. «Աշխատանքային վաստակի համար» մեդալով պարգևատրվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և այլ բնագավառների գործիչները:

 

Հոդված 27. Ծնողական փառքի մեդալը

 

1. Ծնողական փառքի մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ:

2. Ծնողական փառքի մեդալով պարգևատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք կազմում են ընտանիք, վարում են առողջ ապրելակերպ, ապահովում են զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, օրինակ են ծառայում զավակների դաստիարակության և ընտանիքի ամրապնդման գործում:

3. Կենսաբանական ծնողները Ծնողական փառքի մեդալով պարգևատրման կարող են ներկայացվել, եթե լրացել է 6-րդ զավակի 3 տարին:

4. Որդեգրողները Ծնողական փառքի մեդալով պարգևատրման կարող են ներկայացվել որդեգրված զավակների (զավակի) առնվազն 5 տարվա պատշաճ դաստիարակության դեպքում։

5. Ծնողական փառքի մեդալով պարգևատրման ներկայացնելիս հաշվի են առնվում նաև այն զավակները, որոնք զոհվել կամ անհայտ կորել են հայրենիքը կամ Հայաստանի Հանրապետության պետական շահերը պաշտպանելիս, զինվորական, ծառայողական, աշխատանքային կամ քաղաքացիական պարտքը կատարելիս, մահացել են նշված պայմաններում ստացած վնասվածքի կամ հիվանդության հետևանքով։

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 28. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, կոնցերտմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին` ցուցաբերած վարպետության, բարձրարվեստ բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, բեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար:

 

Հոդված 29. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի ականավոր գործիչներին` գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դիզայնի, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման, ինչպես նաև բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու, համընդհանուր ճանաչում ունենալու և ծանրակշիռ վաստակի համար:

 

Հոդված 30. Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է գիտնականներին, գիտական աշխատողներին` արժեքավոր գիտական աշխատությունների, հատկապես կարևոր գիտական հայտնագործությունների և գյուտերի, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 31. Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը շնորհվում է ճարտարապետության բնագավառում մեծ վաստակ ունեցող ճարտարապետներին՝ ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ունեցած ստեղծարար գործունեության, համաժողովրդական ճանաչում ստացած ճարտարապետական համալիրների, շենքերի և շինությունների ստեղծման, ճարտարապետական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 31.1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը շնորհվում է շինարարության բնագավառում մեծ վաստակ ունեցող շինարարներին, ինչպես նաև շինարարական, մոնտաժային, նախագծային, գիտահետազոտական և այլ կազմակերպությունների բարձր որակավորում ունեցող մասնագետներին` շինարարության զարգացման գործում ունեցած զգալի ներդրման, շենքերի և շինությունների կառուցման, շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:

(31.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-103-Ն)

 

Հոդված 32. Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը շնորհվում է առողջապահության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած, մասնագիտական բարձր կարողություններ և հաջողություններ ունեցող, անձնվիրություն ցուցաբերած բժիշկներին` առողջապահության, բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների և մեծ վաստակի համար:

 

Հոդված 33. Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը շնորհվում է իրավաբանության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած իրավաբաններին` իրավագիտության և իրավաբանության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավական պետության ձևավորման և օրենսդրության կատարելագործման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 34. Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 35. Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի գործիչներին, գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դիզայնի, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվեստի գործիչներին և գեղարվեստական արհեստագործության վարպետներին՝ բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 36. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է կոմպոզիտորներին, դիրիժորներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ռեժիսորներին և արվեստի մյուս գործիչներին՝ տվյալ բնագավառում ցուցաբերած վարպետության, արվեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 37.  Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, խմբերգային, երաժշտական, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, բեմադրիչներին, խմբավարներին, կոնցերտմայստերներին, երաժիշտ-կատարողներին, լրագրողներին, գրականության և մշակույթի զարգացման բնագավառներում աչքի ընկնող և վաստակ ունեցող գրողներին, կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի, հրատարակչությունների, թանգարանների, գրադարանների և մշակույթի այլ աշխատողներին՝ արժեքավոր ստեղծագործությունների, բարձր վարպետության, ինչպես նաև մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 38. Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը շնորհվում է նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական և ուսումնադաստիարակչական հաստատություններում առնվազն 15 տարի աշխատած ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին և աշխատակիցներին` մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած նշանակալի հաջողությունների և ակնառու վաստակի համար:

 

Հոդված 39. Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը շնորհվում է մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող, մասնագիտական բարձր վարպետությամբ աչքի ընկած լրագրողներին, հրապարակախոսներին, խմբագրական այլ աշխատողներին՝ ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 40. Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը շնորհվում է արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկայի բնագավառներում առնվազն 15 տարի աշխատած, բարձր որակավորում ունեցող աշխատողներին` արդյունավետ տնտեսական գործունեության, կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 41. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները

 

1. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները շնորհվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի գործիչներին, աշխատողներին, մարզիչներին և մարզիկներին՝ հայրենի սպորտի զարգացումը խթանելու, միջազգային մրցաշարերում և օլիմպիադաներում մարզիկների ձեռքբերումներին և նվաճումներին նպաստելու, բարձրակարգ մարզական կադրեր պատրաստելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում գիտամանկավարժական, մեթոդական, կազմակերպական ակնառու գործունեություն ծավալելու, մանկապատանեկան սպորտի զարգացման, բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպման գործում ունեցած վաստակի համար:

 

Հոդված 42. Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը շնորհվում է երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվներին՝ գիտության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԿԱՄ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ

 

Հոդված 43. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հանձնման կարգը, դրանց նկարագրությունների և նմուշների հաստատումը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը։

2. Զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական պարգևները կարող են հանձնվել զորամասում կամ ծառայության այլ վայրում:

3. Պարգևատրված անձին Հայաստանի Հանրապետության պետական պարգևի հետ հանձնվում են նաև համապատասխան շերտաձողիկ և վկայական, իսկ պատվավոր կոչումներ շնորհված անձանց՝ շնորհագիր, կրծքանշան ու վկայական:

4. Պետական պարգևների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների նմուշները, պետական պարգևների շերտաձողիկների նկարագրությունները և նմուշները, ինչպես նաև պատվավոր կոչումների շնորհագրի և կրծքանշանների նկարագրությունները և նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

5. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար և ֆիզիկական անձինք, ստեղծագործական միությունները, գիտական ընկերությունները, հասարակական և այլ կազմակերպությունները չեն կարող հիմնել շքանշաններ, իսկ նրանց հիմնած մեդալների կամ կրծքանշանների նմուշները չպետք է շփոթության աստիճանի նման լինեն Հայաստանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին և պատվավոր կոչման կրծքանշաններին։

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված մարմինների և կազմակերպությունների հիմնած մեդալների անվանումների մեջ պետք է նշվի համապատասխան մարմնի կամ կազմակերպության անվանումը:

7. Հետմահու պարգևատրման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական պարգևը շերտաձողիկի և վկայականի հետ հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին։

 

Հոդված 44. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները կրելու կարգը

 

1. Պետական պարգևները կրում են կրծքի աջ կամ ձախ կողմում, բացառությամբ Փառքի շքանշանի և Պատվո շքանշանի:

2. Կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, կրում են Հայրենիքի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը, Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը և Ծնողական փառքի մեդալը: Կրծքի ձախ կողմում՝ ըստ պարգևատրման հերթականության, կրում են Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը և Մովսես Խորենացու մեդալը՝ Մարտական ծառայության մեդալից հետո:

3. Կրծքի աջ կողմում՝ ըստ հերթականության, կրում են Տիգրան Մեծի շքանշանը, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը և Բարեկամության շքանշանը:

4. Փառքի շքանշանը կրում են աջ ուսից դեպի ձախ կոնք ձգվող ժապավենի վրա:

5. Պատվո շքանշանը կրում են պարանոցին՝ կախազարդի տեսքով:

6. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված շքանշանները և մեդալները կրում են աջից ձախ, իսկ 5-րդ մասում նշված շքանշանները՝ ձախից աջ հաջորդականությամբ:

 

Հոդված 45. Պետական պարգևներով պարգևատրված և պատվավոր կոչումների արժանացած անձանց իրավունքներն ու պարտականությունները

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք ունեն շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները մշտապես կրելու իրավունք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում օգտվում են արտոնություններից։

2. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված՝ զոհված անձի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից:

3. Հայաստանի Հանրապետության «ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք պարտավոր են խնամքով պահպանել Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները։

5. Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք Հայաստանի Հանրապետության պետական պարգևից կամ պատվավոր կոչումից կարող են զրկվել միայն դատական կարգով:

6. Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձի մահվան դեպքում շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ հանձնվել թանգարաններին։

7. Շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները թանգարաններին են հանձնվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գիտությամբ։ Թանգարանները պատշաճ պայմաններ են ստեղծում Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշանների, մեդալների և կրծքանշանների պահպանման համար:

8. Եթե պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձը չունի ժառանգներ, ապա նրա մահվանից հետո շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։

9. Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները կորցնելու դեպքում պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք պահպանում են իրենց իրավունքները։

10. Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և կրծքանշանների և դրանց կրկնօրինակների կորստի դեպքում կրկնօրինակներ չեն տրվում, բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի։

11. Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և կրծքանշանների կրկնօրինակները տրվում են այն դեպքում, եթե դրանք կորել կամ ոչնչացել են մարտական պայմաններում, արտակարգ իրավիճակների հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել։

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված հանգամանքներում շքանշանների, մեդալների, կրծքանշանների և դրանց վկայականների կորստի կամ ոչնչանալու դեպքում դրանց կրկնօրինակներ ստանալու համար գրավոր դիմում է ներկայացվում պարգևատրման կամ շնորհման միջնորդություն ներկայացրած մարմին, իսկ եթե պարգևատրումը կամ շնորհումը կատարվել է առանց միջնորդության՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:

13. Միջնորդություն ներկայացրած մարմինը շքանշանի, մեդալի և կրծքանշանի կորստի մասին դիմումն ուսումնասիրելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, համապատասխան փաստաթղթերը տեղեկանքի հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։

14. Կորած շքանշանների, մեդալների, կրծքանշանների և դրանց վկայականների կրկնօրինակները պետական պարգևներով պարգևատրված և պատվավոր կոչումների արժանացած անձանց հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը։

15. Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս իրավունք ունեն դուրս տանելու Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները և կրծքանշանները՝ դրանց վկայականների առկայության դեպքում:

 

Հոդված 46. Հայաստանի Հանրապետության շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները դրա իրավունքը չունեցող անձի կողմից կրելու, գնելու, վաճառելու, պատրաստելու, փոխանակելու կամ այլ կերպ իրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների կամ պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի նմանություն ունեցող նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ և կրծքանշաններ պատրաստելու, կրելու, գնելու, վաճառելու, փոխանակելու կամ այլ կերպ իրացնելու արգելքը

 

1. Արգելվում է Հայաստանի Հանրապետության շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները դրա իրավունքը չունեցող անձի կողմից կրելը, գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը:

2. Արգելվում է այնպիսի նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ և կրծքանշաններ կրելը, գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը, որոնք շփոթության աստիճանի նման են Հայաստանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին և պատվավոր կոչման կրծքանշաններին։

3. Հայաստանի Հանրապետության շքանշանի, մեդալի և պատվավոր կոչումների կրծքանշանի նկատմամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված ապօրինի գործողություններն առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն։

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 47. Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արիության մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-65, «Մարտական ծառայության մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-66, «Մխիթար Գոշի մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-67, «Մխիթար Հերացու մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-68, «Անանիա Շիրակացու մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-69, «Մովսես Խորենացու մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-70, «ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևներով պարգևատրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-71, «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-72, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-95, «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-96, «Մարտական խաչ շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-97, «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-76, «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի ՀՕ-354-Ն, «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի ՀՕ-355-Ն, «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-105-Ն, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-111-Ն, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-112-Ն, «Փառքի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-1-Ն օրենքները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով ուժը կորցրած ճանաչված օրենքներով սահմանված դեպքերում և կարգով շնորհված պարգևները պահպանում են իրենց ուժը, իսկ դրանցով պարգևատրված անձինք շարունակում են օգտվել օրենքով սահմանված իրենց իրավունքներից:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նախկինում շնորհված ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևները պահպանում են իրենց ուժը:

5. ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից:

6. Անձանց և կոլեկտիվներին՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված պատվավոր կոչումները պահպանում են իրենց ուժը և հավասարեցվում են դրանից հետո շնորհված պատվավոր կոչումներին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-100-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան