ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հունիսի 13-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.1-ին հոդվածով.
«Հոդված 47.1. | Ջրային, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, կառույցների, դրանցով զբաղեցված հողերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքի գրանցման առանձնահատկությունները |
1. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրերի շրջանակներում՝
1) պետական սեփականություն հանդիսացող՝ ջրային, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտները, կառույցները, դրանցով զբաղեցված հողերը համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու նպատակով իրավաբանական անձին օտարելու գործարքի և տվյալ իրավաբանական անձի կողմից իր իրավունքը համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու գործարքի հիման վրա գրանցման ենթակա է համայնքի սեփականության իրավունքը՝ առանց գույքի նկատմամբ իրավաբանական անձի իրավունքի պետական գրանցման.
2) Հայաստանի Հանրապետության համայնքի սեփականություն հանդիսացող՝ ջրային, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտները, կառույցները, դրանցով զբաղեցված հողերը պետությանը սեփականության իրավունքով փոխանցելու նպատակով իրավաբանական անձին օտարելու գործարքի և տվյալ իրավաբանական անձի կողմից պետությանը իր իրավունքը սեփականության իրավունքով փոխանցելու գործարքի հիման վրա գրանցման ենթակա է պետության սեփականության իրավունքը՝ առանց գույքի նկատմամբ իրավաբանական անձի իրավունքի պետական գրանցման:
2. Սույն հոդվածում նշված գործարքների նկատմամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է իրավաբանական անձի կողմից պետությանը կամ համայնքին իրավունքի փոխանցման գործարքի կնքման օրվանից:
3. Սույն օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պահանջը չի տարածվում սույն հոդվածով սահմանված՝ իրավաբանական անձի կողմից պետությանը կամ համայնքին իրավունքի փոխանցման գործարքի վրա։
4. Սույն հոդվածով սահմանված կանոնները տարածվում են նաև սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված՝ ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող գործարքների նկատմամբ։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-104-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|