ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի ապրիլի 7-ին
«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-254-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով.
«6.1) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.
6.2) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.»։
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը Խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում է խրախուսման և պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Տեսչական մարմնի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է, ինչպես նաև նրա (նրանց) նկատմամբ խրախուսման և կարգապահական տույժի միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:».
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում Խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը.».
4) 5-րդ մասի 5-րդ կետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «Խորհրդի հավանությանն արժանացած» բառերով.
5) 5-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. ապրիլի 26 Երևան ՀՕ-35-Ն |