Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-27-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (12.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.03.02/16(1196) Հոդ.141
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.02.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.02.2016
Дата вступления в силу
12.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի փետրվարի 3-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ կետով.

 

«27) նպատակային ուսուցում` մասնագիտական կրթական ծրագրերով պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները, այդ թվում՝ սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցում:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողն ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը: Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը «հաստատությունների» բառից հետո լրացնել «նպատակային ուսուցմամբ ուսանողներին, այդ թվում՝» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

 2016 թ. փետրվարի 23

Երևան

ՀՕ-27-Ն