Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-194-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.30/91(1180) Հոդ.1212
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.12.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2015
Дата вступления в силу
30.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասում՝

 

1) «կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ» բառերը փոխարինել «փախստականի նույնականացման քարտ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Անձին նույնականացման քարտ տրամադրելուց հետո Ոստիկանությունը անձը հաստատող վկայականը վերադարձնում է լիազոր մարմին:»:

 

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 30.

Փախստականի նույնականացման քարտը

 

1. Փախստականի նույնականացման քարտը փախստականի անձը և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:

2. Ոստիկանությունը փախստականներին, սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, տրամադրում է փախստականի նույնականացման քարտ: Մինչև 16 տարեկան փախստականին փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է երեք տարի, իսկ 16 տարին լրացած փախստականին` 10 տարի վավերականության ժամկետով:

3. Փախստականի նույնականացման քարտը պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց` փաստաթղթի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր և էլեկտրոնային փոստ: Փախստականի նույնականացման քարտի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստը հասանելի է ակտիվացման պահից: Նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Փախստականի նույնականացման քարտ ստանալու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) անձը հաստատող լուսանկարով որևէ փաստաթուղթ (առկայության դեպքում).

3) լիազոր մարմնի կողմից տրված՝ ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը.

4) լիազոր մարմնի որոշումը տվյալ անձին փախստական ճանաչելու մասին.

5) պետական տուրքի վճարման անդորրագիր:

5. Փախստականի նույնականացման քարտը փոխանակելու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա փախստականի նույնականացման քարտը.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր:

6. Փախստականի նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար անձը լուսանկարվում է Ոստիկանությունում: Անհատական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով փախստականի նույնականացման քարտ ստանալիս անձը Ոստիկանությունում հանձնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները, իսկ դրանք ստանալու անհնարինության դեպքում կատարվում է համապատասխան նշում Ոստիկանության կողմից վարվող անհատական տվյալների էլեկտրոնային բազայում: Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` փախստականի նույնականացման քարտ տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից:

7. Եթե փախստականի նույնականացման քարտի վրա անձի ստորագրության բացակայությունը պայմանավորված է անձի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին փախստականի նույնականացման քարտի էլեկտրոնային պահոցում կատարվում է համապատասխան նշում:

8. Փախստականի նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները Ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Փախստականի նույնականացման քարտի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Գործունակ անձը փախստականի նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

11. Անգործունակ ճանաչված անձանց փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է նաև խնամակալ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի պատճենը: Սահմանափակ գործունակ ճանաչված անձին փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված փախստականին սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ առավել սեղմ ժամկետներում՝ գանձվող վճարի դիմաց, փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ: Առաջին խմբի հաշմանդամները փախստականի նույնականացման քարտ իրավունք ունեն ստանալու (փոխանակելու) նաև ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է անձի հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը: Սույն կետով նախատեսված դեպքերում, եթե խնամակալը կամ հոգաբարձուն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա դիմումի վրա վերջինիս ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

12. Մինչև 16 տարեկան երեխային փախստականի նույնականացման քարտ տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

13. Փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ դիմումը ներկայացնող անձի ցանկությամբ՝ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

14. Փախստականի նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-30.4-րդ հոդվածներով.

 

«Հոդված 30.1.

Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը

 

1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար:

2. Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` նույնականացման քարտի հիման վրա: Մինչև 16 տարեկան փախստականներին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է երեք տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած փախստականներին` 10 տարի վավերականության ժամկետով:

3. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց` փաստաթղթի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է փաստաթղթում ամրագրված անհատական տվյալները և լուսանկարը, ստորագրությունը, աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները, սույն օրենքով նախատեսված դեպքերում` աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները: Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմներն ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները: Եթե կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում անձի կենսաչափական տվյալների ոչ լրիվությունը կամ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը պայմանավորված է նրա ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին փաստաթղթում կատարվում է համապատասխան նշում: Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից:

4. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) փախստականի նույնականացման քարտ.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր:

5. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակելու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր:

6. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու (փոխանակելու) համար անձը լուսանկարվում և մատնադրոշմները հանձնում է Ոստիկանությունում:

7. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը պետք է համապատասխանի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջներին:

8. Գործունակ անձը կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

9. Անգործունակ, սահմանափակ գործունակ ճանաչված անձինք, ինչպես նաև առաջին խմբի հաշմանդամները կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանում են սույն օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:

10. Մինչև 16 տարեկան երեխային կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:

11. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ դիմում ներկայացնող անձի ցանկությամբ՝ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

12. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

13. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները Ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը և կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 30.2.

Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակելու հիմքերը և ժամկետները

 

1. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում են՝

1) փաստաթղթում պարունակվող տեղեկությունները փոխվելու դեպքում.

2) օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում.

3) վավերականության ժամկետը լրանալու դեպքում.

4) փաստաթղթում ոչ ճիշտ տվյալների առկայության դեպքում.

5) եթե անձը նման ցանկություն է հայտնել:

2. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում է նաև այն դեպքում, երբ լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված փաստաթղթի էջերը:

3. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում են 15 աշխատանքային օրվա ընթացքում կամ դիմումը ներկայացնող անձի ցանկությամբ՝ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 30.3.

Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն անվավեր ճանաչելու հիմքերը

 

1. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն անվավեր են ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) լրացել է փաստաթղթի վավերականության ժամկետը.

2) ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով չեղյալ է հայտարարվել կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում է կայացվել.

3) անձը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր.

4) փաստաթուղթը կորել է.

5) փաստաթուղթը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

6) փաստաթուղթը կեղծվել է.

7) փաստաթուղթը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

8) անձը փաստաթուղթը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում.

9) անձը մահացել է:

2. Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցրած անձն այդ մասին հայտնում է Ոստիկանություն՝ փախստականի նույնականացման նոր քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար: Նույնականացման քարտի կորստյան դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած՝ փախստականի նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձին, իր ցանկությամբ, մինչև փախստականի նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական, որի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող անձը կորցրել է իր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը համարվում են անվավեր, իսկ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր են ճանաչվում Ոստիկանության որոշմամբ:

5. Մահացած փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը հանձնվում են մահվան պետական գրանցումն իրականացնող մարմին:

 

Հոդված 30.4.

Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են վերցնել փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, եթե առկա են դրանք անվավեր ճանաչելու` սույն օրենքի 30.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 6-7-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ անձն օգտագործում է այլ անձի պատկանող փախստականի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելուց հետո անմիջապես անձին տրվում է վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

3. Փախստականի վերցված նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանցվում է Ոստիկանություն, բացի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերից:

4. Կասկածյալի կամ մեղադրյալի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: Կասկածյալի կամ մեղադրյալի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո` անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պահվում է պատիժը կատարող մարմնում և անձին վերադարձվում է պատիժը կրելուց հետո՝ անմիջապես:

5. Արգելվում է փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելը (բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:»:

 

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «կոնվենցիոն» բառից առաջ լրացնել «փախստականի նույնականացման քարտ և» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասըուղղ. «կոնվենցիոն» բառից առաջ լրացնել «փախստականի նույնականացման քարտ և» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում՝

 

1) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Ոստիկանությունն այս անձանց տրամադրում է «փախստականի նույնականացման քարտ».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Փախստականի նույնականացման քարտ ստացած փախստականի ընտանիքի անդամների դիմումի հիման վրա Ոստիկանությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:»:

 

Հոդված 8. Օրենքի 58-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանությունը լիազոր մարմնի որոշման հիման վրա 15 աշխատանքային օրվա ընթացքում փախստականին տրամադրում է փախստականի նույնականացման քարտ` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն: Փախստականի նույնականացման քարտ ստացած փախստականի դիմումի հիման վրա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում:».

2) 2-րդ մասի «կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ» բառերը փոխարինել «փախստականի նույնականացման քարտ» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 62-րդ հոդվածի 7-րդ մասում «կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով» բառերը փոխարինել «փախստականի նույնականացման քարտով» բառերով:

 

Հոդված 10

Անցումային դրույթներ

 

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ոստիկանության կողմից փախստականին տրված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը համարվում է վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և շարունակում է գործել մինչև դրանում նշված ժամկետի ավարտը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ոստիկանության կողմից փախստականներին տրված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարող է փոխանակվել փախստականի նույնականացման քարտով «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում: Սույն մասում նշված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականի նույնականացման քարտով փոխանակելու համար անձը Ոստիկանություն է ներկայացնում դիմում, փոխանակման ենթակա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և փախստականի նույնականացման քարտի փոխանակման համար օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիր:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 16 տարեկան փախստականներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1417-Ն որոշմամբ նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերը:

4. Սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` վեցամսյա ժամկետում:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-194-Ն