Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-242-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.31
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.12.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2014
Дата вступления в силу
02.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և գործողության շրջանակը

 

1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետություններ ապրանքների արտահանման, այդ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) անձանց կողմից ԵՏՄ տարածքում այլ՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) անձանց (կամ հակառակը) ծառայությունների մատուցման դեպքերում անուղղակի հարկերի (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի) հաշվարկման և վճարման կարգի առանձնահատկությունները՝ որպես 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» 18-րդ հավելվածով ներկայացված արձանագրությամբ (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի մասին» արձանագրություն) ամրագրված կարգավորումների բացառություններ:

2. Սույն օրենքի գործողությունը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորման առարկայի և գործողության շրջանակի մասով տարածվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ԱԱՀ վճարող համարվող և ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձանց, ԱԱՀ-ին փոխարինող՝ շրջանառության հարկ, հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող համարվողների, ինչպես նաև ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 2. Ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկման բազաները (հարկվող շրջանառությունները)

 

1. Արտահանվող ապրանքների համար՝

1) ԱԱՀ-ով հարկման բազա (հարկվող շրջանառություն) է համարվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքը.

2) ակցիզային հարկով հարկման բազա են համարվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքը և (կամ) «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ չափման բնաիրային միավորները:

 

Հոդված 3. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորող փաստաթղթերը

 

1. «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 3-րդ և 4-րդ կետերի կիրառության իմաստով Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորելու համար արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում միայն հետևյալ փաստաթղթերը.

1) արտահանողի լրացրած՝ արտահանման հարկային հայտարարագիրը.

2) ներմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի հաստատած՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը կամ մեկից ավելի արտահանումների դեպքում՝ հայտարարությունների ցանկը, իսկ եթե ապրանքները ներմուծման պետությունում ձևակերպվում են «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով, ապա հայտարարության (հայտարարությունների ցանկի) փոխարեն արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում ներմուծման պետության մաքսային մարմնի վավերացրած մաքսային հայտարարագրի պատճենը, որի համաձայն, ներմուծված ապրանքները ձևակերպվել են «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով:

 

Հոդված 4. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման ժամկետները

 

1. «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 5-րդ և 6-րդ կետերի կիրառության իմաստով արտահանվող ապրանքների բեռնառաքման (փոխանցման) օր է համարվում ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում:

3. Արտահանվող ապրանքների մասով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հարկային մարմնի կողմից ընդունված է համարվում սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված բոլոր փաստաթղթերը միաժամանակ հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը:

4. Եթե արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին չի ներկայացնում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը), ապա հարկային մարմինը արտահանողի ներկայացրած դիմումի հիման վրա որոշում է ընդունում արտահանման գործարքի գծով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավոր համարելու մասին, եթե հարկային մարմնում առկա է ներմուծման պետության հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով տրված հավաստումն այն մասին, որ ներմուծման գործարքի գծով անուղղակի հարկերն ամբողջությամբ վճարված են, կամ ներմուծման գործարքն ազատված է անուղղակի հարկերից, կամ անուղղակի հարկերի վճարումը հետաձգվում է 180 օրը գերազանցող ժամկետով: Սույն մասով նախատեսված որոշումը հարկային մարմինն ընդունում է այն օրվա դրությամբ, որ օրը միաժամանակ առկա են արտահանողի դիմումը և ներմուծման պետության հարկային մարմնի հավաստումը:

 

Հոդված 5. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու ժամկետները չպահպանելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները

 

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում (բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի) արտահանված ապրանքների՝ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքի նկատմամբ առաջադրվում է ԱԱՀ՝ 20 տոկոս դրույքաչափով և ակցիզային հարկ՝ համապատասխան ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածքում օտարելու համար «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույքաչափերով:

2. (մասն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-159-Ն)

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկային պարտավորության ծագման օր է համարվում ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 181-րդ օրը:

4. Արտահանողը սույն հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված հարկի գումարներից կարող է «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով կատարել ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գծով պակասեցումներ:

5. Սույն հոդվածին համապատասխան հաշվարկված՝ պետական բյուջե չվճարված (պակաս վճարված) հարկերի գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

6. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացնելու դեպքում արտահանված ապրանքների մասով՝

1) առաջադրված և դեռևս չվճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարների գծով պարտավորությունը այդ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող օրը դադարում է.

2) առաջադրված և վճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները ենթակա են մուտքագրման միասնական հաշվին:

Սույն մասով նախատեսված դեպքերում սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տույժերը վերահաշվարկման և (կամ) վերադարձման ենթակա չեն:

(5-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-159-Ն)

 

Հոդված 5.1. Ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարների գծով առաջացած և կատարված հարկային պարտավորության գումարների՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը

 

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաև արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման այլ հարկային պարտավորությունների դիմաց կամ վերադարձման՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկով հարկման ենթակա՝ արտահանված ապրանքների օտարման մասով ակցիզային հարկի գումարների՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:

(5.1-ին հոդվածը լրաց. 24.11.15 ՀՕ-159-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 6. Ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկման բազաները (հարկվող շրջանառությունները)

 

1. «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 14-16-րդ կետերի կիրառության իմաստով ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկման բազաները որոշվում են այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվա դրությամբ: Հարկման բազաները արտարժույթով արտահայտված լինելու դեպքում վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ ելնելով ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

2. Հիմք ընդունելով «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 18-րդ կետը՝ ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման նպատակով, բացի «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 14-րդ կետով նախատեսված՝ ներմուծվող ապրանքների ձեռք բերման արժեքից, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկման բազայում ներառվում են նաև՝

1) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը.

2) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքներ ձեռք բերելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային ծախսերի.

3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ ներմուծվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`

ա. ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,

բ. ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,

գ. ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,

դ. ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և, ներմուծման երկրից բացի, այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.

4) գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.

5) տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.

6) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:

3. (մասն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-159-Ն)

4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

(6-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-159-Ն)

 

Հոդված 7. Ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների վճարումը

 

1. «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 19-րդ կետի կիրառության իմաստով ներմուծվող ապրանքների հաշվառման օր է համարվում ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը:

2. Ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները (բացառությամբ ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարների) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից:

3. Ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման համար հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ:

4. Ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում այդ գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

5. (մասն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-159-Ն)

(7-րդ հոդվածը լրաց. 26.02.15 ՀՕ-6-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-159-Ն)

 

Հոդված 8. Ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը

 

1. «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 20-րդ կետի կիրառության իմաստով ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը.

1) ներմուծողի լրացրած՝ ներմուծման հարկային հայտարարագիրը.

2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՆՑ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍԵՑՈՒՄԸ 

(վերնագիրը խմբ. 24.11.15 ՀՕ-159-Ն)

 

Հոդված 9. Ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների վերադարձը և (կամ) դրանց հաշվին պարտավորությունների, ինչպես նաև ապրանքների ներմուծման գործարքների մասով վճարված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների պակասեցումը

(վերնագիրը խմբ. 24.11.15 ՀՕ-159-Ն)

 

1. Ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների վերադարձը և (կամ) պարտավորությունների պակասեցումը իրականացվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված կարգով, դեպքերում և չափերով, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով նախատեսված են առանձնահատկություններ, որոնց ժամանակ կիրառվում են սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:

2. Ապրանքների ներմուծման գործարքների մասով սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի ու ակցիզային հարկի գումարները, «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և չափերով ենթակա են համապատասխան հարկատեսակի գծով հարկային պարտավորությունից պակասեցման՝ դրանց վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով:

(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.11.15 ՀՕ-159-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 10. Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վայրը

 

1. Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վայրը որոշվում է «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 29-րդ կետով սահմանված կարգով:

2. Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկումն իրականացվում է այն պետությունում, որը համարվում է աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վայր:

 

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը և տարածվում է այդ օրվանից հետո ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման և Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) անձանց կողմից ԵՏՄ տարածքում այլ՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) անձանց (կամ հակառակը) ծառայությունների մատուցման գործարքների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-242-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2015, ՀՕ-159-Ն 01.01.2016, ՀՕ-242-Ն
26.02.2015, ՀՕ-6-Ն 19.03.2015, ՀՕ-242-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան