Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-154-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2018-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.12.29/31(543).1 Հոդ.1119
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.11.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.12.2015
Дата вступления в силу
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13.10-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը «վճարվող» բառից հետո լրացնել «(հաշվարկվող)» բառով, իսկ նույն մասի «հաշվարկման» բառը փոխարինել «վճարման (հաշվարկման)» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները՝

1) յուրաքանչյուր հաշվետու տարվա համար մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի հաշվետվություն` գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառության վերաբերյալ.

2) յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվարկ՝ սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված եկամուտների և դրանց մասով վճարված եկամտային հարկի վերաբերյալ:»:

 

Հոդված 2. Օրենքի 16.1-րդ և 16.2-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը «չափով» բառից հետո լրացնել «, եթե սույն օրենքի 1-ին հավելվածով այլ կարգավորումներ սահմանված չեն» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) «15 լրացած օրվա համար» բառերից հետո լրացնել «(անկախ աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր համարվելու հանգամանքից)» բառերով.

 2) հանել «, իսկ 15 օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածում «ավելացված արժեքի հարկի հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկին վերաբերող մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 28.3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է» նախադասությունը:

 

Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 33. Միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկային մարմին ներկայացված հարկ վճարողի դիմումի հիման վրա, այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Գումարը վերադարձվում է դիմումում նշված գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան վերադարձման օրվա դրությամբ միասնական հաշվում առկա գումարի չափից:

Միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:

Գումարի վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով:»:

 

Հոդված 9. Օրենքի հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված 1

«Հարկերի մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ընդհանուր դրույթներ

1) Սույն հավելվածով կարգավորվում են հարկային մարմնի կողմից վերահսկվող պետական բյուջեի եկամուտների հաշվառման և միասնական հաշվից հարկ վճարողի պարտավորությունների մարման և գումարների վերադարձման հետ կապված հարաբերությունները:

2) Սույն հավելվածում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով.

հարկային մարմնի կողմից վերահսկվող պետական բյուջեի եկամուտներ՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկեր, այդ թվում` հաստատագրված վճարներ, արտոնագրային վճարներ (այսուհետ՝ հարկեր), վճարներ, տույժեր, տուգանքներ, ակցիզային դրոշմանիշերի, հսկիչ նշանների, դրոշմապիտակներ ձեռք բերելու համար վճարվող գումարներ, վնասի հատուցման գումար, որոնց հաշվարկման և վճարման (գանձման) կարգի նկատմամբ հսկողությունը (վերահսկողությունը) իրականացնում է հարկային մարմինը.

վճարներ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված սոցիալական վճար, բնապահպանական վճար, բնօգտագործման վճար, ճանապարհային վճար, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար.

վճարող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող պետական բյուջեի եկամուտներ վճարելու պարտավորություն կրող անձ.

պարտավորություն` հարկային մարմնի կողմից վերահսկվող պետական բյուջեի եկամուտների գծով հարկ (վճար), տույժ, տուգանք, վնասի հատուցման գումար.

ապառք` օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետում հարկի և վճարի չմարված գումար.

դեբետային գումար` օրենքով սահմանված կարգով հաշվանցման արդյունքում առաջացած՝ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված հարկի դեբետային գումար.

միասնական հաշիվ` վճարողների պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.

միասնական հաշվի գումար՝ գումար, որով օրենքով սահմանված կարգով կարող են մարվել վճարողի պարտավորությունները, և կարող է առաջանալ՝

ա. միասնական հաշվին կատարված վճարումից,

բ. հարկային հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացումից,

գ. դատարանի վճռի կատարման կամ գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում պարտավորության պակասեցումից կամ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից,

դ. ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով պարտավորության պակասեցումից կամ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից,

ե. ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով` ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով արձանագրված (հիմնավորված) միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարներից,

զ. ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում` օրենքով սահմանված կարգով այլ պարտավորությունների դիմաց միասնական հաշվին մուտքագրման ենթակա ակցիզային հարկի գումարից,

է. ակցիզային հարկով հարկված հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում` օրենքով սահմանված կարգով հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարից.

հարկային հաշվարկ՝ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող հաշվարկ, հաշվարկ-հաշվետվություն, հաշվետվություն, հայտարարագիր, հայտարարություն, տեղեկություն, որոնք ներառում են տվյալներ հարկի կամ վճարի գումարի հաշվարկման մասին.

ճշտված հարկային հաշվարկ՝ նույն հաշվետու ժամանակաշրջանի (իսկ ներմուծման հարկային հայտարարագրերի և արտահանման հարկային հայտարարագրերի մասով՝ նույն գործարքի) համար մեկից ավելի ներկայացված հարկային հաշվարկներից (բացառությամբ հաստատագրված վճարի և արտոնագրային վճարի հաշվարկների) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հարկային հաշվարկ, իսկ մյուսները` ճշտված հարկային հաշվարկ:

3) Պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում յուրաքանչյուր հարկ վճարողի համար բացվում և վարվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

2. Չափման միավորը

Հարկային հաշվարկներում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից կազմվող և հարկ վճարողին տրվող ծանուցագրերում, տեղեկանքներում, արձանագրություններում, ստուգման ակտերում և այլ փաստաթղթերում վճարողի պարտավորությունների գումարների, հաշվանցվող գումարների և վերադարձման ենթակա գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (լումաներն անտեսվում են):

3. Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակահատվածը)

1) Հաշվետու ժամանակաշրջանը (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) վերաբերում է միայն հարկային հաշվարկներին (բացառությամբ ներմուծման հարկային հայտարարագրերի և արտահանման հարկային հայտարարագրերի, հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի (կամ տվյալների) կամ ելակետային տվյալի (կամ տվյալների) և ուղղիչ գործակցի (կամ գործակիցների) մասին հայտարարությունների կամ արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությունների (կամ դիմում-հայտարարությունների), իսկ ժամանակահատվածը` ինչպես հարկային այլ փաստաթղթերին, այնպես էլ վճարման վերջնաժամկետներին:

Հարկային հաշվարկները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, բացառությամբ հարկ վճարողի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքի:

2) Որևէ հաշվետու ժամանակաշրջան (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից, իսկ նոր ստեղծված՝ պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կամ անհատ ձեռնարկատերերի համար՝ պետական գրանցման կամ հաշվառման պահից:

3) Որևէ հաշվետու ժամանակաշրջան (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրը, ռեզիդենտ կազմակերպությունների լուծարման դեպքում` լուծարման օրը, իսկ ոչ ռեզիդենտ կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում՝ գործունեության դադարեցման օրը:

4) Եթե հարկային հաշվարկների ներկայացման կամ պարտավորությունների կատարման վերջնաժամկետները համընկնում են տոն կամ ոչ աշխատանքային օրվա հետ, կամ աշխատանքային օրը տեղափոխվում է այլ օր, ապա վերջնաժամկետները ևս տեղափոխվում են հաջորդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը

1) Հարկային հաշվարկով առաջացած պարտավորությունները և դեբետային գումարները հարկային մարմնում հաշվառվում են հաշվարկի ներկայացման ամսաթվով, արտոնագրային վճարի պարտավորությունը հաշվառվում է արտոնագրային վճարով հարկվող գործունեության իրականացման ժամանակահատվածի սկզբի ամսաթվով, իսկ հաստատագրված վճարի պարտավորությունը` հաստատագրված վճարով հարկվող գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին օրով, սակայն տույժերը հաշվարկվում են հարկի (վճարի) գումարի վճարման օրենքով սահմանված վերջնաժամկետից:

Հաստատագրված վճարով հարկվող գործունեության իրականացման ամսվան վերաբերող հայտարարությունը օրենքով սահմանված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում պարտավորությունը հաշվառվում է հայտարարության ներկայացման ամսաթվով, սակայն տույժերը հաշվարկվում են հաստատագրված վճարի գումարների վճարման օրենքով սահմանված վերջնաժամկետից:

2) Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկով առաջացող պարտավորությունը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դրական տարբերությունը հաշվառվում է որպես պարտավորություն, իսկ բացասական տարբերությունը` որպես դեբետային գումար (պարտավորությունից նվազեցվող գումար):

3) Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկով առաջացող դեբետային գումարը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դեբետային գումարի դրական տարբերությունը հաշվառվում է որպես դեբետային գումար (պարտավորությունից նվազեցվող գումար), իսկ բացասական տարբերությունը` որպես պարտավորություն:

4) Օրենքով սահմանված կանխավճարները հաշվառվում են դրանց վճարման վերջնաժամկետներով:

5) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում պարտավորությունների (այդ թվում՝ կանխավճարների) կամ դեբետային գումարների փոփոխության դեպքում վերահաշվարկ կատարվում է միայն այն հարկի (վճարի) գծով, որին վերաբերում է փոփոխությունը: Սույն կետում նշված փոփոխության արդյունքում առաջացած միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները հարկային մարմինը մուտքագրում է հարկ վճարողի միասնական հաշվին, իսկ պարտավորության առաջացման դեպքում սկզբնական հարկի (վճարի) վճարման վերջնաժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր: Սույն կետում նշված սկզբունքը կիրառվում է նաև սույն կարգի 6-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում:

5. Ստուգման ակտերով (ուսումնասիրության արձանագրություններով, վարչական ակտերով) առաջացող պարտավորությունների, դեբետային գումարների հաշվառումը

1) Հարկային մարմինների կողմից հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով արձանագրված՝ պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի պարտավորությունները և դեբետային գումարները հաշվառվում են համապատասխանաբար ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության, վարչական ակտի) կազմման ամսաթվով, բայց ոչ ուշ, քան ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) անցկացման հիմք հանդիսացող հանձնարարագրի (որոշման) փակման օրը՝ առանց այդ օրվա դրությամբ առկա մնացորդների փոփոխման:

2) Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը և տուգանքները հաշվարկվում են մինչև ստուգման ակտի կազմման օրը՝ առանց հաշվի առնելու դեբետային գումարները (այդ թվում` նույն ստուգմամբ (ուսումնասիրությամբ) արձանագրված լրացուցիչ դեբետային գումարները):

3) Հարկի (վճարի) կանխավճարների լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:

4) Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) առաջադրված գումարների վճարման` օրենքով սահմանված 10-օրյա ժամկետի համար այդ գումարների մասով տույժեր չեն հաշվարկվում:

6. Վերստուգման (կրկնակի ստուգման) ակտերով, գանգատարկման հանձնաժողովի և դատարանի որոշումների հիման վրա վերահաշվարկվող գումարների հաշվառումը

1) Վերստուգման ակտի կազմման օրով հաշվառվում են վերստուգման և նախորդ ստուգման (կամ վերստուգման) արդյունքների գումարային տարբերությունները` սույն հավելվածի 5-րդ մասին համապատասխան (անկախ խախտման տեսակների փոփոխումը հաշվի առնելուց):

2) Եթե գանգատարկման հանձնաժողովի կամ դատարանի որոշմամբ ստուգման (կամ վերստուգման) ակտը, ուսումնասիրության արձանագրությունը կամ վարչական ակտը չեղյալ են համարվում, ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դեպքերով պայմանավորված, ապա անձնական հաշվի քարտերում (կամ հատուկ անձնական հաշվի քարտերում) կատարված գրանցումները ենթակա են փոփոխման, իսկ մասնակի փոփոխման դեպքում գրանցվում են տվյալ և նախորդ որոշման և ստուգման (վերստուգման, ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքների գումարային տարբերությունները` սույն հավելվածի 5-րդ մասին համապատասխան:

3) Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները (կամ անգործությունը) հարկ վճարողի կողմից գանգատարկման հանձնաժողովին բողոքարկելու դեպքում դիմում-բողոքի ներկայացումը չի կասեցնում տույժերի հաշվարկումը:

7. Հարկ վճարողի վերակազմակերպման դեպքերում պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման առանձնահատկությունները

1) Կազմակերպության վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում պարտավորությունները շարունակվում են հաշվառվել` հիմք ընդունելով իրավահաջորդության սկզբունքը (այդ թվում` տույժերի, տուգանքների կամ ժամկետների հաշվառման մասով):

2) Պարտավորությունների և դեբետային գումարների, ինչպես նաև միասնական հաշվի գումարների մնացորդների տեղափոխումը կատարվում է օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման (բացառությամբ՝ վերակազմավորման) գրանցման օրվա դրությամբ (անկախ փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման ամսաթվից)՝ հիմք ընդունելով հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում կազմված ակտի տվյալները:

3) Կազմակերպությունը վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմնին: Վերակազմակերպվող կազմակերպությունը փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը հաստատելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իր հաշվառման վայրի հարկային մարմին միաժամանակ ներկայացնում է դիմում լուծարային ստուգում իրականացնելու մասին և լուծարային հաշվարկները: Լուծարային հաշվարկները կազմվում են այն հարկատեսակների վերաբերյալ, որոնց մասով վերակազմակերպվող կազմակերպությունը հանդիսանում է հարկ վճարող կամ հարկային գործակալ: Լուծարային ստուգումը պետք է սկսվի դիմումն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Հարկ վճարողի՝ առանց իրավահաջորդության լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում պարտավորությունների, դեբետային գումարների հաշվառման առանձնահատկությունները

1) Լուծարման (գործունեության դադարեցման) գործընթացում գտնվող կազմակերպությունների համար պարտավորությունը մարվում է մինչև օրենքով սահմանված վերջնաժամկետը (բայց ոչ ուշ, քան դրանց լուծարման (գործունեության դադարեցման) օրը): Կազմակերպության լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում պետական բյուջեի նկատմամբ նրա պարտավորությունների գումարների առկայության դեպքում լուծարմանը (գործունեության դադարեցմանը) հաջորդող մեկ տարվա ընթացքում հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ կազմակերպության որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող հիմնադիրների (մասնակիցների) և (կամ) ղեկավար մարմնի անդամների (կամ կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների)) վրա: Կազմակերպության լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում վերադարձման ենթակա գումարների առկայության դեպքում լուծարմանը (գործունեության դադարեցմանը) հաջորդող մեկ տարվա ընթացքում դրանք կարող են վերադարձվել կազմակերպության որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող հիմնադիրներին (մասնակիցներին) և (կամ) ղեկավար մարմնի անդամներին (կամ կազմակերպության հիմնադիրներին (մասնակիցներին)՝ վերջիններիս ներկայացրած դիմումի հիման վրա:

2) Կազմակերպության (կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության) լուծարումից (գործունեության դադարեցումից) հետո պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ կազմակերպության որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող հիմնադիրների (մասնակիցների) և (կամ) ղեկավար մարմնի անդամների (կամ կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների)) վրա` լուծարմանը (գործունեության դադարեցմանը) նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած (կամ պակաս ցույց տրված) հարկման (հաշվարկման) օբյեկտներից մարման ենթակա կամ պակաս մարված հարկերի (վճարների) պարտավորությունների չափով, եթե նշված պարտավորությունները ծագել են այդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով:

3) Անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի) գործունեության դադարումից կամ պետական հաշվառումից հանելուց հետո մինչև գործունեության դադարումը կամ պետական հաշվառումից դուրս գալը վերաբերող ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար հարկային հաշվարկների ներկայացումը, պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները և դեբետային գումարների տնօրինումը կատարվում է տվյալ ֆիզիկական անձի կողմից` անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի) համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

9. Հարկ վճարողի սնանկությունը

1) Սնանկության ժամանակահատվածում գործում է մորատորիում (պարտատերերի պահանջների բավարարման սառեցում), որի դեպքում պահանջները բավարարվում են օրենքով սահմանված հերթականությամբ, իսկ ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարումը իրականացվում է այդ ծրագրով սահմանված կարգով:

2) Սնանկության և ֆինանսական առողջացման ժամանակահատվածներում կանխավճարներ, տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում (այդ թվում` օրենքով սահմանված հերթականությամբ ժամկետները խախտելու դեպքում): Ընդ որում, սնանկության և ֆինանսական առողջացման ժամանակահատվածներում մինչև սնանկ ճանաչելու վերաբերյալ դատավճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ հայտնաբերված գումարների նկատմամբ տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում, իսկ ֆինանսական առողջացումից հետո մինչև սնանկ ճանաչելու վերաբերյալ դատավճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) տույժերը և տուգանքները հաշվարկվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

3) Սնանկության և ֆինանսական առողջացման ժամանակահատվածները ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողի անունից կառավարչի ներկայացրած` սնանկության վարույթի ընթացքում առաջացած հարկային լրացուցիչ պարտավորությունները գրանցվում են այդ տեղեկատվության ընդունման ամսաթվով (որպես ապառք, որի նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում):

10. Հարկ վճարողի գործունեության ժամանակավոր (որոշակի ժամկետով կամ անժամկետ) դադարեցման ժամանակահատվածը

1) Գործունեության դադարեցումը (որոշակի ժամկետով կամ անժամկետ) կատարվում է վճարողի դիմումի հիման վրա: Գործունեությունը համարվում է վերսկսված վճարողի դիմումում նշված վերջնաժամկետից անմիջապես հետո, իսկ անժամկետ դադարեցման դեպքում՝ գործունեությունը վերսկսելու վերաբերյալ ներկայացված դիմումում նշված ժամկետից:

Գործունեության դադարեցման ժամանակահատվածում վճարողի կողմից հարկային հաշվարկներ (այդ թվում՝ զրոյական) չեն ներկայացվում, բացառությամբ սույն մասում նշված դեպքի: Վճարողի կողմից գործունեության դադարեցման ժամանակահատվածում գործունեությունը վերսկսելու և այդ մասին համապատասխան դիմում չներկայացնելու դեպքում հարկային հաշվարկներ ներկայացվում են օրենքով սահմանված կարգով:

2) Գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու (կամ վերսկսելու) դիմումում նշվում է դադարեցնելու (կամ վերսկսելու) ամսաթիվը: Գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու (կամ վերսկսելու) ամսաթիվը չի կարող ավելի վաղ լինել, քան դիմումի ներկայացման ամսաթիվն է:

3) Գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու (կամ վերսկսելու) դիմումի ձևը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

11. Վճարումները

1) Պարտավորությունների մարման նպատակով վճարողները վճարումները կատարում են միասնական հաշվին:

Վճարման հանձնարարականում վճարման նպատակի վերաբերյալ նշում չի կատարվում, իսկ նշվելու դեպքում հարկային մարմնի կողմից հաշվի չի առնվում:

Միասնական հաշվից հարկային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարները հաշվառվում են պետական արտաբյուջետային միջոցների առանձին ենթահաշվում (հարկային մարմնի արտաբյուջետային հաշիվ):

2) Միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել:

3) Միասնական հաշվին կատարված վճարումներն ըստ վճարողների նույնականացնելու համար առաջնային է հարկ վճարողի հաշվառման համարը, այնուհետև հանրային ծառայությունների համարանիշը (բացակայության դեպքում՝ դրա վերաբերյալ տեղեկանքը):

12. Պարտավորությունների մարումները

1) Միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր է համարվում դրանց միասնական հաշվին մուտքագրման օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները հարկային մարմինը մուտքագրում է միասնական հաշվին` դրանց առաջացման օրով:

2) Պարտավորությունները մարվում են նախ միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետև գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին: Մարումներն իրականացվում են սույն կետում նշված գումարների առկայության օրով:

3) Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի պարտավորությունները նախ մարվում են համապատասխանաբար տվյալ հարկատեսակի դեբետային գումարների հաշվին, ապա սույն կարգի 12-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:

4) Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են արտոնագրային վճարի, սոցիալական վճարի, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի, հարկային մարմնի արտաբյուջետային հաշվի պարտավորությունները՝ նշված հերթականությամբ:

Սույն կետում նշված պարտավորությունները մարվում են անկախ վճարողի այլ պարտավորությունների առկայությունից և դրանց առաջացման ժամկետներից:

5) Սույն կարգի 12-րդ մասի 4-րդ կետում նշված պարտավորությունների բացակայության կամ դրանց մարվելուց հետո վճարողի այլ պարտավորությունները մարվում են՝ ըստ ավելի վաղ առաջացած պարտավորության հերթականության: Ընդ որում, այլ պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետ տույժերի, որից հետո՝ տուգանքների, վնասի հատուցման գումարները:

6) Մարված պարտավորությունների գումարներն արտացոլվում են գանձապետական եկամտային հաշիվներին դրանց մարման օրով՝ սույն կարգի 12-րդ մասին համապատասխան:»:

 

Հոդված 10. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվառվում են գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում: Սույն մասում նշված գերավճարների վերադարձն իրականացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող կարգով:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակաշրջանների համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած հարկի (վճարի) գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման առումով սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվի չեն առնվում:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ վճարված նվազագույն շահութահարկի և փաստացի շահութահարկի դրական տարբերությունը համարվում է հաշվարկված պարտավորությունից ավելի վճարված գումար և մուտքագրվում է միասնական հաշվին:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկ վճարողներն ազատվում են նվազագույն շահութահարկի հաշվարկված և չվճարված գումարների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տույժերի վճարման պարտավորությունից:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակաշրջանների համար հարկ վճարողի կողմից շահութահարկի ճշգրտված հաշվարկների ներկայացման դեպքում կամ ստուգման արդյունքներով նվազագույն շահութահարկի գումարների ճշգրտումներ չեն իրականացվում:

7. 2010 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը հարկային մարմին որևէ հարկային հաշվարկ և գործունեության դադարի վերաբերյալ նախնական հայտարարություն չներկայացրած վճարողների կողմից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարված գումարները հանվում են հաշվառումից, եթե այդ հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային հաշվարկներ չեն ներկայացվել:

8. 2017 թվականի համար հարկային գործակալների ոչ ռեզիդենտի շահութահարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 20-ը, և 2017 թվականի համար ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների եկամտային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 1-ը, իսկ 2017 թվականի 4-րդ եռամսյակի համար ակցիզային հարկի ամսական վճարումների և դեբետային գումարների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի հունվարի 20-ը:

9. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունները և դեբետային գումարները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՀՕ-154-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան