Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-126-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.11.25/77(1166) Հոդ.983
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.11.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.11.2015
Дата вступления в силу
05.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 13-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի «առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ` սույն օրենքով սահմանված դեպքերում առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերած և առևտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.»:

 

Հոդված 2. Օրենքի 3.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 3.1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը

 

1. Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) կազմակերպման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպիչը պարտավոր է ծանուցել գործունեության իրականացման մասին, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք, և գործում են առևտրի օբյեկտներ: Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գերակա հանրային շահերով օտարվող տարածքներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի սահմանագծերից դուրս, բացառապես շարժական բաց վաճառատեղերի (վաճառասեղանների) միջոցով առևտրի իրականացման վայրի կազմակերպման դեպքերի վրա:

3. Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը պետք է ներառեն հետևյալ պարտադիր պայմանները՝

ա) առևտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման և հաշվառման համարը, ամսաթիվը.

բ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման կամ հաշվառման համարը և ամսաթիվը.

գ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամսվա համար` նշելով օրերը և դրանց թիվը).

դ) վաճառատեղի հերթական համարը և հատկացվող տարածքի մակերեսը (մ2).

ե) մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.

զ) պայմանագրի կնքման և գործողության ժամկետները:

4. Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը ուժի մեջ են մտնում պայմանագիր կնքած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրվանից: Օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան նորով փոխարինելու դեպքում նախկինում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենան գրանցումից հանելու օրվանից մինչև նոր հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրը վաճառատեղում (այդ թվում` առևտրի օբյեկտում) առուվաճառք իրականացնելն արգելվում է: Սույն մասի պահանջները չեն տարածվում առևտրի իրականացման վայրերում բացառապես գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառասեղանների վրա, որոնց մասով օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:

5. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչն իր հաշվին, սույն օրենքով սահմանված ժամկետներից սկսած, ծանուցման մեջ նշված առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներդնում ու շահագործում է համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարան, ապահովում է յուրաքանչյուր վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) և հարկային մարմնի համար տեղեկատվական տվյալների շտեմարանին միանալու հնարավորությունը և տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասում՝

1) հանել «կազմակերպման լիցենզիա ունեցող» բառերը.

2) «7-րդ մասով» բառերը փոխարինել «5-րդ մասով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «զ» և «է» կետերում «լիցենզավորման» բառը փոխարինել «ծանուցման» բառով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. նոյեմբերի 24
Երևան
ՀՕ-126-Ն