Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-156-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.12.2015-01.01.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.17/69(1082) Հոդ.1150
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.11.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.12.2014
Дата вступления в силу
01.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն)

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում (այսուհետ՝ Ցանկ) ներառված՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն)

 

Հոդված 2. Սույն օրենքի իմաստով սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեություն է համարվում Ցանկում ներառված համայնքների վարչական սահմաններում`

1) առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունը.

2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպումը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը` Ցանկում ներառված սահմանամերձ համայնքների վարչական սահմաններում, թե դրանցից դուրս.

3) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության:

(2-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն)

 

Հոդված 3. Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ`

1) այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.

2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`

ա. իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից,

բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով իրենց գրանցման վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն,

գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից.

3) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության, ազատվում է արտոնագրային վճարից, իսկ այդ գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.

4) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի և սոցիալական վճարի:

Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող՝ օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված արտոնությունից իրենց գրանցման վայրի հարկային մարմին՝ վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից:

Արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն արտոնությունից հրաժարվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում կարող են հաշվանցել Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության հետ անմիջականորեն կապված՝ մինչև արտոնությունից հրաժարվելու պահն առկա միայն վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների ապրանքային մնացորդի մասով մատակարարների տրամադրած հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում մաքսային հայտարարագրերում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում) առանձնացված և նախկինում չհաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարները:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հետագա հաշվետու ժամանակաշրջաններում չեն կարող օգտվել նշյալ արտոնությունից:

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.15 ՀՕ-141-Ն)

 

Հոդված 4. Կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության մասով՝

1) վարում են եկամուտների և ծախսերի առանձնացված հաշվառում (կազմակերպությունների համար` առանձնացված հաշվապահական հաշվառում), որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաև այդ գործունեությունների հետ կապված ծախսերը հարկման նպատակով նվազեցվում են համապատասխանաբար նույն ժամանակաշրջանում Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության մասով ստացվող համախառն եկամտի և դրա հետ կապված ծախսերի գումարի չափով: Եթե Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի որոշ տեսակների մասով հնարավոր չէ վարել առանձնացված հաշվառում, ապա այդ ծախսերը հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ծախսերից հարկման նպատակով նվազեցվում են հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամտի մեջ Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության մասով հաշվարկված համախառն եկամտի տեսակարար կշռին համապատասխան: Առանձնացված հաշվառում վարելու արդյունքներն արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում և հայտարարագրերում.

2) իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների (մատուցվող ծառայությունների) գծով գնորդների համար (ծառայություններից օգտվողների համար) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին են ներկայացնում հաշվարկներ, հայտարարագրեր, հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր և տեղեկություններ:

(4-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն)

 

Հոդված 5.

(պարբերությունն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-42-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-42-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-42-Ն)

Եթե Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող ավելացված արժեքի հարկ վճարողի մոտ արձանագրվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մաս կազմող 4-րդ հավելվածով սահմանված կարգի խախտում (անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպք), կամ եթե հավելվածում նշված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ արձանագրվում է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա`

1) տարվա ընթացքում առաջին խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը.

2) տարվա ընթացքում երկրորդ խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը, և համապատասխան վարչական ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է օգտվել շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից և շահութահարկից (եկամտային հարկից) ազատման արտոնությունից՝ տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում:

(5-րդ հոդվածը փոփ. 07.05.15 ՀՕ-42-Ն, 24.11.15 ՀՕ-141-Ն)

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 9

Երևան

ՀՕ-156-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.06.2019, ՀՕ-75-Ն 01.01.2020, ՀՕ-156-Ն
21.12.2017, ՀՕ-297-Ն 01.01.2018, ՀՕ-156-Ն
24.11.2015, ՀՕ-141-Ն 10.12.2015, ՀՕ-156-Ն
07.05.2015, ՀՕ-42-Ն 01.07.2015, ՀՕ-156-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան