Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-89-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.07.20/45(1134) Հոդ.616
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.06.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
14.07.2015
Дата вступления в силу
30.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի հունիսի 19-ին

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝

 

1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» կետով.

«ի) կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձանց հետ նախապես համաձայնեցնել օբյեկտի կառուցման ճարտարապետաշինարարական նախագծերի այնպիսի փոփոխությունները, որոնք հանգեցնում են իրավունքով ծանրաբեռնված ապագա գույքերի հարաչափերի, հատակագծերի, փոփոխությունների՝ նախաձեռնելով կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի լուծում կամ փոփոխում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Կառուցվող շենքի, շինության զբաղեցրած հողամասի և կառուցվող շենքի, շինության նկատմամբ կառուցապատողի իրավունքները ամբողջությամբ կամ մասնակի այլ անձի փոխանցվելու դեպքում փոխանցումից ծագող իրավունքների պետական գրանցման պահից ձեռք բերողը հանդիսանում է սույն հոդվածով սահմանված կառուցապատող (համակառուցապատող) և կրում է դրանից բխող՝ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված պարտավորությունները քաղաքաշինական գործունեության մասնակիցների և երրորդ անձանց հանդեպ:»:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 25. Շինարարության ավարտական ակտը և շահագործման թույլտվությունը

 

1. Շենքերի, շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը փաստագրվում է շինարարության ավարտական ակտով (այսուհետ` ավարտական ակտ)` տվյալ օբյեկտի շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո:

Ավարտական ակտը տալիս է համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը հիմք է ավարտված օբյեկտի և դրա կազմում առանձնացված միավորների նկատմամբ իրավունքների գրանցման համար:

 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքներն ավարտելուց և հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ: Շահագործման թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միայն շահագործման թույլտվությունը ձևակերպելուց հետո:

3. Շինարարական օբյեկտի շահագործումն իրականացվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` օբյեկտի սեփականատիրոջ (սեփականատերերի) և (կամ) օգտագործողի միջոցների հաշվին: Շենքերի, շինությունների շահագործման նվազագույն պարտադիր նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ. հուլիսի 14

Երևան

ՀՕ-89-Ն