Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-288-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2015-25.11.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.28/71(874) Հոդ.1700
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
30.11.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.12.2011
Дата вступления в силу
01.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 30-ին

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունների համարանիշի հասկացությունը, օգտագործման նպատակը, ձևավորման և հատկացման կարգը:

 

Հոդված 2.

Հանրային ծառայությունների համարանիշը

 

1. Հանրային ծառայությունների համարանիշը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին (այսուհետ` քաղաքացի) հատկացվող թվային տասը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անձնական տվյալների` սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև ներառում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ:

2. Հանրային ծառայությունների համարանիշը եզակի է և չի կարող փոփոխվել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված տվյալների փոփոխման դեպքում:

(2-րդ հոդվածը լրաց. 19.06.13 ՀՕ-92-Ն, փոփ. 18.05.15 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 3.

Հանրային ծառայությունների համարանիշի ամրագրումը և օգտագործման նպատակը

 

1. Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում:

2. Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անձնական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

3. Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է`

1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.

2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ.

3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(3-րդ հոդվածը լրաց. 19.06.13 ՀՕ-92-Ն, փոփ. 18.05.15 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 4.

Հանրային ծառայությունների համարանիշի ձևավորման կարգը

 

1. Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորվում է հետևյալ կերպ.

1) թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է քաղաքացու ծննդյան ամսաթիվն ու սեռը և կարող է լինել`

ա. 11-41 (11` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` արական սեռի համար,

բ. 51-81 (51` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` իգական սեռի համար.

2) թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ և 4-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան ամիսն ու դարը և կարող է լինել`

ա. 01-12 (01` հունվարին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 14),

բ. 21-32 (21` հունվարին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 34).

3) թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ և 6-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան տարեթիվը և կարող է լինել 00-99.

4) թվային նիշերի երրորդ զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ, 8-րդ և 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ օրը ծնված նույն սեռի քաղաքացիների` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հերթական համարը և կարող է լինել 001-999:

2. Վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը սահմանում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

3. Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորելիս «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել:

(4-րդ հոդվածը փոփ. 19.06.13 ՀՕ-92-Ն)

 

Հոդված 5.

Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնելը

 

1. Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ցանկությամբ երեխայի բնակության վայրի տեղական ռեգիստրի կողմից 16 տարին չլրացած երեխային հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ:

 

Հոդված 6.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվում են հանրային ծառայությունների համարանիշեր և ամրագրվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերում դրանք օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս (փոխանակելիս):

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված նպատակներով:

4.1. Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է սոցիալական ապահովության քարտի (համարի) կիրառություն, քաղաքացին կարող է ներկայացնել իր հանրային ծառայությունների համարանիշը:

5. Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) և չի ստացել նույնականացման քարտ կամ ստացել է նույնականացման քարտ, որում հանրային ծառայությունների համարանիշը ամրագրված չէ, կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա բնակչության պետական ռեգիստր վարող մարմինը վերջինիս տրամադրում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները պաշտոնատար կամ իրավասու այլ անձինք ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկանքի ձևը, տրամադրման կարգը, ինչպես նաև քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով և 6-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում:

(6-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 19.06.13 ՀՕ-92-Ն, լրաց. 11.12.13 ՀՕ-137-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-288-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան